Ս.թ. նոյեմբերի 13-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը ՀՀ քննչական կոմիտեում մասնակցեց կազմակերպության նախաձեռնած քառօրյա վերապատրաստմանը մասնակցած քննիչներին հավաստագրերի հանձնման արարողությանը։ Հավաստագրերը հանձնեցին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։
Հռոմի կանոնադրությունը վավերացնելով Հայաստանի Հանրապետությունը միացավ Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ)՝ ստանձնելով էական հանձնառություններ՝ հատկապես միջազգային հանցագործությունների քննության ապահովման առաջնագծում կանգնած քննիչների համար։ Սա կարևորելով՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնել էր քառօրյա վերապատրաստման ծրագիր՝ նոյեմբերի 10-ից 13-ը, որի նպատակը խորացնել էր հայ քննիչների գիտելիքներն ու կարողությունները միջազգային քրեական իրավունքի նյութական և դատավարական հայեցակերպերի վերաբերյալ, օգնել այդ գիտելիքները վերածել արդյունավետ քննչական ռազմավարությունների և գործնական մոտեցումների, ստեղծել փոխադարձ փորձի և գործընկերային ուսուցման հարթակ, աջակցել Հայաստանին՝ միջազգային չափանիշներին և տեղական համատեքստին համապատասխան ինստիտուցիոնալ մոտեցումների ու գործիքների մշակման գործում:
Ծրագրի բանախոսներն էին Բարիի համալսարանի դասախոս, Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալի դատախազ ազգությամբ իտալացի Իգնասիո Տրեդիչին և Նյուրնբերգի համալսարանի դասախոս, դոկտոր Գուրգեն Պետրոսյանը։
Վերապատրաստման ծրագիրն իրականացվեց Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի կառավարությանը Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։
