Ս. թ. հոկտեմբերի 19-ին ԻԵՄ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը իր հոլանդացի գործընկերոջ՝ Ամստերդամի դատարանի փոխնախագահ Էսթեր դե Ռուի հետ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին աջակցելուն ուղղված գործողությունների ծրագիրը: Գործողությունների ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին «խորհրդատվական աջակցություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միջազգային իրավական համագործակցության հոլանդական կենտրոնի կողմից՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ի հետ համագործակցությամբ և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի նպատակն էր աջակցել Դատարանին՝ հիմնական գործողությունների և ակնկալվող արդյունքների հետ միասին մշակելու գործողությունների կառուցվածքային ծրագիր, որը թույլ կտա Սահմանադրական դատարանին կառուցվածքային կերպով ուսումնասիրել իր առաջնահերթությունները և գործողությունները:
Գործողությունների ծրագիրը ներկայացվել է Սահմանադրական դատարանի դատավորներին և աշխատակազմին, ինչպես նաև Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
«Վերջին շրջանում ջանքեր են գործադրվել քաղաքացիական հասարակության հետ Սահմանադրական դատարանի համագործակցությունը բարելավելու ուղղությամբ։ Այս համագործակցությունը պետք է ավելի ամրապնդվի, քանի որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես Դատարանի լավագույն դաշնակիցներ՝ բացատրելով նրա որոշումները հանրության լայն շրջանակներին և բարելավելով Դատարանի հանրային իմիջն ու հեղինակությունը: Նրանք նաև ռեսուրսներ ունեն՝ օգնելու Դատարանին կարողությունների զարգացման և Դատարանի այլ անհրաժեշտություններին աջակցելու ոլորտում». իր ելույթում նշեց Լուսինե Հակոբյանը։
















