Ստորեւ ներկայացնում ենք «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբան Լուսինե Հակոբյանի հարցազրույցը «Factor.tv»-ին։
– Ավարտվում է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի լիազորությունների ժամկետը, եւ պետք է նոր նախագահ ընտրի Սահմանադրական դատարանը: Շրջանառվում է նախկին ՔՊ-ական պատգամավոր, ներկայումս ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանի անունը՝ որպես նախագահի հավանական թեկնածու: Ի՞նչ գնահատական ունեք:
– Ըստ էության, Սահմանադրությամբ է նախատեսված, որ Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով, եւ նորից առաջադրվել չի կարող: Արման Դիլանյանը մեկ անգամ պաշտոնավարել է։ Ուստի, արդեն Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց կազմից նոր նախագահ պետք է ընտրեն: 2020 թվականին էին ընտրել Արման Դիլանյանին: Անկեղծ ասած, կարծում եմ, որ Վլադիմիր Վարդանյանը, ամենայն հարգանքով, նոր է գնացել Սահմանադրական դատարան, եւ նախկինում էլ իրեն չի դրսեւորել որպես հեղափոխական իշխանության արժանի մասնիկ: Հիշում ենք նրա վերաբերմունքը, երբ քաղհասարակությունը տարիներ շարունակ պահանջում էր վեթինգ իրականացնել, նպաստել անկախ դատական համակարգի կայացմանը, նա «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը վուլգար վեթինգի ճանապարհով չի գնա, եւ, ըստ էության, վեթինգի տապալման պատասխանատուներից մեկը նա էր:
– Հետեւաբար պետք է ՍԴ նախագահ չընտրվի՞ պարոն Վարդանյանը:
– Անկեղծ ասած, մինչ այդօր մենք կրում ենք այդ մոտեցման հետեւանքները: Եւ անգամ իշխանությունը ամենաբարձր մակարդակում այսօր արձանագրում է, որ մենք ունենք դատարանների անկախության խնդիր։ Վերջերս շատ քննարկվեց Կառավարության 2026-31 թվականների ծրագիրը, տեսանք, որ արդարադատության ոլորտի բարեփոխումներին այնտեղ մեծ տեղ է հատկացված, եւ դարձյալ ընդգծվել էր դատարանների անկախության խնդիրը: Ի սկզբանե ես անգամ դեմ էի, որ նա գնար Սահմանադրական դատարան որպես դատավոր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա 8 տարի եղել է ակտիվ կուսակցական, իշխող քաղաքական ուժի անդամ:
– Ինչո՞ւ պետք է պարոն Վարդանյանը չընտրվի ՍԴ նախագահ, Ձեր արգումենտացիան:
– Կարծում եմ, որ այնտեղ կան արժանի թեկնածուներ, որոնք աչքի են ընկել իրենց անկախ դիրքորոշումներով եւ իրենց գործունեությամբ, նաեւ քաղհասարակության հետ պատշաճ համագործակցությամբ, եւ կարծում եմ, որ դրանք կարեւոր հանգամանքներ են: Նաեւ մինչեւ վերջերս մենք երեք տարի իրականացնում էինք Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված ծրագիր՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: Եւ այդ ծրագրում լուրջ բաղադրիչ էր դատարանի հեղինակությունը, դատարանի վստահելիությունը: Կարծում եմ, որ ինքնին այն սխալը, որ քաղաքական ուժի ներկայացուցիչը ընտրվեց դատավոր, հիմա էլ չպետք է կրկնեն Սահմանադրական դատարանի դատավորները, եւ իրենց միջից կարող են ընտրել ուրիշ արժանի թեկնածուի: Այնտեղ, ես վստահեցնում եմ, արժանի թեկնածուներ կան: Որեւէ մեկը չի ասում, որ, օրինակ՝ նա երբեք չպետք է դառնա դատարանի նախագահ, բայց նա նոր է գնացել, պետք է այստեղ ցիտեմ Նիկոլ Փաշինյանին, մի առիթով ասեց՝ «համեստությունը որեւէ մեկին չի խանգարել»: Կարծում եմ, որ սա այդ դեպքն է, որ վերաբերելի է, մի քիչ կարող է իր հավակնություններն իջեցնել, եթե ինքն է թեկնածուն (ես չգիտեմ՝ այդ լուրերը որտեղից են շրջանառվում): Ամեն դեպքում, պետք է համեստ իրեն դրսեւորի, մնա, աշխատի, տեսնենք՝ դեռ կարո՞ղ է որպես անկախ դատավոր աշխատել, չի կարո՞ղ, քաղհասարակության հետ ինչպես է համագործակցում…
Նաեւ ուզում եմ չմոռանանք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցում էլ նրա դերը, այդ զեկույցի դարակներում հանգրվանելը նաեւ մեծապես պայմանավորված էր նաեւ Վլադիմիր Վարդանյանի խիստ ֆորմալիստական մոտեցումներով: Եւ առ այսօր անգամ փակ ձեւաչափով քաղհասարակությունը, որն, ի դեպ, նախաձեռնողներից մեկն էր եղել այդ քննիչ հանձնաժողովի ստեղծման, չի կարողացել տեղեկանալ, թե ինչ արդյունք ունեցավ այդ հանձնաժողովի աշխատանքը:
– Ամենայն հարգանքով թե՛ Վլադիմիր Վարդանյանի, թե՛ Հրայր Թովմասյանի անձերի նկատմամբ, Ձեր մտավախությունն այն է, որ Վլադիմիր Վարդանյանը նոր Հրայր Թովմասյա՞ն կարող է դառնալ, այսպես ասած հարվածի տակ դնելով ՍԴ ինստիտուտի հեղինակությունը եւս մեկ անգամ։ Հիշեցնեմ, որ երկուսն էլ նույն ճանապարհն են կրկնել. առաջինը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորի մանդատն է վայր դրել, գնացել ՍԴ դատավոր դարձել, ապա՝ ՍԴ նախագահ, պարոն Վարդանյանը՝ ՔՊ խմբակցության պատգամավորի մանդատն է վայր դրել, գնացել դարձել դատավոր եւ միգուցե դառնա ՍԴ նախագահ, եւ ՀՀԿ-ականացման, ՔՊ-ացման, այսպես ասած, պրոբլե՞մ եք տեսնում:
– Միանգամայն, որովհետեւ եթե հիշում եք, քաղհասարակությունն էլ ակտիվ դիրքորոշում էր հայտնել, պայքարում էր այդ ֆենոմենի դեմ, երբ իշխող կուսակցությունն իր կազմից գործուղել էր Հրայր Թովմասյանին՝ որպես Սահմանադրական դատարանի ցմահ նախագահ, եւ մենք ասում էինք, որ այստեղ անտեսվել է նաեւ Սահմանադրության պահանջը, որ դատավորներն ընտրեն իրենց միջից: Հիմա կարծում եմ՝ համանման իրավիճակ է՝ այն տարբերությամբ, որ հիմա դատավորներն են ընտրելու, եւ պետք է դատավորներին հորդորենք, որ դրսեւորեն մաքսիմալ աչալրջություն եւ զգոն լինեն Սահմանադրական դատարանի հեղինակության հարցի նկատմամբ, որը, ի դեպ, ի պաշտոնե հենց իրենք էլ պետք է պաշտպանեն եւ նախագահ Արման Դիլանյանի գլխավորությամբ զերծ մնան Վլադիմիր Վարդանյանին Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելուց:
– Դուք ունե՞ք ֆավորիտ թեկնածու:
– Ո՛չ, ես չունեմ ֆավորիտ թեկնածու։
– Որովհետեւ Ձեր այս հարցազրույցը մեկնաբանվելու է որպես որեւէ այլ թեկնածուի աջակցություն:
– Ես այնտեղ մի քանի դատավոր գիտեմ առնվազն, որոնք արժանի թեկնածուներ են: Ես, քավ լիցի, դրսից խորհուրդներ չեմ կարող տալ: Դրանք Սահմանադրական դատարանի դատավորներն են, մեր սահմանադրական արդարադատության պահապանները, բնականաբար, ես իրենց որոշումներին եւ անկախությանը որեւէ կերպ չեմ կարող միջամտել: Ես մեր քաղհասարակության տեսանկյունից ներկայացնում եմ իմ մտահոգությունները, եւ որպես սրտացավ անձ, որը մի քանի տարի մեծ ջանք է թափել Սահմանադրական դատարանի հեղինակության, իմիջի եւ այլնի բարձրացման ուղղությամբ, շատ կափսոսեմ, տեղից էլ բավական մեծ հարված էր Վլադիմիր Վարդանյանին ընտրելը դատավորի պաշտոնում, նաեւ տեսանք, որ կային գործնական խոչընդոտներ, այնտեղ նաեւ նրա գործուն մասնակցության գործերի քննությանը, տեսանք, որ ընտրությունների գործով նա խնդիր ուներ, չկարողացավ մասնակցել, եւ կարծում եմ, որ հիմա էլ այդ «Հրայր Թովմասյան» սցենար «մինուս» տարբերակը չպետք է խաղարկվի: Բարեբախտաբար, էլի եմ կրկնում, այնտեղ դատավորներն են ընտրելու, այլ ոչ թե իշխող մեծամասնությունը, եւ հուսով եմ, որ իրենք զգոն կլինեն այս հարցերի նկատմամբ:
– Կառավարող ուժի ձեռագիրը, եթե փաստերի տիրույթում դիտարկենք, այն է, որ կուսակցական, կամ շատ լոյալ մարդիկ գնում են դատական համակարգ եւ պետական անկախ տարբեր ինստիտուտներում կամ նախագահ են դառնում, կամ՝ անդամ են դառնում: Բազմաթիվ են դեպքերը, սա նրանք բացատրում են հետեւյալ կերպ, որ նախկին իշխանության ներկայացուցիչներ այդ ինստիտուտներում են, մեծ վերահսկողություն ունեն դրանց նկատմամբ եւ ձեւախեղում են այդ համակարգը հօգուտ իրենց (օրինակ, Քոչարյանը արդարացվում է): Հետեւաբար, եթե չենք կարողանում բարեփոխել, ապա «մերոնք» գոնե լինեն, ստացվում է այդպես: Իսկ չենք կարողանում բարեփոխել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն է ամբողջ օրը բողոքում դատաիրավական համակարգից…
– Հետեւաբար, տեսնում ենք, որ էլի այն տրամաբանությունն էլ չի աշխատում, որ լինեն «մերոնք», չէ՞: Տարբեր տեղեր իրենցոնք են, այսպես ասած, բայց էլի իրենք դժգոհ են համակարգից:
– Կարեն Անդրեասյանը՝ ԲԴԽ նախկին նախագահը, ասում էր՝ դատավորների վեթինգը 80%-ով իրականացված է, վարչապետն ասում էր՝ Հայաստանում գործող դատավորների մոտ 60%-ը նշանակվել է 2018-ից հետո: Այս թվերը ավելի բարձրացել են վստահաբար, բայց չնայած դրան՝ նրանք դժգոհ են անգամ իրենց նշանակածների աշխատանքից:
– Իսկապես, երբ որ դուք վերցնում եք առանձին իրավիճակներ, օրինակ՝ թե ինչպես են իրենք, նույն դատավորների ընդհանուր ժողովը, որը բոլոր դատավորների կորպուսն է, ինչ-որ մարմնի անդամներ պիտի ընտրեն, շատ հետաքրքիր է այդ ընտրությունների բովով անցնելը, հասկանալը՝ ինչ տրամաբանությամբ են այդ ընտրությունները կատարում: Տեսնում եք, որ դատարանների նախագահները մեծ դերակատարում ունեն եւ անգամ կարող են ուղղորդել դատավորներին, եւ դատավորները շատ անգամ դժվարությամբ կհիշեն, որ իրենք անկախ դատարան են, անկախ մարմին են: Եւ այս պարագայում պետք է հասկանալ, որ լոյալության հատկանիշը չի աշխատում: Աշխատում է բարեվարքության, արհեստավարժության, բանիմացության չափանիշը: Թերեւս դժվար է խիստ պրոֆեսիոնալ մարդուն ստիպել, որ ինքը ինչ-որ մի որոշում կայացնի զանգով: Այդպիսի բացառություններ եղել են պատմության մեջ, բայց դա շատ ավելի դժվար խնդիր է, քան երբ որ այդ պրոֆեսիոնալիզմը բացակայում է, եւ կա միայն լոյալության հատկանիշ:
– Նաեւ, եթե դու քաղաքականացված ես գաղափարապես որպես դատավոր, կապ չունի՝ ընդդիմադիր, թե իշխանական, դու արդեն ներքուստ ունես փաստերի վերաբերյալ սեփական դիտանկյունը, այսինքն, եթե իշխանությունն է դիմել քեզ, որպես դատավորի, գործը քննվում է քո տիրույթում, ակնհայտորեն դու իշխանության դեմ որոշում չես կայացնելու՝ լինելով իշխանական: Նույնը՝ եթե ընդդիմադիր հայացքներով դատավոր ես։
– Եւ դա է պատճառը, օրինակ, որ միջազգային ստանդարտները նախատեսում են որոշակի դադար քաղաքական գործիչների համար, մի քանի տարիների դադար, նախքան, օրինակ՝ դատական համակարգում որեւէ պաշտոն զբաղեցնելը: Այսպես, այստեղից-այնտեղ ցատկապարանային տրամաբանությամբ չի աշխատում միջազգային համակարգը, իրենք մերժում են այդ տրամաբանությունը եւ առաջարկում են ունենալ դադար: Վերջերս Վենետիկի հանձնաժողովի կարծիքները էլի առիթ եղավ թերթելու, եւ հենց այդպիսի «դադար» հասկացությունը անընդհատ շեշտվում է վերաբերելի տարբեր կարծիքներում: Հետեւաբար, անգամ դատավոր ընտրելիս պետք է զգուշավորություն դրսեւորել, հասկանալ, որ այստեղ նաեւ համակարգերի հեղինակության հարցն է բարձրանում, ոչ միայն լոյալության։ Այդ լոյալությունն էլ չի աշխատում, որովհետեւ եթե էլի եմ ասում՝ մարդը պրոֆեսիոնալ չէ, իրեն տանում դնում ես, ինքը ինչ-որ խառնաշփոթ է ստեղծում այդ իր լոյալության մղումով ավելի, քան ինչ-որ համակարգ է կարողանում շտկել:
– Լոյալությունն էլ է ոչ պրոֆեսիոնալ ձեւով դրսեւորում, չէ՞:
– Այո, շատ անգամ դա էլ է փաստվում, լոյալությունը շատ անգամ դրսևորվում է արջի ծառայությունների տեսքով։
– Իսկ Հայաստանում պրոֆեսիոնալներ չկա՞ն։ Հասկանում եմ, որ մարդիկ ունեն սեփական հայացք իրադարձությունների վերաբերյալ, քաղաքականության, երկրի ապագայի, ժողովրդավարության, չես կարող մարդուն ասել՝ դու եղիր ապաքաղաքական: Բայց պրոֆեսիոնալի եւ չպրոֆեսիոնալի տարբերությունն այն է, որ պրոֆեսիոնալը օրենքին, գործերին առնչվելիս մի կողմ է դնում իր հայացքները, չես կարող ասել՝ դու delete արա քո ուղեղի ամբողջ պարունակությունը եւ գնա միայն օրենքներով դատիր: Չկա՞ն պրոֆեսիոնալներ, որ լոյալության, այսպես ասած, վարկածը առաջնային է այսօր փաստորեն: Չկա՞ն այդ մարդիկ, Հայաստանի կրթական համակարգը չի՞ տալիս իրավաբաններ:
– Հայաստանի կրթական համակարգը բավական մեծ պրոբլեմներ ունի, այդ մասին խոսվել է: Նաեւ իրավաբանական ֆակուլտետները մեծ խնդիրներ ունեն: Ես կարող եմ ասել եւ շատ եմ կրկնել դա տարբեր առիթներով՝ իրավաբանությունը որպես գիտություն այստեղ զարգացած չէ: Եւ այն մարդիկ, որ կասեն՝ «մենք հանել ենք իրավագիտությունը միջազգային ասպարեզ», դա ծաղր է: Իրավագիտությունը կարելի է հանել միջազգային ասպարեզ, եթե դու գրել ես ինչ-որ մի հոդված, այն արձագանք է առաջացրել, ոչ թե զուտ տպագրվել է ինչ-որ միջազգային ամսագրում, այլ դրան եղել է արձագանք, ինչ-որ մեկ այլ գիտնական քո թեզերը վերցրել է, քննարկել է։ Օրինակ՝ Հարավաֆրիկյան Հանրապետության Սահմանադրական դատարանի մասին կարող ենք ասել, որ իրենք ինչ-ինչ իրենց իրավական դիրքորոշումներ հանել են միջազգային ասպարեզ, բայց, օրինակ՝ եթե զուտ մեկ-երկու հոդվածներ են տպագրվել ինչ-որ միջազգային ամսագրում, նաեւ էլի պետք է քննության առարկա դառնա՝ ո՞ր ամսագրերում է տպագրվել։ Իրավագիտությունը միջազգային ասպարեզ հանելը ինձ համար այն է, երբ որ միջազգային մակարդակով քո թեզերի շուրջ խթանվում է բանավեճ, երբ որ դու նոր խոսք ես ասում, որը արձագանք է ստանում: Եթե դու ինչ-որ բան գրել ես՝ ինչ-որ կապերով, ծանոթություններով խնդրել են, ասել են՝ մի բան գրի էս մեր օրինակ՝ լատվիական մի ամսագրում տպենք, դա չեղավ, որ դու հանել ես միջազգային ասպարեզ: Իրավաբանությունը որպես գիտություն Հայաստանում չի զարգանում, որովհետեւ անգամ ներհայաստանյան մակարդակում որեւէ բանավեճ չկա որեւէ մեկի հեղինակած հոդվածի շուրջ, էլ չասեմ, որ մեծ մասը գրագողության հետեւանք են: Առիթ էր եղել մի հայտնի պրոֆեսորի դասագիրքը ուսումնասիրելու, եւ համեմատել էի ռուս հեղինակի հետ, տեսել էի, որ ամբողջ գլուխներով թարգմանած է, գլխի վերջում էլ գրված էր՝ «մանրամասն տես այսինչ ռուս հեղինակին», հետո այդ ռուս հեղինակի դասագիրքը բացում էիր, տեսնում էիր ամբողջ գլուխը թարգմանված դրած է, այսինքն՝ հիմնականում դա է տարածված պրակտիկան: Հետեւաբար, այո, կրթությունը մեծ խնդիր է Հայաստանում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չկան մասնագետներ: Նաեւ պետք է մտածել այդ մասնագետների պատրաստման մասին: Եթե այդ ֆակուլտետները իրենց գործը պատշաճ չեն իրականացնում, ապա պետք է մտածել այդ ֆակուլտետներից դուրս կրթության մասին: Դա էր պատճառը, որ մեր կազմակերպությունը Սահմանադրական դատարանի հետ համագործակցությամբ նախաձեռնում էր եւ անցկացնում էր Սահմանադրական իրավունքի ամառային դպրոցներ ուսանողության համար, որպեսզի ուսանողները կարողանան շփվել Սահմանադրական դատարանի դատավորների հետ, տեսնել, թե դատավորները իրենց գործունեության մեջ ինչ խնդիրներ են տեսնում, մի քիչ ավելի լավ պատկերացում ունենան եւ չկարդան ինչ-որ թարգմանած, արտագրած դասագրքեր ինչ-որ ռուս հեղինակներից։ Ի դեպ, մեծ մասը հայաստանյան դասագրքերի այդպիսին են, կամ ինչ-որ ռուս հեղինակների դասագրքեր են, կամ էլ այդպես թարգմանած եւ հայերի անուններով տպագրված դասագրքեր:
– Եթե ամփոփենք, դատաիրավական համակարգի լուծում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հասկանում ենք, այս պահի դրությամբ (կարող է վաղը այլ տեսակետ ունենա) տեսնում է նոր Սահմանադրության նախագծում բոլոր դատավորներին դարձնել ԺՊ, բարեվարքության ինչ-որ պրոցես տանել, արժանիներին նշանակել, չարժանիներին ուղարկել տուն: Ես այդպես եմ հասկացել, սա այդ Ձեր ասած վեթինգը չի՞ լինելու, եթե այսպես լինի, իհարկե, թե՞՝ այլ կերպ է լինելու, ի՞նչ տեղեկություն ունեք:
– Որպես այդպիսին, դա վատ գաղափար չէ, բայց էլի գալիս ենք, հասնում ենք այն հարցին, թե ով է այդ վեթինգն իրականացնելու, ինչպիսի՞ ուսումնասիրություն է իրականացվելու, արդյոք այդ դատավորների, օրինակ՝ կայացրած դատական ակտերը հնարավոր լինելու է ուսումնասիրել
– Կուսակցական պատկանելիությունը նախկինում, օրինակ դա պրոբլե՞մ է, թե՞ չէ, եթե պարոն Վարդանյանը, կամ նման գործիչները մանդատը վայր են դնում եւ հիմա դառնում են օբյեկտիվ դատավոր հաջորդ օրը, դա եւս խնդիր է։
– Որոշակի դադարի պարագայում պետք է, որ խնդիր չլինի, եւ միջազգային ստանդարտն էլ է դա ասում: Բայց այդ անմիջապես, 8 տարի ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել եւ ավելին, մտնել անգամ նախընտրական ցուցակ, ընտրական այդ փրայմերիզին մասնակցել, հետո մեկ էլ հայտնվել բարձր դատարանում որպես դատավոր, դա խնդրահարույց է: Իմ նշած հարցերին պետք է ուշադրություն դարձնել՝ ովքեր պետք է անեն այդ վեթինգը, ինչ խորությամբ պետք է արվի, ինչ հարցեր ուսումնասիրվեն, ինչ գործունեության ինչ նախապատմություն եւ այլն: Պետք է նորմալ համակարգ ստեղծվի, թե չէ ինքնին միտքը վատը չէ:
