Վճռորոշ օր ՔՊ-ի համար․ արդյոք ՔՊ-ն լրջություն կդրսևորի: Լուսինե Հակոբյան

ԱԺ օրակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը։ Նոյեմբերին լրացել է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը եւ ՔՊ-ն կարծես՝ չի պատրաստվում նրան նորից առաջադրել։ Այդ կապակցությամբ հայտարարութուն է տարածել նաեւ ԵՄ-ՀՀ քահասարակության պլատֆորմը՝  կոչ անելով ՔՊ պատգամավորներին հետաձգել այս հարցը եւ քննարկումներ կազմակերպել։

«1in․ am»-ի տաղավարում մեկնաբանելով այս հարցը «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, ԵՄ-ՀՀ քահասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը նշել է․

«ՀԸԳՀ-ով ստանձնած կարեւորագույն պարտավորություն է կոռուպցիայի դեմ պայքարը, եւ այն երկու ճանապարհային քարտեզները, որոնք իշխանությունն ընդունել է, նաեւ անդրադարձ են կատարում հակակոռուպցիոն մարմինների ձեւավորմանն ու կայացմանը։ Այսինքն, պաշտոնապես իշխանությունը հանձն է առել ձեւավորել հակակոռուպցիոն մարմինների այնպիսի կայուն եւ արհեստավարժ համակարգ, որը արդյունք կտա կոռուպցիայի դեմ պայքարում։ Հիմա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրապես այդպիսի անկախ եւ կայացման փուլում գտնվող մարմին է, եւ այդ կայացման գործում իր մեծ նպաստն, իհարկե, ունի Հայկուհի Հարությունյանը, որն ընտրված առաջին անդամներից է այդ մարմնում, եւ հետո այդ անդամների որոշմամբ էլ ընտրվել է նախագահ։ Ես շատ լավ հիշում եմ, որ այն ժամանակ անգամ Նիկոլ Փաշինյանն էր հպարտորեն արձանագրում, որ ընդդիմության առաջադրած թեկնածուն ընտրվել է այդ հանձնաժողովի նախագահ, եւ նշան էր տեսնում, որ դա, ըստ էության, խոսում է անկախության եւ ճնշումներից զերծ մարմին ունենալու իշխանության կամարտահայտության մասին։ Այդ մարմինը կա, գործում է, տարբեր միջազգային գործընկերների կողմից արժանանում է բավական դրական գնահատականների, նաեւ գիտեմ, որ այս տարվա սեպտեմբերին տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերության տարեկան գագաթնաժողովը, որտեղ Հարությունյանը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեր պրակտիկան՝ որպես լավագուն գործելակարգի օրինակ համաշխարհային մասշտաբով։ Եւ տեսնում ենք, որ 4 տարի նույն իշխանությունը որեւէ հարց չի բարձրացնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության հետ կապված, Հայկուհի Հարությունյանի գործունեության հետ կապված եւ դեռ հակառակը՝ հպարտ այդ գնահատականից այլ գնահատական մենք չենք լսել։ Եւ ահա գալիս է մարդու վերընտրվելու պահը, եւ ասեմ, որ ամենեւին չեմ կարծում, որ Հայկուհին մեկն է, որը աթոռից կառչած է եւ պաշտոնն իր համար անպայման կարեւոր է: Կարծում եմ, որ լինելով այդ կառույցի ինստիտուցիոնալ հիշողությունը, ունենալով անավարտ գործեր՝ միգուցե որոշել է, որ երկրորդ ժամկետն էլ պետք է պաշտոնավարի, ընդ որում, իր թեկնածությունը հաստատվել է համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում են եղել ՄԻՊ-ի, ԱԺ-ի ներկայացուցիչները, համապատասխան ոլորտային հարցերով զբաղվող այլ ներկայացուցիչներ, եւ նրանք դրական գնահատականի են արժանացրել ու երկու թեկնածությունները ուղարկել են ԱԺ։ Եւ ի՞նչ ենք տեղեկանում՝ որ ինչ-որ մի փակ քննարկում է տեղի ունենում՝ ՔՊ խմբակցության որոշ անդամների եւ Հարությունյանի միջեւ, եւ ըստ հաղորդումների՝ առաջ են քաշվում նրա առջեւ անձնական հարցեր՝ ինչ-որ մի խմբի, ընկերների շահերով պայմանավորված, անգամ այնտեղ մեկի հարց են բարձրացրել, որը անգամ պաշտոնատար անձ չէ, ինչ-որ միջազգային կազմակերպության տեղական աշխատակից է, բայց ընկերական մտերմական հարաբերություններով կաշկանդված՝ այդ անձի հարցերն են բարձրացրել։ Ես գիտեմ, որ կան անձնինք հենց ՔՊ-ի ներսում, որոնք վրդովված են այս զարգացումների վերաբերյալ եւ համարում են, որ Հարությունյանն արժանի թեկնածու է։

Ասեմ, որ մեր Պլատֆորմի հայտարարության մեջ էլ մենք մասնավորապես անդրադարձել ենք այդ հարցերին՝ ասելով, որ որոշ անձանց հետ կապված մենք եւս խնդիրներ ենք տեսել եւ այդ խնդիրները բարձրաձայնել ենք իշխանության եւ միջազգային գործընկերների առջեւ, այդ խնդիրների վերաբերյալ արձագանքն ադեկվատ չենք համարում, փոխարենն այդ խնդիրները բերվում, ի թիվս այլ խնդիրների անձնական շահագրգռության շրջանակներում դրվում են Հարությունյանի առջեւ եւ դա իսկապես շատ վատ է; Եթե դա այդպես չէ, թող ՔՊ խմբակցության պատգամավորները հերքեն, եւ հայտարարեն, որ իրենք ավելի համակարգային բնույթի հարցեր են տվել, խնդիրներ են դրել, որոնց կատարման հարցում թերացել է Հարությունյանը։ Լավ կլիներ որ հանրային լսումներ կազմակերպվեին, եւ այդ կոչը նաեւ Նիկոլ Փաշինյանին էր ուղղված․ ճիշտ է, նա կառավարության ղեկավարն է եւ ԱԺ լիազորություններին է վերապահված այդ հարցը, բայց տեսնում ենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը կուսակցության հետ անցկացնում է տարբեր հանդիպումներ, քննարկում է տարբեր հարցեր՝ այդ թվում ՏԻՄ-երի ձեւավորմանը, նրանց գործունեության վերաբերող, այսինքն, այդ հարցերը քննարկելու հարցում եւս նա որեւէ կաշկանդվածություն չունի, եւ համարում ենք, որ առավելեւս այս հարցը հակակոռուպցիոն պայքարի տիրույթում է, իսկ հակակոռուպցիոն պայքարի խորհուրդն էլ հենց գլխավորում է վարչապետը եւ նա անձամբ պետք է զբաղվի։ Առնվազն ինչ-որ մի քննարկում, լսումներ ոլորտով զբաղվող քաղհասարակության կոալիցիաների, պլատֆորմների ներկայացուցիչների հետ, չասեմ լայն հանրության հետ, բայց որոշակի քննարկումներ պետք է նախաձեռնել եւ հասկանալ՝ ինչո՞ւմ է թերացել Հարությունյանը եւ ընդհանրապես այդ մարմինը»։

Հարցին, որ «մամուլում նշվում էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արյուսակ Ջուլհակյանի անունը, որ իշխանություններն ամեն կերպ փորձում են նրան հետո գործուղել այդ հանձնաժողով, եւ եթե Հարությույանը չընտրվի ու որեւէ ՔՊ-ական դառնա հանձնաժողովի նախագահ, արդյո՞ք դա լրջորեն կվտանգի կոռուպցիայի դեմ պայքարը», Հակոբյանը պատասխանել է․

«Ես այդ լուրերին տեղյակ չէի, բայց եթե իսկապես այդպիսի տարբերակ է շրջանառվում, դա վատթարագույն սցենարն է, որ կարելի է ակնկալել։ Ընդհանրապես, հաշվի առնելով վերջին միտումները տարբեր անկախ՝ դատական, ինքնավար մարմինները լոյալիստենրով համալրելու եւ այդ լոյալիստների փոխատեղումներ կատարելու միիտումները, ամենեւին էլ դրական հեռանկար դա չի բացում մեր առջեւ, կարծում եմ, որ այդ տարբերակն ընդհանրապես չպետք է քննարկվի։ Պետք է բաց քննարկում կազմակերպել եւ հասկանալ, որո՞նք են դժգոհություններն այդ կառուցից որպես ինստիտուտ, եւ Հարությունյանից մասնավորապես, հետո նոր կարող են անցնել առաջ։ Իսկ այդպես փակ քննարկումներից հետո դեռ դժգոհություն են հայտնում, որ փակ քննարկման բովանդակությունը հայտնի է դարձել հանրությանը․ բա եթե թափանցիկության մասին է խոսվում, կոռուպցիայի դեմ հանրային ներգրավման մասին են խոսում, ապա ի՞նչն է դժգոհությունը, որ հանրությունը տիրապետում է այդ հարցերին եւ կարծիք է արտահայտում»։

Հակոբյանը նշել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքության հետ կապված խորհրդատվական բնույթի եզրակացություններ տալու լիազորություններ ունի եւ այդ լիազորություններից այս հանձնաժողովը բավական տեղին օգտվել է։ «Համենայնդեպս, մեր տեղեկություններով, մի շարք օդիոզ կերպարների վերաբերյալ, մասնավորապես, Խունդկարյան, Մնացական Մարտիրոսյան եւ այլն, քաղհասարակության եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները համընկել են, ինչը էլ ավելի է մեծացրել քաղհասարակության աջակցությունն այդ կառույցի հանդեպ։ Կարծում եմ՝ խնդիրներից մեկը, որ դեռ մնում է, հենց այդ խորհրդատվական եզրակացությունների ոչ հրապարակային բնույթն է։ Քաղհասարակության մի շարք գործիչներ համարում են, որ այդ եզրակացությունները պետք է հասու լինեն եթե ոչ լայն հանրությանը, ապա այդ գործընթացները մշտադիտարկող կառույցների, քաղհասարակության կառույցների գոնե որոշակի նեղ կազմին։ Բայց այդ խնդիրը դեռ մնում է չլուծված, իհարկե, սա այդ հանձնաժողովի լուծման տիրույթում չէ, բայց դա Հանձնաժողովի գործունեության հետ կապված խնդիրներից մեկն է»,- նշել է Հակոբյանը։

Իսկ արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարի առումով լուրջ աշխատանք արվել է։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Սկզբից արվում էին հայտարարություններ, որ այդ խորքային պետությունն է խանգարողը, որը կա պետական կառավարման համակարգում, հետո լսեցինք, որ այդ խորքային կառավարումն արդեն չկա, բայց այդ պայքարը մեծ առաջընթաց չի ապրում, 2000 թվականից հիշում եմ՝ հակակոռուպցիոն պայքարի ռազմավարություննէր էին մշակվում ։

Մենք գիտեինք՝ կաշառքն է վերացել, բաց վարչապետի մակարդակով հնչում է, որ կաշառքներ էլ են համատարած բաժանվում, չնայած կոռուպցիայի դեմ պայքարը միայն կաշառքի դեմ պայքարը չէ, հենց այդ պաշտոնների ընտրութունների հարցում նեպոտիզմը, պաշտոնների համալրման գործընթացների ոչ հրապարակային բնույթը, ոչ մրցութային բնույթը դրանք եւս կոռուպցիոն ռիսկերի մեծ հնարավորություններ են ստեղծում եւ այդ հարցերին եւս պետք է լուրջ վերաբերվել։ Բայց տեսնում ենք, որ առաջին իսկ հնարավորության դեպքում անգամ միտումներ կան կայացած կառույցի հետագա կայացումը խոչընդոտելու եւ այլն, մասնավորապես, այս դեպքով դրան ենք ականատես լինում, եւ առանձնապես մեծ հույսեր չի ներշնչում այս պահին այդ պայքարը։

Եթե չորս տարի որեւէ խնդիր չի բարձրաձայնվել, հիմա ո՞րն է խնդիրը, ինչու այդ խնդիրների բաց քննարկում չի կազմակերպվում, այդ ամենը հուշում է, որ խնդիրներն այլ տեղում են, եւ տարածվող տեղեկությունները, որ անձնական շահագրգռությունների դաշտում են, դրանք ապացուցում են։ Ես հույս ունեմ, որ ՔՊ-ն լրջություն կդրսեւորի եւ կայացած մարմնի հետագա հզորացմանն ու կայացմանը չի խոչընդոտի, իսկ այդ հակառակ որոշումը կարծում եմ՝ վատ հետեւանքներ կունենա․ վատ հետեւանքներ ունեցավ նաեւ Թագույի Թովմասյանին՝ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելը, բայց, իհարկե, Հայկուհին Թագուհի Թովմասյան չէ եւ սա ավելի լուրջ հետեւանքներ կունենա»։