Քաղաքացի դիտորդ նախաձեռնության դիտորդների կողմից օրվա ընթացքում ստացվել են մի շարք ահազանգեր ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերի մասին:
Ընտրողները քվեարկություն կատարելու համար տեղամաս գալով բացահայտում են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկված է: Տեղամասային հանձնաժողովները նրանց առաջարկում են ստորագրել իբր իրենց փոխարեն քվեարկած (ստորագրած) անձանց անվան դիմաց և քվեարկություն կատարել: Ըստ ՏԸՀ—ների` այս խորհրդատվությունը տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` քաղաքացուն ընտրական իրավունքից չզրկելու պատճառաբանությամբ:
Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը մտահոգիչ է համարում Ընտրական օրենսգրքին հակասող և առերևույթ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ պարունակող այսօրինակ խորհրդատվություններն ու ցուցումները, ինչը նաև նպատակ է հետապնդում կոծկել ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերը:
Հորդորում ենք ԿԸՀ—ին՝ իրականացնել միայն ՀՀ ընտրական օրենսդրությունից բխող խորհրդատվություն՝ զերծ մնալով ստորադաս հանձնաժողովներին օրենքից չբխող խորհուրդներ և ցուցումներ տալուց, իսկ այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքերի արձանագրման դեպքում` ձեռնարկել համապատասխան քայլեր` հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերն իրավապահ մարմիններին ըստ ենթակայության ուղարկելու համար:
Քաղաքացի դիտորդ նախաձեռնություն
____
Ի պատասխան ԿԸՀ արձագանքի
10.44-ին արձանագրված քվեարկության արդյունքների ամփոփման հաղորդումը տեխնիկական վրիպակի հետևանք է, որը շտկվել է: Շնորհակալ ենք ԿԸՀ—ին արագ արձագանքման համար և ընտրախախտումների քարտեզով հրապարակվող խախտումները մշտադիտարկելու համար:
Իսկ ինչ վերաբերում է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ հաղորդումներ և/կամ ահազանգեր ներկայացնելուն, ապա տեղեկացնենք, որ ԸԸՀ—ները չունեն էլեկտրոնային հասցե կամ ֆաքսային կապ, այդ պատճառով այս պահին «Քաղաքացի դիտորդ»-ի կողմից արձանագրված խախտումները հնարավոր չի հասցեագրել և հասանելի դարձնել ԸԸՀ—ներին: Սակայն դրանց առցանց, իրական ժամանակում հետևելու հնարավորությունն ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչն իրականացնում է (հիմք` ԿԸՀ հայտարարությունը):
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ԿԸՀ—ն պարտավոր է այդ հաղորդումների կապակցությամբ օպերատիվ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ այդ խախտումների մասին հրապարակումներն ըստ ենթակայության հասցեագրել ԸԸՀ—ներին՝ հաշվի առնելով, որ ԿԸՀ—ն ԸԸՀ—ների հետ ունի էլեկտրոնային ներքին կապի համակարգ:
«Քաղաքացի դիտորդ»

