Ունենք ժողովրդավարության եւ ինքնիշխանության դեմ մղվող ներքին եւ արտաքին պայքար․ Տիգրան Եգորյան

«Ակնհայտ է, որ այն ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը, այն նաեւ, ըստ երեւույթին, պարունակում է ՔրՕր-ով սահմանված հանցատարրեր եւ պետք է քննության առարկա դառնա»։

1in.am-ի տաղավարում մեկնաբանելով ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հրապարակած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունը, ասել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը։

Փաստաբանի խոսքով, շատ կարեւոր է նաեւ սառը դատողությունը պահպանելով՝ հեռանալ առանձին դրվագներից, եւ դիտարկել բոլոր զարգացումները համակցության մեջ, որպես մի ամբողջական խճանկարի տարբեր բաղադրիիչներ, որպեսզի ավելի հասկանալի լինի այն տրամաբանությունը, որով զարգանում են տեղի ունեցող գործընթացները։

«Ընդ որում, ոչ միայն պատերազմական օրերին, եւ դրան հաջորդող ժամանակահատվածում, այլ, եթե կուզեք, նախորդ 22-23 տարիներին։ Այն իրադարձությունները, որոնք մեզ բոլորիս հայտնի են, որոնց մարդկանց մի մասը մասնակից է եղել, կամ ականատես է, այս մեծ խճանկարի բաղադրիչ են։ Եւ դրանց նայելով՝ կարելի է հասկանալ, թե ինչ է այսօր տեղի ունենում։ Այսօր հստակ է, որ մենք ունենք ժողովորդավարության եւ ինքնիշխանության դեմ մղվող ներքին եւ արտաքին պայքար։ Այդ պայքարը ոչ մի պահ չի դադարել, ուղղակի, կախված տարբեր հանգամանքներից՝ դրսեւորվել է քողարկված, քաղաքականի, կամ բողոքի գործողությունների տեսքով փաթեթավորված, դրսեւորվել է քաղաքականություն վերադարձածների, կամ զբաղվողների նոր հայտերի, կամ հայտարարությունների տեսքով։ Վերջերս այն դրսեւորվեց Հայաստանի դեմ պատերազմական գործողություններով, որտեղ նաեւ մեզ համար ոչ ընկալելի հակառակորդների, կամ իրականում այդ գործողությունները մղողների կողմից որոշակի շահեր էին հետապնդվում, որոնք հաստատվեցին, եւ նրանք դեռ նկրտումներ ունեն։ Հիմա արդեն՝ հետահայաց տեսանելի է, որ այդ պայքարը սկսվել է 1996-97 թվականներից, 1998-ին դա  ռեալիզացվեց հեղաշրջման միջոցով, 1999-ին արդեն վերջին լուրջ դիմադրության օջախների ֆիզիկական գլխատման ակտը իրականացվեց։

Այդ ժամանակահատվածում տեղի ունեցան նաեւ քաղաքական էական ազդեցություն գործելու կարողություն ունեցող անձանց մահեր, որոնք մնացին պատմության մեջ որպես «հանկարծահամեր», եղան նաեւ սպանություններ եւ ինքնասպանություններ։ Այս շղթան, օրինակ՝ Արթուր Մկրտչյանի մասով, շատ ավելի վաղուցվանից էր սկսվել, եւ Ղարաբաղում սկիզբ առած այդ գործընթացը տեղափոխվեց Հայաստան, իրացվեց, եւ այդ պահից հետո ժողովուրդը վերածվեց բնակչության։ Մի հիբրիդային գաղութի բնակչության, որտեղ այնպես չէ, որ միայն օտարն է բացահայտ կերպով քո գաղութարարը․ կարծես՝ բոլոր ղեկավար պաշտոնյաները հայեր են, բայց անհասկանալիորեն բոլոր այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, ի վնաս են ժողովրդավարությանը, եւ ի հակառակ ինքնիշխանությանը։

2018-ին այդ էներգետիկ եւ արժանապատվության ընկալման կումուլացիան բերեց այդ հեղափոխական գործընթացներին, եւ ժողովուրդը, որը մինչ այդ թմբիրի մեջ էր, զգաց իր իշխանության համը։ Այլ հարց է, թե ինչպես տեղի ունեցան այդ գործընթացները․ ըստ իս, այդ ուժերը, որոնք շատ երկար ձեւավորման եւ բյուրեղացման պատմություն են ունեցել, (նրանց կարող եք անվանել խորքային պետություն, կամ՝ արտաքին ուժերի սպասարկողներ), հույս ունեին, կամ իրենց պլանի առանցքը եղել է այն, որ այս իշխանությունը շատ կարճ կյանք է ունենալու: Այն իրադարձությունները, որոնք պետք է ծավալվեին Ղարաբաղյան հարցի շուրջ, հնարավոր պատերազմն ու դրա ելքը, կամ նույնիսկ առանց պատերազմի այդ տարածքների վերադարձը, նրանց կարծիքով նորից հնարավորություն կտար իրենց 1997-98 թվականների լոզունգներով իշխանությունը հետ վերցնել։ Բայց դա ձախողվեց, եւ այսօր մենք տեսնում ենք այդ նպատակի տարբեր միջոցներով իրագործումը, դրա, նախկինում չերեւացող, գաղտնի համագործակցության մասնակիցների արդեն բացահայտ մասնակցությունը եւ իրենց ներդրումների նվիրաբերումը ընդհանուր գործին, որը ժողովրդի, ժողովրդավարության եւ մեր ինքնիշխանության դեմ է»,- նշել է Եգորյանը։

Նրա խոսքով, շատերի մոտ կարող է տպավորություն լինել, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, եւ մասնավորապես, «ընդդիմադիր» դաշտի մասնակցությամբ եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները, պատահականություն է․ իրականում, սակայն, ըստ նրա, սա երկար ծրագրված, բավականին մանրամասն դետալացված, նախապես համաձայնեցված, դերերի բաժանումներ կատարած, գործողությունների եւ հայտարարությունների ժամկետների հստակեցման միջոցով իրականացվող պրոցեսներ են, որոնց նպատակն է ՀՀ ժողովրդի իշխանության յուրացումը, սահմանադրական կարգի տապալումը՝ սեփական իշխանությունը հաստատելու նպատակով։

Սրա թիրախը, փաստաբանի խոսքով, նաեւ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ինքնիշխանությունն է։

«Եւ շատ օրինաչափ է եւ Յուրի Խաչատուրովի, եւ Սեյրան Օհանյանի այսօրվա ելույթները «17+»-ի հանրահավաքում։ Ավելին, դեռ շատերի մասնակցություն ու բացահայտումը հետագայում մենք կտեսնենք։ Տեղի ունեցողը, ի դեպ, վարպետորեն չի իրականացվում, շատ տեսանելի է, թե ինչ է կատարվում․ նրանց համակիրները, իրավաբանները տարբեր հարցազրույցներում բացահայտում են իրենց նպատակները, երբ պահանջնում են օրինակ՝ վարչապետի հեռացում եւ 1 տարի անցումային ժամանակահատված, բացահայտ ասում են, որ բազմաթիվ մարդիկ կան, որոնց պետք է քրեական հետապնման ենթարկեն։ Վազգեն Մանուկյանը շատ ուղղամտորեն, կամ միամտորեն, կամ այնքան վստահ լինելով, որ ամեն ինչ հստակ կազմակերպված է, հայտարարում է, որ իրենք ունենալու են կայծակնային զարգացումներ, պահը պետք չի լինելու բաց թողնել, պետք է շատ արագ նվաճել եւ այլն։ Այդ կոչերը, վստահ եմ, այդ օրը չեն ծնվել, դրանք պալանավորված էին, պարզապես քանի որ իրենք աճապարում են, շատ մանրուքների հետեւից չեն ընկնում եւ արդեն որոշ բաներ բացահայտ են ասում։ Ի դեպ, ըստ էության, այստեղ եւս հանցակազմ կա՝ լիազորությունների յուրացում եւ կոնկրետ գործողությունների հարկադրում․ այս պարագայում, ինչպես Մանուկյանն է խոսոտովանում՝ ԱԺ-ին հարկադրելու սցենարն է փորձ արվելու իրագործել։ Սեյրան Օհանյանը, կամ Խաչատուրովը բացահայտ ասում են, որ բանակը պետք է այս անի, կամ այն անի, Խաչատուրովը նույնիսկ ասում է, որ եթե հանկարծ փորձ արվի որեւէ իրավական գործընթաց ձեռնարկել, ապա զինվորականները, այսինքն այդ խունտան, իրավապահներին կկապեն եւ կբերեն հրապարակ, այսինքն, այդ ուժի «ուժային կառույցի» կողմից կգերեւարվեն ըստ էության։ Այս ամենը հաստատում է սահմանադրական կարգը տապալելու միջոցով իշխանության զավթման նրանց ձգտումները»,- նշել է Եգորյանը։

Նրա խոսքով, ժողովուրդը պետք է չափազանց սթափ, սառը եւ խորաթափանց դատողությամբ առաջնորդվի առաջիկա ամիսներին, միգուցե նաեւ տարիներին։

«Մենք երկար ենք անտեսել այս ամենը, եւ սա մեր կողմից վճարվող գինն է, որ մեզ պարտադրվել է մեր անհոգության, անտեսման պատճառով»,- հավելել է փաստաբանը։