17-ը բացահայտում է իր պլանը՝Փաշինյանին չեզոքացնել քրգործով և իշխանությունը տալ Քոչարյանին կամ Սերժին. Լուսինե Հակոբյան

«Ըստ էության, ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակը կարելի է հանգուցալուծված համարել․ փետրվարի 25-ից հետո բավական խնդրահարույց իրավիճակում էինք հայտնվել ԳՇ-ի հայտնի հայատարարության հետ կապված։ Հստակ էր, որ այդ ընթացակարգերով նրանք փորձում էին միջամտել քաղաքական գործընթացներին, ինչը հակասում է Սահմանադրությանը։ Այժմ, ԳՇ նոր պետի նշանակմամբ, այս փուլն, ըստ երեւույթին, կարելի է ավարտված համարել, չնայած, չգիտեմ, թե էլ ո՞ր մարմինը՝ ինչ անակնկալ կարող է մեզ մատուցել»։

Այդ մասին Factor.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Անդրադառնալով այս հարցում նախագահ Արմեն Սարգսյանի կեցվածքին՝ Հակոբյանը նշել է, որ 2018-ի մայիսից հետո նախադեպեր եղել էին ԳՇ պետերի ազատման եւ նշանակման, բայց նման խնդիրներ չէին բարձրացվել, եւ անհասկանալի էր, թե ինչու նախագահը իր լիազորություններից չէր օգտվում։

Հակոբյանի խոսքով, տեւական ժամանակ է մենք լսում ենք, որ նախագահն ավելի ընդլայնված լիազորություններ է ցանկանում, մինչդեռ «երբ պետք է ստորագրեր խնդրո առարկա հրամանագիրը, կամ այն ուղարկեր ՍԴ, նա ոչ այն արեց, ոչ՝ այն, եւ, ըստ էության, անգործություն դրսեւորեց, ու հնարավորություն ստեղծեց, որպեսզի հրամանագիրը իրավունքի ուժով ուժի մեջ մտնի»։ Ըստ Հակոբյանի, կարելի է ասել, որ դա պատասխանատվությունից խուսափելու մոտեցում էր։ 17 կուսակցությունները, որոնք բացահայտ խրախուսում էին ռազմական հեղաշրջումը Հայաստանում, հուսով էին, որ նախագահն էլ կմիանա իրենց այդ կոչերին եւ գործողություններին, բայց երբ վերջում նախագահը այլ մարտավարություն որդեգրեց, այդ ուժերը հիասթափվեցին եւ ագրեսիան մեծացավ, ինչը վառ արտահայտվեց այդ օրվա ավարտին։

Իսկ արդյո՞ք իրավիճակն իրապես հանդարտվել է, թե՞՝ նոր անակնկալներ կարող են լինել։ Ըստ Հակոբյանի, զարմանալի չի լինի, եթե «վաղը արտահերթ ընտրություններ լինեն, եւ նման մի անակնկալ էլ ԿԸՀ-ն մատուցի»։

«Հեղափոխությունից հետո դրվեցին բավական հավակնոտ օրակարգեր եւ ծրագրեր, եւ դատաիրավական բարեփոխումների ոլորտում, այդ թվում` անցումային արդարադատության իրականացման միջոցով, եւ Սահմանադրական բարեփոխումների ոլորտում, եւ մի շարք այլ ոլորտներում, բայց աստիճանաբար մենք տեսանք նահանջ այդ օրակարգերից։ Վեթինգը փոխակերպվեց ինչ-որ անհասկանալի բարեվարքության ստուգման կոսմետիկ միջոցառումների՝ Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների միջոցով, որոնք բավական խնդրահարույց են, հայտարարվեց հակակոռուպցիոն նոր համակարգ, բայց օրենքում ներդրվեցին չափանիշներ, որոնք էլի խնդրահարույց են, եւ ըստ էության տեսանք, որ խորքային պետությունն աստիճանաբար խորքերից դուրս է գալիս մակերես։ Եւ նոյեմբերյան եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ինչ ասես չտեսանք․ էլ հեղաշրջման փորձ, էլ սահմանադրական կարգի տապալման փորձեր, վերջում էլ ցավալիորեն ԶՈւ ԳՇ-ն որոշակի մասնակցություն ունեցավ այդ իրադարձություններին, բարեբախտաբար, իրենք, թերեւս վերագնահատելով իրավիճակը՝ հետքայլ արեցին, ինչը ողջունելի էր։ Խիստ մտավախություն ունեմ, որ եթե մենք գնանք արտահերթ ընտրությունների ԿԸՀ-ի այս կազմով, որոնց հստակորեն այդ փողոցում կանգնած 17-ի դաշնակիցները կարելի է համարել, մի այսպիսի անակնկալ էլ իրենք կմատուցեն, եւ իշխանություններն էլ որեւէ կերպ հակառակը չեն կարողանա ապացուցել։

ԿԸՀ այս կազմը մշտապես ընտրակեղծարարության մեղադրանքների կիզակետում է եղել։ Ինքս, որպես դիտորդական առաքելության ղեկավար, որպես հասարակ դիտորդ, որպես վստահված անձ, 2012 թվականից ի վեր ներգրավված լինելով ընտրական գործընթացներում՝ տեսել եմ խիստ խնդրահարույց վարքագիծ այդ հանձնաժողովի կողմից, երբ այդ բոլոր անդամները միաձայնորեն դակում էին նախապես մշակված եւ  հրամցված որոշումները, եւ նրանցից որեւէ մեկը տարբերվող քվեարկությամբ հանդես չէր գալիս։ Անգամ երբ տեսանյութեր էինք տրամադրում դիտորդների վրա հարձակումների, ծեծերի մասին, իրենք ասում էին՝ ինչպե՞ս կարող եք ապացուցել, որ սա այն նույն դիտորդն է, որի վրա հարձակվել են, տեսանյութից բան չի երեւում։ Այսինքն, ամեն կերպ խուսափում էին ընտրախախտումներին գնահատականներ տալուց եւ ամեն կերպ ուզում էին պրոցեսը ծածկադմփոց անե»,- նշել է Հակոբյանը։

Հեղափոխությունը մեծ շանս էր տարբեր խնդրահարույց ոլորտներում բարեփոխումներ անելու, ինչո՞ւ չարվեց։

Այս հարցին ի պատասխան Հակոբյանն ասել է․

«Եթե բերենք դատաիրավական բարեփոխումների օրինակը, կարող եմ ասել, որ իշխանությունը գնաց, այսպես կոչված, բարեփոխումները կաբինետային շրջանակներում իրականացնելու ճանապարհով։ Դրանք ամենեւին մասնակցային չէին, տարբեր նախագծեր էին հրապարակ նետվում, եւ առաջարկվում էր քաղհասարակությանը, այլ շահագրգիռ կողմերին անել առաջարկություններ, բայց այն ֆորմատով, որ դուք առաջարկություններ արեք, մենք կամ կընդունենք, կամ՝ ոչ, ինչը աշխատող տարբերակ չէ։ Իրենց բազմիցս առաջարկվել է ստեղծել բազմակողմ հանձնաժողովներ, որոնցում ներգրավված կլինեն քաղհասարակության փորձագետներ, միջազգային եւ պետական իշխանության մարմինների փորձագետներ, բայց ինչպես տեսանք կոնկրետ սահմանադրական բարեփոխումների հարցով հանձնաժողովի ձեւավորման դեպքում, էլի ամենը խնդրահարույց էր․ մի հոգի, ըստ իր նախասիրությունների, հավաքել էր հանձնաժողովի կազմ, եւ նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից հետո այդ հանձնաժողովի շատ անդամներ չդրսեւորելով փորձագիտական անկախություն, եւ, կարելի է ենթադրել, որ քաղաքական նպատակներից ելնելով՝ կազմալուծեցին այդ հանձնաժողովի աշխատանքը։ Բացի դրանից, կազմավորվեցին Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովներ՝ բարեվարքության, էթիկայի եւ կարգապահական, ուսումնական հարցերով, հռչակվեց, որ քաղհասարակության ներկայացուցիչներին, իրավաբան գիտնականներին այդտեղ տեղ են տալիս, բայց երբ նայում էինք այդ հանձնաժողովների կազմերին, տեսնում էինք, որ դիսբալանսն այնտեղ այնքան ակնհայտ է, որ, ըստ էության, այդ ոչ դատավոր անդամները չեն կարողանում որեւէ ազդեցություն գործել այդ հանձնաժողովների որոշումների վրա։ Այլ ոլորտներում նույնիսկ այսքանը չարվեց»։

Հակոբյանը հավելել է նաեւ, որ թեեւ 2018-ի հեղափոխության ժամանակ մեծ հրճվանք կար, շատ կարեւոր էր, որ գեներացվեց մարդկանց ոգեւերությունն ու էներգիան, սակայն, այդ ժամանակվա իշխանությունները հետագա գործողությունների հետ կապված այլ պլան ունեին։

«Հետահայաց կարելի է կռահել, որ ի սկզբանե եւ Սերժ Սարգսյանի, եւ այդ շրջանակների պլանն այլ է եղել․ բանակցությունների հարցում հասնելով մի այնպիսի փուլի, որտեղ այլեւս առաջ գնալու տեղ չկար, այսինքն, կամ այդ տարածքները պետք է հանձնվեին, կամ՝ պատերազմ լիներ, ըստ էության այդ որոշումն էր կայացվել Սերժ Սարգսյանի կողմից՝ իշխանությունը հանձնել ժողովրդական ալիքի վրա եկած առաջնորդին, այն հույսով, որ այդ առաջնորդը պատերազմով, կամ առանց դրա, այդ տարածքները ի վերջո կհանձնի եւ հենց այդ ժամանակ իրենք կհայտնվեն եւ կասեն՝ Նիկո՛լ, դավաճա՛ն, եւ ամեն կերպ էլի իշխանությունը հետ կվերցնեն։ Հիմա ինձ մոտ ավելի հիմնավոր համոզմունք է ձեւավորվում, որ հենց դա էլ եղել է պլանը, քանի որ այլ կերպ չես կարող բացատրել այն, թե ինչու այդ ուժերը նոյեմբերի լույս 10-ի գիշերը իրականացրեցին այն, ինչ իրականացրեցին, եւ հետագայում եւս, եւ հիմա էլ որեւէ կոմպրոմիսի չեն ուզում գալ։ Իրենք չեն ուզում ընտրություններ, դեմ են բոլոր այն տարբերակներին որոնց պարագայում Փաշինյանը վարչապետ է մնում եւ ընտրություն է կազմակերպում։ Իրենք միայն ցանկանում են, որ աներկբայորեն իշխանությունը հանձնվի իրենց, իրենց ընտրած «առաջնորդ» մեկին, որն իր մասնակցած վերջին ընտրություններում հազիվ 1 տոկոս ձայն էր հավաքել,  հետո մի տեւական ժամանակ ընտրություն չունենանք, այդ ընթացքում (տարբեր գործիչներ բացահայտում են այդ ուժերի մտադրությունները), քրեական գործեր կհարուցվեն Փաշինյանի եւ իշխանական որոշ գործիչների նկատմամբ, նրանց կչեզոքացնեն, եւ երբ ընտրություններն արվեն, նրանք արդեն չեն կարողանա մասնակցել։ Ժողովրդական աջակցություն ունեցող այլ ուժեր էլ կամ կմասնակցեն, կամ՝ ոչ, ամենայն հավանականությամբ չեն մասնակցի, եւ իրենք հերթական ընտրակեղծիքներով ընտրությունները կիրականացնեն, ու էլի իշխանությունը հետ կփոխանցեն կամ Սերժ Սարգսյանին, կամ՝ Ռոբերտ Քոչարյանին, նայած թե ինչպես կպայմանավորվեն իրար հետ, որովհետեւ այդ 17-ի հիմնական դերակատարներն այդ երկուսն են։ ՀՅԴ-ն էլի կստանա իր 5 տոկոսը, կհայտնվի ԱԺ-ում, իրենց հետ էլի կհամագործակցի, եւ նորից աչք կփակի բանակում եւ այլ ոլոտներում կոռուպցիայի առկայության վրա, դեռ մի բան էլ կմասնակցի դրան, եւ մենք կմոռանանք, թե ինչ բան է ժողովրդավարությունը։

Ի դեպ, իրենք դա անթաքույց էլ ասում են․ ասում են ի՞նչ համընդհանուր ընտրական իրավունք, պետք է կրթական ցենզ սահմանենք, ոչ բոլորը պետք է կարողանան ընտրել եւ այլն, եւ իրենց այդ ծրագրերը իրենց տարբեր հայտարարություններից ի հայտ են գալիս»,- նշել է Հակոբյանը։

Իսկ ինչո՞ւ անգամ պատերազմի այսպիսի ելքից հետո նախկիններին՝ ի դեմս 17-ի, չի հաջողվում իշխանությունը նորից վերցնել։

Ըստ Հակոբյանի, այդ ուժերին ժողովուրդը շատ լավ ճանաչում է, իրենց օրոք մենք բոլորս ապրել ենք այս պետությունում, գիտենք՝ ինչ է եղել, ինչ գաղջ մթնոլորտ է եղել, եւ մարդիկ չեն ուզում այդ մթնոլորտի վերադարձը։ Բացի դա, ըստ Հակոբյանի, այդ ուժերը այդպես էլ չկարողացան ժողովրդի հետ ճիշտ հաղորդակցվել, չգիտեն ինչ ասել մարդկանց, ներողություն չեն հայցել մարդկանցից, մարդկանց անընդհատ ներշնչում են, որ դուք ոչինչ եք, իսկ իրենք ինչ-որ մի խումբ են, որ ամեն ինչ շատ լավ գիտեն, եւ իրենք պետք է ստրատեգիական հարցերը որոշեն։

«Իսկ ժողովուրդը՝ ի՞նչ, էլ հնչեցրած էպիտետները չհիշատակեմ, թե ինչպես են կոչում ժողովրդին։ Եւ այն կոչերը, որ իրենք անում են՝ էլ կայծակնային արագությամբ իշխանություն վերցնել,  ապստամբություն, հեղաշրջում, վաղը կուզենք ցանկապատից ներս կմտնենք, կուզենք՝ մյուս օրը ներս կմտնենք, Չաուշեսկույի գնդակահարության բեմադրություն, մեր ժողովուրդն այդ մեթոդները հավանության չի արժանացնում, եւ դա ակնհայտ է, որովհետեւ ժողովուրդը իմաստուն է, մեր արժեքային համակարգը շատ բարձր է, այդ կարգի մեթոդներով, լեքսիկոնով, մենթալիտետով իրենք չեն կարող ստանալ ժողովրդի հավանությունը։ Իրենց հույսն այն է, որ հանգամանքներից օգտվելով էլի ինչ-որ մի արյունալի իրադարձություն կսարքեն, եւ այդ եղանակով նորից կզավթեն իշխանությունը»,- նշել է Հակոբյանը։

Ըստ նրա, այստեղ անելիք ունի ոչ միայն իշխանությունը, այլեւ բոլոր առողջ քաղաքական եւ հասարակական ուժերը, որոնք պետք է իրենց առանձին ամբիցիաները դնեն մի կողմ եւ նստեն մի սեղանի շուրջ, պայմանավորվեն մեր պետության համար առաջնահերթ կարեւորություն ունեցող խնդիրների վերաբերյալ, գործողությունների ծրագիր կազմեն,  ջանքերը մեկտեղեն, եւ հանդես գան կամ իշխանության հավակնողի, կամ՝ ընդդիմության դերում։ Դա, ըստ նրա, եթե չարվի, ապա փողոցային ընդդիմությունը այդ դաշտը կմոնոպոլիզացնի, եւ մենք անընդհատ ստիպված կլինենք իրենց ստեղծած հրդեհները մարելով զբաղվել։

Ինչ վերաբերվում է իշխանությանը, ապա ըստ Հակոբյանի, իշխանությունը պետք է  այդ առողջ հասարակական քաղաքական ուժերին մոբիլիզացնի, (այն ուժերին, որոնք 17-ին չեն աջակցում, միաժամանակ իշխանության քայլերն էլ չեն հավանության արժանացնում, որովհետեւ տեսնում են, որ սխալները շատ են), եւ տարբեր թեմաներով քննարկումների շարք անցկացնեն։

«Օրինակ՝ մենք ի՞նչ ենք անելու 5 տարի հետո, կամ՝ հենց վաղը․ անընդհատ տարբեր լուրեր ենք լսում մոտալուտ պատերազմի մասին։ ԳՇ նախկին պետը, կամ մյուս գեներալները, որոնք ամեն օր ինչ-որ մի հարցազրույց են տալիս, պետական ու ռազմական գաղտնիքներ են հրապարակում, փոխարենը նստեն եւ իրենց ուժերը ներդնեն եւ մեզ ճանապարհային քարտեզ առաջարկեն։ Ինչպե՞ս են տեսնում բանակի զարգացումը, պահեստազորային համակարգն ինչպե՞ս են տեսնում, կամավորների մոբիլիզացումն ինչպե՞ս են պատկերացնում։ Այսօր շատ մարդիկ պատրաստ են լծվել մեր պետության պաշտպանության գործին, որպեսզի հնարավոր պատերազմի ժամանակ էլի անզոր վիճակում չհայտնվենք, այլ իմանանք, թե մեր աշխատանքի բաժանումը ինչպիսին պետք է լինի, եթե մեր գլխներին նոր արհավիրք գա։ Այդ ամենը պետք է նստել եւ նախապատրաստել, բանակի հզորացման հարցում պետք է լուրջ ծրագիր ունենանք, մենք չենք կարող նստել, եւ իրենց վստահել, որ ամեն ինչ լավ է, մեր բանակը մարտունակ է, հզոր է եւ այլն։ Ասում են, թե՝ այ դուք մի մտեք այդտեղ, դա գաղտնի ոլորտ է, այո, հասկանում եմ, լայն հանրության համար գուցե պետք չէ շատ բաներ հրապարակել, բայց որոշակի շրջանակների պետք է հաղորդակից դարձնել այդ խնդիրներին եւ օգտագործել նրանց ներուժը»,- ասել է Հակոբյանը։