ՍԴ-ում քննարկվում են հարցեր, որոնց մի ահագին մասը էական եւ վերաբերելի չեն․ Տիգրան Եգորյան

Ներկայացնում ենք «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը։

-Համոզված եմ, որ հետեւում եք Սահմանադրական դատարանի նիստերին, ընդհանուր տպավորությունը ինչպիսի՞ն է։ Ո՞ր ելքը, կամ՝ ի՞նչ զարգացում եք ավելի հավանական համարում։

-Չեմ կարող ասել, որ շատ լավն է, քննարկվում են հարցեր, որոնց մի ահագին մասը էական եւ վերաբերելի չեն։ Իսկ հավանականությունների գնահատումն ինձ թվում է, իմաստ էլ չունի տալ, որովհետեւ, դա անպտուղ հարց է, ավելի ճիշտ է քննարկել՝ ինչի՞ համար կան բավարար հիմքեր եւ ինչպիսի՞ ելքի համար կան առաջին հայացքից։ Բնականաբար, մենք չենք կարող Սահմանադրական դատարանի փոխարեն քննել այս գործը, բայց առնվազն կարող ենք քննարկել, թե որ ելքի խնդիր ունենք, ինչպիսի ելքի խնդիր ունենք, այս մասով պետք է ասեմ, որ հանրային տեղեկատվությունը, հրապարակային տեղեկատվությունը, որն այս պահին առկա է եւ դրված է սեղանին, եւ հիմնված է բազմաթիվ փաստաթղթային ապացույցների վրա եւ, ըստ էության, հավաքված նախորդ 2-3 ամիսների ընթացքում, եթե ոչ ավելի վաղ ժամանակահատվածից սկսած, այն մասին է, որ այս ընտրությունների ընթացքում,  ինչպես նախընտրական քարոզչության, այնպես էլ դրանից առաջ ընկած ժամանակահատվածում, իրականացվել են այնպիսի գործողություններ եւ այնպիսի սխեմաներ, որոնք ունակ են էական ազդեցություն թողնելու ընտրությունների արդյունքների վրա, եւ այդ ազդեցությունն ու միջամտությունները անհրաժեշտ է չեզոքացնել եւ անհրաժեշտ է դրանցից պաշտպանել ժողովրդի կամքը, ժողովրդի՝ իր իշխանությունն իրագործելիս, քվեն։ Սա կարեւոր անհրաժեշտություն է, որը լավ կլինի, որ Սահմանադրական դատարանը պաշտպանի, եւ սա կլինի նաեւ կարեւոր խթան, կարեւոր, եթե կուզեք հանգրվան, որից հետո նմանատիպ դրսեւորումները արմատախիլ կարվեն, կամ առնվազն էապես կսառեցվեն, բոլորի համար հասկանալի կլինի, որ այլեւս ցնցող արձագանքի կհանդիպի նման միջամտության փորձը Հայաստանի Հանրապետության ժողովրդի քվեարկության նկատմամբ։

-Իմ հարցի մեջ մի փոքր քաղաքական ենթատեքստ եւ նյուանս կար։ Նկատի ունեմ հետեւյալը, որ առհասարակ ընտրություններից հետո մեր նորանկախ երկրի պատմության մեջ հաճախակի եղել են դեպքեր, երբ ընդդիմությունը վիճարկել է  ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, բայց ես չեմ հիշում դեպք, երբ ընդդիմությունը հաղթած լինի Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելիս, հարցը այս տրամաբանության մեջ էր, այս տրամաբանության մեջ կանխատեսելի՞ է արդյունքը Սահմանադրական դատարանի վճռի։

-Այստեղ կարծում եմ՝ մեծ դիսոնանս չկար իմ պատասխանի մեջ, ուղղակի, մի փոքր նրբություն կա։ Հենց ընդդիմության կողմից բերված դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանը կարող է ընդունել այն որոշումը, որի մասին ես խոսում էի։ Այստեղ ֆորմալ առումով կստացվի, որ ինչ-որ ծավալով բավարարվում է այդ դիմումը, սակայն, դրա ազդեցությունը, հետեւանքն այլ է, քան ակնկալում են դիմում բերած կուսակցությունները։

-Ավելի գլոբալ առումով կարո՞ղ ենք ասել, որ Սահմանադրական դատարանը գործիք է իշխանությունների ձեռքում, գոնե այն դատավարությունների տիրույթում, որտեղ պատասխանող կողմ, կամ ներգրավված կողմ նաեւ իշխանությունն է։

-Ինձ թվում է այսօր այդպես ասել երեւի այդքան էլ հնարավոր չէ, որովհետեւ այսօր մենք գրեթե չունենք կանխատեսելի կամ կանխորոշված որոշումներ Սահմանադրական դատարանի։ Սահմանադրական դատարանը էապես փոփոխվել է, այն էապես տարբերվում է այն Սահմանադրական դատարանից, որը գործում էր մինչեւ 2019 թիվը։ Եւ այդպես ասելը մերկապարանոց կլինի, չկան այն ազդեցության գործիքները, որոնք  թույլ կտային նման խոսակցություն վարելու։ Եթե տեսնում եք՝ այսօր Սահմանադրական դատարանը նաեւ որոշմամբ, ըստ էության, մասնակցության իրավունքից զրկել է իշխանություն զբաղեցնող կուսակցության կողմից առաջադրած իրենց նախկին անդամի որպես դատավոր մասնակցությունը, եւ նմանատիպ դրսեւորումներն այն մասին են, որ այդպիսի պնդումներ հնարավոր չի անել։

-Պարոն Էգոյան, որքանո՞վ են ընդդիմության դիմումների հիմքերը լուրջ, եթե նաեւ հաշվի առնենք օրինակ՝ այն հանգամանքը, որ 2000-ից ավելի ընտրատեղամասերում, որտեղ ի վերջո նաեւ ընդդիմության, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, վստահված անձինք, որպես վերջնական փաստաթուղթ ստորագրել են, նաեւ այդ հանգամանքը հաշվի առնելով, որքանով են հիմնավոր ընդդիմության ներկայացրած հիմքերը՝ ընտրությունների կեղծված լինելու մասին։

-Շատ ընդհանրական է ձեր հարցը, մի քիչ բարդ կլինի, որովհետեւ այն մի քանի շերտ ունի։ Տեսեք, մի շերտը օրինակ՝ որոշ տեղամասերի արդյունքների հետ կապված հարցը, սա, ասենք, կետային հարց է, որտեղ թե՛ ձեր նշած արձանագրությունները ստորագրելու, թե՛ հենց նույն կուսակցությունների կողմից ներկայացված դիմումների բավարարման արդյունքները պետք է քննարկվեն, որովհետեւ այդ տեղամասերի արդյունքներն անվավեր են ճանաչվել հենց իրենց իսկ բերած դիմումների հիման վրա, նրանք բավարարվել են, այսպես ասած, ձեր հարցի հակառակ երեսն է ստացվում, ընդդիմության դիմումները բավարարվել են, ուղղակի ոչ իրենց ակնկալելի ելքն է ստացվել դրա արդյունքում։ Այլ հարց է, որ տեղամասերում ստորագրված փաստաթղթերից չէ, որ կախված է ընտրությունների ընթացքում քվեարկողների կամքի նկատմամբ ազդեցությունը, դրա հնարավորությունը, ունակությունը եւ էականությունը։ Սա արդեն միայն արձանագրությամբ փաստվող եւ ընդհանրապես արձանագրությամբ չփաստվող հարց է։ Սա այդ ողջ ընտրական գործընթացում եւ նախընտրական գործընթացում իրականացրած միջամտություններն են, որոնք արձանագրությամբ չեն փաստվում, եւ այս նուրբ, բարդ եւ շատ բազմաշերտ հարցերի գնահատումն է, որ պետք է կարողանա Սահմանադրական դատարանը առկա իրավիճակում տալ։

-Պարոն Եգորյան, կարծում եք, որ դատական պրոցես ՍԴ-ում կլինե՞ր, նույնիսկ եթե Բարգավաճ Հայաստանը անցած լիներ, այդ 4 տոկոսի շեմը հաղթահարած լիներ, թե՞ ամբողջ այս, այսպես ասենք, կռիվը, վեճը հենց ԲՀԿ-ին մանդատներ տալու եւ, ըստ այդմ, որոշակի տեղեր վերադասավորելու, մանդատներ վերաբաշխելու, ՔՊ-ի դիրքերը մի փոքր ավելի թուլացնելու շուրջ է։

-Կարծում եմ՝ ոչ միայն։ Թեեւ սա ավելի շատ, այսպես ասած, քաղաքական հարց է ստացվում, բայց կարծում եմ, որ ոչ միայն, որովհետեւ այստեղ հետապնդվող նպատակներից մեկն էլ ընտրությունների օրինակարգության, լեգիտիմության նկատմամբ ստվեր նետելն է, լեգիտիմությունը հարցականի տակ դնելն է, եւ քանի որ նաեւ այս բարդ գործընթացի մեջ բազմաթիվ բաղադրիչներ այդքան էլ հասկանալի չեն, օրինակ, միջին ստատիստիկ մարդուն, եւ շատ մեծ դաշտ է ստեղծվում մանիպուլացնելու, հետեւաբար, օրինակ՝ ա բովանդակությամբ եւ հարցերի մասին դիմումը եւ դրա կապակցությամբ կայացված որոշումը կարելի կլինի վաղը, մյուս օրը տարբեր հարթակներում ներկայացնել, մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանաս, որովհետեւ շատերը չեն գնալու եւ ուսումնասիրելու, եւ հասկանալու, թե ինչքանով է ճիշտ քո խոսքը։ Հետեւաբար, այստեղ կա նաեւ քաղաքական բաղադրիչ, որի նպատակն է արդյունավետորեն մանիպուլացնել իրավիճակը։

-Պարոն Եգորյան, ի՞նչ կասեք ընտրակաշառքի մասին, իշխանությունները պնդում են, որ ընտրակաշառքը այս անգամ աննախադեպ էր եւ՛ իր ծավալով, եւ՛ այդ տրվող գումարների չափով, եւ՛ ռեալիզացման ինչ-որ ձեւերով, մեխանիզմներով, եւ՛ ընդդիմությունը, կամ առնվազն ընդդիմադիր որոշ ուժեր, ասում են, որ այդ գործերը, բոլոր շինծու գործեր են, համենայնդեպս, դեռ մինչեւ հիմա մենք վերջնական դատական ակտ չունենք եւ քանի դեռ չունենք, նաեւ անմեղության կանխավարկածը չխախտելով, չենք կարող ասել, որ մեծ տեղ է ունեցել ընտրակաշառքը։

-Էլի շատ կարեւոր է այս հարցը մաքսիմալ պարզ ընկալել . կապ չունեն այդ գործերով մեղադրական դատական ակտերը։ Միայն այդ պարագայում չէ, եւ ընդհանրապես այդ պարագայում չէ, որ ընտրական իրավունքի տեսանկյունից եւ ընտրական իրավունքի վերաբերյալ վեճի շրջանակում պետք է քննարկվի հարցը։ Ընդհակառակը, քրեաիրավական ընթացակարգով քննվող գործը ոչ մի նշանակություն չունի այստեղ, թե ինչ ելքով կպսակվի։ Որովհետեւ այն նախ՝ քննվելու է երկար տարիներ, այն լինելու է միայն 1 կամ մի քանի անձանց վերաբերյալ, քրեական արդարադատության նպատակն այն չէ պարզել, թե օրինակ՝ քաղաքական ո՞ր կուսակցությունը ստացավ սրանից շահ կամ օրինակ՝ քաղաքական ո՞ր կուսակցության կողմից հովանավորվող անձն էր կատարել այս կամ այն հանցագործությունը, եթե, իհարկե, խոսքը կազմակերպման մասին չէ, հետեւաբար, այս գործիքները պիտանի են քրեական արդարադատության տեսանկյունից, բայց՝ ոչ պիտանի ընտրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից, եւ հետեւաբար, հենց այս պատճառով, սահմանադիրն ու օրենսդիրը, եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, պատկերացրեք, գրեթե ամբողջ աշխարհում, մշակել են մեկ այլ մեխանիզմ, այլ ստանդարտներ, որոնցով պետք է կշռվի եւ պետք է պահպանվի ընտրական իրավունքը, քաղաքացու կամքի անխոցելիությունը ։ Այստեղ չի գործում հաստատված փաստի գործիքը, այստեղ գործում է ազդելու ունակության թեստը, ունակության, ոչ թե ազդելու։ Եվ հենց այդ ազդելու ունակությունից է պաշտպանվում ժողովրդի կամքը, ոչ թե արդեն ազդեցությունից ։ Սահմանադրությամբ սահմանված միակ հանցագործությունը ժողովրդի իշխանության յուրացումն է։ Եւ եթե մենք խոսում ենք այս կաշառքների եւ այլնի ազդեցության արդյունքում ժողովրդի կամքի իշխանության փոփոխությունից, սա արդեն ավարտված հանցագործություն է, բայց ընտրական վեճի շրջանակում մենք դրա մասին չենք խոսում, մենք դրա կանխման մասին ենք խոսում։

-Պարոն Եգորյան, իրավական տեսանկյունից, որքանո՞վ էր ճիշտ, որ ընտրությունների գիշերը 02-ին, դեռ 90 % ընտրատեղամասերում ձայների հաշվարկը ընթացքի մեջ է, դեռ արդյունքները շատ քիչ են ծավալի առումով, վարչապետը հայտարարում է, որ Քաղաքացիական պայմանագիրը հաղթել է։

-Սա նուրբ հարց է, պետք է կարողանանք այդ տարանջատումներն անել եւ շատ տեղեր էլ համակերպվենք նրա հետ, որ միշտ ընտրապայքարում, եւ դա էլի միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է այդպես, ընտրապայքարին մասնակցող այդ պահին իշխանություն զբաղեցնող ուժը, այնուամենայնիվ, շարունակում է իրականացնել իր պետաիշխանական լիազորությունը, որովհետեւ պետությունը չի կարող իր գործունեությունը կանգնեցնել ընտրական պրոցեսում, եւ հետեւաբար, շատ հարցերում այսպիսի երկակի ընկալում է ձեւավորվում։ Հիմա այդ մի դրվագը՝ նորմալ քաղաքական իրադարձություն է, քաղաքական հաշվարկ, որը կարող է սխալ լինել կամ ճիշտ լինել, կարող է քաղաքական հետեւանք առաջացնել, քաղաքական պատասխանություն առաջացնել, բայց դա պետաիրավական իշխանական լիազորության գործադրում չէ, որ մենք ասենք՝ վարչապետը սենց բան ասեց, այնտեղ տեղի ունեցավ ասենք 788 հազար   քվեարկության արդյունքների փոփոխություն։ Չէ, կամ այնպես չէ, որ հայտարարեց ու, օրինակ տեղի ունեցավ ասենք օրինակ՝ այս անգամ ոչ թե մարտի 1-ը, այլ հունիսի 8-ը, չէ՞- չէ՞, այսինքն՝ սրանք քաղաքական բովանդակության ոչ այդքան էական ինչ-որ հայտարարություններ են, որոնք ի՞նչ ազդեցություն են թողնում։

-Բուռն քննարկումների թեմա դարձած մի հարց, Ազգային ժողովում հիմա օրինագիծ է  արդեն շրջանառության մեջ դրվել, որով, ըստ էության, սահմանափակվում են այն քաղաքացիների ընտրական իրավունքները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են հանդիսանում, բայց Հայաստանում չեն ապրում, կամ առնվազն տեւական ժամանակ Հայաստանում չեն ապրում։ Մի կողմից կարելի է ասել, որ նրանք, եթե չեն ապրում այս երկրում իրավունք չունեն ապրողների ճակատագիրը որոշելու, մյուս կողմից հանդիսանում են, ի վերջո, Հայաստանի քաղաքացիներ եւ գուցե ինչ-որ ժամանակ անց վերադառնալու են իրենց երկիր։ Մարդու իրավունքների խախտման տեսանկյունից  խնդի՞ր է այսպիսի օրինագիծ ունենալը։

-Պետք է հասկանանք, շատ քիչ իրավունքներ կան, որոնք բացարձակ են, նույնիսկ կյանքի իրավունքը բացարձակ չէ։ Հիմա ընտրելու իրավունքը իր համապատասխան նպատակներն ու կանոնակարգումները պետք է ունենա, ո՞րն է նպատակը, որպեսզի Հայաստանում չապրող քաղաքացին, ասենք, տարիներ չապրող, տասնամյակներ չապրող, Հայաստանում հարկեր չվճարող, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքները չկրող, ազդեցությունը չկրող մեկը չգա եւ իմ ու ձեր քվեն փոփոխի։

Հետեւաբար, պետք է հասկանանք նպատակը, եւ գոնե պետք է նվազագույն ծավալի, էսպես ասած, պատասխանատվություն լինի այդ արտահայտված կարծիքի քվեի տակ։ Այս փոփոխությունը ոչ մի խնդիր չի առաջացնում մարդու իրավունքների հետ, ՀՀ քաղաքացին կրկին շարունակում է ունենալ ընտրելու իրավունք, բայց որոշակի պայմաններով՝ նա պետք է գոնե որոշ ժամանակ ապրի Հայաստանի Հանրապետությունում, որ իր քվեն լինի ավելի տեղեկացված, ոչ թե ազդեցության հետեւանք, թե՛ կաշառքի ազդեցության, թե՛ այն իր շահերի կենտրոն հանդիսացող երկրում այլ ազդեցություններով պայմանավորված, սա է խնդիրը։ Չէ՞ որ մենք պետք է մեր ապագան որոշելու հարցը վստահենք նաեւ այն մարդկանց, ովքեր ապրելու են այս ներկայով եւ ապագայով, կամ գոնե մի որոշ ժամանակ։