Դատավորների թերեւս 10 %-ն է հասկանում՝ ինչ ասել է դատավորի անկախություն․ Լուսինե Հակոբյան

Ազգային ժողովը օգոստոսի 25-ին հաստատել է կառավարության 2026-2031 թթ. գործունեության ծրագիրը։ Հանրային հեռուստաընկերության եթերում քննարկել են կառավարության հնգամյա ծրագրի դատաիրավական փոփոխությունների գլուխը, որին մասնակցել է նաեւ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան, ՀՀ-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։

Արդյոք դատական համակարգի 8 տարիների բարեփոխումները որոշակի դրական փոփոխություն արձանագրե՞լ են ոլորտում, թե՞ մենք կրկին գործ ունենք իրապես կախյալ դատարանների հետ։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ մենք չենք կարող շատ լավ և լավատեսական գնահատականներ հնչեցնել։ Ես ասում եմ մեր կազմակերպության անունից, որը տարիներով զբաղվում է դատաիրավական բարեփոխումների մշտադիտարկմամբ։ Ի դեպ ասեմ, որ ներկայումս էլ գործող Դատաիրավական ռազմավարության կատարման վերաբերյալ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի շրջանակում Եվրախորհրդի հետ համատեղ իրականացնում ենք մշտադիտարկում եւ շուտով մեր մշտադիտարկման արդյունքները կքննարկենք եւ՛ գործադիրի, ե՛ւ դատական իշխանության, եւ՛ այլ շահագրգիռ կողմերի հետ։ Կարող եմ ասել, որ խնդիրն իրականում բարդ է, թե՛ կրթության խնդիրը կա։ Երբ մենք խոսում ենք իրավագիտությունից, նորմալ է, որ լինի կարծիքների բախում տարբեր մասնագետների միջեւ, եւ դա կարծում եմ՝ բոլոր ոլորտներում կա, այսինքն, չեք էլ գտնի հաղորդակցության մի մասնագետ, որի կարծիքը կիսեն հաղորդակցության բոլոր մասնագետները։ Դա միայն իրավագիտությանն առնչվող տիպիկ երեւույթ չէ, կարող են լինել տարբեր տեսակետներ մի հարցի վերաբերյալ եւ օրենքի տարբեր մեկնաբանություններ, նույն դատական կազմերն էլ ինչ-որ խնդիրների շուրջ ունեն տարբեր մոտեցումներ եւ գալիս են ընդհանուր հայտարարի, կամ՝ չեն գալիս, ովքեր, որ չեն գալիս, գրում են հատուկ կարծիքներ։ Բայց մի կարեւոր խնդիր կա, որ իրավագիտությունը, կամ ընդհանրապես գիտությունը Հայաստանում շատ վատ հիմքերի վրա է դրված, իրավագիտություն որպես այդպիսին գոյություն չունի, եւ ես այդ խնդրի մասին շատ վաղուցվանից խոսել եմ ։

Չկան օրինակ՝ իրավագետների հրապարակային բանավեճեր։  Դրսում դու կարող ես տեսնել մի հարցի շուրջ տարբեր իրավագետների կարծիքների բախումներ հոդվածների միջոցով, այսինչ հարցի շուրջ իրավագետ Գուդվինը կարող է գրել այսինչ կարծիքը, եւ իրավագետ, ասենք՝ Կլեփեմը կարող է գրել լրիվ այլ կարծիք ու իրենք հանրային տիրույթում բանավիճեն, այդպես է զարգանում գիտությունը, այստեղ նման բան չկա ընդհանրապես։ Երկրորդ կարեւոր բանը, որ տեղի չի ունեցել՝ քաղհասարակությունը շատ էր խոսում եւ շարունակում է խոսել էդ մասին, վեթինգը չիրականացվեց տարբեր պատճառաբանություններով, իսկ այդ վեթինգը կարեւոր էր, լսեցին տարբեր ինչ-որ միջազգային կառույցների, թե Ալբանիայի փորձն էր վատը եւ այլն, եւ չարվեց»։

Հարց է հնչել այն մասին, որ թեեւ Սահմանադրության նախագծի տեքստը դեռ չկա, բայց խոսվում է այն մասին, որ բոլոր դատավորները համարվելու են ժամանակավոր պաշտոնակատարներ, անցնեն բարեվարքության ստուգումներ, արդյո՞ք դա այդ վեթինգ ասվածը չէ հենց։

«Այստեղ կարեւոր է նաեւ, թե ովքեր են իրականացնելու այն։ Մենք այս պահին ունենք իրավիճակ, երբ դատավորների 30-40%-ը նոր դատավորներ են, այսինքն՝ հեղափոխությունից հետո ընտրված, կամ նշանակված դատավորներ են, բայց արդյոք կարո՞ղ ենք ասել, որ թեկուզ այդ 30-40%-ը շատ լավ պատկերացնում են՝ ինչ է դատավորի անկախությունը, կամ ի՞նչ է դատավորի անաչառությունը։ Ես կարող եմ ասել, որ այսօր մեր դատավորների թերեւս 10 %-ն է հասկանում՝ ինչ ասել է դատավորի անկախություն։ Շատ հաճախ մենք բախվում ենք իրավիճակների, երբ շատ տարբեր հարցերում, նույն իրենց ներսի ընտրություններում, կամ ինչ-որ տարբեր ներսի մարմինների ձեւավորման հարցերում դատավորների մի զգալի տոկոս քվեարկում է այնպես, ինչպես իրենց ուղղորդում են իրենց դատարանների նախագահները»,- ի պատասխան նշել է Հակոբյանը։

Դիտարկմանը, թե «այսինքն՝ պատվեր կատարող դատավորներ կա՞ն,  հիմա պետք է հասկանալ՝ ո՞ւմ կողմից են այդ պատվերները գալիս։

«Պատվեր կատարող դատավորներ, այո, կան, այստեղ կարելի է խոսել այն մասին, որ դատարանի անկախության մշակույթը ձեւավորված չէ։ Իհարկե, ուրիշ խնդիրներ էլ կան, նույն դատարանների ծանրաբեռնվածությունը եւ այլն, խնդիրներ են։ Օրինակ՝ վարչական արդարադատության ոլորտում շատ կարեւոր է արձանագրել, որ նույն գործադիրի տարբեր մարմիններ նույն այդ դատարանների որոշումներն ի կատար չեն ածում եւ այդ պատճառով, օրինակ՝ դատարանների ծանրաբեռնվածությունը աճում է։ Նույն օրինակ՝ ճանապարհային ոստիկանությունը շատ հաճախ անտեսում է Վարչական դատարանի ստեղծած դատական պրակտիկան, կամ հարկային մարմիններն են անտեսում, եւ այդ գործերը էլի նույնական գործեր, գնում են դատարաններ, եւ այդպես մեծանում է դատարանների ծանրաբեռնվածությունը։ Ունենք վարչական դատարան եւ վերաքննիչ ատյաններ դատարանի, որը փաստացի կոլապսի եզրին է կանգնած, հենց նշած պատճառներով»,- ի պատասխան հարցի նշել է Հակոբյանը։

Ի պատասխան հարցի է, թե արդյո՞ք «նոր Սահմանադրությունը լուծումներ առաջարկող աստաթուղթ է լինելու», Հակոբյանը նշել է․

«Նախագծին ես տեղյակ չեմ իրականում, մեր կազմակերպությունն ունի ներկայացուցիչ, իմ տեղեկություններով, նախագիծ դեռեւս, որպես այդպիսին, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի տեսել։ Ինչ վերաբերում է այդ տարբեր ինստիտուտներին նախատեսվող, գործիքակազմերին՝ երդվյալ ատենակալներ եւ այլն, դրանք, իհարկե, առանձին քննարկման առարկաներ են, հանպատրաստից հնարավոր չէ սպառել, դրանք ունեն ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր մեր հասարակությունում, բայց ես ուզում եմ ասել, որ Սահմանադրությամբ նախատեսված գործիքակազմերը առայսօր պատշաճ չեն օգտագործվել։ Եւ դատավորների ընտրությունների հարցում, օրինակ՝ նույն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամին՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնում ընտրելը, կամ Վլադիմիր Վարդանյանին ընտրելը որպես Սահմանադրական դատարանի դատավոր։ Դրանք հարցեր են,  նույն Հրայր Թովմասյանը կապակցությամբ, երբ որ նույնը տեղի էր ունեցել, քաղհասարակությունը լուրջ վերապահումներ ուներ այդ հարցերում եւ հիմա կրկնել նույնը, այդ ճանապարհով գնա՞լ։ Հիմա, օրինակ՝ փետրվարին լինելու է Վճռաբեկ դատարանի նոր նախագահի ընտրությունը։ Կարծում եմ, որ ամենայն զգոնությամբ Աժ-ն պետք է այդ հարցին մոտենա, ընտրի իսկապես մեկին, որը ոչ մի խմբակցության անդամ չէ, որևէ խմբավորման անդամ չէ, որովհետեւ հնարավոր չէ դատավորին ընտրել այն փիլիսոփայությամբ, թե ինքը ի՞նչ կապեր կունենա, ի՞նչ ծառայություններ կմատուցի, ու՞մ եւ այլն, դատավորին պետք է ընտրել այն տրամաբանությամբ, թե ինքը ի՞նչ փոփոխություն կարող է բերել, եւ այո՛, Վճռաբեկ դատարանը շատ դեպքերում չի կարողանում միասնական դատական պրակտիկա ապահովել, մինչդեռ  ներքեւի ատյանների շատ խնդիրներ հնարավոր կլիներ լուծել, եթե, օրինակ՝ Վճռաբեկ դատարանում ապահովվեր միասնական դատական պրակտիկա, կամ՝  ԲԴԽ-ում։ Վարչապետ Փաշինյանը խոսում է, օրինակ, թե ինչո՞ւ պետք է դատավորներին ընտրի դատավորների կազմը, բայց եկեք չմոռանանք, որ այդ դատավորների կազմին առաջին հերթին Ազգային ժողովն է ընտրում։ Աժ-ն ընտրում է նույն ԲԴԽ-ի անդամների, իրենք հետո ընտրում են ստորադաս դատարանների դատավորներին, այսինքն՝ շղթան այդպես է գնում։ Հեղափոխությունից հետո մեր կազմակերպությունը շատ էր ջատագովում մրցութային ընթացակարգերով  բարձրագույն դատական պաշտոններում ընտրությունները, եւ նախագահ Սարգսյանը ընդառաջ գնաց ժամանակին, եւ մեկ-երկու այդպիսի մրցույթներ տեղի ունեցան, եւ կարծում եմ, որ շատ ճիշտ որոշումներ կայացվեցին արդյունքում, բայց հետո այդ պրակտիկայից նահանջ արձանագրվեց, եւ էլի այս հին ձեւով սկսեցին ընտրությունները անցկացնել, եւ դա նաեւ խնդիրներից մեկն է։ Դատավորների թվի ավելացումը շատ կարեւոր է, այդ հարցը պետք է քննարկման առարկա դարձնել, որովհետեւ դատարաններ կան, որ, ինչպես նշեցի, կոլապսի եզրին են, եւ իրենց այս ներկա կազմով հնարավոր չէ այդ խնդիրը լուծել, նաեւ դատարանների պայմանները, աշխատավարձերը եւ այլն»։

Հայաստանում ունե՞նք դատավորներ- բնակչություն ընդունելի հարաբերակցության թիվ,  եվրոպական ստանդարտներն ինչպիսի՞ն են, մեզ մոտ ի՞նչ պատկեր է։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Կան այդ ստանդարտները, ժամանակին Արտակ Զեյնալյանը արել էր այդ ուսումնասիրությունը, եւ կարծեմ հարյուր հազար բնակչության թվով 20 դատավոր էին իրենք նշում, այսինքն՝ այդ ստանդարտների ուսումնասիրությունը արվել է, պետք է վերադառնալ դրան եւ քննարկումներ սկսել։ Մեզ մոտ քիչ է, մի բան էլ ասեմ հանուն արդարության, մենք շատ ենք հիմա շեշտադրում դատավորներին, բայց այդտեղ հատկապես քրեական գործերով, նաեւ վարչականներով, բայց հատկապես քրեականներով պետք է հասկանանք՝ շղթան ինչպե՞ս է աշխատել։ Արդյո՞ք քննիչները պատշաճ վարույթ իրականացրել են, արդյո՞ք դատախազությունը պատշաճ դատախազական վերահսկողություն իրականացրել է, որ գործը հասել է դատարան եւ դատարաններն են մեղավոր, այսինքն՝ այս շղթան էլ մենք պետք է քննության առարկա դարձնենք»։