Մարդու իրավունքների ուղեցույցի ներկայացում և հանդիպում Միջազգային քրեական դատարանի դատավոր Ջոաննա Քորների հետ

Դեկտեմբերի 6-ին Երեւանում  կայացել է միջոցառում, որի շրջանակում ներկայացվել է Մարդու իրավունքների ուղեցույցը։ Միջոցառմանը բացման խոսքով է հանդես է եկել «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։ «Մարդու իրավունքների ուղեցույց. մարդու իրավունքների կրթությունը ժողովրդավարական արժեքների և իրավունքի գերակայության նկատմամբ հարգանքի ամրապնդման համար» խորագրի ներքո զեկուցումներով հանդես են եկել Մարդու իրավունքների բալթյան ընկերակցության գործադիր տնօրեն Ագնես Կոլիգինան եւ ազգային փորձագետ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Միջոցառման երկրորդ մասում «Համագործակցություն ՀԿ-ների եւ Միջազգային քրեական դատարանի միջեւ» խորագրի ներքո ելույթ է ունեցել ՄՔԴ դատավոր Ջոաննա Քորները։ Միջոցառման ավարտին կայացել է քննարկում։

Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների ուղեցույց» և «Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում»  ծրագրերի շրջանակներում։

«Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի մարտին՝ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ, եւ իրականացվում է  «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության միջոցով։ Ծրագիրը միտված է բարելավելու Հայաստանի պետական մարմինների եւ պաշտոնյաների կարողությունները ու իրազեկվածութունը՝ ՄՔԴ նյութական եւ դատավարական իրավունքների ոլորտներում։

«Մարդու իրավունքների ուղեցույց» ծրագիրն իրականացնում է Մարդու իրավունքների բալթյան ընկերակցությունը «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության հետ համատեղ Լատվիայի արտաքին գործերի նախարարության  ֆինանսավորմամբ ։

Այն մեկնարկել է 2024 թվականի օգոստոսից, ծրագրի նպատակն է բոլորի համար բաց մուտքով ինովացիոն առցանց հարթակ ստեղծելը, որը հնարավորություն կտա բոլորին պարզ եւ հեշտ հասկանալի միջոցներով տեղեկանալ մարդու իրավունքների մասին։