Ստորեւ ներկայացնում ենք «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան, ԵՄ-ՀՀ Քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանի հարցազրույցը «Factor.am»-ին։
— Հայաստանի եւ Ռուսաստանի լարված հարաբերությունների ֆոնին, երբ որոշ փորձագետներ ընդհուպ խոսում են, որ Պուտինի ասած «քաղաքական ապահարզանը» կարող է տեղի ունենալ, «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ղեկավար Չայկայի խոսքից պարզ դարձավ, որ 11 ռուսական տներ են բացվում, որոնցից երկուսը՝ Հայաստանում։ Գիտենք, որ դա ռուսական, այսպես ասած, փափուկ ուժի գործիքակազմերից է, բայց Եվրոպայի զգալի պետություններում դրանք փակվել են՝ լրտեսության եւ քաղաքական քարոզչության կասկածներով, անգամ Բաքուն էր անցյալ տարի այդ լարվածության ֆոնին փակել։ Երեւի դժվար թե չէ՞ Հայաստանի իշխանության կամքին դեմ գնալով նրանք այդ տները բացեն, մի քիչ տարօրինակ չէ՞, որ այս ֆոնին ռուսական փափուկ ուժի նոր հանգրվաններ են բացվում մարզերում։
—Դրանք հետաքրքիր հարցեր են, եւ եթե լինի այդպիսի զարգացում, բնականաբար, անցանկալի կլինի՝ հաշվի առնելով ներկայիս հարաբերությունների կոնտեքստը։ Նախկինում նույն այդ փափուկ ուժի ներգործությունը չեզոքացնելու տրամաբանությունից ելնելով էլ՝ մեր կրթության չափորոշիչներից հանվել է ռուս գրականությունը՝ որպես առանձին առարկա։ Ես, իհարկե, ոչինչ չունեմ ռուս գրականության դեմ, արժեքավոր գործեր են գրել ռուս գրողները, եւ դրանք, բնականաբար, ուսումնասիրության առարկա պետք է դառնան մեր դպրոցական ծրագրերում, բայց ճիշտ է արվել, որ որպես առանձին դիսցիպլին դա հանվել է ուսումնական ծրագրից եւ ներառվել է գրականություն առարկայի ներքո։ Եվ դա հենց արվել է փափուկ ուժի այդ ներգործությունը բացառելու համար, եւ այս պարագայում, այս պահին, այս համատեքստում այդ տները բացելը, բնականաբար, նպատակահարմար չէ։
— Իշխանությունը հաճախ է խոսում, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում, Ռուսաստանի անունն են շատ հաճախ տալիս, նաեւ մենք տեսանք թե՛ նախընտրական փուլում, թե՛ դրանից հետո Ռուսաստանի բաց միջամտությունը Հայաստանի ներքաղաքական հարցերին, ընդհուպ Պուտինի մակարդակով, որ ռուսամետներին թույլ տվեք մասնակցել քաղաքական աշխատանքին եւ այլն։ Մի քիչ նաեւ երկվություն չի՞ առաջանում Հայաստանի իշխանության քաղաքականության մեջ, ինչ-որ մասով երկաթուղին վերադարձնելու հարց է դրվում, ռազմաբազայի մասին ասում է՝ հանում եք, հանեք, բայց մյուս ձեռքով, այսպես ասենք, փափուկ ուժ է զարգանում։
—Այո, երեւի իշխանության սիրած այդ բալանսավորման քաղաքականությունն է։ Այդ տրամաբանության մեջ, այդ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս կոնտեքստում, իսկապես, մի քիչ ավելի շատ եւ ավելի ուշադիր պետք է նայեն նման զարգացումներին։ Մինչեւ վերջերս էլ Վլադիմիր Պուտինը հստակ նշաններով, քայլերով, խոսքերով միջամտում է։ Կամ, օրինակ, այդ հետեւողականորեն պնդելը, որ դուք հիմա պետք է այդ հանրաքվեն անցկացնեք Եվրամիությանը անդամակցելու թեմայով։ Մի երկու տարի առաջ մենք ինքներս էինք ասում, որ նման հանրաքվե պետք է արվի, բայց երբ որ դա արվում է Վլադիմիր Պուտինի կողմից եւ տարբեր ռուս պաշտոնյաների, ԵԱՏՄ պաշտոնյաների կողմից, այդ հետեւողական շեշտադրումը, դա էլ է հարցեր առաջացնում՝ ի՞նչ նպատակով է դա արվում, ինչո՞ւ է այդպիսի կոշտ եւ անթաքույց մեթոդներով փորձ կատարվում միջամտելու Հայաստանի ներքին գործերի մեջ, չէ՞-որ մենք ինքնիշխան ժողովուրդ ենք, կորոշենք ինքներս՝ երբ է մեզ համար ճիշտ պահը, երբ է աննպատակահարմար եւ այլն։ Բայց կարծում եմ, որ այստեղ նաեւ մի բաղադրիչ էլ կա, օրինակ, այս իմ նշած թեմայի՝ ինչո՞ւ են ռուս պաշտոնյաները հետեւողականորեն Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մասին հանրաքվեի հարցը բերում, մտցնում օրակարգ։ Իմ կարծիքով՝ սա մեր լսարանի համար չի արվում, կամ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը հստակեցնելու համար չէ արվում, սա ավելի շատ արվում է նույն եվրոպացիների աչքում Փաշինյանին վատ լույսի ներքո ներկայացնելու համար՝ ցույց տալու, որ նա Սերժ Սարգսյանից շատ չի տարբերվում, Սերժ Սարգսյանն էլ նույն կերպ, այսպես, ոչ միանշանակ էր այդ հարցերին մոտենում եւ ոչ միանշանակ էլ քաղաքականություն էր վարում։ Դա ավելի շատ եվրոպացիների աչքում այս պրոցեսը վարկաբեկելու, նաեւ իշխանության մտադրությունները վարկաբեկելու նպատակով է արվում։
— Հաճախ լսում ենք, որ Եվրոպան պատրաստ չէ Հայաստանին ընդունել իր շարքերը՝ Եվրամիություն, նաեւ հենց ռուս պաշտոնյաներն են դա ասում, որ նրանք դռները չեն բացելու, մինչդեռ դուք ԵԱՏՄ-ում եւ Ռուսաստանի հետ հարաբերություններով կոնկրետ օգուտներ եք ստանում։ Մենք արդյո՞ք չենք զրկվում ռուսական տնտեսության հետ, ԵԱՏՄ տնտեսության հետ շփվելով տնտեսական օգուտներից՝ հօգուտ մի բանի, որը անհասանելի է դեռեւս։
—Նաեւ մեր գործարար որոշ շրջանակներում էլ այդ խոսույթը կա։
-Որ հանուն ոչ մի բանի՝ կռվում եք Ռուսաստանի՞ հետ։
—Այո, որ մենք արդեն այդ շուկաները ունենք, այնտեղ ունենք կայուն դիրքեր եւ այլն, բայց կարծում եմ, որ այս հարցում ավելի շատ, այսպես, մշակութային փոփոխության եւ կոմֆորտ զոնայից դուրս գալու անհրաժեշտություն կա։ Ճիշտ է, որոշակի շուկաներ գրավել են, լեզվական բարիերները միգուցե քիչ են այդ շուկաներում առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնելու համար, այլ հանգամանքներ կան, որ նպաստում են դրան, բայց միեւնույն ժամանակ պետք է դիտարկել նաեւ պետության եւ հայ ժողովրդի ձգտումները ընդհանրապես, եւ եթե դիտարկենք հայ ժողովրդի ձգտումները, դրանք միանշանակ արդեն Ռուսաստանի հետ չեն, եւ հայ ժողովուրդը պետության ապագան միանշանակ է, որ չի կապում Ռուսաստանի հետ։ Վերջին երկու համապետական ընտրությունները դա են ցույց տալիս հստակորեն։
Եւ ըստ այդմ նաեւ մեր գործարարներն էլ պետք է դիվերսիֆիկացնեն իրենց մոտեցումները, իրենց կապերը, իրենց առեւտրատնտեսական հարաբերությունները եւ, ի վերջո փորձեն նվաճել նոր շուկաներ, ավելի զարգացած շուկաներ։ Մենք վերջերս Բերլինում էինք, եւ ես ուրախությամբ արձանագրեցի, որ հենց Բեռլինի կենտրոնում՝ Կառլ Լիբկնեխտ 7 հասցեում գործում է խանութ, որտեղ վաճառվում է հայկական կոնյակի տեսականի, որտեղ վաճառվում են հայկական գինիներ՝ ընդհուպ մինչեւ «Մալահի» գինի, որը պետք է որ Եվրոպաներում շատ հայտնի չլինի, եւ դա շատ կարեւոր է, եւ այդ տեսլականը պետք է ունենան նաեւ մեր գործարարները։
— Հարցը հասել է Եվրախորհրդարանին, Հայաստանի արտահանվող ապրանքի 80 տոկոսի նկատմամբ առանց մաքսի եւ առանց քվոտաների ռեժիմ է կիրառում Եվրոպական Միությունը։ Սա բավարա՞ր է, ընդհանրապես։
— Սրանք էլի ընդառաջ բավական դրական քայլեր են, երկուստեք գնում է այդ մերձեցումը, փոխադարձ վստահության ամրապնդումը, հարաբերությունների սերտացումը, կարելի է ասել, որ սա շատ լավ դինամիկա է, եւ կարելի է ակնկալել, որ աջակցությունը էլ ավելի կմեծանա։ Եւ ասեմ ձեզ, որ հենց Հայաստանի Եվրոպական Միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը ահագին մեծ նպաստ է ունեցել այդ աջակցությունը մոբիլիզացնելու հարցում Եվրոպական Միության կողմից։ Կհիշեք, ընտրություններից առաջ, երբ որ Ռուսաստանը սկսեց այդ առեւտրատնտեսական սանկցիաները կիրառել Հայաստանի նկատմամբ, Եվրամիությունը պատրաստակամորեն անմիջապես 50 միլիոն եվրոյի աջակցություն խոստացավ, եւ հետագայում արդեն այդ ձեր ասած միջոցառումները եւ այլն աստիճանաբար մեծացնում է աջակցությունը Հայաստանին, եւ սա շատ կարեւոր հանգրվան է։
— Կան կալանավորված ընդդիմադիր գործիչներ՝ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, եւ նաեւ նրանց թիմակիցները հաճախ Եվրամիությանը, ԱՄՆ-ին, ընդհանրապես, Արեւմուտքին, ժողովրդավարական աշխարհին պահանջում են նրանց ճանաչել որպես քաղբանտարկյալ եւ դատապարտել Հայաստանի իշխանությունների գործելաոճը, ինչը Կրեմլը անում է ի դեպ։ Նույն Ուշակովը Փաշինյանի հետ Բիշքեկի հանդիպումից առաջ ասում էր, որ Կրեմլը մտահոգ է Ռուսաստանի հետ բարեկամական, բարեկամության կողմ գործիչների կալանավորումներով։ Սա չի՞ նշանակում, որ Արեւմուտքը աչք է փակում Փաշինյանի հակաժողովրդավարական քայլերի վրա, ինչ է թե նա, այսպես պայմանական ասած, ռուսամետների է հետապնդում։
— Չեմ կարող ասել՝ Արեւմուտքը աչք է փակում։ Նաեւ մի պարամետր էլ մտցնեմ՝ հետաքրքիր է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտը մշտապես այդ պահանջները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա ուշադրություն դարձնելու վերաբերյալ, միշտ ուղղել է Արեւմուտքին, սակայն ոչ երբեք Ռուսաստանին, սա էլ է հետաքրքիր չափում։ Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանի ընդդիմությունը երբեք էլ չի համարել, որ Ռուսաստանը ժողովրդավարական պետություն է եւ պետք է ասելիք ունենա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ։ Լավ է, որ Եվրոպական Միությունից են ակնկալում այդ գնահատականները եւ այլն, եւ մենք էլ՝ որպես քաղհասարակություն, որոշակի խնդիրներ՝ ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված, տեսնում ենք, ինքներս էլ բարձրաձայնում ենք, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չկա ժողովրդավարացման դինամիկա։ Կարեւոր է սա եւս արձանագրել։
— Իսկ Ռուսաստանից ինչո՞ւ հույս չկա, ինչպե՞ս եք բացատրում։
— Որովհետեւ իրենց եթե լսես, այդ նույն Ձեր ասած ընդդիմադիր շրջանակներին, կամ որպես ընդդիմություն դիրքավորված նաեւ քաղհասարակությանը, դրանից եթե անտեղյակ լինես, կպատկերացնես, որ իրոք Ռոբերտ Քոչարյանի, կամ Սերժ Սարգսյանի ժամանակ շատ ավելի լավ է եղել վիճակը, բայց իրականությունը այդպիսին չէ:
— Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործընկերները նախօրեին «Աշխարհաքաղաքական գործ» վերնագրով պանելային քննարկում էին կազմակերպել, էլի համատեքստը երեւի դա է, որ Փաշինյանը, որը ունի Արեւմուտքի աջակցությունը, հետապնդում է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների կողմնակից Քոչարյանին։ Եթե լսենք իրավապահներին, ապա նա կոռուպցիոն գործի մեղադրանքներով է անցնում՝ հողեր, ինչ-որ տարածքներ են սեփականաշնորհել տարբեր մեխանիզմներով, ապօրինի գույքեր, ինչպե՞ս հասկանանք՝ քաղբանտարկյա՞լ է պարոն Քոչարյանը, թե՞՝ ոչ։ Քաղաքական, այսպես ասենք, գնահատականներ կան, որ Փաշինյանը հետապնդում է իր մրցակիցներին։
— Իսկ արդյո՞ք կա քաղաքական կոմպոնենտ Գագիկ Խաչատրյանի հետապնդման մեջ։ Ըստ իս՝ չկա։ Այսինքն, իմ կարծիքով, այստեղ քաղաքական կոմպոնենտը առանձնապես կարեւոր չէ։ Կարեւոր է այն, որ այդ անձինք, իսկ մենք փոքր հասարակություն ենք, ասեղ չէ այդ գույքը, որ իրենք կարողանան թաքցնել, հստակ է, որ այդ «Կապուտակ Սեւան» հանգստյան տունը Քոչարյանինը չի եղել, երբ որ նա նոր եկել է Հայաստան, չէ՞, ինչպե՞ս է դա հայտնվել իր, կամ իր հետ փոխկապակցված անձանց սեփականության ռեեստրում։ Հետեւաբար, այն, որ Քոչարյանը հիմա զբաղվում է քաղաքականությամբ, չի նշանակում, որ այդ ամեն ինչի շուրջ չպետք է քննություն իրականացվի, քրեական հետապնդում չպետք է իրականացվի եւ այլն։ Եվ ասեմ ավելին՝ դեռ շատ վաղուց այդ ամեն ինչի նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվեր։ Այն հանգամանքը, որ իշխանությունը ուշացել է, իսկ ժողովրդի պահանջը հստակորեն այդ հետհեղափոխական ժամանակահատվածում եղել է նաեւ դա, չէ՞։ Հեղափոխությունն ի վերջո ինչի՞ տեղի ունեցավ, այնտեղ հիմնականում ներքին ժողովրդավարության բացակայության, կոռուպցիայի ծաղկման եւ իրավունքի գերակայության բացակայության պայմաններում չէ՞ հեղափոխությունը տեղի ունեցավ, եւ հիմնական պահանջները մարդկանց դրանք էին, եւ իսկապես այդ գործընթացները կարելի է ուշացած համարել։ Այո, այդ գործընթացներում պետք է հաշվի առնվեն մեղադրյալների իրավունքները, եւ դրանք մի ամբողջ փունջ են, իրավական պետությունում պետք է հաշվի առնվեն։ Նույն Գագիկ Խաչատրյանին իսկապես պետք է քննություն իրականացվի, հասկացվի՝ արդյո՞ք իրավաչափ էր նրան այդ վիճակում տեղափոխելը դատական նիստերի դահլիճ, կամ արդյո՞ք նրան ազատությունից զրկելը անհրաժեշտություն էր նրա ապօրինի գույքի հետ կապված գործընթացների համար։ Այդ ամենը, իհարկե, ուսումնասիրության առարկա պետք է լինի, բայց եկեք բուն խնդիրը չմոռանանք, չանտեսենք խնդիրը եւ զբաղվենք միայն այդ անձանց իրավունքներով։ Այդ խնդիրն էլ է կարեւոր, ինչպե՞ս է պատահել, որ այդքան կտոր գույք հայտնվել է այդ անձի, կամ նրա հետ փոխկապակցված անձանց սեփականությունում, երբ որ նա զբաղեցրել է այդ բարձր պաշտոնը Հայաստանում։ Նույնը Քոչարյանը, նույնը մնացածը։
— Ասում են՝ Հայաստանը զարգացել է տնտեսապես, իրենք էլ օգտվել են, դա էլ է բացատրություն, օգտվել են Հայաստանի զարգացման տեմպերից։
— Բայց չէ՞-որ եղել են պաշտոնյաներ, որոնք այդպես չեն հարստացել, չէ՞, այսինքն՝ դա արժանահավատ բացատրություն պետք է ունենա, եւ այդ վարույթների շրջանակում պետք է իրենք արժանահավատ հիմնավորումներ եւ բացատրություններ տրամադրեն։ Կլինեն դատական պրոցեսները, մենք ավելի մանրամասն գնահատականների հնարավորություն կունենանք, բայց այն, որ առերեւույթ այդ կասկածները կան, այդ մեղադրանքը հիմնավոր է, դա էլ չես կարող հերքել այս պահին։
— Վարչապետ Փաշինյանը հաճախ է դժգոհում դատաիրավական համակարգից եւ հատկապես դատական համակարգից, նույն Գագիկ Խաչատրյանի գործով, որ դատավորը միտումնավոր ձգձգել է, կամ Ծառուկյանի գործով, որ ինչ-որ մեկը կա՞, որ կասկածում է, որ նրան կաշառք են բաժանել, ո՞նց է լինում, որ այդ մարդը այդ գործով չի պատժվում եւ այլն, եւ նա ասում է՝ քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի, հետո ասում է, որ դատական համակարգը ծառայում է էլիտաներին, այսինքն՝ էլիտաներին ծառայող դատական համակարգով քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի, այսպես է ստացվում։
— Նայե՛ք, մի քանի չափում կա այս մեղադրանքներում եւ այս հարցերի շուրջ։ Նախ, միայն դատարանները չեն, որ մեղավոր են, այստեղ այդ քրեական հետապնդման մի ամբողջ շղթա է աշխատում։ Արդյո՞ք քննչական մարմինները պատշաճ վարույթ իրականացրել են եւ հիմնավոր մեղադրանքներ բերել, արդյո՞ք դատախազությունը բավարար դատախազական հսկողություն իրականացրել է, մենք չենք կարող միայն դատարաններին մեղադրել, որովհետեւ սա մի ամբողջ շղթա է, եւ մի ամբողջ գործընթաց, որտեղ դեռ տարբեր մարմիններով անցնում է քրեական գործը։ Սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմից՝ իրոք, կան տեղին մտահոգություններ։ Օրինակ, երբ որ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում եւ գործը հասնում է դատարան, եւ դատավորները հանրային ճնշման, կամ հանրային որեւէ գնահատականից ունեցած մտահոգությամբ պայմանավորված իրենց վրայից գցում են այդ գործը, դա էլ չի խոսում դատական անկախության մասին։ Այդ ինքնաբացարկների շղթան այլ բանի մասին է հուշում։ Արդյո՞ք այդ դատավորները կարող են խոսել դատարանի անկախության մասին, չէ՞-որ դատավորը այն մարդն է, որը եւ հասարակական ճնշումից պետք է ազատ լինի, չվախենա, կամ թեկուզ վախենա, բայց միեւնույն է որոշում կարողանա ընդունել՝ կամ այս կողմ, կամ այն կողմ։
— Այսինքն՝ վախենում է եւ՛ իշխանության ահեղ գնահատականներից, եւ՛ ընդդիմությա՞ն։
— Այո, եւ հանրային պարսավանքից, եւ չգիտեմ, հանրության այն թեւից, որը կարող է խիստ, կրոնական մոլեռանդությամբ լցված ինչ-ինչ գնահատականներ տա իրեն եւ մտահոգություններ ունի, բայց դա ոչ մի կապ չունի դատավորի բարձր կոչման, դատավորի գործառույթների հետ։ Դատավորը նաեւ պետք է կարողանա արդարադատություն իրականացնել առանց նման կաշկանդվածությունների։
— Եթե լսենք վարչապետին, իրենք նոր սահմանադրության նոր նախագծով մի լուծում են պատկերացնում, որ բոլոր դատավորները ստանալու են ժամանակավորի կարգավիճակ եւ վեթինգ է տեղի ունենալու, այդ վեթինգ բառը ինքը չի ասում, ես զուտ ենթադրում եմ, այսինքն՝ նրանց համարժեքությունը իրենց պաշտոնին որոշվելու է եւ շարունակելու են։ Բայց դա չգիտես երբ տեղի կունենա, այսինքն՝ կարող է ստացվի, որ 2028 թվականին տեղի ունենա։
— Նախ, դրա մասին վաղ է խոսել, որովհետեւ իմ հասկանալով դեռ Սահմանադրության տեքստի նախագիծն էլ չկա։ Կբերեն այդ տեքստը, կհասկանանք այնտեղ ինչ լուծումներ են նախատեսված։ Վեթինգը, այո, քաղհասարակության պահանջն էլ է եղել հեղափոխությունից հետո եւ չարվեց, բայց այն, որ հիմա վերադառնում են վեթինգին այդ կարգավորումներով, այդ առաջարկով, դա ի՞նչ է նշանակում, որ այն, չգիտեմ, 40-ից 70 տոկոսի մասին են տարբեր գնահատականները, թե ինչքանով է թարմացվել դատական համակարգը հեղափոխությունից ի վեր նոր դատավորներով, մի մասն ասում են 40 տոկոս, մի մասն ասում են 70-80 տոկոս, բայց փաստ է էլի, որ ամբողջ դատավորների ամբողջ կորպուսի թերեւս միայն 10 տոկոսը կարող է վստահ ասել, որ ինքը հասկանում է՝ ինչ բան է դատական անկախությունը, ու դա շատ պարզ օրինակներով է ակնհայտ դառնում։ Օրինակ, երբ որ ներքին մարմինների կազմավորման հարցում իրենք ընտրություններ պետք է անցկացնեն, դեռեւս իրենք քվեարկում են դատարանների նախագահների ուղղորդմամբ, եւ դա շատ մտահոգիչ է, եւ եթե դատավորը իր անկախության մասին այդպիսի պատկերացում ունի, ինչպե՞ս պետք է բարդ գործեր նա քննի։
— Դուք ներո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին այդ համակարգային փոփոխությունները 8 տարի շարունակ չանելը, որովհետեւ ասում են՝ դե Քովիդ էր, պատերազմ էր, ներքաղաքական ցնցումներ եւ այլն, ես չգիտեմ, օրինակ, արդարադատության նախարարները արդյո՞ք Քովիդի դեմ էին պայքարում, կամ պատերազմի ժամանակ զենք էին մատակարարո՞ւմ, կամ միգուցե իրապե՞ս դա չափազանց հիմնավորված տեսակետ է, իրապես ներքաղաքական ցնցումներ եղել են մինչեւ այս վերջին ընտրությունները, ամեն տարի բողոքի ցույցեր եւ այլն, բայց այսինքն՝ ստացվում է, որ պետական ինստիտուտներն այնքան թույլ են, որ մի փոքր, կամ մեծ ինչ-որ բան է տեղի ունենում, նրանք չեն աշխատում։
— Խնդիրն այն է, որ ինստիտուտները ձեւավորված չեն։ Եթե ինստիտուտները ձեւավորված լինեին, նույն Արդարադատության նախարարությունը կախված չէր լինի տարբեր նախարարների մոտեցումներից, տեսլականից, կամ փոխնախարարներից։ Հիմա հինգերորդ արդարադատության նախարարն է հեղափոխությունից ի վեր, եւ նրանցից յուրաքանչյուրը եկել է իր տեսլականով, իր մոտեցումներով, իր փոխնախարարներով, իր թիմով, որոնք շատ կարճ ժամանակ անց փոխվել են, եւ այսպես հետեւողականություն եւ ինստիտուցիոնալ մոտեցում չի եղել այդ հարցերին։ Սա, իհարկե, լրջագույն խնդիր է, եւ սա միայն Արդարադատության նախարարության խնդիրը չէ, բայց քանի որ մենք քննարկում ենք դատաիրավական բարեփոխումների, այսպես, քաղաքականությունը, որի պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է, իրենց վերաբերյալ եմ օրինակը բերում։ Այսպես չպետք է լինի, պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցում, համակարգային մոտեցում։ Մենք ունեինք դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն 2019-2021 թվականների, որը նախարարներից մեկը եկավ ու ուղղակի չեղարկեց, նոր ռազմավարություն դրեց սեղանին՝ առանց վերլուծելու, թե օրինակ՝ այն նախորդից ինչի՞ չէր կատարվել։ Զուտ այն գործողությունները, որոնք չէին կատարվել, դրանց մի մասը տեղափոխվեցին նոր ռազմավարություն եւ ասեցին՝ հիմա մենք նոր ռազմավարություն ենք իրականացնում, այդպիսի մոտեցումներով հնարավոր չէ հետեւողական լինել։ Էլ չեմ խոսում այն մասին, որ նախարար կար, որ քաղհասարակությանը, որը պահանջում էր վեթինգի իրականացում, դատաիրավական բարեփոխումների իրականացում, ասում էր՝ նրանք իրավունքի աղանդավորներ են, պատկերացնում են, որ մի օրում ամեն ինչ հնարավոր է, կամ մենք ունեինք էլի բարձրաստիճան պաշտոնյա, որը հիմա Սահմանադրական դատարանում է՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ընտրված, որը ասում էր՝ Հայաստանը վուլգար վեթինգի ճանապարհով չի գնալու։
— Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը հիշո՞ւմ է նրանց մասին, երբ բողոքում է բոլորից, ամեն ինչից եւ բոլոր դատավորներից։
— Կարծում եմ, որ հիշում է, պարզապես նաեւ թիմի անդամներ են, երեւի չի կարող խիստ վերաբերվել։
— Ամփոփելով, չկա՞ն քաղբանտարկյալներ Հայաստանում։
— Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, եւ դա իմ գնահատականը չէ, դա միջազգային կառույցների գնահատականն է, բայց սա չի նշանակում, որ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ Հայաստանում չկան։ Քաղհասարակությունը այդ պատճառով էլ շարունակում է իր վերահսկողական գործառույթը, հանրային հսկիչի իր դերակատարումը, եւ ժամանակ առ ժամանակ խնդիրները բարձրաձայնում է։
