Գասպարիի դեմ քրեական գործի քննությունը շարունակվում է Շենգավիթի դատարանում

Այսօր՝ ժամը 12-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` ( հասցե` Արշակունյաց 24/1) նշանակվել է դատական նիստ` ԵՇԴ/0125/01/14 քրեական գործով, որով Վարդգես Գասպարին մեղադրվում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:
Այս գործով` դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ, Վարդգես Գասպարիի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Փետրվարի 26-ին, սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց կալանավորման վերաբերյալ որոշումը, ինչի հետևանքով Գասպարին այժմ ազատ է: Փետրվարի 29-ի դատական նիստի ընթացքում դատավոր Նելլի Բաղդասարյանը 30 վայրկյան տրամադրեց Գասպարիին՝ միջնորդություն ներկայացնելու համար. ի նշան բողոքի՝ Գասպարին պառկեց գետնին, իսկ դատավորը նրան հեռացրեց նիստերի դահլիճից:
Գասպարիի պաշտպաններն են փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Դավիթ Գյուրջյանը: