Ես դրական չեմ վերաբերվում պաշտոնների տուրիզմին․ Տիգրան Եգորյան

«Անխոս, ցանկացած պետության ամենաէական բաղադրիչներից է խնդիրների, վեճերի արդարացի լուծումը։ Սա ընդհանուր ասած։ Դատական վեճերի լուծման մասին խոսենք ավելի թիրախային, քանի որ դրա մեջ բազմաթիվ այլ շերտեր կարող են մտնել՝ սոցիալական, տնտեսական եւ այլ իրավունքներ, բայց դատական իշխանության գործառույթի ճիշտ եւ լիարժեք կիրառումը եւ արդ՝ արդար դատաքննության իրավունքի ամբողջ ծավալով մատուցումը ապահովում է մարդու կենսական շահերը, այդ կենսական շահերի՝ այդ պետությունում կապը, դրանց հանդեպ վստահությունը, պետության հանդեպ վստահությունը, եւ, ի վերջո, նաեւ պետության հանդեպ նվիրվածությունը։ Շատ պաթետիկ ինչ-որ պատումներ պետք չեն․ եթե մարդը վստահ է այն պետությունում, որում ապրում է, եւ որում տեղաբաշխում է իր կենսական շահերը, եթե վստահություն ունի այդ պետությունում արդարության եւ հավասարության նկատմամբ, այդ մարդը պատրաստ է այդ պետության համար պայքարել»։

Այդ մասին «1in.am»-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը։

Անդրադառնալով ԲԴԽ-ում եւ ԿԸՀ-ում՝ իշխանությունների կատարած վերջին փոփոխություններին՝ Եգորյանը նշել է․

«Իհարկե, դժվար է պատկերացնել այդպիսի կարճաժամկետ պաշտոնավարումների արդյունավետությունը, շատ ավելի մոտ է բացասական գնահատականին: Բացի դրանից, ես նաեւ դրական չեմ վերաբերվում, այսպես ասած, պաշտոնների տուրիզմին, անձամբ ինձ համար ընդունելի չեն նման պրոցեսները, քանի որ արդարադատության ոլորտում հսկայական անելիքներ կան։ Եւ եթե դու պատրաստ ես եւ կամք ունես դրանք դիտարկելու, դրանց հետ առերեսվելու, եւ կռիվ տալու, ապա կարեւոր է որոշակի զոհողությունը, եւ տոկունությունը, եւ այդ խնդրի համար անհրաժեշտ ժամանակի հատկացումը։ Իսկ այսօրվա պայմաններում բոլոր այն իրադարձությունները հաշվի առնելով, որոնք տեղի ունեցան այսպես կոչված դատաիրավական ռեֆորմների միջոցով ԲԴԽ-ում, ինչպես նաեւ այլ մարմիններում, դատարաններում, կարելի է փաստել, որ ԲԴԽ միջոցով դատական իշխանության անկախության եւ անաչառության ապահովումն այս պահին արդյունավետորեն հնարավոր չէ իրականացնել։ Քանի որ այն արատները, որոնցով վարակվել է արդարադատության համակարգը եւ մասնավորապես, դատարանները, հնարավոր չի եղել բուժել եւ վերացնել, չեզոքացնել դրա ազդեցությունը՝ նոր հոսքերի եւ այն չփչացած հատվածների վրա ազդեցության տեսանկյունից, եւ քանի դեռ դա հնարավոր չի եղել եւ գործում է այդ արատավոր շրջանակների մոտ անպատժելիության եւ անպարտելիության համոզմունքը, ապա ոչ մի լուրջ բան միայն ԲԴԽ գործունեության միջոցով, կամ միայն առանձին վերցրած Հակակոռուպցիոն դատարանի միջոցով հնարավոր չի լինի իրագործել»։

ԲԴԽ նոր նախագահ ընտրված՝ Արդարադատության արդեն նախկին նախարար Կարեն Անդրեասյանը ժամանակին հայտարարել էր, որ ինքը լավ գիտի ոլորտի արատները, գուցե ԲԴԽ նախագահի պաշտոնը նրան հնարավորություն կտա՞ մաքրել համակարգը։

Ի պատասխան այս հարցի՝ Եգորյանը նշել է․

«Իսկ ի՞նչ արվեց այդ ուղղությամբ մինչեւ ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանձնելը, հսկայական անելիքներ կային, որոնք չարվեցին, ու այստեղ մի քիչ ավելի լայն խնդր կա․ ընդհանրապես, հասարակությունը մեզ մոտ զրկված է տեսնելու, դիտարկելու եւ ընկալելու հնարավորությունից, թե հանրային իշխանություն իրացնողները տարբեր պետական մարմիններ, պաշտոնյաներ ինչպիսի արդյունավետությամբ են աշխատում։ Դրա հանդեպ հանրային վերահսկողությունը գրեթե բացակայում է, այն հենված է երեւի մի քանի ՀԿ-ների կցկտուր, բավականին մակերեսային անդրադարձների վրա եւ մեծ հաշվով ինչ-որ ֆեյսբուքյան եւ ֆան ակումբների գրառումների վրա։ Սա լուրջ չէ, եւ սա, ըստ էության, զրկում է հանրությանը իրականում հասկանալու, թե Ա նախարարը ինչպիսի պայմաններում նշանակվեց նախարար, ինչպիսի աշխատանք կատարեց, ինչպիսի անհրաժեշտություններ կային, դրանցից որոնք հասցեագրվեցին, որոնք՝ ինչ լուծումներ ստացան, կամ չստացան եւ ինչու, եւ ինչ կետում է հանձվում այս պաշտոնը։ Երբ որ այս ամենը բացակայում է, ըստ էության, մնում է ինչ-որ հավատի վրա հենված դատողություններ անել։ Օրինակ՝ ի՞նչ արվեց դատական համակարգը անկախ, անաչառ իշխանության վերածելու եւ մաքրելու համար։ Հետհեղափոխական շրջանում երեք նախարար ենք ունեցել․ սկսենք պարոն Բադասյանից, նա հայտարարեց, որ դատական համակարգի այդ արատավոր մասնակիցներին մաքրելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, այլ եղանակ չկա։ Բայց այդ քննարկումը այդպես էլ հեռավար խոսակցությունների եւ փոխադարձ մեղադրանքների փուլում մնաց, ասենք՝ մենք ասում էինք, որ սահմանադրական խոչընդոտ չկա, նրանք ասում էին, որ կա, բայց այդպես էլ չէին պարզաբանում, թե որն է այդ խոչընդոտը։ Ապա պարոն Անդրեասյանը մի կարեւոր, բավական մասնակցային միջոցառում կազմակերպեց, որտեղ քննարկվեց այս հարցը եւ, ըստ էության, դրա մասնակիցներից որեւէ մեկը առարկություն չուներ առ այն, որ Սահմանադրության խնդիր չկա եւ Սահմանադրության 164 հոդվածի 6-րդ մասի կարգավորումներով՝ դատական օրենսգրքով հնարավոր է սահմանել այնպիսի պահանջներ, որոնք հնարավորություն կտային ազատվելու բոլոր այն դատավորներից, որոնք իրենց վճիռներով թույլ են տվել մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտումներ, եւ բոլոր այն դատավորներից, որոնք իրենց աշխատավարձին անհամաչափ հարստություն են կուտակել։ Բայց սա չարվեց։ Դրա փոխարեն ժամկետով սահմանափակվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրությունների եւ այդ ուսումնասիրությունների ազդեցության հարցը, ապա որեւէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն չտեսանք՝ ՄԻԵԴ վճիռների հիման վրա, ապա մի արատավոր նախագիծ՝ Դատական օրենսգրքի փոփոխություն ընդունեցին առ այն, որ այդ փոփոխությունից հետո կայացված վճիռներով կարող են կարգապահականի ենթարկել, հետո արդեն այս նախարարի օրոք ընդունվեց մեկ այլ փոփոխություն, չափազանց անհաջող կարգավորումներ տրվեցին եւ նաեւ այդ կարգավորումների մեկնաբանություններն առ այն, որ միայն ՄԻԵԴ ակտով կոնկրետ դատավորի մեղավորությունը ֆիքսելու պարագայում կարելի է ներկայացնել միջնորդություն, դա էլ սահմանափակվեց մեկ տարով, որից արդեն մի քանի ամիսն անցել է, եւ ակնհայտ է, որ մեծ հաշվով հնարավոր չի լինելու այս գործիքն արդյունավետորեն իրագործել։ Հետեւաբար, ես չեմ տեսնում այն կարեւորագույն հարցերի լուծմանն ուղղված ջանքերը, որոնք, ըստ իս, ի սկզբանե ակնկալում էին մարդիկ։ Բայց սրանք մի քանի հարցեր են ընդամենը, քանի որ դատական իշխանության առողջացման համար նաեւ այլ շերտեր կան, այստեղ կարեւոր են նաեւ դատավորների թեկնածուների, դատավորների ընտրության ընթացակարգն ու բովանդակությունը, դատավորների առաջխաղացման ընթացակարգն ու բովանդակությունը, դատավորների շարունակական կրթության համար անհրաժեշտ ինստիտուտների բարեփոխումը, ընդհանրապես, ավելի լայն իրավաբանական կրթության մասնագիտական վերապատրաստման համակարգը, դատարանների նյութատեխնիկական ապահովման խնդիրը, առանց որի մենք գիտենք՝ ինչպիսի խնդիրներ ունեն դատավորները, բայց դրանք ոչ մեկը չի փորձում հասցեագրել»։

Իսկ ինչո՞ւ այդ խնդիրները լուծում չեն ստանում, որո՞նք են պատճառները։

Եգորյանի խոսքով, պատճառն այն է, որ «շարունակական եւ կայուն կամք չկա իրավական քաղաքականության հստակ ձեւակերպման եւ հետեւողական իրականացման համար»։

«Մեծ հաշվով, չի էլ ներկայացվում որեւէ այնպիսի ծրագիր, որի իրագործման համար այս կամ այն պաշտոնյան պետք է պատասխանատվություն կրի։

Ես չեմ կարծում, որ այսօրվա պայմաններում այն քաղաքականությունը եւ այն անհրաժեշտությունները, որոնք սուր կերպով ծառացած են մեր առջեւ եւ որոնք բավական մանրամասն եւ տեւական մենք՝ հետհեղափոխական ժամանակում քննարկում եւ ներկայացնում ենք, լուծվելու են։ Դրանք չեն լուծվելու, քանի դեռ այդ իրավական քաղաքականության հստակեցման եւ հետեւողական իրագործման վերաբերյալ կամք չի դրսեւորվել, եւ չեն ստեղծվել դրա համար անհրաժեշտ միջոցներ։ Այսօր, ըստ էության, կառավարությունը եւս մեծ հաշվով այդ պրոցեսների լիարժեք ընկալման եւ ուղղորդման տեսանկյունից կույր է, քանի որ, մեծ հաշվով, ամբողջական համակարգում չի իրականացվում։ Ես կասեի՝ բավական բաղդատված է այդ իրավական  քաղաքականության մշակման եւ իրագործման մասնակցող պետական մարմինների ստրուկտուրան եւ դրանք բավարար համագործակցության չեն բերվում։

Ասենք՝ մի հսկայական հարց է օրինակ՝ միջազգային դատարաններում ՀՀ ներկայացուցչությունը, սա իրավական քաղաքականության հսկայական բլոկ է։ Օրինակ՝ կառավարության դերակատորումը ՄԻԵԴ-ում՝ ՀՀ դեմ գործերով հսկայական քաղաքականություն է ենթադրում եւ քաղաքականության իմպլեմենտացիայի եւ լեգիտիմ հնարավորություն է կոնվենցիոն մեխանիզմի միջոցով ազդեցություն գործելու դատական իշխանության սխալների նկատմամբ եւ ապա նաեւ ռետրոսպեկտիվ որպես ընդհանուր միջոց այդ սխալների շտկման համար։ Բայց, ըստ էության, այս հսկայական բլոկը դուրս է պետական կառավարման այն մարմինների վերահսկողությունից, որոնք պատասխանատու են այդ քաղաքականության իրագործման համար»,- նշել է Եգորյանը։

Իսկ արդյո՞ք միջազգային իրավական հարթակներում Ադրբեջանի գործողությունների դեմ մեր կատարած աշխատանքը բավարար է։

Ի պատասխան այս հարցի՝ Եգորյանը նշել է․

«Ցավոք, ես տեսնում եմ, որ մենք չենք կարողանում բավարար ջանք գործադրել ՀՀ-ում առկա պետությանը հասանելի այն ողջ իմացության ու մտքի կենտրոնացման, եւ այդ կարողությունների օգտագործման ուղղությամբ, այսինքն, չի իրականացվում առավել մասնակցային եւ ընդգրկուն խնդիրների վերլուծման պրոցես։

Այն հնարավորությունները, մարդկային ռեսուրսները, որոնք մենք ունենք, ամբողջությամբ չեն օգտագործվում եւ սա անդրադառնում է բոլոր հարցերի վրա։ Միջազգային իրավական գործիքակազմերի տեսանկյունից եւս մենք, կարծում եմ, շատ սահմանափակ ծավալով ենք օգտվում եւ այստեղ ես ավելի շատ կկարեւորեմ հենց Միջազգային քրեական դատարանի հետ կապված ՀՀ անհասկանալի կեցվածքն ու, ըստ էության, այդ ուղղությամբ որեւէ աշխատանք չկատարելը, հարցը թաղվել է, եթե չեմ սխալվում, 2004-ի՝ ՍԴ ինչ-որ անհասկանալի պատճառաբանություններով որոշմամբ, որով Սահմանադրությանը հակասող է ճանաչվել Միջազգային քրեկան դատարանի ստատուտի վավերացումը։ Սակայն այս ուղղությամբ մենք 2022-ին արդեն լուրջ զարգացումներ ունեինք, ըստ էության, մենք այդ դատարանի հիմնական շահառուն ենք ամբողջ աշխարհում՝ հաշվի առնելով այն ցավալի պատմությունը, որը մենք ունենք ՝ Ցեղասպանության հետ կապված հարցը, այսօրվա իրադարձությունները՝ մարդկության դեմ հանցագործությունները որոնք դրսեւորովում են մեր նկատմամբ, պատերազմական հանցագործությունները։ Ուստի, անհասկանալի է Հայաստանի կեցվածքը։ Սա, կարծում եմ՝ օր առաջ լուծելու խնդիր է եւ կարծում եմ նաեւ՝ այսօրվա հնարավորությունները՝ նկատի ունեմ Արեւմուտքի հետ քաղաքական զարգացումները, էականորեն նաեւ փոխկապակցված են այս հարցի հետ»։