«Nessun dorma», «ոչ ոք քնած չէ», այդ թվում՝ Ռուսաստանը, որը զինանոց է արդիականացնում․ Լուսինե Հակոբյան

«Տարին շատ խոստումնալից էր եւ արգասաբեր, հատկապես Եվրամիության, եւ Եվրամիության առանձին անդամ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման, եվրոպական ինտեգրման ամրապնդման տեսանկյունից։ Այդ բոլոր քայլերը շատ կարեւոր էին ե՛ւ ապագայի համար, ե՛ւ ավելի մեծ հնարավորություններ են տալիս Հայաստանի Հանրապետությանը եւ մեր քաղաքացիներին։ Սկսենք Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգից, որն ընդունվեց այս տարվա դեկտեմբերի 2-ին։ Եթե հետ գնանք, ապա, իհարկե, այդ փաստաթղթի հիմքը ՀԸԳՀ-ն է (CEPA), որը Հայաստանը ստորագրել է 2017-ի նոյեմբերին, եւ որը, բացի Խոր և համապարփակ ազատ առևտրի բաղադրիչից, մեծ մասամբ արտացոլում է այն հանձնառությունները, որոնք առկա են այդ ժամանակվա ասոցացման պետությունների հետ համաձայնագրերում՝ Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, եւ, իհարկե, դրա հիմքի վրա ընդունվեց ռազմավարական օրակարգը, որը, մեծ հաշվով, ամրագրում եւ էլ ավելի ընդլայնում է համագործակցության բոլոր այն ոլորտները, որոնք զարգացել են ՀԸԳՀ ընդունումից հետո, օրինակ՝ անվտանգային ոլորտում Եվրամիության հետ երկխոսություն, առեւտրի ոլորտի նոր պայմանավորվածություններ եւ զարգացումներ, Հռոմի ստատուտի ընդունումից հետո դրա իմպլիմենտացման հանձնառություններ, մի շարք, հանձնառություններ էներգետիկ ոլորտում, տրանսպորտի ոլորտում եւ այլն, որոնց ուղղությամբ Հայաստանն ու Եվրամիությունը ՀԸԳՀ ըդունումից եւ լրիվ ուժի մեջ մտնելուց հետո աշխատել են միասին, բայց որոնք խորությամբ ամրագրված չեն եղել։ Իհարկե, դա շատ կարեւոր փաստաթուղթ է եւ ինքնին այն փաստը, որ ռազմավարական բառն էլ տեղ է գտել դրա վերնագրում, շատ կարեւոր է, բայց էլի եմ կրկնում, չմոռանանք, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական բազան՝ ՀԸԳՀ-ն է, եւ շատ կարեւոր է, որ Հայաստանի կառավարությունը արագացնի ջանքերը ՀԸԳՀ-ով ստանձնած հանձնառությունների կատարման եւ արդեն իսկ նոր օրակարգով ստանձնած նոր հանձնառությունների կատարման հարցով, որպեսզի մենք հնարավորինս արագ մոտենանք Եվրամիության անդամակցության մեր վերջնանպատակին, որովհետեւ ճիշտ է՝ Եվրամիության պաշտոնատար անձանց ամենաբարձր մակարդակով այդ մասին շատ չի խոսում, բայց կա հստակ ընկալում, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ անդամակցություն, եւ բարենպաստ, բարեպատեհ հանգամանքներում այդ մասին խոսակցությունը արդեն կբացվի շատ ավելի լուրջ։

Դրանից առաջ տեղի ունեցավ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում գործողությունների ծրագրի հանձնումը Հայաստանի իշխանությանը, եւ ասեմ, որ դա իսկապես գնահատվում է Եվրամիության եւ անդամ պետությունների մեր մի շարք գործընկերների կողմից՝ որպես Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելուց ի վեր ռեկորդային արագությամբ նման փաստաթղթի կազմում եւ հանձնում ։ Եւ, ի դեպ, գնահատվում է դա որպես պատասխան արձագանք հենց Հայաստանի հասարակության ակտիվ շերտերի նախաձեռնած եւ Հայաստանի իշխանության կողմից ընդունված՝ Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի։ Եւ վերջում, այս փուլում ասելիքս ամփոփելու համար անդրադառնամ այդ օրենքին, ուզում եմ նաեւ նշել այդ օրենքի կարեւորությունը։ Ճիշտ է, շատ է խոսվել, բայց նաեւ ժողովրդավարական գործիքակազմից օգտվելու առումով դա մի եզակի նախաձեռնությունն էր։ 2015-ի փոփոխություններից ի վեր Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում էր քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենսդրության ներկայացում, բայց իրականում չէր եղել այդպիսի նախադեպ, երբ հաջողությամբ այդ գործընթացը ինչ-որ անձինք նախաձեռնեն, առաջ տանեն, եւ որ այդ նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի, հետեւաբար, անմիջական ժողովրդավարության գործիքակազմից օգտվելու տեսակետից, դա եւս շատ կարեւոր էր,  եւ հենց կարեւոր է, որ հաջողությամբ պսակվեց Հայաստանի Եվրամիության անդամակցության հետ կապված մի նախաձեռնություն, որը նաեւ ի ցույց դրեց ժողովրդի մի զգալի հատվածի ակնկալիքները եւ, թույլ տվեց մեր պաշտոնատար անձանց ավելի վստահ խոսել Հայաստանի ժողովրդի եվրոպական ապագայի ձգտումների մասին»։

«1-in.am»-ի հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը՝  խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումներից։

Հարցին՝ «կան իրավական բազաներ, որոնք կարող են խոչընդոտել այդ գործընթացին, ուրեմն, ե՞րբ է գալու այն հստակ ընկալումը, որ դրանք կան, խոչընդոտում են եւ լուծում են պահանջում», Հակոբյանն արձագանքել է․

«Հիմա կարծում եմ, որ իսկապես մենք թեւակոխելու ենք այդ փուլը։ Նախկինում ի՞նչ էր ասում իշխանությունը, ավելի շատ մենք մշտադիտարկել ենք ՀԸԳՀ-ի կատարումը, եւ դրա հետ կապված առաջինը, որ ասվել է այն է, որ եղել են օբյեկտիվ խոչընդոտներ, եղել է 2020-ի պատերազմը, մինչ այդ եղել է կովիդի համավարակը եւ այլն, եւ կային մի շարք օբյեկտիվ խոչընդոտներ, որպեսզի համաձայնագիրն արագորեն կյանքի կոչվեր։ Բայց, իհարկե, նաեւ կա գիտակցում ավելի շատ քաղհասարակությունից եւ մասնավորապես ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմից հնչեցված քննադատության լույսի ներքո, որ կան նաեւ խնդիրներ, որոնք պայմանավորված են ներսում կարողությունների անբավարար մակարդակով, պրոֆեսիոնալիզմի անբավարար մակարդակով, նաեւ ԵՄ-ից ստացված  փորձագիտական օգնության իմաստով, փորձագիտականից բացի մի շարք այլ իմաստներով։ Նաեւ այդ համաձայնագիրն իմպլիմենտացնող այն փաստաթղթային բազան եւ մասնավորապես այն ճանապարհային քարտեզը, որն ընդունվել էր 2019-ին եւ 2021-ին լրամշակվել էր, անկատար էր, եւ քաղհասարակությունը դարձյալ խոսում էր այն մասին, որ պետք է արդիականացնել ճանապարհային քարտեզը եւ հնարավորություն ստեղծել քարտեզագրելու, թե որո՞նք են իմպլիմենտացման ուղղությամբ այն միջոցառումները, որոնք պետք է շուտափույթ իրականացնել։ Ցավոք սրտի, այդ գործընթացն էլ էր դանդաղել։ Ես էլ չեմ խոսում ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ մի շարք նախապայմանների մասին՝ ՀԱՊԿ-ի մասին, Եվրասիական տնտեսական համագործակցության կառույցին անդամակցելու մասին, որոնք մեծ հաշվով Եվրամիության հետ անհամատեղելի են, այս բոլոր խնդիրները կան, իհարկե։

Բայց առաջին եւ ամենակարեւոր խնդիրը ՀԸԳՀ-ն եւ արդեն իսկ նոր գործընկերության օրակարգի իրականացման աքսելերացիան է, այսինքն, պետք է արագացնել այն հանձնառությունները, որոնք իշխանությունը ստանձնել է 2017-ին՝ համաձայնագիրը ստորագրելուց, դրանք պետք է շուտափույթ իրականացվեն առաջին հերթին։ Հիմա այդ գիտակցումը կա եւ նաեւ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք քաղհասարակության տարբեր ֆորումներում եւ այլ առիթներով ասել են, որ հստակ կա այդ գիտակցումը եւ հստակ կա մտադրությունը արագացնելու։ Նաեւ գիտեմ, որ ճանապարհային քարտեզն է թարմացվել, եւ կարծում եմ, որ համապատասխան Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստին կհաստատվի, վարչապետ ակտով դա պետք է կյանքի կկոչվի արդեն։ Եւ կարեւոր մի բան էլ՝ իմ տեղեկություններով, կառավարությունը նախապատրաստում է զեկույց այն մասով, թե ՀԸԳՀ-ով իրենք ինչ են արել, ինչ չեն արել։ Դրանից հետո նաեւ քաղհասարակության համար մի քիչ ավելի կհեշտանա մշտադիտարկման գործընթացը, մենք էլ մեր կողմից կկարողանանք քարտեզագրել, թե ինչ է արվել եւ ինչ է մնում չարված։ Եւ եթե, իրոք հաջորդ տարի կա աքսելերացնելու մտադրություն, կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք ճիշտ ժամանակին եւ ճիշտ հունով տեղ հասնելու»։

Ի պատասխան հարցի, թե «մեր հաջորդ քայլերից մեկը պիտի լինի ասոցացման համաձայնագիր ունենալը՞», Հակոբյանը նշել է․

«Անպայման չէ։ Աստեղ էլի կախված է նրանից, թե մենք ինչքանով արագ  կիրականացնենք այդ հանձնարարությունները։ Մյուս կողմից՝ Եվրամիությունը, որը հայտնի է որպես բավական ստեղծարար կառույց, կարող է մեզ այլ փաստաթուղթ առաջարկել։ Ի վերջո, այն, որ նախադեպ չկա, չի նշանակում, որ չի կարող նախադեպ չլինել, մեր օրենքի ընդունման նախադեպն էլ չկար Եվրամիությունում։Ստանդարտ ընթացակարգն այն է, որ հայտը ներկայացվում է, ընթացք են տալիս։ Բայց  մենք մի աննախադեպ քայլ արդեն արել ենք, նաեւ հայտարարել ենք հասարակության եւ պետության մակարդակով այդ մտադրության մասին, ինչը եւս չի եղել։ Այսինքն, կարող է եւ պատասխանը լինել ավելի ստեղծարար մոտեցումը եւ այլ փաստաթղթի առաջարկը, որը կներառի ինչպես ՀԸԳՀ-ով եւ նոր օրակարգով ընդգրկված հանձնառություններ, այնպես էլ՝ այն հանձնառությունները, որոնք անդամակցության ավելի մոտ կանգնած պետություններին են առաջարկում, բայց, իհարկե, այստեղ նաեւ շատ բան կախված կլինի հաջորդ տարի Ազգային ժողովի ընտրություններից։ Եթե իսկապես ժողովրդավարական ուժերը հաջողության չհասնեն, դրական դինամիկան, բոլորիս համար ակնհայտ է, որ կարող է եւ չշարունակվել՝ Վրաստանի պես։ Վրաստանի հարցում էլ քիչ էին կանխատեսումները, որ այսպիսի շրջադարձեր կունենան, որովհետեւ հենց այդ նույն իշխանությունն էլ առայսօր ասում են, որ իրենք էին տանում Եվրամիության հետ մերձեցման այդ ջահը եւ այլն։ Ամեն ինչ հնարավոր է»։

Հարց է հնչել նաեւ Հայաստանի դեմ ընթացող հիբրիդային պատերազմի մասին, Կայա Կալասի հայտարարության մասին առ այն, որ ՀՀ-ն այդ համատեքստում ԵՄ-ից օժանդակություն է խնդրել։ Ի պատասխան Հակոբյանը նշել է․

«Այդ հարցերը լայն շրջանակ են շոշափում, իհարկե։ Սկսենք հիբրիդային պատերազմի վերաբերյալ մեր իշխանության հայցած օժանդակությունից։ Ուղղակի, զարմացա, երբ այդ աղմուկը բարձրացավ։Ընդամենը պետք էր վերցնել այդ նոր գործընկերության օրակարգի փաստաթուղթը, տեսնել, որ այնտեղ դա ամրագրված է, այսինքն, դա մի փաստաթուղթ է, որը բանակցվել է 2024-ի ապրիլի 5-ի հայտարարությունից ի վեր։ Այսինքն, այնպես չէր, որ դեկտեմբերին Արարատ Միրզոյանը գնաց, հայցեց Կայա Կալասից այդ օժանդակությունը։ Այսինքն, դա Հայաստանի ժողովրդավարությանը, անվտանգությանը տրամադրվող օժանդակության բաղադրիչներից մեկն է միայն, որով Եվրամիությունը հանձնառու է եղել, ինչպես եւ միշտ է հանձնառու եղել սկսած 1999-ից, երբ Հայաստանի հետ կնքել է գործընկերության եւ համագործակցության առաջին համաձայնագիրը, այնտեղ եւս ժողովրդավարության աջակցությունը դիտարկվել է պայմանագրի էական բաղադրիչ, ինչպես եւ Եվրամիության գործընկեր շատ պետությունների հետ։ Տարբերությունն այն է, որ վերջին տարիներին են ի հայտ եկել այդ հիբրիդային սպառնալիքները, Եվրամիության դիտարկմամբ՝ մի պետությունից, բայց Հայաստանի մասով այդ սպառնալիքների աղբյուրը միայն Ռուսաստանը չէ, դա նաեւ Ադրբեջանն է, նաեւ Թուրքիան է, նաեւ որոշ չափով Իրանն է՝ որոշ հարցերի վերաբերյալ, եւ սա նոր ձեռնարկ չէ, սա ուղղակի, ըստ փոփոխվող մարտահրավերների փոփոխվող օժանդակություն է Հայաստանի ժողովրդավարացմանը։ Եթե հիշենք՝ 2015, 2016, 2017 թվականներին ԵՄ-ն մեծապես աջակցում էր Հայաստանի ժողովրդավարացման օրակարգին հենց ընտրություններից առաջ՝ օժանդակելով իշխանությանը ընտրական օրենսդրության փոփոխություններ իրագործելու հարցում, միջնորդ հանդիսանալով քաղաքական ուժերի, իշխանության, քաղհասարակության միջեւ, որպեսզի բանակցեին եւ համընդհանրորեն ընդունելի տարբերակ մշակեին ընտրական միջամտության։ Եւ օժանդակում էր ֆինանսապես նախորդ իշխանությանը, որպեսզի էլեկտրոնային քվեարկության սարքավորումներ ձեռք բերեն, այդ թվում՝ տեսախցիկներ  ընտրատեղամասերում, օժանդակում էր քաղհասարակությանը՝ դիտորդություն իրականացնելու հարցում։ Այդ բոլոր օժանդակությունները եղել են նախքան հեղափոխությունը։ Բայց որեւէ մեկը՝ ոչ նախկին իշխանությունը, ոչ էսօր նրանց կողքը կանգնած քաղաքական եւ հասարակական գործիչները, որոնք մեծապես ուրախ էին եւ անձամբ էլ երջանիկ շփվում էին ԵՄ-ի նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ, այդ աղմուկը չէին բարձրացնում, չէին ասում՝ սա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Հասկանալի է, որ զուտ Ռուսաստանի գործոնն է նրանց ստիպում այսօր խոսել այդ մասին, քանի որ նախկինում իրենք բոլորը համամիտ էին այն հարցում, որ իրենց ապագան Ռուսաստանն է, ոչ թե Եվրամիությունը, եւ հիմա, երբ կա Եվրամիության այլընտրանքը, եւ ժողովրդավարական ուժերը՝ ե՛ւ իշխանության ներսում, ե՛ւ իշխանությունից դուրս, ուզում են գնալ այդ ուղիով, իրենք դա դիտարկում են սպառնալիք։ Այսինքն, ես փաստերի մասին եմ խոսում, որոնք անհերքելի են։

Երկրորդը, կգբ-ի գործակալների մասին, հիմա էլ Եզրաս արքեպիսկոպոսի վերաբերյալ ԱԱԾ-ի փաստաթուղթը հրապարակելուց հետո այնպիսի մեծ աղմուկ է բարձրացել։ Ոմանք ասում են՝ ԽՍՀՄ-իգործակալ է եղել, այսինքն՝ հիմիկվա մասին խոսեք, արդյո՞ք այժմ որևէ պետության գործակալ է, բայց դա էլ է փակուղային խոսակցություն, որովհետեւ այդ մարդիկ շատ լավ հասկանում են, որ երբ ասում ենք ԽՍՀՄ, ԽՍՀՄԻ գործակալ, ԽՍՀՄ-ն ո՞վ էր, այդ 15 հանրապետությունները չէին, չէ՞։ Այնտեղ թելադրող դերում էլի Ռուսաստանն էր, բնականաբար, այդ գործակալությունն էլ է իրավահաջորդությամբ փոխանցվում Ռուսաստանին։ Զուտ իրենք օգտվում են այն հնարավորությունից, որ այս իշխանությունը բացահայտ տեքստերով չի կարող ասել, որ այդ մարդը Ռուսաստանի գործակալ է։ Վարչապետ Փաշինյանը ստիպված շփվում է Ռուսաստանի նախագահի հետ եւ մի շարք այլ քաղաքական դերակատարների հետ եւ բաց տեքստերով չի կարողանում ասել, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող ասել։ Կարող ենք ասել՝ իսկ ինչո՞ւ է շփվում, բայց բնականաբար, պետք է շփվի, որովհետեւ մենք ունենք հարցերի լայն սպեկտր, եւ անգամ եթե վերցնենք վիզաների ազատականացման գործընթացը, հիշում ենք, որ բարեհաջող կերպով իշխանությունը հանեց ռուս սահմանապահներին Զվարթնոց օդանավակայանից, բայց ոչ բոլոր տեղերից է հանել, որ պետք է հաներ։ Եւ այս ու նման հարցերի շուրջ պետք է լինեն շփումներ, եւ բնականաբար, չի կարող վարչապետ Փաշինյանը բաց տեքստերով ասել, որ Պուտինի գործակալ լինելու պատճառով ես խնդիր ունեմ Եզրաս արքեպիսկոպոսի եւ նրա եղբայր Կաթողիկոսի հետ, եւ դա փաթեթավորում է որպես կուսակրոնության ուխտի խախտում, բայց, դա այնքան բացահայտ է, որ չգիտեմ, թե դա ում համար պարզ չէ։ Եւ հասկանալի է, որ այստեղ խնդիրը պետության եւ եկեղեցու միջև մի քանի հոգեւորականների կողմից իրենց ուխտը խախտելը չէ՝ կուսակրոնության, կամ աղքատության, կամ չգիտեմ հնազանդության, կամ այլ ուխտերը խախտելը, այլ խնդիրն այս պարագայում էլի այլ պետությունից ցուցումներ ստանալն է եւ մեր ժողովրդավարության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ այլ կարեւոր ատրիբուտների դեմ աշխատացնելն է»։

«Իսկ Եվրամիությունը մեզ կկարողանա՞ օժանդակել այնպես, որ մենք կարողանանք դրա դեմն առնել»։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Եվրամիությունը մեծ ցանկություն ունի, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ այդ պատրաստակամությունն ունի, եւ մենք մեր աչքի առաջ ունենք Մոլդովայի հաջողված փորձը։ Հուսով ենք՝ այդ դասերը կքաղվեն եւ կօգտագործվեն։

Իհարկե, պետք է հասկանալ նաև, որ ինչպես Պուչինիի օպերայում ասում է՝ «nessun dorma», այսինքն, «ոչ ոք քնած չէ», այդ թվում՝ Ռուսաստանը քնած չէ, եւ զինանոցն էլ արդիականացնում է, բայց պետք է մենք էլ փորձենք համաքայլ շարժվել, եւ հուսով եմ մեր գործընկերները կօգնեն մեզ այդ հարցում»։