Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Ժողովրդավարությունը չպետք է թղթի վրա լինի, մենք պետք է իրապես գնանք այդ ուղղությամբ․ Լուսինե Հակոբյան

Ստորեւ ներկայացնում ենք «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, ՀՀ-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանի հարցազրույցը Հանրային ռադիոյին։

— Առաջիկայում, ինչպես արդեն երեւում է, հիմնական դիսկուրսը լինելու է նոր սահմանադրության շուրջ, որում իրարամերժ, բնականաբար, տեսակետներ ունեն կողմերը։ Իշխանությունն ասում է, որ նոր Սահմանադրությունը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, ընդ որում՝ երբեմն պայմանավորելով դա խաղաղության գործընթացով, բայց հիմնականում ասելով, թե մենք դրա մասին խոսում ենք 2019 թվականից սկսած, որովհետեւ գործող Սահմանադրության մեջ փոխկապակցվածություններն ու հակակշիռները լավը չեն, ինչը երեւաց 2020 թվականի պատերազմի ժամանակ եւ այլն։ Ձեր կարծիքով, նոր Սահմանադրությունը Հայաստանի համար կենսական անհրաժեշտությո՞ւն է, թե՞՝ դա մի փաստաթուղթ է, որը կարելի է փոխել ասենք՝ հինգ տարի հետո:

-Եկեք առանձնացնենք՝ խոսքը նոր Սահմանադրությա՞ն մասին է, թե՞ սահմանադրական փոփոխությունների: Որովհետեւ եթե նոր, ապա նոր Սահմանադրության հասկացությունը ավելի ուշ է հայտնվել։ Երբ հեղափոխությունից հետո ստեղծվեց  սահմանադրական բարեփոխումների առաջին հանձնաժողովը, ընդհուպ մինչեւ 2023 թիվը ներառյալ, խոսքը սահմանադրական փոփոխությունների մասին է եղել: Եւ միայն այն բանից հետո, ինչ Նիկոլ Փաշինյանն արեց ֆեյսբուքյան գրառում այն մասին, որ մեր անկախության հռչակագիրը կոնֆրոնտացիոն է տարածաշրջանի համար, դրանից հետո արդեն խոսույթը փոխվեց եւ սկսեցին խոսել նոր Սահմանադրության մասին։

— Դուք համաձա՞յն եք, որ անկախության հռչակագիրը կոնֆրոնտացիոն է։

— Անկախության հռչակագիրը կոնֆրոնտացիոն է, թե՞՜ կոնֆրոնտացիոն չէ, դա մեր անկախության հռչակագիրն է։ Նույնն է, թե բրիտանացիներն ասեն՝ մեր թագավորական ընտանիքը ծախսատար է, եկեք վերացնենք։ Բայց չեն անում, չէ՞, իրենց ավանդույթն է։ Հռչակագիրը մեր անկախության հիմքն է, եւ հիմա չէ, որ մենք դա պետք է քննարկենք: Այդ անկախությունը մենք հռչակել էինք այդ ժամանակ: Դա էլ է եղել կոմպրոմիսային փաստաթուղթ: Բնականաբար, այն ժամանակ էլ ամեն ինչ միանշանակ չի եղել եւ չի եղել բոլորի համաձայնությամբ, ինչ-որ դրույթներ մտցվել են, հանվել են, բանակցվել են եւ այլն: Համենայնդեպս, դա այն էր, ինչ ունեինք, այն, ինչի շուրջ այսպես մեծ աղմուկով, մեծ ոգեւորությամբ հայերը հռչակել են իրենց անկախությունը, եւ այդ փաստաթուղթը որեւէ կերպ վերացնել հնարավոր չէ, այսինքն՝ դա կա: Տարբեր, այսպես, միջազգային գործընկերների հետ էլ, տարբեր ձեւաչափերի հանդիպումներում ադրբեջանցիների էլ ես դա ասում եմ: Ինչ վերաբերում է, թե արդյո՞ք Սահմանադրությունը վերարտադրում է անկախության հռչակագիրը, ո՛չ, Սահմանադրությունը չի վերարտադրում, եւ այդ մասին կա Սահմանադրական դատարանի որոշում, այսինքն, այն, թե արդյո՞ք դա տեքստի մաս դառնա, թե՞ ուղղակի հղում պարունակի, դա էլ է չէ՞ եղել բանակցությունների արդյունք, եւ դրա շուրջ էլ է եղել կոնսենսուսային մոտեցում, որ՝ «ոչ, չենք մտցնում այդ տեքստի մեջ»: Ինչո՞ւ, որպեսզի եթե ինչ-որ խնդրահարույց բաներ կան, այդ խնդիրները հասցեագրվեն այդ ժամանակ: Հետեւաբար, ես չեմ գտնում, որ հիմա խնդիրը այդ անկախության հռչակագրի հղումն է, մանավանդ, երբ որ այս քննարկմանը, որը ծավալվեց 2023 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո, միջամտեց Ալիեւը, եւ ադրբեջանական տարբեր կառավարամետ շրջանակներ սկսեցին խոսել, որ Հայաստանի Սահմանադրությունը պրոբլեմատիկ է եւ այլն։ Բնականաբար, մարդկանց մոտ առաջանալու էր հակառեակցիա, եւ ամբողջ այդ սահմանադրական ռեֆորմը, որը 2019 թվականից ընթացքի մեջ էր՝ տարբեր կոնֆիգուրացիաներով մարմիններ ստեղծվեցին, առաջին հանձնաժողովը այլ մասնակցային կազմ ուներ, այնտեղ ներկայիս կազմից խորհրդի մի մասը կային, մի մասը չկային: Համենայնդեպս, 2019 թվականից մենք քննարկում էինք։ Եվ հատկապես 2015թ. խայտառակ խախտումներից հետո, երբ «ԻԵՄ»-ն էլ դիտորդական առաքելություն էր իրականացնում, եւ մենք հայտարարություններ տարածեցինք «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում, որ հանրաքվեն չի անցել ազատ եւ արդար, քվեարկության արդյունքը չի արտացոլում իրական պատկերը, դրանից հետո ուղղակի տրամաբանական էր, որ հետհեղափոխական Հայաստանում պետք է լինեին քննարկումներ սահմանադրական ռեֆորմի վերաբերյալ, եւ կային այդ քննարկումները: Հիմա ուղղակի ամեն ինչ, այսպես, ապականվել է այն բանից հետո, ինչ Ալիեւն է միջամտել: Իսկ Ալիեւն ինչո՞ւ է անում, որովհետեւ իր համար առիթ է, եւ դա նաեւ գաղտնիք չէ, որ Հայաստանը հիբրիդային սպառնալիքների կիզակետում է տարբեր դերակատարների կողմից, նաեւ Ադրբեջանի, եւ բնականաբար, այսպիսի առիթներն էլ օգտագործվելու են, եւ նույն Ալիեւը իրեն իրավունք է վերապահում միջամտելու մեր ներքին գործերին, մեր սահմանադրական ռեֆորմի հետ կապված տեսակետներ հայտնել, կամ Հիքմեթ Հաջիեւը, կամ՝ մյուսները, դա նորմալ է։ Բայց նաեւ մյուս կողմից մենք էլ պետք է հասկանանք, որ ինչ նպատակներով են այդ դերակատարներն այդ տեսակետները հայտնում, եւ այդպես ռուսերեն բառ կա՝ «на поводу» չգնանք, այսինքն, մենք հասկանանք՝ մեզ ինչ է պետք, մենք ինչ ենք ուզում, ինչն է մեզ համար անհրաժեշտ եւ դա անենք, ոչ թե ասենք, որ այ եթե սա այս բանն է ասում, մենք դա չպետք է անենք եւ այլն:

— Վերադառնալով Ալիեւի թեմային, դուք համաձա՞յն եք այն թեզի հետ, որ Սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղումը, որը մատնանշում է Ադրբեջանի նախագահը, ընդամենը ֆորմալ առիթ է հետաձգելու, կամ չեղարկելու խաղաղության պայմանագրի ընդունումը:

— Այո, ես համաձայն եմ դրِա հետ եւ համաձայն եմ նաեւ նրա հետ, որ այդ ֆորմալ առիթը վերանալու դեպքում այլ ֆորմալ առիթներ էլ են ի հայտ գալու։

— Այսինքն, եթե իշխանությունները վաղը հրաշալիագույն Սահմանադրության տեքստներ հրապարակեն, հավանականությունը, որ կընդունվի, շատ մոտ է զրոյին, որովհետեւ այնտեղից անընդհատ այդ մասին խոսելո՞ւ են։

— Զրոյին է մոտենում ընդհանրապես հավանականությունը, որ դրա բովանդակությունը կքննարկվի այդ հղումից զատ, մինչդեռ այնտեղ շատ բաներ կան, ես ինքս 2022 թվականին եղել եմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, դա  էքսպերտային խումբ էր համարվում, եւ այդտեղ էլ մենք ահագին առաջարկություններ արեցինք ե՛ւ սոցիալ-տնտեսական-մշակութային իրավունքների վերադարձի մասին Մարդու իրավունքների գլուխ, դատական իշխանության վերաբերյալ առաջարկություններ, օրինակ՝ մի կարեւոր առաջարկ կլինի այն, որ Վճռաբեկ դատարանի նախագահին չընտրի Ազգային ժողովը, այլ ընտրեն դատավորները՝ իրենց կազմից եւ այլն: Այնտեղ շատ կարեւոր բաներ կան հաստատ, որ արժե քննարկվել, բայց հստակ է, որ իրերի այս դրությամբ ավելի շատ քննարկվելու է այն, որ սա Ալիեւի թելադրանքն է եւ այլն:

— «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ ծանոթ չլինելով նախագծին, առաջարկել է, որ եթե մենք պիտի գնանք նոր Սահմանադրության ընդունման ուղով, ապա այնտեղ անպայման տեղ գտնի Եվրամիությանը միանալու Հայաստանի ցանկության դրույթը, այսինքն, առանձին կետով լինի, որ Հայաստանը ձգտում է դեպի Եվրամիություն։ Ըստ Ձեզ, դա քաղաքական իմաստով խելամիտ առաջա՞րկ է:

— Այո, միանշանակ: Եւ ես աջակցում եմ այդ առաջարկությանը: Ես կարծում եմ, որ միայն այն հանգամանքը, որ Հայաստանը 2025 թվականին ընդունեց ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքը, շատ դռներ բացեց Հայաստանի համար, իրապես եւ շատ մեծ օժանդակության հանգեցրեց Արեւմուտքի կողմից, մասնավորապես, Եվրոպական միության եւ անդամ պետությունների, եւ այդ կետից սկսած շատ պետություններ սկսեցին ռազմավարական հարաբերությունների մասին հռչակագրեր ստորագրել Հայաստանի հետ։ Լիտվան, առաջինն էր, նաեւ այդ հռչակագիրը հղում էր պարունակում այդ օրենքին, այնուհետեւ Նիդեռլանդները, Ֆրանսիան, Գերմանիան եւ այլն, հիշում ենք այս տարվա սկզբին տեղի ունեցած Եվրամիության քաղաքական համայնքի գագաթաժողովը, նաեւ ԵՄ-Հայաստան, եւ փոխկապակցվածության գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրվեց մայիսին, նաեւ Հայաստանի ԵՄ-ի հետ փոխկապակցվածության եւ տրանսկասպյան միջանցքի հարցը շատ կարեւոր մաս է, մտադրությունն այն է, որ ՀՀ-ն մաս դարձվի, եւ կարծում եմ, որ այդ դրույթի ամրագրումը Սահմանադրության մակարդակով շատ կարեւոր է եւ այսպես անշրջելի կդարձնի մեր պետության մտադրությունը՝ գնալու այդ ճանապարհով, եւ դարձյալ շատ դռներ կբացի մեզ համար:

— Այս տեսակետի հակառակորդները հիմնականում ասում են՝ Եվրամիությունը մեզ թուղթ ու թանաքից բացի ուրիշ ոչինչ չի տալու, այսինքն՝ հռչակագրերից այն կողմ չի գնալու,  Եվրամիությունը մեզ իր կազմում չի սպասում, Հայաստանն այնտեղ ոչ ոքի պետք չէ։

— Եթե ուսումնասիրենք Եվրամիության ընդլայնման պատմությունը, տեսնում ենք, որ միշտ չէ, որ այսպես հարթ ու հանգիստ պետություններին ներս են թողել այդ կառույց: Տարբեր դիմադրություններ տարբեր պետությունների վերաբերյալ եղել են, Միացյալ Թագավորության վերաբերյալ է եղել, Իսպանիայի, Պորտուգալիայի, Խորհրդային Միության փլուզումից հետո տարբեր կարծիքներ են եղել՝ արդյո՞ք խորհրդային ճամբարի այդ պետություններին մի փաթեթով թողնե՞ն, թե՞՝ օրինակ Էստոնիային ավելի շուտ ընդունեն, քան՝ Լատվիային եւ Լիտվային: Այսինքն՝ այդ քննարկումները միշտ կան, չմոռանանք, որ Եվրամիությունը մոնոլիտ կառույց չէ, այնտեղ տարբեր դերակատարներ կան, եւ ի վերջո, անդամ պետությունների քաղաքական առաջնորդներն են այդ որոշումը կայացնում: Բայց երբ որ հիմա նայում ես, թե նշանները ինչպիսին են, հստակ է, որ Հայաստանին շատ մեծ տեղ է տրվում եւ շատ մեծ աջակցություն է ցույց տալիս Եվրամիությունն էլ, անդամ պետություններն էլ՝  կապերի խորացման հարցում, եւ համաձայն չեմ, որ դրանք միայն հռչակագրեր են: Հռչակագրերը կոնկրետ ոլորտներին են վերաբերում, կոնկրետ ոլորտների վերաբերյալ համագործակցությանն են վերաբերում: Ես քիչ առաջ նշեցի այդ փոխկապակցվածության օրակարգը, դա մեծ հնարավորություն է կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա լոգիստիկ, էներգետիկ եւ այլ ճանապարհների հզորացման եւ ստեղծման։ Ճիշտ է, երկաթուղու հետ կապված խնդիր ունենք, բայց ավտոճանապարհների մասով մտադրություն կա էլի Հայաստանին մաս դարձնել, եւ դա Եվրամիության սեւծովյան ռազմավարության եւ փոխկապակցվածության օրակարգի մաս է: Բացի դրանից, հիշենք բոլորովին վերջերս, երբ որ ընտրություններին որոշակի դժգոհության կապակցությամբ Ռուսաստանը սկսեց պատժամիջոցներ կիրառել մեր ապրանքների նկատմամբ, Եվրոպական միությունն էր, որ էլի ձեռք մեկնեց եւ իր պատմության մեջ առաջին անգամ նախադեպ չունեցող որոշում կայացրեց ինքնավար առեւտրային միջոցների վերաբերյալ, եւ Հայաստանն առանց տարիֆների կարող է ապրանքներ արտահանել Եվրոպական միություն: Այլ հարց է, որ դրանք պետք է համապատասխանեն որոշակի ստանդարտների, սերտիֆիկացման գործընթաց անցնեն եւ այլն, բայց դա միեւնույնն է՝ ավելի լավ գործընթաց է։ Հասկանալի է, որ մեր արտադրողները միգուցե սովոր են որոշակի շուկաների, այնտեղ իրենց կոմֆորտ են զգում եւ այլն, բայց ո՞վ է ասել, որ մյուս շուկաներ, Եվրամիության շուկաներ չարտահանելով՝ իրենք ավելի մեծ հնարավորություններ չեն կորցնում, միգուցե այդպիսի սթրեսսային իրավիճակներ պետք է լինեն, որ հայացքն ուղղեն նաեւ այլ հնարավորությունների եւ փորձեն այնտեղ էլ զարգացում փնտրել: Նաեւ այդ օրենքը, որի մասին խոսք գնաց, այն նաեւ հիշատակվեց ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ այդ ռազմավարական օրակարգի մեջ, որը նախորդ տարբա դեկտեմբերին կնքվեց, էլ չասեմ, որ տարբեր այլ փաստաթղթերում հիմա ռակուրսի փոփոխություններ կան, նախկինում, եթե Վրաստանն էր Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ որպես այսպես ասած «տրիո» դիտարկվում՝ Եվրամիությանն անդամակցության ձգտող, ապա հիմա Վրաստանը իր տեղը զիջել է Հայաստանին, չեմ ասում, որ դա լավ է, մենք շատ կուզեինք, որ Վրաստանը այդ ճանապարհից շեղում չունենար ու ԵՄ-ի անդամակցության մտադրության մեջ կուռ լիներ, բայց հիմա Հայաստանն է այդ տեղը զբաղեցնում, եւ Հայաստանն է, որ դիտվում է,  լիբերալ, ժողովրդավարական օջախ: Չեմ ուզում քննարկել՝ ժողովրդավարությունն էլ այստեղ կատարյալ չէ, շատ խնդիրներ կան, բայց այս պահին սա է իրողությունը։

— Դրա հետ կապված մի տեսակետ էլ կա, որ Հայաստանը Եվրամիությանը պետք է ոչ թե որպես գործընկեր, բարեկամ, այլ ուղղակի Հայաստանն այն գործիքն է, որով Եվրամիությունն հիմա «բզբզում է» Ռուսաստանին:

— Առաջին նախագահի այդ կարծիքը 2021 թվականին հանրային հեռուստատեսությամբ բարձրաձայնվեց, ասաց՝ միակ պատճառը, թե ինչու է Արեւմուտքը հարավային Կովկասում, դա Ռուսաստանի գործերի մեջ քիթը մտցնելն է, այն ժամանակ դեռ ասեց՝ Վրաստանի եւ, այսպես կոչված, Արեւմտամետների ձեռքով: Բայց դե, դա իսկապես աբսուրդային է, որովհետեւ այն, որ Հայաստանը փորձում է այդ կապերը զարգացնել, դա հաստատ այն պատճառով չէ, որ Եվրամիությունը ուզում է Ռուսաստանին վատություն անել, տարբեր առիթներով իշխանությունները ասում են, որ Ռուսաստանի հետ մենք ոչինչ չունենք, մենք հիմա փորձում ենք անել այն, ինչը մեր շահն է թելադրում, եւ դա միայն տրամաբանական ու բնական է, որ պետությունը պետք է առաջնորդվի իր շահով: Եթե տնտեսական զարգացում, եթե բարեկեցիկ կյանք, անվտանգ կյանք, խաղաղ կյանք գոյություն ունի Եվրամիության անդամ պետությունների տարածաշրջանում, բնական է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը կուզենա ձգտել այդտեղ, եւ ոչ թե դեպի Ռուսաստան, որը, դեռ չեմ խոսում այն մասին, որ ոչ մի կերպ մեզ նեցուկ չկանգնեց, այն դեպքում, երբ 2013 թվականին, եթե կհիշեք՝ Սերժ Սարգսյանի կտրուկ շրջադարձը պայմանավորված էր անվտանգային խնդիրներով, այդպես էլ հայտարարեց, եւ ակնկալիքն այն էր, որ Ռուսաստանը թույլ չի տա այն, ինչ տեղի ունեցավ, ես դեռ այդ հարցը չեմ քննարկում, բայց ո՞ւր է գնում Ռուսաստանը, եկեք այդ հարցը քննարկենք, արդյո՞ք դա զարգացող, բարգավաճող, ժողովրդավարական պետություն է, որի հետ պետք է Հայաստանը ապագա կառուցի, կամ արդյո՞ք Հայաստանը պետք է իր ապագան կառուցի պետության հետ, որը սպառնալիքի լեզվով է խոսում։

— Այսինքն՝ որպեսզի մեր ճանապարհը ընդհանուր դառնա էլի Ռուսաստանի հետ, Հայաստանը պետք է վերածվի ավտորիտար պետության։

— Այսինքն՝ դա է դուրս գալիս։  Հայաստանին ներքաշելու են տարբեր այդ կոնֆլիկտների մեջ, որ Ռուսաստանն ունի, տարբեր հրապարակումներ կան, թե ինչպես են ստիպողաբար երիտասարդությանը քշում դեպի ուկրաինական ռազմաճակատ,   կարծում եք՝ Հայաստանը անմա՞սն է մնալու այդ ամեն ինչից, եւ այն մարդիկ, որոնք, օրինակ, Հայաստանի քաղաքացիություն են փոխանակել Ռուսաստանի հետ, որպեսզի այստեղ չպաշտպանեն ե՛ւ Լեռնային Ղարաբաղը, ե՛ւ Հայաստանը, իրենք ստիպված ներքաշվելու են ռուսաստանյան կոնֆլիկտների մեջ, ա՞յդ ապագան ենք ուզում մենք մեր երիտասարդներին:

— Իմ երեկվա հյուրը ասում էր, որ մենք արդեն իսկ ներքաշված ենք այդ ամեն ինչի մեջ, քանի որ մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ-ում, իսկ այն ամբողջ գումարը, որը մենք փոխանցում ենք ԵԱՏՄ-ի բյուջե եւ որի 80%-ը տնօրինում է Ռուսաստանի Դաշնությունը, այդ 80% եւս գնում է ուկրաինական ճակատ, այսինքն՝ մենք հարկատուներով մասնակցում ենք, ըստ էության Ուկրաինայում մարդկանց սպանությանը:

— Միանգամայն ճիշտ է, էլ չասեմ այն, թե ինչպես էր մեր կաթողիկոսի եղբայրը՝  ռուսաստանյան թեմի առաջնորդը, այնտեղ գործուն աջակցություն ցույց տալիս  Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին՝ այնտեղ բնակվող հայ երիտասարդներ ներգրավելով եւ այլն, ինչի համար էլ մեդալներ էր ստանում առ այսօր: Այսինքն, մենք պետք է հասկանանք մեր զարգացումը, մեր պետության շահը եւ մեր պետության զարգացման ու բարեկեցության շահը մեզ ո՞ր ուղղությամբ է տանում, եւ այդ ուղղությունը իմ պատկերացմամբ Ռուսաստանը չէ:

— Տեսնենք՝ որ ուղղությամբ ենք գնում մենք։ Սովորաբար, ժողովրդավարական երկրներում մի քանի ինստիտուտ կա, որոնցով այդ գնահատականը տրվում է։ Առաջինը՝ թե ինչպիսի որակի ընտրություններ են անցկացվում, դա հիմա չքննարկենք, արդեն գնահատականները կան: Երկրորդ կարեւորագույն ոլորտներից մեկը դատական իշխանությունն է։ Դատական իշխանությունը որքանո՞վ է անկախ, որքանո՞վ է   կապակցված գործող իշխանության հետ, տեսեք՝ դատարաններից մեկի նախագահը ընտրվում է Ազգային ժողովի՝ իշխանության մեծամասնությամբ։ Երբ Հրայր Թովմասյանի գլխին քննադատություն էր հնչում, որովհետեւ ինքը կուսակցական էր ժամանակին եղել, հետո դարձավ Սահմանադրական դատարանի նախագահ, այդ քննադատության մեջ կարմիր թելով անցնում էր հենց այդ կուսակցականությունը։ Հիմա մենք էլի ունենք Սահմանադրական դատարանի նախագահ, որը եղել է կուսակցական, ընդ որում՝ իրավագետներից շատերը պարոն Վարդանյանին բավական լուրջ մեղադրանքներ են առաջադրում, այդ թվում նաեւ՝ վեթինգի չկայացման հետ կապված: Ըստ ձեզ, ի՞նչ է պետք անել, որպեսզի դատական իշխանությունը իրականում դառնա անկախ եւ կախված չլինի ոչ ներկաներից, ոչ՝ նախկիններից, ոչ էլ՝ ապագաներից:

— Շատ բարդ հարց է։ Առաջին հերթին այն, ինչի վրա մենք որպես կազմակերպություն տարիներ շարունակ ուշադրություն ենք դարձրել՝ իրապես անկախ, արհեստավարժ, անաչառ կադրերով համալրելն է դատական իշխանությունը: Եւ իսկապես, օրինակ՝ Վլադիմիր Վարդանյանի դեպքը այդ մասին չէ: Այսինքն՝ մենք 2020 թվականին Հրայր Թովմասյանի դեմ չէինք պայքարում, որ Հրայր Թովմասյան-2 սցենար խաղարկվեր՝ այս անգամ Սահմանադրական դատարանի դատավորների միջոցով։ Բայց ես այստեղ վերապահում պետք է անեմ, այդուհանդերձ, ուրախ եմ, որ ամեն դեպքում 5/4 ձայնով է ընտրվել ՍԴ-ում, ուրեմն, նշանակում է՝ չորս ողջամիտ ձայն եղել է երկրորդ թեկնածուի գլխավորությամբ, որը գիտակցել է, որ նման իրավիճակ չի կարելի թույլ տալ եւ առնվազն պայքարել է եւ բարձրաձայնել է այդ պայքարի մասին: Կարծում եմ, որ դատական իշխանության համար կարեւոր են անկախ կադրերը, դրանք չպետք է լինեն ինչ-որ ազգակցական, քավոր սանիկական, տարբեր այլ կապեր ունեցող անձինք,  չգնան այնտեղ ինչ-որ փոխադարձ ծառայություններ մատուցեն, իշխանությանն ասեն՝ ես սրան կնստեցնեմ, փոխարենը, ասենք՝ դուք ինձ առաջխաղացում ապահովեք, ես օրինակ՝ ԲԴԽ-ից գնամ Վճռաբեկի նախագահ, կամ չգիտեմ որեւէ այլ առաջխաղացում: Այդպիսի բաներ չպետք է լինեն, դա լուրջ հարց է, եւ եթե ԵՄ-ին մենք դիմում ներկայացնենք եւ հասնենք բանակցությունների փուլին, դա շատ լուրջ է դրվելու մեր առաջ:

— Ենթադրում եմ, որ ասելու են՝ ժողովրդ, սա ի՞նչ է։ Ասենք՝ լավ, հիմա քանի դեռ այսպես ասած՝ «ներսում չեք, մի քիչ դուրս եք», լավ, ինչ ուզում եք՝ արեք, բայց որ արդեն գնանք այդ ուղղությամբ, ասելու են՝ հլը մի րոպե, այս մարդը ինչու՞ է այս պաշտոնին։

— Դատական իշխանության անկախությունը շատ հարցերի հետ է փոխկապակցված,  նույն այդ փոխկապակցվածության օրակարգի, եթե պիտի խթանվեն այդ օրակարգի շրջանակում ԵՄ-ի անդամ պետություններից ներդրումներ Հայաստանում, մենք պետք է ունենանք անկախ դատական համակարգ։ Քանի որ նախկինում, օրինակ՝ եղել են դեպքեր, երբ մենք ունեցել ենք պրոբլեմատիկ իրավիճակներ, երբ մեր դատական իշխանությունը պաշտպանել է տեղի օլիգարխիայի շահերը։ Եվրոպական դատարանում դեպք կար, երբ նման թեմայով գոևծ քննվեց, դատավորներ կարգապահականի ենթարկվեցին եւ այլն: Այսինքն՝ այդպիսի բաներ մենք չենք կարող մեզ թույլ տալ, մեր ժողովրդավարությունը չպետք է թղթի վրա լինի կամ հայտարարությունների մակարդակում, որ սա մեր բրենդն է: Մենք պետք է իրապես գնանք այդ ուղղությամբ։ Առաջիկայում, օրինակ, լինելու է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը: Դա պետք է տեղի ունենա գործող սահմանադրական կարգավորումների համաձայն եւ պետք է ընտրվի նախագահ՝ Ազգային ժողովի կողմից՝ երեք հինգերորդ ձայներով եւ պետք է ընտրվի Վճռաբեկ դատարանի դատավորների կազմից, բայց չպետք է էլի կլանային մտածողությամբ, ԽԾԲ-ի, չգիտեմ ինչի ներգրավմամբ, ինչ-որ հարմար թեկնածու դնեն, որովհետեւ Վճռաբեկ դատարանը կարեւորագույն կառույց է, դա իրավական դաշտի միասնականությունն է ապահովում, մարդու իրավունքների պաշտպանության լուրջ առաքելություն ունի Հայաստանի Հանրապետությունում:

— Այսինքն՝ դուք գտնում եք, որ դատավորները իրենք պետք է որոշեն իրենց առաջնորդով ո՞վ է լինելու:

— Դատավորները իրենք պետք է որոշեն: Ամեն դեպքում դա ավելի լավ է, քան Ազգային ժողովը իր այս մեծամասնությամբ որոշի, թե դատարանի նախագահ ով պետք է լինի: Դեռ քննարկում կարող ենք ծավալել՝ արդյո՞ք բարձր դատարանների դատավորների ինչ-որ մի թիվ Ազգային ժողովը կարող է ընտրել, թե՞ չէ, այսինքն՝ դա այնպես արտառոց կարգավորում չէ, աշխարհում նույն Սահմանադրական դատարանի պարագայում են Ազգային ժողովում ընտրում: Դրա ֆիլտրման խողովակն էլ կա, կարելի է ստեղծել անկախ ընտրական հանձնաժողով, մրցութային հանձնաժողով, որ նախնական ֆիլտրման փուլը անցնեն թեկնածուները, եւ այդ մրցութային հանձնաժողովը, օրինակ՝ երաշխավորի Ազգային ժողովին։ Բայց վերադառնալով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին, դա մի պաշտոն է, որն իդեալական կարգավորումների պարագայում, դատարանը ընտրի իր կազմից, բայց հիմա ունենք այն, ինչ որ ունենք: Սահմանադրությունն ասում է Ազգային ժողով, բայց էլի կորած չէ ամեն ինչ, կարելի է եղածների միջից ընտրել, Հայաստանը փոքր է, գիտեն իրենք՝ ով է անկախ թեկնածուն, ով է իրենց ընկեր-բարեկամը, ում են իրենք տարել իրենց կուսակցությունից այնտեղ դրել, այն մարդկանց չպետք է տանեն ընտրեն Վճռաբեկ դատարանի նախագահ, որովհետեւ այդտեղ փոխադարձ ծառայությունների մատուցման սկզբունքով է ամեն ինչ հետո շարունակվելու, իսկ դա շատ անցանկալի է:

— Իսկ դա այն է, ինչ-որ 2018 թվականին բերեց հեղափոխություն:

— Այո:

YouTube video player
Exit mobile version