«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, փաստաբան, Սահմանադրական փոփոխությունների խորհրդի անդամ Տիգրան Եգորյանի հարցազրույցը՝ «1in.am» լրատվականին։
-Սահմանադրական խորհրդի աշխատանքից ի՞նչ նորություն կասեք բովանդակային իմաստով․ արդարադատության նախարարն ասում էր՝ հնարավոր է մարտին նոր Սահմանադրության տեքստն ունենանք։
-Ստույգ ժամկետ չեմ կարող ասել, բայց, այո, հնարավոր է սեղմ ժամկետում ունենալ նախնական մի տեքստ, որն արդեն ավելի խոր ու լայնորեն կքննարկվի․ կհրապարակվի, կսկսվեն հանրային քննարկումներ։ Խորհրդի դերը պետք է ճիշտ հասկանալ․ այն ինչ-որ վերջնական փաստաթուղթ չի տրամադրում, սա, մեծ հաշվով, ավելի խոր ու դետալացված քննարկման ու պրոցեսի միայն սկիզբն է լինելու։ Աշխատում ենք բավական ինտենսիվ, գրեթե ամեն շաբաթ հանդիպում ենք, քննարկում։ Ըստ հերթականության՝ քննարկում ենք տարբեր խումբ հարցեր, տարբեր հոդվածների բովանդակությունը։ Սահմանադրության մեջ քիչ բան կա, որ կարող է չհետաքրքրել, ամեն ինչն էլ կարևոր է, բոլոր ուղղությունները քննարկում ենք, կան հարցեր, որ մի քանի նիստով ենք քննարկում, հետաձգում ենք, վերանայում, իսկ մինչև դրանց վերաբերյալ լրացուցիչ հետազոտությունները, ուսումնասիրությունները կկատարվեն, այլ հարցեր ենք քննարկում։ Այսինքն՝ այս Խորհրդի կազմում հնարավորինս ինտենսիվորեն ու արդյունավետ աշխատանք է կատարվում։
-Գիտենք, որ կառավարման մոդելը չի փոխվելու, նաև խոսվում է, որ քննարկում եք ընտրության տարիքային շեմի փոփոխության հարցը, երկքաղաքացիությունը, Անկախության հռչակագրին վերաբերող մասը, հարցեր, որոնք քաղաքական իմաստով էլ բավականին քննարկվող են, ուստի, հաշվի առնելով ներկա իրավիճակի նրբություններն ու սպասվող ԱԺ ընտրությունները՝ այս մասով արդեն ինչ-որ կոնսեսուս ունե՞նք արդյոք։
-Այս ամբողջ ընթացքում երբեք Հռչակագրի, կամ նախաբանի հարցը Խորհրդում չի քննարկվել` ի հեճուկս այդ ասեկոսեների, քաղաքական մանիպուլյացիաների. այս պահին էլ քննարկման սեղանին չէ, չեմ ասում, թե չի էլ քննարկվի, բայց ցայսօր խորհուրդը այդ հարցը չի քննարկել։ Այս պահին կենտրոնացած ենք հիմնական բովանդակային բաղադրիչի վրա։ Այնպես որ՝ սա էլ մի մանիպուլյացիա է, որը պետք է ուղղակի մերկացնել։ Երկքաղաքացիության հետ կապված հարցը վաղուց է քննարկվել․ սրա հետ կապված տարբեր կարծիքներ կային, բայց մեզ կարծես հաջողվեց կայուն պահել այն հիմնային սկզբունքը, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի։ Եվ սա կարևոր նշանակություն ունի՝ ինչպես անվտանգային, այնպես էլ բովանդակային ու արդյունավետության տեսանկյունից, այսինքն՝ Հայաստանի ապագան վճռող պաշտոն ստանձնելու հայտ ներկայացնող մարդու վերջին հույսը պիտի լինի Հայաստանի Հանրապետությունը, նա որեև այլ երկրի չպետք է հպատակվի, չպետք է ենթակա լինի այլ երկրի օրենսդրությանն ու շահին։ Այս սկզբունքը հնարավոր եղավ ֆիքսել, և մենք դեռ քննարկում ենք այն ավելի խստացնելու և որոշ պաշտոնների վրա ևս տարածելու հարցը։
-Իսկ տարիքային շեմի՞ հարցը։
— Այդ հարցի վերաբերյալ որոշում այս պահին չկա․ որոշվեց, որ կքննարկենք համայնքային մակարդակում ընտրությունների մասնակցության տարիքային շեմը փոփելու հարցը, բայց դեռ որոշում չունենք։
-ՀՀ-ում չի եղել իշխանություն, որ սահմանադրական փոփոխություն չի իրականացրել, հիմա ո՞րն է դրա անհրաժեշտությունը, բացի այն պնդումից, որ լեգիտիմության հարց կա։ Վտանգ չկա՞, որ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով՝ այս իշխանությունն էլ Սահմանադրությունը կարող է փոխել՝ ըստ իր քաղաքական նպատակահարմարության։
-Եկեք այդ խոսույթի ժանրը փոխենք և մարդկանց առաջարկենք իրենց ենթադրությունները հետայսու ավելի ռացիոնալ դատողությունների վրա հենել։ Թե՛ 2000-ականների սահմանադրական փոփոխությունները, թե՛ 2015-ինը, այնպես չէր, չէ՞, որ փակ ծրարով հանձվեցին մեզ, և մենք իմացանք, որ այս կամ այն բանը փոխվեց։ Այդ ամբողջ ընթացքում բարձրաձայնվում էր, որ սա սրա համար է արվում, սա ձևվում է, սա կարվում է, սա այս նպատակն է հետապնդում, դիտորդական առաքելություններ էին իրականացվում՝ լավ, թե վատ, կարևոր չէ, բայց ամբողջը հանրությունը հնարավորություն է ունեցել ինչ-որ չափով դիտարկելու, տեսնելու, գնահատելու և, ցավոք, դրա դեմ պայքարելու կարողություն չի դրսևորել։ Այսօր պայքարելու կարողությունները բազմապատկվել են, նաև օրվա իշխանությունը, լինելով ժողովրդավարական, բոլոր ստանդարտներին համապատասխանող ընտրություններով ընտրված՝ առայժմ չի դրսևորում այնպիսի վարքագիծ, որ հնարավոր լինի ասել, որ երևի սրանք էլ կկարեն իրենց հագով։ Դրա համար փաստական հենք չունենք։ Այս պրոցեսն իրականացնող Խորհրդի կազմի ցանկացած անդամի հնարավորություն ունեք դիմելու և պարզելու․ փաթեթը, երբ այն պատրաստ լինի, որպես նախնական առաջարկ դրվելու է հանրային քննարկման, ենթարկվելու է մասնագիտական քննության և փորձաքննությունների առարկա է լինելու, որոնց հետևանքով բազմաթիվ բաներ կփոխվեն և այդ ամբողջը կլինի մեր աչքի առաջ։ Հուշող բաներից մեկն էլ այն է, որ ոչ ոք կարծես չի ձգտում մեկ օրում ինչ-որ բան անել ու ավարտել։ Այս սահմանադրական հանձնաժողով-խորհուրդը ֆորմալ առումով ձևավորվեց 2019-ից, այսօր 2026 թվականն է, այսինքն՝ առանձնապես ոչ ոք ինչ-որ մի բան մինչև իքս ժամկետը փոխելու հատուկ խնդիր չի դրել։ Այս ամենը խոսում է այն մասին, որ նման հետևություններ հնարավոր չէ անել։
-Այսինքն, դուք ներկայացնելու եք կմախքը, որի վրա պետք է հետագայում աշխատե՞լ։
-Իհարկե․ եթե այդպես չարվեց, այդ դեպքում միայն այդպիսի հետևություն հնարավոր կլինի և ճիշտ կլինի անել։
-ՍԴ-ն պիտի նոր դատավորի թեկնածու ունենա։ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը մերժել է վարույթ ընդունել ներկայացված բողոքները, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական վճիռը մտել է ուժի մեջ, նա այլևս դատավոր չէ և հիմա Նախագահը պետք է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրի։ Ի՞նչ սպասել։
-Ցավոք, սա լրիվ դեժավյու է հիշեցնում։ Էլի նույն վիճակն է, թափանցիկություն առանձնապես չի ավելացել․ դուք գիտե՞ք՝ ում ում թեկնածության մասին է խորհում ՀՀ նախագահը։ Եթե չգիտեք, ասեմ, որ ես էլ չգիտեմ, նշանակում է այս հարցի շուրջ ընդհանրապես թափանցիկություն չկա, այսինքն՝ ինքը կմտածի, մենք կիմանանք, երբ առաջադրի։ Սա թափանցիկ չէ։ Հասկանալի է, որ առաջադրելն իր իրավունքն է, բայց ժողովրդավարությունն էլ մի քիչ այլ բանի մասին է․ այսինքն, այս պրոցեսում առանձնապես բարելավում չունենք։ Հնարավորություն չունենք թեկնածուների վերաբերյալ լայն քննարկումների, հնարավորություն չունենք հասկանալ՝ առաջադրելու իրավունք ունեցող մարմնի գլխում կամ սեղանին ինչ թեկնածուներ կան։ Ցանկալի է, որ գործընթացը լինի ավելի թափանցիկ, որպեսզի նախագահը ոչ թե իր թեկնածուին ուղարկի ինչ-որ փաստաթղթով, այլ այդ հարցի շուրջ հանրային քննարկում լինի։ Ցանկալի է հասկանալ՝ ի՞նչ ստանդարտներով է կատարվում ընտրությունը, թեկուզ մեկնաբանությունների մակարդակում հասկանալ, թե ի՞նչ է մտածել, ինչպես է որոշել, որ սա ավելի լավ թեկնածու կլինի։ Ժողովրդավարական հասարակությունում հանրային հաշվետվողականության, թափանցիկության ստանդարտին համապատասխան գործելու անհրաժեշտությունից ելնելով՝ ցանկալի կլինի, որ Նախագահն այս գործընթացն ավելի թափանցիկ կազմակերպի․ շատ կարևոր կլինի հաշվի առնել թեկնածուների բարեվարքության հետ կապված հարցերը, նաև կարևոր է հասկանալ թեկնածուի՝ որպես իրավաբանի աշխարհընկալումն ու աշխարհհայացքը, թե ինչպիսի՞ն է նրա մտածողությունը, ինչպե՞ս է զարգացել և ինչպիս՞ի գործերով՝ որպես տարիների փորձառություն, քանի որ առկա է իրավաբանի տարիքի հետ կապված հարցը․․․ ինչպիսի՞ հեղինակություն է ձևավորել, նաև՝ որպես իրավաբան ո՞ր ուղղությանն է հարում, պահպանողակա՞ն է, թե՞ լիբերալ․․․ ճիշտ կլինի, որ մեզ մոտ էլ դա հաշվի առնվի, ինչպես ԱՄՆ-ում, որպեսզի դուրս գանք քառակուսի, ոչ չափելի 2D հարթությունից, չասենք՝ սա էլ է իրավաբան, սա էլ։ Չէ, այդպես չէ, պետք է ընկալումն ավելի դետալացնել, ՍԴ ի՞նչ մտածողությամբ մարդ ես պատվիրակում, ի՞նչ տեսլականով, և ի՞նչ փոփոխություն ես ակնկալում, որ նա 9 տարվա ընթացքում այդ երդման տակ պետք է բերի։
-Այդտեղ հե՞շտ է պահել գիծը և չհատել քաղաքականի սահմանը։
-Քաղաքական առումով էլ պետք է այդ բութ չեզոքության մակարդակից դուրս գանք․ իրավունքն էլ ունի քաղաքականություն։ Օրինակ՝ քաղաքականություն է՝ թույլատրե՞լ աբորտները, թե՞ ոչ, եթե թույլատրել՝ ապա՝ ո՞ր շրջանում, եթե՝ ոչ, ապա՝ ո՞ր։ Սա իրավունքի քաղաքականություն է։ Իրավունքում բացարձակ սև ու սպիտակ դաշտերը քիչ են։ Իրավունքով իրավական քաղաքականություն ես ձևավորում և նորմալ է, որ իրավաբանը ընկալում է այդ իրավական քաղաքականությունը, դրա ուղղությունները․ չի կարելի լինել բթության աստիճանի չեզոք, դա վտանգավոր է, միևնույն ժամանակ կարևոր է հաղթահարել կուսակցական խնդիրը։ Իսկ դա շատ հեշտ է։ Բացառում ես աֆիլացումները, կուսակցական անդամությունից ազատ մարդկանցից ես ընտրում թեկնածուներին։ Պարզ է, եթե ֆորմալ առումով նույն ազատման օրով կուսակցական անդամություն է դադարեցվում, դա կարող է խնդիր լինել, հատկապես եթե իշխող ուժի մասին է խոսքը։ Այդտեղ խնդիր կա, կամ առնվազն կարող է կասկած առաջանալ, որ խնդիր կա, բայց դա հաղթահարելը շատ հեշտ է։ Մի պարամետր էլ կա, որ լավ կլինի հաշվի առնվի․ գենդերային հավասարության սկզբունքը ՍԴ-ում․ միայն մի կին դատավոր ունենք։ Թափուր տեղը, ըստ իս, երկրորդ կնոջ տեղն է։
-Նախօրեին կրակոցներ են հնչել, սպանություն, վրեժխնդրություն, ու սա եզակի դեպք չէ, իրավական համակարգը թերանո՞ւմ է։
-Թերացումն ակնհայտ է։ Ձախողումները անընդհատ հանգեցնում են նման իրադարձությունների, և պարզ է, որ այդ ուղղությամբ աշխատանքը բավարար չէ, որպեսզի օպերատիվ մակարդակում հնարավոր լինի ռիսկերը կառավարել։ Քիչ առաջ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության մասին էինք խոսում, բայց նաև միայն դա չէ կարևոր։ Խնդիրն այն է, որ մի 25 տարի լեգիտիմ իշխանություն չենք ունեցել, բայց երբ այդ խնդիրը լուծելուց հետո առաջ է գալիս դետալացման խնդիրը․ արդեն ավտորիտար, կամ ժողովրդավար իշխանության միջև ընտրության հարց չէ, այլ՝ ժողովրդավար և էլի ժողովրդավար, բայց՝ ավելի կարող իշխանության, ավելի կոմպետենտ, ավելի արդյունավետ։ Քանի որ մի 20 տարի ձգտել ենք, որ գեթ մի ժողովրդավարական ընտրություններով ձևավորված իշխանություն լինի, հիմա ասում ենք՝ վայ, ինչո՞ւ է այսպես․ նորմալ է, որ այդպես է, քանի որ ժողովրդավարական ճանապարհով ընտրվելը ինքնին չի նշանակում, որ ամեն բան կարող ես, քանի որ ինչպես տեսնում ենք՝ շատ բան չես կարող։ Հիմա արդեն պիտի կարողանանք ձևավորել այդ կարողությունը, ինչը նշանակում է, որ հաջորդ՝ էլի ժողովրդավար խմբեր պետք է գան ու զարգացնեն այդ կարողությունները։ Այս պահին պարզորոշ տեսնում ենք, որ դրանք չեն զարգացվում։ Այստեղ և՛ կադրային քաղաքականության հարցն է, և՛ կառավարման արդյունավետության հարցը, և՛ համակարգերի արդյունավոտ գործելու հարցը։ Օրինակ՝ ՆԳՆ-ն ինքնին համակարգ է, բայց նաև համակարգերի ամբողջություն է, և դրանց արդյունավետ փոխգործելիության համաժամանակեցման, կարողությունների զարգացման հետ կապված խնդիրներ ենք տեսնում, որոնք հանգեցնում և դեռ հանգեցնելու են այսպիսի ողբերգական հետևանքների։ Սա այն բանի ցուցիչ է, որ այդ համակարգերը չենք կարողանում զարգացնել։ Նման բազում խնդիրներ տեսանելի են նախաքննության փուլում, նաև ակնհայտ են դատարանների բացթողումները․ ցցուն մի դեպք կար, երբ կալանքից ազատել էին մարդուն, իսկ սա գնացել սպանել էր կացինով։ Այս խնդիրները շատ հարցերի հետ են փոխկապակցված՝ ինչպես դատական ռեֆորմների, այնպես էլ՝ դատախազության, նախաքննության մարմնի, և ոստիկանության ռեֆորմի հետ։ Նույնը՝ կապված Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման, օպերատիվ ծառայությունների ռեֆորմների ոչ արդյունավետության կամ բացակայության հետ։ Սրանք լուրջ խնդիրներ են, որոնք մեկ անձի հրահանգով չեն կարող լուծվել, մեկ անձի, կամ թեկուզ մի քանի անձանց՝ թեկուզ ամենաբարձր իշխանական դիրքերում գտնվող անձանց ցանկությամբ չեն կարող լուծվել, դրանք պետք է լուծվեն բավարար ժամանակ պահանջող արդյունավետ աշխատանքով ու արդյունավետ լուծումներով։ Պիտի անալիտիկ ռեսուրսներ ներգրավվեն, ոչ թե հայեցողական և անկանոն նշանակումներ արվեն, որոնք ոչնչի մասին են։
-Այսինքն՝ կադրային հարցը նույնպե՞ս ակտուալ է։
-Իհարկե։ ժողովրդավար իշխանության հարցը հաղթահարելուց հետո գալիս է այլ հարց՝ իսկ դուք ի՞նչ եք կարողանում անել, ի՞նչ արդյունավետությամբ և ե՞րբ։ Հիմա այս հարցերի մասով պատասխանը բացասական է, քանի որ այս մասերով փաստացի ոչինչ չենք կարողանում անել։
-Իսկ ի՞նչ անենք, որ կարողանանք անել
-Լինենք թափանցիկ։ Տեսեք՝ ո՞նց ենք ընտրում, որ այսինչ մարդը լինի այսինչ նախարարը, որ այսինչ մարդը լինի այսինիչ դատավորը, որ այսինչ մարդը լինի այսինչ քննիչը, դատախազը և դրանց ղեկավարը։ Ո՞նց ենք ընտրում, ինչո՞ւ, ի՞նչ են նրանք կարողանալու ռեալ անել, որ այդ ծրագրային բաղադրիչը լինի, ոչ թե ասեն՝ այս տարի քննչական մարմինը 780 և 94,67 գործ արեց։ Այսպիսի ոչնչի մասին խոսակցություններո՞վ, թե՞ նաև փորձում ենք հասկանալ արդյունքների վրա հենված գնահատման ինչպիսի համակարգ ենք կարողանում ստեղծել, ինչպես ենք վերահսկում այդ զարգացման պրոցեսը, այս ամեն ինչով, երբ կհասկանանք, թե ինչու Պողոսը նշանակվեց դատախազ, երբ հասկացանք, այդ պրոցեսում արդեն Պողոսը կլինի այն Պողոսը, որն ավելի արդյունավետ դա կանի, հետո դրան փոխարինող Պետրոսը ավելի արդյունավետ կլինի, քանի որ այդ Պողոսին ու Պետրոսին ընտրելիս ավելի լայն շրջանակներ արդյունավետորեն հետևել են, և իրենց ձայնը լսելի է եղել ոչ թե ֆեյսբուքում, այլ ավելի արդյունավետ խողովակներով և ավելի ճիշտ ընտրություն է կատարվել։
-Մենք ոչ նշանակումն ենք իմանում, թե ինչու արվեց, ոչ՝ ազատելը
-Դրա համար չենք տեսնում ինչ և ինչպես է արվում, որ այսպիսի խնդիրներ չունենանք, որ ներքին համակարգերը ավելի արդյունավետ և արագ զարգանան։
-Իսկ սահմանադրական բարեփոխումների շրջանակում սուպերվարչապետություն ասվածը չի՞ լինելու։
-Այս հարցը պետք է ավելի ճիշտ հասկանալ։ Տարբեր կարգավորումներ մենք Սահմանադրության մեջ քննարկում ենք՝ հենվելով մի քանի կարևոր սկզբունքների վրա․ այս պահին ուզենք-չուզենք, և նաև քանի որ չենք գնում այս մոդելը փոխելու ուղղությամբ, պառլամենտական երկիր ենք, խորհրդարանական կառավարման համակարգում կարևորը Աժ-ում մեծամասնություն-փոքրամասնություն հարաբերությունն ու փոխադրաձ ազդեցությունը մաքսիմալ բալանսավորել կարողանալն է։ ԱԺ մեծամասնության գործադիր մարմինը կառավարությունն է՝ իր վարչապետով, այն պետք է ունենա բարձր ֆունկցիոնալություն, և դրա հանդեպ ԱԺ-ն պետք է (իսկ այս դեպքում, երբ ասում ենք ԱԺ, նկատի ունենք փոքրամասնությունը) ունենա բավարար արդյունավետության հսկողության և զսպման գործիքներ, սակայն ոչ այնպիսիք, որ կարողանա խափանել գործադիր իշխանության աշխատանքն ու ԱԺ մեծամասնության կամքը։ Այստեղ պիտի կարողանանք բացարձակության մեջ չընկնենք, այսինքն, այն պետք է լինի բավարար՝ որոշակի ազդեցություն գործելու, բավարար՝ անհրաժեշտ թափանցիկություն բերելու, անհրաժեշտ հանրային և խորհրդարանական հսկողություն ապահովելու, բայց ոչ երբեք որևէ քաղաքականություն, կամ կամք ոչնչացնելու կարողություն։
Հիմա աշխատում ենք այդ գործիքների վրա։ Օրինակ՝ քննարկում ենք ամեն առանձին խմբակցության՝ ՍԴ դիմելու հնարավորությունը։ Այսօր ԱԺ փոքրամասնությունը իր իրավական գործիքակազմերը բավարար չափով չի օգտագործում․ հսկայական գործիքակազմեր կան, որոնք իրավական պետությունում բավարար մեծ ազդեցությամբ ռեսուրս են, բայց մեզանում արդյունավետորեն չեն կիրառվում։ Փոխարենը նախընտրությունը տրվում է դեկլարացիաներին, հայտարարություններին, իմիտացիոն պրոցեսներին։ Այնինչ, կոնկրետ գործողություններ կան, որոնք անհրաժեշտ են հատկապես մեր փուլում գտնվող ժողովրդավարական պետություններին, քանի որ պետք է հղկել այդ մեխանիզմները, պետք է գործի դնել դրանք, որպեսզի նաև դրանց անկատարությունը կարողանանք վեր հանել ու շտկել, զարգացնել, և ամեն հաջորդ փուլում ավելի բարձր արդյունքի հասնել։ Սա չի արվում, մենք էլ փորձում ենք այդ գործիքները սահմանադրական մակարդակում ավելի արդյունավետ դարձնել։
