«Այն, ինչը ներկայացվել է Արման Բաբաջանյանի կողմից, ըստ էության այն կարևոր փաստերի շարադրանք է և դրանց վերլուծությունը, որոնք որ ցույց են տալիս Սահմանադրական դատարանի ճգնաժամի առանձին ասպեկտի բովանդակությունը, որը վերաբերում է Հրայր Թովմասյանին և այն անձանց, որոնք որ կազմակերպել են Թովմասյանի կողմից Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների յուրացումը։ Այս նախագիծը, սակայն, ի զորու չէ լուծել այն ճգնաժամը, որն առկա է ՍԴ-ում»,- 1in.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ, որի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: ԱԺ-ում պատգամավորը Հրայր Թովմասյանի լիազորությունները նույն հիմքով դադարեցնելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծ է դրել շրջանառության մեջ։
«Արման Բաբաջանյանի բարձրացրած հարցը ևս պետք է դրվի այն սեղանին, որին կլինեն ՍԴ-ի անունից գործող անդամների, սահմանադրական փոփոխություններով կազմավորվող դատարանին վերաբերող խնդիրների, այդ խնդիրների կապակցությամբ այս պահին ՍԴ-ի անդամների վերաբերմունքի և, ըստ էության, Սահմանադրական դատարանի ճգնաժամին վերաբերող հարցերը, և բոլորը մեկ փաթեթով պետք է քննարկվեն ԱԺ-ում»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ այս հարցը պետք է քննվի ԱԺ-ի լիագումար նիստով, և հանրությունը պետք է իմանա, թե ԱԺ պատգամավորները, որոնք հանդես են գալիս՝ որպես ժողովրդի ներկայացուցիչներ, ինչ են մտածում այս հարցերի վերաբերյալ։
«Չի կարող ժողովրդավարական երկրում առաջնային մանդատով օժտված մարմինը ջայլամի քաղաքականություն վարել»,- ասաց Տիգրան Եգորյանը։