Խորհրդատվական աջակցություն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանին

Ս.թ. մարտի 21-ին մեկնարկել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Խորհրդատվական աջակցություն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանին» ծրագիրը: Ծրագիրն իրականացնող կազմակերպություններն են հոլանդական «Միջազգային իրավական համագործակցության կենտրոն»(այսուհետ` ՄԻՀԿ) և հայաստանյան «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հասարակական կազմակերպությունները: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ ՍԴ-ին մշակելու իր ռազմավարությունը, որի շրջանակներում ՍԴ-ն կկարողանա առավել արդյունավետորեն հաղթահարել իր ներկայիս մարտահրավերները և հանդես գալ որպես ժողովրդավարության իրական պահապան Հայաստանի Հանրապետությունում:

Ծրագրի փորձագիտական թիմը` կազմված ծրագրի ղեկավար Վիլեմ Նուքերքից, Ամստերդամի դատարանի փոխնախագահ, դատաիրավական հարցերով փորձագետ Էսթեր դը Ռույից և ծրագրի ազգային փորձագետ, ԻԵՄ-ի նախագահ Լուսինե Հակոբյանից ս.թ. մայիսի 13-19-ին մի շարք հանդիպումներ ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի գործունեությանն առնչվող տարբեր պետական մարմինների, միջազգային գործընկերների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Ս.թ. մայիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ծրագրի փորձագիտական թիմը հարցազրույցների և քննարկումների միջոցով քարտեզագրեց Սահմանադրական դատարանի ներկայիս կարիքներն ու մարտահրավերները և մայիսի 19-ին հրավիրեց աշխատաժողով Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի հետ առանցքային ռազմավարական ուղղությունները քննարկելու նպատակով: Աշխատաժողովի արդյունքներով ծրագրի թիմը կլրամշակի Սահմանադրական դատարանի ռազմավարությունը և ծրագրի ավարտին կներկայացնի այն Դատարանին: