Եզրափակվեց «Աջակցություն ՀՀ իշխանություններին՝ Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագիրը
Հունվարի 28-ին Երեւանում կայացել է «Աջակցություն ՀՀ իշխանություններին՝ ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի եզրափակիչ միջոցառումը։
Միջոցառմանը ներկայացվել է նաեւ Ռոբերտ Քրայերի, Դարիլ Ռոբինսոնի եւ Սերգեյ Վասիլեւի «Միջազգային քրեական իրավունքի եւ դատավարության ներածություն» Քեմբրիջի հրատարակչության դասագրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որի համար նախաբան է գրել Միջազգային քրեական դատարանի դատավոր Ջոաննա Քորները։
Միջոցառման ավարտին հանդիսավորությամբ նշվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության 15-ամյա հոբելյանը։
Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան ՄարիկեՄոնրոյ-Վինթերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, եւ Միջազգային քրեական դատարանի դատավոր Ն.Գ. Ջոաննա Քորները:
Իր խոսքում Լուսինե Հակոբյանը նշել է, որ իրականացված ծրագրի «նպատակն էր օժանդակել Հայաստանի իշխանությանը՝ Հռոմի կանոնադրության կիրարկման գործընթացներում»։ Այս նպատակով, ըստ Հակոբյանի, ծրագրի շրջանակներում «փորձագիտական օժանդակություն է տրամադրվել Հայաստանի արդարադատության նախարարությանը՝ Հռոմի կանոնադրությունը կիրարկող օրենդրության մշակման ոլորտում, կազմակերպվել է ճանաչողական այցելություն ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պետական մարմիններից կազմված 13 հոգանոց պաշտոնական պատվիրակության համար՝ Միջազգային քրեական դատարան եւ միջազգային քրեական իրավունքի կիրառմանն առնչվող այլ կառույցներ, կազմակերպվել են մասնագիտական աշխատաժողովներ պետական մարմինների տարբեր ներկայացուցիչների համար՝ միջազգային քրեական նյութական եւ դատավարական տարբեր հայեցակերպերի վերաբերյալ՝ միջազգային քրեական իրավունքի միջազգային փորձագետների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի երկու հեղինակավոր դատավորի մասնակցությամբ, հրատարակվել է ծրագրի փորձագետ, Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանի հեղինակած գործնական ձեռնարկը՝ «Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության վերաբերյալ», պատրաստվել է ՄՔԴ-ին առնչվող 6 տեսահաղորդում։
«Այսօր Ձեր դատին ենք հանձնում ծրագրի վերջին կարեւոր արդյունքը՝ Ռոբերտ Քրայերի, Դարիլ Ռոբինսոնի եւ Սերգեյ Վասիլեւի հեղինակած «Միջազգային քրեական իրավունքի եւ դատավարության ներածություն» Քեմբրիջի հրատարակության դասագրքի հայերեն թարգմանությունը։ Սա խիստ արժեքավոր ռեսուրս է այս ոլորտում մասնագիտանալ ցանկացող յուրաքանչյուրի համար՝ պրակտիկ իրավաբան, թե ուսանող։
Քանի որ այսօր մեր Հանրապետությունում նշում ենք Հայոց բանակի օրը, պետք է նշեմ, որ մեր աշխատանքն այս ոլորտում նաեւ ներդրում է մեր բանակի պաշտպանության գործին։ Որքան ավելի մասնագիտացած լինեն մեր իրավաբանները միջազգային քրեական իրավունքի ոլորտում, այնքան ավելի մեծ հնարավորություն կունենանք մեր հերթին պաշտպանելու մեր բանակը միջազգային հանցագործություններից։
Այսօր մենք նաեւ նշում ենք «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության 15-ամյա հոբելյանը։ Սա մի պատմություն է տարբեր ժամանակներում որպես մեկ ամբողջություն հանդես եկած մի թիմի, որն անցել է պայքարի, պարտությունների, հաղթանակների միջով, որոնք մեզ շարունակաբար կոփել եւ ավելի ուժեղ ու դիմակայուն են դարձրել»,- նշել է Հակոբյանը։
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն իր խոսքումերախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ ասելով. «Հռոմի կանոնադրության վավերացումը խիզախ քայլ էր»: Դեսպանը հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ ստանձնած պարտավորությունների համար, ԻԵՄ-ին եւ ԻԵՄ նախագահ Լուսինե Հակոբյանին՝ բոլոր ջանքերի համար, դեսպանը նաեւ նշել է, որ այս ճանապարհին Նիդեռլանդները՝ լինելով աշխարհի իրավական կենտրոնը, շարունակում է կանգնած լինել ՀՀ-ի կողքին՝ նման բարեփոխումների իրականացման գործում։
Իր խոսքում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ «Հռոմի կանոնադրության վավերացումը եւ իրականացումը Հայաստանի կողմից հստակ ամրագրված որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում։ Ըստ նրա՝ ԵՄ-ն եւ Հայաստանը համատեղ ճանաչել են Միջազգային քրեական դատարանի ներդրումը միջազգային խաղաղության եւ արդարադատության գործում։
«Տարբեր առիթներով մենք հղում ենք կատարում ԵՄ-ի եւ Հայաստանի համար ընդհանուր արժեքներին, դրանք հստակ արտահայտվում են միջազգային քրեական արդարադատությանը հավատարմությամբ եւ այս ոլորտում ՄՔԴ-ի դերակատարության կարեւորմամբ։ Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանի կողմից երկու տարի առաջ կարեւոր հանգրվան էր, սակայն այն այսօր էլ ոչ պակաս նշանակալի է, երբ Միջազգային քրեական դատարանը բախվում է մարտահրավերների, այդ թվում՝ որոշ պետությունների՝ կառույցը լքելու, կամ՝ ներգրավվածությունը նվազեցնելու որոշումների հետ։ Այդ պատճառով առավել կարեւոր է հավատարիմ մնալ մեր պարտավորություններին եւ սկզբունքներին։ Սակայն Հռոմի կանոնադրությանը միանալը ինքնանպատակ չէ։ Այն նշանավորում է իրականացման բարդ փուլի սկիզբը, որը պահանջում է օրենսդրական համապատասխանեցում, ինստիտուցիոնալ պատրաստվածություն եւ մասնագիտական կարողությունների զարգացում արդարադատության ողջ համակարգում»,- նշել է դեսպան Մարագոսը։
«Հռոմի կանոնադրությունը եւ ՄՔԴ-ն պատասխանատվության ձգտելով՝ մեծապես նպաստել են միջազգային քրեական արդարադատության համակարգի արդյունավետ գործունեությանը եւ ՀՀ-ն՝ լինելով վերջին 124-րդ անդամը, մաս է կազմում այս մեծ միջազգային համակարգին»,- իր խոսքում նշել է Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը։
ՄՔԴ դատավոր Ջոաննա Քորները նշել է, որ «ՄՔԴ-ի գործունեության ողջ ընթացքում անցկացված դատավարությունների սակավ թիվը վկայում է դատարանի կայացրած ձերբակալման օրդերները կատարելու դժվարության մասին, մասնավորապես երբ դրանք վերաբերում են պետությունների ղեկավարներին կամ Հռոմի կանոնադրության կողմ չհանդիսացող պետության քաղաքացիներին»։ Վերջերս, նրա խոսքով, ՄՔԴ-ն ենթարկվել է աննախադեպ քաղաքական հարձակման, այդ թվում՝ ընտրված պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների և հեռակա կարգով ազատազրկման դատավճիռների կիրառմամբ, ինչը դատարանն անզոր ներկայացնելու անթաքույց ջանքերի մի մասն է։ «ՄՔԴ-ն դիմադրել է և կշարունակի դիմադրել այն ստոր նենգամտություններին, որոնց միտումն է խոչընդոտել ՄՔԴ-ի` որպես միակ մշտական միջազգային դատարանի գործունեությանը, որին կարող են դիմել աղաղակող միջազգային հանցագործությունների զոհերը՝ արդարադատության ձգտելով: Պետությունները, նաև Հայաստանը, շարունակում են Հռոմի կանոնադրության կողմ լինել՝ այդպիսով միջազգային հանցագործությունները ներառելով ներպետական օրենսդրությունում և համընդհանուր իրավազորություն կիրառելով նման հանցագործությունների նկատմամբ: Թեև համընդհանուր իրավազորության կիրառումն իրացվել է հիմնականում եվրոպական պետություններում, այս գործիքի կիրառումն աստիճանաբար ընդլայնվում է և նկատելի դառնում նաև այլ մայրցամաքներում: Միջազգային քրեական իրավունքի հենց այս հայեցակերպն է, որը մեծացնում է վստահությունն առ այն, որ միջազգային իրավունքը կշարունակի գործել նախատեսվածի համաձայն»,- նշել է դատավոր Քորները:
«Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագիրը՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ, իրականացրել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ։ Ծրագիրն իրականացվել է 2024թ. մարտից մինչեւ 2025թ. դեկտեմբեր։
