«ՈՒտոպիանան ընդդեմ ոստիկանության»

Այսօր՝ ժամը 16։00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի #ԷլեկտրիկԵրևան-ի օրերին լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտմանը վերաբերող դատական գործի քննությունը: Դեպքից միայն մեկ տարի անց մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1001 զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներ՝ Կոնստան Բուդաղյանին, Տաճատ Նորատուկյանին և ԱրթուրԱյվազյանին մի շարք լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, իսկ Փերիխանյանին՝ նաև «Ուտոպիանա» մշակութային հկ-ի և «Ազատություն» ռադիոկայանի գույքը վնասելու համար:
Դատարանում լրագրողների ցուցմունքից պարզ է դարձել, որ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը եղել է Ազատության հրապարակում։ Ավելի վաղ տուժող Աշոտ Բոյաջյանը դատարանին հայտնել է, որ Երանոսյանն է հրաման տվել լրագրողների տեսանկարահանող սարքերը խլելու մասին։ Բոյաջյանի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Գյուրջյանը նախորդ նիստին միջնորդություն է ներկայացրել Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու մասին։ Միջնորդության վերաբերյալ դատարանն իր որոշումը կհրապարակի այսօր։ Բացի սրանից՝ Լ․ Երանոսյանի գործողությունների վերաբերյալ կհարցաքննվեն նոր վկաներ։