- 20.10.2016
- Posted by: elauser
- Category: Այլ, Նորություններ
Վաղը` հոկտեմբերի 21-ին` ժամը 11:30, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝քաղաք Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) Ելենա Օվսյաննիկովայի քաղաքացիական գործով տեղի կունենա դատական նիստ: Գործը գտնվում է դատաքննության փուլում:
Հուլիսի 15-ի դատական նիստի ընթացքում դատարանը հետազոտել էր գործում առկա ապացույցների մի մասը: Դատարան էր ներկայացել նաև վկա` լրագրող Հակոբ Կարապետյանը, որն ականատես էր եղել Ելենա Օվսյաննիկովայի և ոստիկանների խոսակցությանը: Չհետազոտված ապացույցները կհետազոտվեն վաղվա դատական նիստին:
Հիշեցնենք, որ Ելենա Օվսյաննիկովան հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի, ոստիկանության պետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ` պահանջելով դատարանին պարտավորեցնել պատասխանողներին հրապարակավ ներողություն խնդրել, հերքել իրենց (ոստիկանության դեպքում՝ իր պաշտոնատար անձանց) տարածած՝ իրականությանը չհամապատասխանող և Օվսյաննիկովայի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պարտավորեցնել Հունան Պողոսյանին, Նարեկ Մալյանին և Էդմոն Մարուքյանին իրենց արտահայտություններով պատճառած բարոյական վնասի համար վճարել փոխհատուցում: