- 09.10.2018
- Posted by: elauser
- Category: Նորություններ
«Ինձնից գողացան իմ օրերը՝ մեկ ամիս»,- խոսելով ապրիլյան հեղափոխության մասին՝ հիշում է Աշոտ Գևորգյանը, որն ապրիլի 16-ին Գեղարվեստի ակադեմիայում աշխատանքի ընդմիջման ժամին գնացել է Ֆրանսիայի հրապարակ, իսկ հետո, հետևելով Նիկոլ Փաշինյանին, քայլել դեպի Բաղրամյան պողոտա:
«Մենք բոլորս ձեռքերը վեր պարզած խաղաղ քայլում էինք, և հենց այդ պահին ոստիկանները եկան առաջ, սկսեցին մահակներով վախեցնել, հրմշտել: Դեռ Սահմանադրական դատարան չհասած, արդեն փշալարերով փողոցը փակ էր»,- ասում է Աշոտ Գևորգյանը:
Նա հիշում է, որ մոտ երեսուն կամ քառասուն րոպե փողոցում կանգնած էին, երբ ինքը նկատեց, որ իրենց գլխի վրայով ինչ-որ նռնականման բան անցավ, որից հետո ոստիկանությունը սկսեց լուսաձայնային նռնակները նետել հենց ժողովրդի խիտ կանգնած շարքերի մեջ:
«Գցված երրորդ նռնակն ընկավ մեր կողքը, ես միայն հասցրեցի թիկունքով շրջվել՝ պաշտպանելով դեմքս: Ուժեղ պայթյունից հետո, թե՛ ձայնային հարվածից, թե՛ բեկորների հարվածից շոկային վիճակում Գրողների միության փողոցով քայլեցի ներքև, որտեղ դեղատուն կար: Հասա դեղատուն ու կորցրեցի գիտակցությունս»,- ասում է Գևորգյանը, որը լուսաձայնային նռնակի պայթյունից ստացել էր ոտքերի միջին ծանրության վնասվածքներ:
«Սրունքիս հատվածները քրքրված էին, վեց տեղից վիրավորում ունեի, ձախ ոտքից երկու վերքը միջանցիկ էին, այսպես ասած՝ սկվազնոյ: Ինձ առաջին օգնությունը ցույց են տվել դեղատանը: Հետո լավ չեմ հիշում, քանի որ գիտակցությունս կորցրել եմ: Հիշում եմ, որ ինձ գրկած տարան դեպի շտապօգնության մեքենա»,- ասում է Գևորգյանը:
Աշոտ Գևորգյանին շտապ օգնության մեքենայով տարել են Էրեբունի հիվանդանոց, որտեղ և վիրահատել են: Դեպքի առիթով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և Աշոտ Գևորգյանը ճանաչվել է տուժող:
«Կատարվածի մասին իրավապահ մարմիններին տեղյակ պահեցինք դեռ հիվանդանոցում, իսկ հետո՝ ՀՔԾ-ն հրավիրեց ցուցմունք տալու»,- նշում է Գևորգյանն ու հավելում, որ դա իր և ՀՔԾ-ի միակ հանդիպումն է եղել, որից հետո մինչ օրս հարուցված քրեական գործում տեղաշարժ կարծես չի գրանցվել:
«Ինձ տարօրինակ է թվում այս լռությունը։ Սկզբից թվում էր՝ ավելի կարևոր գործերով են զբաղված, հերթը մեզ չի հասնում, իսկ հիմա անհասկանալի է, թե ինչու են լռում: Այդուհանդերձ, ես համբերատար սպասում եմ ու վստահ եմ, որ օրենքի առաջ պատասխան տալու պահը կգա»,- հույս է հայտնում Աշոտ Գևորգյանը:
Աշոտ Գևորգյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանի գնահատականով ակնհայտ է, որ ոստիկանությունը նպատակ է հետապնդել հնարավորինս մեծ վնաս պատճառելով հավաքի մասնակիցներին նոսրացնել նրանց շարքերը, ահաբեկել նրանց և ցրել հավաքը:
Ոստիկանության կողմից իրականացվել է ոչ իրավաչափ և ոչ համաչափ միջամտություն, որի արդյունքում խախտվել են Աշոտ Գևորգյանի խաղաղ հավաքների ազատության իրավունքը, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը: Այդ կապակցությամբ բացի քննվող քրեական գործից հայց ենք ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, իսկ այնուհետև, կախված գործի ելքից, կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
