«Մի քանի կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան այս օրերին Բրյուսելում։ Առաջինը՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումն էր, որի ընթացքում ստորագրվեց ռազմավարական գործընկերության նոր փաստաթուղթը, որը, խոսակցական մակարդակում հայտնի է որպես ՀԸԳՀ+ (CEPA+) եւ որի մասին խոսակցությունը սկսվել էր 2024-ի ապրիլից, երբ վարչապետ Փաշինյանը այցելել էր Բրյուսել, որտեղ կայացել էր ՀՀ-Եվրոպա-ԱՄՆ հայտնի եռակողմ հանդիպումը։ Երկրորդ կարեւոր իրադարձությունը Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի տարեկան գագաթաժողովն էր, որը եռօրյա միջոցառում է եւ ամեն տարվա վերջին օրերին է տեղի ունենում եւ Բրյուսելում, կամ եվրոպական մեկ այլ մայրաքաղաքում հավաքում է Արեւելյան գործընկերության ձևաչաձին մասնակցող պետությունների քաղհասարակությունների ակտիվ ներկայացուցիչներին, որոնք ֆորումի պատվիրակներ են։ Երրորդ կարեւոր իրադարձությունը՝ տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան քաղհասարակության երկկողմ պլատֆորմի 7-րդ պարբերական հանդիպումը ։ Բացի դրանցից, նաեւ մեր քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչները, որոնք ջատագովում են Հայաստանի Հանրապետության համար Եվրամիության անդամակցությունը, կարեւոր հանդիպումներ ունեցան նաեւ այդ մեծ միջոցառումների լուսանցքում, օրինակ՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպումը, դրանք բոլորը կարեւոր փոխանակումների, կարեւոր պայմանավորվածությունների առիթ էին եւ հնարավորություն։ Պետք է շեշտել, որ շատ կարեւոր էր այդ ռազմավարական նոր փաստաթղթի ստորագրումը։ Դա է՛լ ավելի է խորացնում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը եւ կարելի է ասել, որ լուռ, բայց զգալի քայլերով շարժվում ենք դեպի Եվրոպական միության անդամակցության հանգրվանը, ինչն, իհարկե, հեշտ ճանապարհ չէ, բայց հենց այսպիսի քայլերի միջոցով է, որ հնարավոր է այդ նպատակը մոտեցնել։ Քաղհասարակության տարեկան գագաթաժողովը եւս շատ կարեւոր էր, մեր արտգործնախարարը բացման խոսքով հանդես եկավ։ Կարեւոր է արձանագրել, որ մեր արտգործնախարարը այդ գագաթաժողովների հաճախակի եւ սպասված հյուր է, եւ արդեն երկրորդ անգամն է, որ հանդես է գալիս այդ ձեւաչափով։ Կարեւոր արձանագրումներ արեց՝ նաեւ շեշտադրելով քաղհասարակության դերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության եվրոպական անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի կապակցությամբ՝ ասելով, որ մենք օրենք ենք ընդունել, շեշտեց, որ հենց քաղհասարակությունն է, որ շատ կարեւոր դեր է կատարել իսկապես այդ մեծ նշանակությամբ օրենքի ընդունման հարցում։ Ի դեպ, եթե ընթերցեք Արեւելյան գործընկերության ինդեքսը, որը երկու տարին մեկ է հրապարակվում եւ կազմվում է Արեւելյան գործընկերության պետությունների հեղինակավոր փորձագետների եւ քաղհասարակության հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ, կտեսնեք, որ ի տարբերություն նախկին իրավիճակի, երբ Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան տրիոն էր հանդես գալիս որպես եվրոպական անդամության ավելի մեծ հավակնություն ունեցող, այնուհետեւ թեկնածու պետություններ, հիմա իրավիճակը մեր օրենքի շնորհիվ փոխվել է, հիմա Հայաստանն է Վրաստանի տեղը զբաղեցրել այդ եռյակում, եւ այդ ինդեքսում հստակ արձանագրված է, որ Հայաստանի կողմից Եվրամիության անդամակցության հռչակված մտադրությունն է պատճառը, որ Հայաստանը այդ եռյակում է հայտնվել։ Փոխարենը, ինչը, իհարկե, ընդհանրապես ինձ չի ուրախացնում, այդ եռյակից դուրս է եկել Վրաստանը, եւ եթե նախկինում անընդհատ Հայաստանին էին դիտարկում Բելառուս, Ադրբեջան երկյակի հետ՝ որպես եռյակ, ապա հիմա Հայաստանը այդ եռյակից դուրս է եկել եւ, ցավոք սրտի, այդ եռյակում հայտնվել է Վրաստանը, ինչը, իսկապես, չէի ուզենա, որ տեղի ունենար, եւ դեռ հույսեր եմ փայփայում, որ Վրաստանի քաղհասարակությունը եւ ժողովուրդը կկարողանան իրավիճակը փոխել։ Հատկապես շատ ցավալի է ինձ համար նաեւ վրացական քաղհասարակության հետ շփումներում տեսնել, թե ինչքան մեծ հուսալքություն կա իրենց մեջ, երբ այդքան ակտիվ ջանքերով ջատագովելով Եվրոպական միության անդամակցության հեռանկարը՝ նրանք հիմա հայտնվել են մի իրավիճակում, երբ, ըստ էության, չեն կարողանում ազդեցություն գործել իրենց իշխանության որդեգրած ժողովրդավարական հետընթացի, նաեւ ԵՄ-ի անդամակցության հեռանկարից մեծ քայլերով հեռանալու վրա։
Ինչ վերաբերում է ԵՄ- Հայաստան քաղհասարակության պլատֆորմի տարեկան հանդիպմանը, դա եւս կարեւոր միջոցառում է։ Մեր երկկողմ պլատֆորմում ներկայացված են քաղհասարակության ներկայացուցիչներ Հայաստանից եւ Եվրոպական միության քաղհասարակության կառույցներից, մենք հանդիպում ենք տարեկան 2 անգամ՝ Բրյուսելում եւ Երեւանում։ Նպատակ կա մարզերում էլ իրականացնել այդ հավաքները, եւ գնահատում ենք ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունների առաջընթացը՝ հատկապես կենտրոնանալով ՀԸԳՀ կիրարկման առաջընթացի վրա։ Այս մասով եւս մենք կարեւոր արձանագրումներ արեցինք, ընդունել ենք հռչակագիր, որտեղ կարեւոր արձանագրումներ ենք արել»։
Այս մասին «1in.am»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստան-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի համանախագահ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։
Հարց է հնչել, որ «սա առավելագույնն է, ինչ Եվրոպան պատրաստ է տալ, Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանի համապատասխանությունը Եվրամիությանը կազմում է 37 տոկոս, մնում է 63 տոկոսը։ Այդ 63-ը արդեն գալիս եւ դեմ է առնում ԵԱՏՄ պատին, ՀԱՊԿ-ի պատին, ԱՊՀ-ի պատին, Ռուսաստանի հետ ունեցած երկկողմ իրավապայմանագրային բազայի պատին, Ռուսաստանի հետ տնտեսական կապերի պատին, ո՞րն է սրա հաջորդ քայլը»։
Ի պատասխան Հակոբյանը նշել է․
«Ասեմ նաեւ, որ բացի Արարատ Միրզոյանից, Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի գագաթաժողովի պանելային քննարկումներից մեկի հյուրն էր նաեւ փոխնախարար Կոստանյանը։ Եւ նա եւս ընդունեց քաղհասարակության քննադատությունը, առ այն, որ Հայաստանի իշխանությունը դանդաղ է իրականացրել ՀԸԳՀ-ով ստանձնած հանձնարարությունները, եւ կարեւոր էր, որ նշեց, որ որոշում կա արագացնելու այդ գործընթացը։ Իհարկե, մենք կհետեւենք, կմշտադիտարկենք եւ հաջորդ հանդիպմանը կարձանագրենք՝ ինչքանով է արագացել գործընթացը, բայց մի բան կարեւոր էր, որ երբ որ ՀԸԳՀ-ն ընդունվել եւ ուժի մեջ էր մտել, կառավարությունն ընդունել էր ճանապարհային քարտեզներ ՀԸԳՀ իրականացման համար, եւ, ցավոք, այդ ճանապարհային քարտեզները համակողմանի չէին եւ լրիվությամբ չէին արտահայտում ՀԸԳՀ տեքստից բխող հանձնառությունները։ Կարեւոր է, որ կառավարությունը ջանքեր գործադրեց, ինչը նաեւ համապատասխանում էր մեր Պլատֆորմի առաջարկություններին՝ արդիականացնելու ճանապարհային քարտեզը, այսինքն՝ սա մի պրոցես է, որի ընթացքում կառավարությունը քարտեզագրել է այն հանձնառությունները, որոնք դեռեւս կատարված չեն, եւ ավելի մանրամասնել ու կոնկրետացրել է դրանք, եւ դա մի քայլ է գույքագրելու, հասկանալու՝ ինչը դեռ կատարված չէ եւ փորձել առաջ գնալ։ ՀԸԳՀ-ին լրացնելու է եկել նաեւ այդ ռազմավարական գործընկերության նոր օրակարգը։ Կա նաեւ, ինչպես գիտեք, վիզաների ազատականացման գործողության ծրագիրը, որը նոյեմբերին հանձնվել էր Հայաստանի իշխանություններին, այսինքն, մի քանի ճյուղերով արագ քայլեր ձեռնարկելու կարիք կա։ Քաղհասարակությունը նշել է, որ պատրաստակամ է իշխանությանը օժանդակելու այդ հարցում, այդ պատերը իսկապես կան, դրանք լուրջ խոչընդոտներ են, բայց կան նաեւ ներքին խոչընդոտներ, դրանց մասին եւս առիթ ունեցել ենք խոսելու, դրանք այդ կարողությունների փորձագիտական բացերն են, որոնք պետք է հասցեագրել երկուստեք, նույնիսկ կասեմ՝ եռակողմ ձեւաչափով, եւ իշխանությունը պետք է կարողանա արագ իդենտիֆիկացնել իր կարողությունների բացերը, թե դրանք որտեղ են, Եվրամիությունն էլ պետք է կարողանա արդյունավետորեն եւ ժամանակին հասցեագրել այդկարիքները՝ փորձագիտական կարողությունների միջոցով, որոնք կմատնանշի կառավարությունը։ Քաղհասարակությունն էլ պատրաստակամություն հայտնելու մակարդակում չպետք է մնա, նաեւ պետք է զինված լինի ադեկվատ ռեսուրսներով եւ մարդկային, եւ ֆինանսական, որպեսզի կարողանա այդ բացերը հասցեագրի, որովհետեւ բարի ցանկություններով եւ պատրաստակամության մասին հռչակագրերով մենք չենք կարող առաջ գնալ»։
Հայաստանը դեռ ՀԸԳՀ-ն չի կատարել, բայց արդեն ՀԸԳՀ+ է ստորագրում, որ էլի՞ չկատարի։
Ի պատասխան Հակոբյանը նշել է․
«Սխալ է ասել՝ չի կատարել, կատարել է մասնակի, ստորագրում է, որպեսզի ավելի խորացված հարաբերություններ ունենա այն ոլորտներում, որոնք ՀԸԳՀ-ում ներառված չեն, նոր փաստաթուղթը նաեւ իր հիմքում ունի ֆինանսական հանձնառություն Եվրոպական միության կողմից։ Դա Աճի եւ դիմակայունության ծրագիրն է, որի տակ դրված է 270 միլիոն եվրո գումար, որը քիչ չէ, այսինքն, ընդամենը պետք է ճիշտ համակարգում իրականացնել եւ փորձագիտական ճիշտ կարողությունների միջոցով ժամանակին օժանդակություն ստանալու միջոցով կարողանալ առաջ գնալ»։
Փաստաթղթի ստորագրումը ոչ միանշանակ արձագանքի է արժանանում թե՛ մեր խորհրդարանական ընդդիմության կողմից, թե՛ Ռուսաստանի կողմից, Ադրբեջանն էլ համարում է, որ սա վտանգավոր փաստաթուղթ է եւ կարող է վտանգներ ստեղծել խաղաղության գործընթացի համար, մինչդեռ իրականությունն այն է, որ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունը լայն դուռ է բացել նման մակարդակի հարաբերությունների համար, որ ՀՀ-ն ունենա նաեւ Եվրամիության հետ։
Ի պատասխան այս դիտարկման Հակոբյանը նշել է․
«Այն, որ ռուսական կողմը դժգոհություններ է արտահայտելու Եվրամիություն- Հայաստան էլ ավելի մեծ մերձեցման կապակցությամբ, ոչ ոքի համար այլեւս անակնկալ չէ կարծում եմ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ադրբեջանի իշխանության կողմից այդ դժգոհությունը եւս անակնկալ չէ, ես նույնիսկ ակնկալում եմ, որ այդ հակահայկական հռետորաբանությունը էլ ավելի կուժեղացնի Ալիեւը, որովհետեւ չեմ կարող չհամաձայնել վերջերս հարցազրույցում Ժիրայր Լիպարիտյանի արտահայտած այն մտքի հետ, որ հիմնականում Ալիեւի այդ հիստերիկ պոռթկումներն ուղղված են արտաքին լսարանին, ավելի շատ նպատակ ունեն արտաքին դերակատարներից նորանոր առավելություններ պոկել, Ադրբեջանի առջեւ ինչ-որ դռներ բացել, հնարավորություններ ստեղծել։ Այդ ճնշումները սկսում է գործադրել Հայաստանի նկատմամբ, որպեսզի այդ մեծ դերակատարները իրեն լռեցնելու նպատակով ինչ-որ բաներ դնեն իր առջեւ։ Հիմնականում ինձ այդքան էլ չի զարմացնի, եթե այդ ամենի կապակցությամբ էլի ինչ-որ հակահայկական կամ էլի Արեւմտյան Ադրբեջանի, կամ Զանգեզուրի միջանցքի հռետորաբանությունը ուժեղանա։ Նաեւ, երեւի, էդքան էլ չեմ համաձայնի, որ Հայաստան Եվրամիություն մերձեցման դռները օգոստոսի 8-ի հանդիպումն ու հռչակագիրն է բացել, ավելի շատ դա եղել է այն ուղին, որը Հայաստանի ժողովրդի ձգտումներին ի պատասխան բռնել է Հայաստանի իշխանությունը եւ գնալով՝ Հայաստան-Եվրամիություն կապերի սերտացումը՝ ընդհուպ մինչեւ անդամակցություն, դա ի պատասխան է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումներին, եւ դրան ի պատասխան է նաեւ, որ այլ զարգացումներ են տեղի ունենում եւ այդ էներգետիկ դիվերսիֆիկացումը, եւ առեւտրային դիվերսիֆիկացումը, եւ մեծ հաշվով Ռուսաստանից կախվածությունների նվազեցման ուղղված տարբեր նախաձեռնություններն ու գործողությունները»։
Անդրադառնալով 3+3 ձեւաչափի մասին նորից մեկնարկած խոսակցություններին՝ Հակոբյանը նշել է․
«Անկեղծ ասած, ես այդ ձեւաչափի մեծ ջատագովը եւ կողմնակիցը չեմ, եւ նախկին փորձից ելնելով՝ չեմ տեսնում, որ դա ինչ-որ կայացած ձեւաչափ է եւ որեւէ արդյունք բերել է։ Չգիտեմ, ինչ-որ հարցերում մերոնք առաջնորդվում են փորձը փորձանք չէ սկզբունքով, նույնը կարելի է վերագրել Շանհայան կազմակերպություն դիմելուն եւ այլն։ Դրանք երեւի ինչ-որ խոսակցություններ են, որ պետք է ասեն՝ խոսում ենք, բայց չի նշանակում, որ ինչ-որ հանձնարարություններ ենք վերցնում այդ ձեւաչափում։ Ավելին այս պահին չեմ կարող ասել՝ կապրենք, կտեսնենք»։
«Այն, ինչ ասում է պարոն Միրզոյանը, որ մեր ամբիցիաները սրանով չեն սահմանափակվում, հասկացանք՝ սրանով չեն սահմանափակվում, բայց այդ ամբիցիաները իրականացնելու համար արդեն մենք եկել, հասել ենք մի սահմանագծի, որ առանց այդ հարցերի լուծման այդ ամբիցիաները որպես ամբիցիա էլ կմնան»։
Ի պատասխան այս նկատառման՝ Հակոբյանը նշել է․
«Հասկանալի է նաեւ իշխանության մոտեցումը, որ Ռուսաստանի դեմ կտրուկ քայլեր չեն ուզում ձեռնարկել, բայց, իսկապես, հույս ունենք եւ երեւի ես կարող եմ ասել, որ, այսպես ասած՝ թայմ աութ են վերցրել մինչեւ հաջորդ ընտրությունները, կարծում եմ, որ հաջորդ ընտրություններում, եթե ռուսական պրոքսի ուժերը չհաղթեն եւ իշխանության չգան, մենք կունենանք այլ իրավիճակ եւ հուսանք՝ կտեսնենք ավելի համարձակ քայլեր, բայց այստեղ, իհարկե, ոչ միայն իշխանությունից է պետք ադեկվատ քայլեր ակնկալել, այլ մեր պրոեվրոպական քաղաքական ուժերից։ Քանի որ, եթե մենք, կամ՝ մինչեւ մենք, չունենանք մեր պառլամենտում իրապես անկախ, Հայաստանի բարեկեցությամբ, անվտանգությամբ, խաղաղությամբ, ժողովրդավարությամբ իրապես մտահոգ (եւ այնպես մտահոգ, որ իսկապես արժանահավատորեն այդ մտահոգությունը արձանագրվի ժողովրդի կողմից), ընդդիմություն չունենք մեր Ազգային ժողովում, մենք մեծ քայլերի հույսեր, մեծ բարեփոխումների հույսեր ոչ մի ոլորտում երեւի չեն կարող ակնկալել, որովհետեւ իշխանության բնույթն է այդպիսին՝ հանգստանալը, ինչպես իրենք են մի քանի անգամ նշել, քանի եռանախագահ պլյուս կաթողիկոս ֆորմատն է իրենց ընդդիմությունը, իրենք հավետ կլինեն իշխանության, եւ իրականում այդ կոնֆիգուրացիան է, որ պետք է խախտել, եւ ես այդ խախտողներին ավելի շատ տեսնում եմ պրոեվրոպական, պրոարեւմտյան կուսակցությունների թեւի մեջ, որոնք էլի հստակ Հայաստանի ապագան տեսնում են Եվրոպական միության կազմում, ՆԱՏՕ-ի կազմում, առաջադեմ աշխարհի կողքին։ Հուսով ենք, որ այդ ուժերը կկարողանան կոնսոլիդացվել եւ հաջողության հասնել։ Իսկ մինչ այդ ես մեծ քայլերի ակնկալիք եւ ավելի վճռական գործողությունների ակնկալիք չունեմ այս պահին»։
