Մեկնարկել է «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագիրը

Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում պաշտոնապես մեկնարկել է «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագիրը, որը միտված է Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից:

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը` ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին՝ բարեփոխումերի ծրագրին աջակցելու և Սահմանադրական դատարանի և դեսպանության միջև ձևավորված օրինակելի գործընկերության և բարեկամության համար։

Դեսպան Նիկո Սխերմերսը կարևորել է, որ Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ առումով, պետությունը հետևողական է՝ առաջ շարժվել ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով։

Ծրագրի իրականացման պատասխանատու՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանի խոսքով՝ մեծ պատասխանատվությամբ են ստանձնել ծրագիրը կյանքի կոչելու պարտավորությունը և անելու են հնարավորը՝ այն արդյունավետ իրականացնելու համար։