ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմը (EU-ARM CSP) Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ/CEPA) ստեղծված մարմիններից մեկն է։ Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ-ներին) մշտադիտարկել համաձայնագրի իրականացումը և պատրաստել առաջարկություններ իրավասու մարմինների համար։
ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի 8-րդ նիստը կայացել է 2026 թ. ապրիլի 15-ին, Հայաստանի Հանրապետությունում, Երևան քաղաքում։ Հանդիպման արդյունքում ընդունվեց հռչակագիր
ԵՄ — Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կատարման, և լայն իմաստով, ԵՄ-Հայաստան հարաբերությունների առաջընթացի կապակցությամբ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը.
1. Ողջունում է արագորեն ընդլայնվող և խորացող ԵՄ-Հայաստան գործընկերությունը, ինչպես որ այդ մասին նշվում է վերջին շրջանի բարձր մակարդակի այցերի և քաղաքական շփումների արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունված ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգում։
2. Ողջունում է Վիզաների ազատականացման երկխոսությունը և Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) հրապարակումը, խրախուսում է ՀՀ կառավարությանը շարունակական ջանքեր ներդնել դրա իրականացման ուղղությամբ՝ ԵՄ համապատասխան տեխնիկական աջակցության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի, ներառյալ սոցիալական գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ։
3. Ողջունում է նաև ՀՀ վարչապետի որոշմամբ 2026թ. հունվարի 9-ին ՀԸԳՀ-ի իրագործման նորացված ճանապարհային քարտեզի ընդունումը և խրախուսում է կառավարությանն ապահովել դրա շուտափույթ, թափանցիկ և արդյունավետ իրականացումը՝ սոցիալական գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ՝ այս պլատֆորմի հետ իմաստալից խորհրդակցությունների միջոցով։
4. Ընդգծում է, որ Հայաստանի կողմից ՀԸԳՀ-ի և ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական Օրակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունների իրականացումը պետք է հիմնված լինի ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և սոցիալական արդարության վրա՝ քաղաքացիական հասարակության և սոցիալական գործընկերների իմաստալից մասնակցությամբ։ Ակնկալում է, որ 2026 թ. մայիսի 5-ին Երևանում անցկացվելիք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը նոր հնարավորություն կընձեռնի ներառական և արժեքահեն գործընկերության հետագա զարգացման համար։
5. Ողջունում է Հայաստանի կողմից 2026 թ. մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալումը, համարելով այն կարևոր ազդակ եվրոպական առավել խորը համագործակցության և Եվրոպական ընտանիքում պետության ինտեգրման համար։
6. Ընդգծում է սոցիալական գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համակարգային, ներառական և կառուցողական երկխոսության ու համագործակցության կարևորությունը։ Շեշտում է սոցիալական գործընկերների, փորձագիտական հանրույթի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ընդլայնված և ներառական խորհրդակցությունների կարևորությունն օրինագծերի նախապատրաստման ընթացքում, և ընդգծում է դրա արդյունքների թափանցիկության, հավասար հնարավորությունների և հանրային մատչելիության անհրաժեշտությունը։
7. Շեշտում է Հայաստանի բարեփոխումների օրակարգի, դիմակայունության և Եվրոպական միության հետ առավել մերձեցման ուղղությամբ Եվրամիության կայուն և կանխատեսելի աջակցության կարևորությունը, այդ թվում՝ 2027 թվականից անդին, ինչպես նաև տրանսպորտի, էներգետիկայի և թվային ենթակառուցվածքների ոլորտներում տարածաշրջանային և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
8. Ընդգծում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը և խրախուսում է ԵՄ տեխնիկական աջակցությունը՝ ուղղված ավիացիոն անվտանգության վերահսկողության բարելավմանը, ինչը կօգնի EU Air Safety ցանկից դուրս գալու համար հայկական ավիափոխադրողների կողմից պահանջների բավարարմանը։
9. Շեշտում է դեպի ԵՄ միասնական շուկա Հայաստանի մուտքի բարելավման կարևորությունը՝ ՀԸԳՀ-ի շրջանակում կարգավորումների արագացված մոտարկման, համապատասխանության գնահատման, համակարգի կարողությունների զարգացման և առևտրի տեխնիկական խոչընդոտների նվազեցման միջոցով՝ նպաստելով դեպի ԵՄ հայկական ապրանքների արտահանման դյուրացմանը։
10. Ընդգծում է դեպի ԵՄ Հայաստանի արտահանման կարողությունների զարգացմանն աջակցելու կարևորությունը՝ ՀԸԳՀ-ի պահանջներին շարունակական մոտարկման, որակի ենթակառուցվածքների ամրապնդման և ԵՄ չափանիշների ու հավաստագրման պահանջների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության բարելավման միջոցով։ Խրախուսում է շարունակական աջակցությունը հայկական բիզնեսին, հատկապես՝ ՓՄՁ-ներին, այդ թվում՝ իրազեկման, վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների և գործնական կարողությունների զարգացման միջոցով՝ ԵՄ պահանջներին համապատասխանությունը դյուրացնելու և արտահանման գործունեության մեջ ավելի լայն ներգրավվածություն ապահովելու նպատակով, այդ թվում՝ շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում։
Իրավունքի գերակայության, արդարադատության և մարդու իրավունքների վերաբերյալ
11. Խրախուսում է ԵՄ շարունակական ներգրավվածությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքների երաշխավորմանը, պաշտպանությանը և երկարաժամկետ հեռանկարներին, ներառյալ նրանց սոցիալական ինտեգրմանը, միաժամանակ հիշեցնելով, որ ցանկացած անվտանգ, արժանապատիվ և կամավոր վերադարձ պետք է համապատասխանի միջազգային իրավունքին և ուղեկցվի վերադարձողների իրավունքների և անվտանգության արժանահավատ ու արդյունավետ երաշխիքներով։
12. Շեշտում է իրավունքի գերակայության, արդարադատության համակարգերի, հանրային կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանական բարեփոխումների, ինչպես նաև քրեակատարողական և պրոբացիոն ոլորտների բարեփոխումների առաջմղման կարևորությունը։ Կոչ է անում ուժեղացնել ջանքերը՝ ապահովելու այս բարեփոխումների թափանցիկ, արդյունավետ և արագ իրականացումը՝ անհրաժեշտության դեպքում ԵՄ շարունակական աջակցությամբ։
13. Արձանագրում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային մշտադիտարկող մարմինների կողմից բարձրաձայնված մտահոգություններն իրավապահ մարմինների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքերի և դրանց վերաբերյալ արդյունավետ քննության բացակայության մասին։ Ընդգծում է անկախ, անաչառ և արդյունավետ քննության մեխանիզմներն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ հաշվետվողականությունն ապահովելու և հանրային վստահությունը բարձրացնելու նպատակով։
14. Վերահաստատում է օրենքի առջև բոլորի հավասարության պահպանման անհրաժեշտությունը, այդ թվում հիշեցնելով, որ նախնական կալանքը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց՝ եվրոպական իրավական չափանիշներին համապատասխան։ Խրախուսում է դատական վերահսկողությունն ու երաշխիքներն ուժեղացնելու շարունակական քայլերը։
15. Ընդգծում է խոսքի ազատության լիարժեք պաշտպանության անհրաժեշտությունը՝ միաժամանակ կոչ անելով ապահովել, որ ցանկացած սահմանափակում համապատասխանի մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, հետապնդի իրավաչափ նպատակներ և ժողովրդավարական հասարակությունում լինի անհրաժեշտ ու համաչափ։
16. Ընդգծում է Հայաստանում բոլոր անձանց համար խաղաղ հավաքների ազատության և խոսքի ազատության պաշտպանության կարևորությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հանձնառություններին և մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին համապատասխան, և կոչ է անում, որպեսզի ցանկացած սահմանափակում լինի իրավաչափ, անհրաժեշտ և համաչափ։
17. Մտահոգություն է հայտնում նախընտրական շրջանում հանրային խոսույթի աճող բևեռացված տոնայնության կապակցությամբ, և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին զերծ մնալ ատելության խոսքից, մանիպուլյատիվ քարոզչությունից, գիտակցաբար մոլորեցնող պնդումներից և անպատասխանատու հռետորաբանության այլ ձևերից։ Ընդգծում է, որ ընտրությունները պետք է լինեն քաղաքական ծրագրերի և գաղափարների մրցակցություն՝ փաստահեն, հարգալից և սոցիալապես պատասխանատու հանրային քննարկման միջոցով։
18. Շեշտում է ժողովրդավարական միջավայրը, գերատեսչական ինքնավարությունը, բազմակարծությունը, ինչպես նաև ակադեմիական և ստեղծագործական ազատությունը պաշտպանելու կարևորությունը և կոչ է անում իշխանություններին ապահովել, որպեսզի հանրային, մշակութային և ակադեմիական հաստատությունները զերծ մնան քաղաքական ճնշումներից, սպառնալիքներից կամ գաղափարական վերահսկողությունից։
Հակակոռուպցիոն քաղաքականությունների վերաբերյալ
19. Արձանագրում է, որ վերջին տարիներին Հայաստանի հակակոռուպցիոն համակարգի ամրապնդման ուղղությամբ իրականացվել են կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այդ թվում՝ ստեղծվել են մասնագիտացված մարմիններ` Հակակոռուպցիոն կոմիտեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հակակոռուպցիոն դատարանները, ինչպես նաև Գլխավոր դատախազության կազմում՝ համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումները։ Միաժամանակ նշում է, որ այս ինստիտուտների լիարժեք անկախության ապահովման առումով դեռևս առկա են մարտահրավերներ և խրախուսում է շարունակական ջանքերը՝ դրանք բավարար ռեսուրսներով ապահովելու և գործառնական արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ ։
20. Նշում է, որ, չնայած արձանագրված ինստիտուցիոնալ զարգացումներին, իրականացվող բարեփոխումները պետք է հանգեցնեն հանրային վստահության և ընկալումների շոշափելի բարելավման։ Կոչ է անում ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու հակակոռուպցիոն քաղաքականությունների արդյունավետ իրականացումը և դրանց արդյունքների չափելիությունը։
21. Ընդգծում է կանխարգելիչ հակակոռուպցիոն մեխանիզմների ամրապնդման կարևորությունը՝ ներառյալ շահերի բախման արդյունավետ կառավարման ապահովումը, ինչպես նաև հանրային կառավարման ոլորտում, այդ թվում՝ պետական գնումների և մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացներում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը։
22. Շեշտադրում է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում թափանցիկության և հանրային վստահության ապահովման կարևորությունը՝ այդ թվում հակակոռուպցիոն ինստիտուտներում թափանցիկ և արժանիքահեն ընտրության ընթացակարգերի կիրառմամբ, ինչպես նաև հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող գործերով՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատական վարույթների պատշաճ հանրայնացմամբ։ Միաժամանակ ընդգծում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում վերականգնված ակտիվների կառավարման և բաշխման հստակ, հաշվետու և թափանցիկ մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը։
Աշխատանքի և զբաղվածության քաղաքականության և սոցիալական երկխոսության վերաբերյալ
23. Ողջունում է 2026թ. հունվարին Եռակողմ հանրապետական կոլեկտիվ պայմանագրի ստորագրումը՝ որպես դրական զարգացում և խրախուսում է հետագա ջանքերը՝ ԱՄԿ չափանիշներին և ՀԸԳՀ պարտավորություններին համահունչ ազգային մակարդակով խորհրդակցությունների և կոլեկտիվ բանակցությունների գործող ու ինստիտուցիոնալացված մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։ Ընդգծում է, որ եռակողմ փաստաթղթերին պետք է հաջորդի սոցիալական երկխոսության իրական և մշտական համակարգի ձևավորումը։
24. Արհմիությունները, որպես կայուն սոցիալական և տնտեսական զարգացման առանցքային օղակներ, վերահաստատում են իրենց հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին, իրավունքի գերակայությանը և հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ ՀԸԳՀ-ի շրջանակում ժողովրդավարությունը պետք է առավել ամրապնդվի՝ հանրային քաղաքականության և սոցիալ-տնտեսական բարեփոխումների ձևավորման մեջ աշխատողների և նրանց ներկայացուցչական կազմակերպությունների իմաստալից մասնակցության միջոցով։
25. Հայաստանի գործատուների հանրապետական միությունը վերահաստատում է կառավարության հետ արդյունավետ և շարունակական երկխոսություն վարելու իր հանձնառությունը։ Օրենսդրական մտադրությունների և գործնական իրականության միջև առկա տարբերությունները հաղթահարելու նպատակով Միությունը պատրաստ է հանդես գալ որպես առանցքային գործընկեր՝ տրամադրելով փաստահեն տվյալներ և ոլորտային կիրառելի լուծումներ՝ ուղղված այնպիսի բարեփոխումների իրականացմանը, որոնք միաժամանակ ռազմավարապես հիմնավորված են և բիզնես համայնքի համար գործնականում արդյունավետ։
26. Ընդգծում է, որ կառավարությունների, գործատուների և արհմիությունների միջև արդյունավետ սոցիալական երկխոսությունը էական նշանակություն ունի ժողովրդավարական կառավարման և կայուն զարգացման համար։ ՀԸԳՀ-ի շրջանակում սոցիալական երկխոսության ամրապնդումը կաջակցի աշխատաշուկայի բարեփոխումներին, կբարելավի աշխատանքային պայմանները և կնպաստի սոցիալական համախմբվածությանը՝ միաժամանակ առաջ մղելով Հայաստանի մոտարկումը եվրոպական սոցիալական և աշխատանքային չափանիշներին։
27. Խրախուսում է հանրային հատվածի համար բանակցելու լիազորություն ունեցող համապատասխան պետական մարմնի սահմանումը՝ քաղաքացիական ծառայողների և պետական աշխատողների համար կոլեկտիվ բանակցությունները հնարավոր դարձնելու նպատակով։
28. Ողջունում է ՀԸԳՀ-ի իրականացման թարմացված ճանապարհային քարտեզում աշխատանքի անվտանգության և առողջության (OSH) բարեփոխումների ներառումը՝ մինչև 2030 թվականը վերջնաժամկետի սահմանմամբ և կոչ է անում ապահովել դրա թափանցիկ, հետևողական և հաշվետու իրականացումը՝ քաղաքացիական հասարակության և սոցիալական գործընկերների հետ կանոնավոր խորհրդակցությունների և պատշաճ հանրային մոնիտորինգի աջակցությամբ։
29. Կոչ է անում վավերացնել 1981 թվականի ԱՄԿ «Աշխատանքի անվտանգության և առողջության մասին» թիվ 155, ինչպես նաև2006 թվականի «Աշխատանքի անվտանգության և առողջության խթանման շրաջանակի մասին» ԱՄԿ թիվ 187 հիմնարար կոնվենցիաները՝ հորդորելով պետությանն այս առնչությամբ աշխատանքի անվտանգության և առողջության վերաբերյալ օրենսդրության մշակման հարցում առաջնահերթություն տալ ԱՄԿ տեխնիկական աջակցությանը, ինչպես նաև Աշխատանքում անվտանգության և առողջության եվրոպական գործակալության (EU-OSHA) ներգրավմանը։
30. Նշում է աշխատանքի և սոցիալական կառավարման ոլորտում ժողովրդավարության, մասնակցայնության և սոցիալական արդարության հետագա ամրապնդման կարևորությունը, այդ թվում այնպիսի միջոցներով, որոնք արդյունավետորեն պաշտպանում են արհմիություններին միջամտություններից և ապահովում են դրանց անկախ գործունեությունը։
31. Մատնանշում է հանրային և մասնավոր հատվածներում անկախ արհմիութենական գործունեության առջև ծառացած խոչընդոտների վերաբերյալ մտահոգությունները և առաջարկում է արդյունավետ միջոցներ ձեռնարկել և ապահովել, որ արհմիությունները գործեն իրական ներկայացուցչական և բանակցային մանդատների հիման վրա, և որ արհմիութենական գործունեությանը միջամտությունների համար սահմանվեն զսպող պատժամիջոցներ՝ ԱՄԿ 98-րդ կոնվենցիային համապատասխան։
32. Կոչ է անում շարունակական բարեփոխումների իրականացման՝ ուղղված չգրանցված և թերհայտարագրված զբաղվածության, հարկերից խուսափման և շահագործող աշխատանքային միգրացիայի դեմ պայքարին, այդ թվում՝վերացնելով այն օրենսդրական բացերը, որոնք նպաստում են աշխատանքի չարաշահող ձևակերպումներին, միգրանտների անօրինական տեղափոխմանը և ոչ ֆորմալ զբաղվածությանը։ Ընդգծում է այս ոլորտներում բարեփոխումների կարևորությունը, այդ թվում՝ Վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) համատեքստում։
33. Համարում է, որ կայուն տնտեսական զարգացումը, որակյալ զբաղվածությունը և Հայաստանի երկարաժամկետ մրցունակությունը գնալով ավելի են կախված կրթության համակարգի և աշխատաշուկայի զարգացող պահանջների միջև համապատասխանությունից։ Այս համատեքստում ընդգծում է գործատուների, արհմիությունների, կրթական հաստատությունների և կառավարության միջև համակարգային և ինստիտուցիոնալացված համագործակցության ամրապնդման կարևորությունը կրթության և հմտությունների քաղաքականությունների մշակման ու իրականացման հարցերում։ ՀԸԳՀ-ի և դրա իրականացման թարմացված ճանապարհային քարտեզի շրջանակում ստանձնած պարտավորություններին համահունչ կոչ է անում շարունակել ջանքերը՝ ապահովելով, որ կրթության և վերապատրաստման համակարգերն արձագանքեն աշխատաշուկայի զարգացումներին, տեխնոլոգիական փոփոխություններին և տնտեսական վերափոխմանը։ Կոչ է անում ուժեղացնել Եվրոպական կրթական հիմնադրամի տեխնիկական աջակցությունը՝ սոցիալական գործընկերների պատշաճ ներգրավմամբ։
34. Խրախուսում է աշխատաշուկայի վերաբերյալ հուսալի վերլուծական տվյալների և հմտությունների կանխատեսման մեխանիզմների զարգացումը՝ սոցիալական գործընկերների ակտիվ մասնակցությամբ, որպեսզի հնարավոր լինի ավելի լավ կանխատեսել ծագող հմտությունների պահանջարկը և հաղթահարել հմտությունների շարունակական անհամապատասխանությունները, որոնք ազդում են Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների վրա։ Ավելին, խրախուսում է արդյունավետ արդյունաբերություն-կրթություն գործընկերությունների, աշխատանքի վրա հիմնված ուսուցման հնարավորությունների և աշկերտությունների ընդլայնումը, ինչպես նաև մեծահասակների կրթության և ողջ կյանքի ընթացքում ուսումնառության, վերաորակավորման և շարունակական մասնագիտականզարգացման նախաձեռնությունների ուժեղացումը, հատկապես թվային վերափոխման, նորարարության և կանաչ անցման հետ կապված ոլորտներում։
35. Շեշտում է ձեռնարկությունների զարգացմանը, ներդրումներին և աշխատատեղերի ստեղծմանը նպաստող կանխատեսելի, թափանցիկ և աջակցող բիզնես միջավայրի պահպանման կարևորությունը։ Այս համատեքստում ընդգծում է բիզնեսի համար հարկային միջավայրը բարելավելու շարունակական ջանքերի անհրաժեշտությունը, այդ թվում՝ հարկային քաղաքականության արդարության, թափանցիկության և կայունության, վարչարարական բեռի նվազեցման և շուկայի բոլոր մասնակիցների համար հավասար մրցակցային պայմանների միջոցով։ Ընդգծում է, որ արդյունավետ հարկային վարչարարությունը և այնպիսի քաղաքականությունները, որոնք զսպում են ոչ ֆորմալ տնտեսությունն ու նպաստում են ձեռնարկությունների, հատկապես ՓՄՁ-ների, ֆորմալացմանն ու կայուն աճին, էական են տնտեսական դիմակայունության ամրապնդման համար։ Ընդգծում է սոցիալական գործընկերների հետ խորհրդակցելու կարևորությունը ՀԸԳՀ-ին առնչվող տնտեսական, հարկաբյուջետային և աշխատաշուկայի բարեփոխումների մշակման և իրականացման ընթացքում։
36. Ողջունում է Գործատուների միությունների մասին օրենքի արդիականացումը, որն ապահովում է համախմբված ներկայացվածություն, վերահաստատելով, որ բիզնես համայնքից ստացված իրական մանդատը էական նշանակություն ունի ՀԸԳՀ-ին առնչվող բարեփոխումներին և եռակողմ երկխոսությանը կառուցողական մասնակցության համար։
37. Ընդգծում է պետություն–մասնավոր գործընկերության մեխանիզմների զարգացումը՝ որպես տնտեսական աճի և ենթակառուցվածքների արդիականացման կարևոր գործիք։ Գնահատելով նախարարություններին և պետական այլ մարմիններին կից հասարակական խորհուրդներում գործատուների ներկայացուցիչների ներգրավվածության աճը՝ նշում է, որ զուտ խորհրդատվական բնույթ ունեցող մասնակցությունը պետք է վերածվի համատեղ քաղաքականությունների մշակման համակարգային գործընթացի։ Խրախուսում է գործատուների ներկայացուցիչների լիարժեք և համակարգային մասնակցությունը քաղաքականությունների մշակման բոլոր փուլերում, ինչպես նաև հետադարձ կապի պարտադիր մեխանիզմների ներդրումը, որոնք կպարտավորեցնեն պետական մարմիններին հիմնավորված արձագանքներ ներկայացնել այն դեպքերում, երբ մասնագիտական առաջարկությունները չեն ընդունվում։
38. Ողջունում է եռակողմ հանձնաժողովի միջոցով աշխատանքային վեճերի արտադատական կարգավորման նոր մեխանիզմին վերաբերող նորմատիվ իրավական ակտի նախագծի քննարկումները՝ ընդգծելով դրա համապատասխանությունը սոցիալական երկխոսության սկզբունքներին։ Միաժամանակ խրախուսում է կառավարությանը վերանայել մեխանիզմի գործնական կիրառությունը, այդ թվում՝ դրա տարածքային ընդգրկվածությունը և սոցիալական գործընկերների ներկայացուցիչներին տրամադրվող աջակցությունը՝ ապահովելու դրա երկարաժամկետ արդյունավետությունը։
Աշխատուժի զարգացման և կանաչ անցման վերաբերյալ
39. Ընդգծում է Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում առկա աշխատուժի պակասը և կոչ է անում վարել հավասարակշռված ՄԿՈՒ (VET) և հավաքագրման քաղաքականություն, որը կհամատեղի տեղական աշխատուժի զարգացումը և օտարերկրյա մասնագետների ներգրավման արդյունավետ մեխանիզմները` ներառյալ աշխատանքի թույլտվությունների տրամադրման թափանցիկ և արդյունավետ ընթացակարգերը։
40. Ընդգծում է, որ տնտեսության կանաչ վերափոխումը պետք է միաժամանակ նպաստի ինչպես կայուն զարգացման նպատակներին, այնպես էլ բիզնեսի մրցունակության բարձրացմանը։ Վերահաստատում է արդար անցման սկզբունքի կարևորությունը՝ ընդգծելով հմտությունների զարգացման և վերաորակավորման, արդյունավետ սոցիալական պաշտպանության և տարածքային զարգացման ծրագրերի անհրաժեշտությունը, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ազդակիր աշխատողների և համայնքների, պատշաճ ներգրավվածության ապահովումը։ Խրախուսում է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն ձեռնարկությունների կողմից կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը և բիզնես համայնքի ակտիվ մասնակցությանը բնապահպանական և կայուն զարգացման քաղաքականությունների մշակման գործընթացում։
Կրթության, հմտությունների և աշխատաշուկայի համապատասխանեցման վերաբերյալ
41. Ճանաչում է, որ մրցունակությունը մեծապես պայմանավորված է կրթության և աշխատաշուկայի պահանջների միջև արդյունավետ համապատասխանությամբ։ Ողջունում է 2024 թվականի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքը, որը համադրում է տեսական և աշխատանքի վրա հիմնված ուսուցումը։ Շեշտում է, որ դրա արդյունավետ իրականացումը պահանջում է գործատուների ինստիտուցիոնալ ներգրավվածություն՝ ուսումնական ծրագրերի մշակման և վերապատրաստման գործընթացներում։ Խրախուսում է արդյունաբերություն–կրթություն գործընկերությունների, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և շարունակական մասնագիտական զարգացման ընդլայնումը, հատկապես՝ թվային, նորարարական և կանաչ ոլորտներում։ Կոչ է անում զարգացնել աշխատաշուկայի վերլուծության և հմտությունների կանխատեսման գործիքները, ինչպես նաև ներդնել համապատասխան խթանիչ մեխանիզմներ՝ ուսանողների վերապատրաստման գործընթացներում բիզնեսի մասնակցությունը խթանելու և շուկայի պահանջներին համապատասխան բարձր որակավորում ունեցող աշխատուժ ապահովելու նպատակով։
Բիզնես միջավայրի, հարկման և կարգավորող քաղաքականության վերաբերյալ
42. Շեշտում է ձեռնարկությունների զարգացմանը, ներդրումներին և աշխատատեղերի ստեղծմանը նպաստող կանխատեսելի, թափանցիկ և աջակցող բիզնես միջավայրի պահպանման կարևորությունը։
43. Կոչ է անում շարունակել ջանքերը՝ ապահովելով, որ ՓՄՁ-ների համար հարկային կարգավորումները լինեն համաչափ և նպաստեն ֆորմալացմանն ու աճին՝ միաժամանակ խուսափելով փոքր բիզնեսի համար անհամաչափ վարչարարական և հարկաբյուջետային բեռից։
44. Կոչ է անում նոր օրենսդրական նախաձեռնություններում, առավելապես աշխատանքի, հարկային և ձեռնարկատիրության ոլորտներում,համակարգված կերպով կիրառել ՓՄՁ ազդեցության գնահատում` ապահովելու համար, որ վարչական և ֆինանսական բեռը անհամաչափորեն չխոչընդոտի փոքր բիզնեսին: Ողջունում է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգի ներդրման նախաձեռնությունը՝ որպես թափանցիկության գործիք և խրախուսում է կառավարությանը լուծել դրա գործնական կիրառման խնդիրները, այդ թվում՝ օտարերկրյա աշխատողների և ՓՄՁ-ների համար։ Ընդգծում է, որ հանրային ծառայությունների թվայնացումը պետք է նվազեցնի վարչարարական բեռը և բարձրացնի արդյունավետությունը և կոչ է անում համակարգի նախագծման և ներդրման ընթացքում ապահովել շարունակական բիզնես խորհրդակցություններ
45. Նշում է, որ վիզայի ընթացակարգերի հետ կապված գործնական դժվարությունները կարող են ազդել բիզնեսի շարժունակության և մարդկանց միջև շփումների վրա, այդ թվում՝ օրինական մասնագիտական նպատակներով ճանապարհորդող մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար։ Խրախուսում է վիզաների ազատականացման երկխոսությունը և ԵՄ-ի ու անդամ պետությունների կիրառելի ընթացակարգերին համահունչ շարունակական ջանքերը ներդնումը` շարժունակությունը դյուրացնելու ուղղությամբ, այդ թվում՝ բարեխիղճ ճանապարհորդների համար վիզային գործընթացների թափանցիկության, արդյունավետության և հասանելիության բարելավման միջոցով։
