ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ իշխանություններին հակակոռուպցիոն պայքարում և դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում Պլատֆորմի աջակցության վերաբերյալ

25 հունիսի, 2020

 

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը․

— կարևորելով Հայաստանում ոլորտային և ինստիտուցիոնալ բարեփոխումների հետևողական, մասնակցային և թափանցիկ իրականացման անհրաժեշտությունը,

— ակնհայտ համարելով, որ կոռուպցիայի և ապօրինությունների դեմ հասարակության պատվերի հիման վրա նոր իշխանությունների կողմից իրականացվող պայքարն արժանանում է նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի ժառանգորդների դիմադրությանը,

— գնահատելով Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննությունը ս․թ․ հուլիսի 7-ին վերսկսելու վերաբերյալ որոշումը՝ որպես Դատարանի կողմից առանձին քաղաքական խմբերի շահերը սպասարկելու բացահայտ դրսևորում,

— վտանգ տեսնելով նախկին ռեժիմի ներկայացուցիչերի գործողություններում ՀՀ-ում ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև արդարության վերականգնման  համար,

— մտահոգված լինելով դատական համակարգի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու առկա միտումներով՝

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է.

 

— ողջունում ենք ՀՀ իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ՝ կոչ անելով օգտագործել հասարակությունում առկա ողջ ներուժը պայքարի արդյունավետության բարձրացման համար,

— մեր աջակցությունն ենք հայտնում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանություններին՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով Սահմանադրության փոփոխությունների իրականացման գործում,

— ողջունում ենք Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի, ինչպես նաեւ վերջիններիս անդամ պետությունների ղեկավարների աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին,

— կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Հայաստանում իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներում հասարակության ակտիվ և լիարժեք մասնակցությունն ապահովելու համար, մասնավորապես՝ ստեղծել և զարգացնել ինստիտուցիոնալ շրջանակներ՝ դրանցում քաղաքացիական հասարակության ներգրավման համար,

— հորդորում ենք ՀՀ իշխանություններին դրսևորել վճռականություն և հետևողականություն բարեփոխումների իրականացման գործընթացում,

— կոչ ենք անում ՀՀ իշխանություններին տալ նախորդ քրեաօլիգարխիկ ռեժիմի և ժողովրդի իշխանության շարունակական յուրացման իրավաքաղաքական գնահատականը,

— հորդորում ենք ՀՀ իշխանություններին հետամուտ լինել դատական համակարգի լիակատար և խորքային զտման (վեթինգի) վերաբերյալ իրենց խոստմանը և անհապաղ սկսել դրա իրականացումը,

— կոչ ենք անում Հայաստանի բոլոր ժողովրդավարական ուժերին առժամանակ մի կողմ թողնել միմյանց և ՀՀ իշխանությունների հետ ունեցած բոլոր տարաձայնությունները՝ միավորելով ջանքերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում,

— կոչ ենք անում Եվրոպական խորհրդարանի խմբակցություններին խուսափել  Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացներին քաղաքական գնահատականներ տալուց։

 

***
Ծանոթություն․   ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը հայաստանյան քաղաքացիական հասարակության 230-ից ավելի կառույցների կամավոր միավորում է, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են ներդնում՝ կյանքի կոչելու ՔՀՖ առաքելությունը, արժեքները եւ նպատակները Հայաստանում, ինչպես նաեւ ԱլԳ ամբողջ տարածաշրջանում: ՀԱՊ–ը հետամուտ է ԱլԳ ծրագրերի իրականացմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության եւ տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական իրականացմանը: