Վահրամ Ավետիսյանն անցած էտապ է, կառավարությունը պետք է մտածի նոր թեկնածուի մասին․ Լուսինե Հակոբյան

«Քաղաքացիական հասարակության շրջանում դիրքորոշումը շատ միանշանակ է։ Ինձ հայտնի իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչները, հասարակական գործիչները բացասաբար են տրամադրված և չեն կարծում, որ Վահրամ Ավետիսյանն այն արժանի թեկնածուն է, որը պետք է համալրի ՍԴ-ի դատավորների կազմը»,- 1in TV-ի հետ զրույցում, մեկնաբանելով լրագրողի դիտարկումը, թե ՍԴ-ի դատավորի թկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանի մասին հանրության և իրավապաշտպանների շրջանում կարծիքները միանշանակ չեն, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը հուլիսի 23-ի նիստում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։

Անդրադառնալով ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության փակ նիտում պատգամավորների հարցերին ի պատասխան արված Վահրամ Ավետիսյանի այն դիտարկմանը, թե ինքը չի պատրաստվում արդարացնել դատական համակարգի մեղքերը, բայց և չի պատրաստվում դառնալ դատական համակարգի քավության նոխազը, Լուսինե Հակոբյանն ասաց, որ այդօրինակ ձևակերպումներն իր համար որևէ բան չասող դատարկ տեքստեր են։

«Իմ քայլը» խմբակցության հետ քննարկմանը Վահրամ Ավետիսյանն ասել էր նաև, թե «հասկանում է մարտմեկյան իրադարձությունների վերաբերյալ հարցադրութմներ անող սուբյեկտների մտահոգությունները, սակայն չի կիսում դրանք, քանի որ այսօր կան շատ պաշտոնյաներ, որոնք նախկինում պաշտոնավարել և առնչություն են ունեցել այդ գործերին»։ 

«Վահրամ Ավետիսյանը, նման դիտարկում անելիս, չի սխալվում, սակայն սա չի նշանակում, որ եթե մյուսներն անպատիժ վայելում են իրենց արատավոր գործուենության պտուղները, ապա ՍԴ-ի նման կարևորության մարմնում ևս այդ մոտեցումը պետք է գերակայի, և որ կարող են նշանակվել մարդիկ, որոնց ընտանիքի անդամերը, ինչպես Վահրամ Ավետիսյանի հայրը, ոչ միայն սերտ առնչություն են ունեցել, այլև  համակարգել են բազմաթիվ քաղբանտարկյալների վերաբերյալ կայացված դատական որոշումները»։ 

Լուսինե Հակոբյանը նկատեց նաև, որ Վահրամ Ավետիսյանն իր հարցազրույցում հղում էր անում առաջին ատյանի դատարաններին՝ ասելով, որ քաղբանտարկյալների գործերի քննություններում իր հայրը առանձնապես դերակատարում չի ունեցել, սակայն սա ոչ այլ ինչ է, քան անարգանք հանրության նկատմամբ։ «Ես ցավում եմ, որ այդ անձը հանրությանը դրել է ցածր մտավոր ունակություններ ունեցող կոլեկտիվի տեղ։ Եթե անգամ այդ համակարգման գործառույթը, որն իրականացվել է մարտմեկյան գործերի քննության ընթացքում, մի կողմ դնեք, ապա նրա հայր Դավիթ Ավետիսյանը՝ որպես վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր դակել է առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած դատական բոլոր ակտերը, հակառակ պարագայում որտեղ են այդ գործերի վերաբերյալ Դավիթ Ավետիսյանի հատուկ կարծիքները կամ որտեղ է նրա հրաժարականը այդ պաշտոնից»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Լուսինե Հակոբյանը բացատրեց, որ խնդիրն այն է, որ Վահրամ Ավետիսյանը, եթե ընտրվի ՍԴ-ի դատավոր, չի կարող մասնակցել մարտմեկյան բոլոր այն գործերի քննությանը, որոնց առնչություն է ունեցել նրա հայրը։ 

Փաստաբանը տարօրինակ և խոսուն է համարում այն, որ Վահրամ Ավետիսյանը միանշանակ չի հայտարարում, որ ՍԴ-ի դատավոր ընտրվելու դեպքում, չի մասնակցի մարտմեկյան գործերի քննությանը, փոխարենը հայտարարում է, որ այդ առնչությամբ իր ինքնաբացարկի հիմքեր չի տեսնում։ «Սա նշանակում է, որ սույն անձը չի հասկանում, թե ինչ ասել է շահերի բախում»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ նկատելով, որ հետհեղափոխական Հայաստանում կառավարությունը՝ ՍԴ-ի ճգնաժամի լուծման համար երկամյա պայքարից հետո, չի կարող ՍԴ-ի դատավորի թեկնածու առաջադրել Վահրամ Ավետիսյանին։ 

«Քանի որ համոզված եմ, որ Վահրամ Ավետիսյանն արդեն անցած էտապ է, կարծում եմ, որ կառավարության քննարկումները պետք է ծավալվեն նոր հնարավոր թեկնածուի առաջադրման շուրջ։ Այս առնչությամբ, կարծում եմ, որ կառավարությունը պետք է լայն խորհրդակցական գործընթաց սկսի․ հնարավոր թեկնածուների վերաբերյալ պատշաճորեն հավաքի տեղեկություններ,  տարբեր շրջանակների հետ վարի խորհրդակցություններ»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ բարեփոխումների անցումային փուլում, ինստիտուտների կայացման գործընթացում չափազանց մեծ են անձերի դերն։ 

«Եթե նայենք, թե Վահրամ Ավետիսյանին որ շրջանակներն են սատարում, պարզ կդառնա, որ եթե Վահրամ Ավետիսյանը հայտնվի ՍԴ-ում, ապա նա համալրելու է «Հրայր & ընկերներ» կազմը, արդյունքում կձևավորվի նույն մեծամասնությունն ինչ նախկինում էր ու կստացվի, որ ժողովուրդն ու իշխանությունը շարունակելու են պայքարել ՍԴ-ի ազատագրման համար, ընդ որում, այս անգամ ավելի փոքր շանսերով։ Ուստ շատ կարևոր է, թեկնածուների ընտրության և առաջադրման հարցը»,- նկատեց Լուսինե Հակոբյանը։ 

https://www.youtube.com/watch?v=fJm_JdvUIlw