Մայիսի 12-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանն ու փորձագետ Հայկուհի Հարությունյանը հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մարդու իրավունքների ուղեցույց» կայքի հայերեն տարբերակի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և առհասարակ մարդու իրավունքների կրթությանը վերաբերող հարցեր:
«Մարդու իրավունքների ուղեցույցի» հայերեն տարբերակը մշակվում է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի կողմից՝ «Մարդու իրավունքների բալթյան ընկերակցության» հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում։ Այն ներկայումս միակ ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվում է հայկական հասարակական կազմակերպության կողմից՝ Լատվիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։
«Մարդու իրավունքների ուղեցույցն» առցանց ռեսուրս է՝ ինքնօգնության գործիք և համագործակցության հարթակ մարդու իրավունքների կրթության համար։ Այն ադապտացվել է մի շարք լեզուներով, այդ թվում՝ լատվիերեն, լիտվերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ռումիներեն և այլն։ Այն նպատակ ունի օգնելու հասարակությանը և մասնագետներին՝ հասկանալու մարդու իրավունքները որոշակի իրավիճակներում՝ հիմնվելով այն պարզ և հիմնական սկզբունքի վրա, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իմանալու իր իրավունքները։
Նախագծի շրջանակում առայսօր մշակված թեմաներն են՝ դատարաններին, արդար դատաքննության իրավունքին, ընտանեկան բռնությանը, խտրականությանը, խոսքի ազատությանը և լրատվամիջոցներին վերաբերող հարցերը։ Թեմաների մեջ ներառված են նաև մարդու իրավունքների էությունը, Հայաստանում և միջազգային մակարդակում գործող մարդու իրավունքների հաստատությունները, ինչպես նաև աջակցող կազմակերպությունները։


