Փետրվարի 21-ին Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի փակման համաժողովին: Ծրագրի նպատակն էր ամրապնդել Հայաստանում դատական իշխանության անկախությունը իրավական ընթացակարգերի արդյունավետությունն ու արդարադատության մատչելիությունը:
Իր խոսքում Լուսինե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին ծրագրի շրջանակներում ԻԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության համար: Նա, մասնավորապես, կարևորել է հայտնի բրիտանացի իրավաբան, պրոֆեսոր Ֆիլիպ Լիչի «Ինչպես դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի հրատարակությունը և հույս հայտնել, որ ԵԽ-ի հետագա ծրագրերի շրջանակներում հնարավոր կլինի համագործակցություն ծավալել նման կարևորության իրավաբանական գրականության հայերեն թարգմանությունների ոլորտում:
Նա նաև խոսել է քաղհասարակության և ԵԽ-ի համագործակցության մեկ այլ ոլորտի մասին, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի կարծիքների նախապատրաստման փուլում քաղհասարակության հետ երկխոսության, քննարկել այդ երկխոսության շրջանակում ծագող խնդիրները և առաջարկել ուղիներ այդ համագործակցությունն ապագայում ավելի արդյունավետ դարձնելու հարցում: