Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Ներկայացվել է «Մարդու իրավունքների ուղեցույց» կայքի հայերեն տարբերակը

«Մարդու իրավունքների բալթյան ընկերակցություն» եւ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ նոյեմբերի 19-ին Երեւանում կայացել է «Մարդու իրավունքների ուղեցույց» կայքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների բալթյան ընկերակցության գործադիր տնօրեն Ագնես Կոլլիգինան, Վրաստանում Լատվիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Լոլիտա Լենկեվիչան, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագաh Ռուստման Բաքոյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։

Կայքի հայերեն տարբերակը ներկայացրել է Մարդու իրավունքների անկախ փորձագետ, ՀՀ կոռուպցիայի կանխարգեման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը։

«Մարդու իրավունքների ուղեցույցն» առցանց ռեսուրս է՝ ինքնօգնության գործիք եւ համագործակցության հարթակ մարդու իրավունքների կրթության համար։ Այն ադապտացվել է 14 լեզվով, այդ թվում՝ լատվիերեն, լիտվերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ռումիներեն եւ այլն։ Այն նպատակ ունի օգնելու հասարակությանը եւ մասնագետներին՝ հասկանալու մարդու իրավունքները որոշակի իրավիճակներում՝ հիմնվելով այն պարզ եւ հիմնական սկզբունքի վրա, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իմանալու իր իրավունքները։

«Մարդու իրավունքների ուղեցույցի» հայերեն տարբերակի մշակումն իրականացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն՝ Մարդու իրավունքների բալթյան ընկերակցության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում։ Ներկայումս այն միակ ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվում է հայկական  հասարակական կազմակերպության կողմից՝ Լատվիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Նախագծի ներկայիս փուլում մշակվող թեմաներն են արդար դատաքննության իրավունքին, ընտանեկան բռնությանը, խտրականությանը, խոսքի ազատությանը եւ լրատվամիջոցներին վերաբերող հարցերը։ Թեմաների մեջ ներառված են նաեւ մարդու իրավունքների էությունը, Հայաստանում եւ միջազգային մակարդակում գործող մարդու իրավունքների հաստատությունները, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում աջակցող կազմակերպությունները։

Exit mobile version