Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը աշխատաժողով կազմակերպեց Սահմանադրական դատարանի դատավորների և քաղհասարակության ներկայացուցիչների միջև «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ
Նոյեմբերի 13-ին Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակը «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում կազմակերպեց աշխատաժողով՝ «Սահմանադրական արդարադատությունը պրակտիկայում․ քաղաքացիական հասարակության հետ համագործակցային մոտեցումներ» թեմայով։ Աշխատաժողովն անցկացվեց 2023-2025թթ. Հայաստանի գործողությունների ծրագրի համատեքստում «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի շրջանակում։
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության արդարադատության բարեփոխումների հարցերով խորհրդական, ԵՄ/ԵԱՏՀ Նորվեգական դրամաշնորհների համակարգող Լիլիթ Դանեղյանը։
Կազմակերպված աշխատաժողովը նպատակ ուներ հարթակ ապահովելու Սահմանադրական դատարանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ խորացնելու փոխադարձ ըմբռնումը և խթանելու շարունակական կառուցողական երկխոսությունը։ Հիմնական շեշտադրումը դրվեց գործնական հաղորդակցության վրա՝ ինչպես հստակ և ժամանակին փոխանցել տեղեկատվությունը, և ինչպես ամրապնդել հանրային վստահություն Դատարանի դերի հանդեպ։ Այս երկխոսությունը հնարավորություն տվեց քննարկելու գործնական քայլեր՝ ամրապնդելու հանրային վստահությունը, բարձրացնելու ինստիտուցիոնալ թափանցիկությունը, արդիականացնելու հանրության և մասնագետների հետ Դատարանի տեղեկատվության փոխանակումը, և պաշտոնականացնելու ու բարելավելու քաղաքացիական հասարակության մասնակցությունը որպես «դատարանի ընկեր» (amicus curiae)։
Աշխատաժողովին մասնակցեցին Սահմանադրական դատարանի ներկայացուցիչներ, Սահմանադրական արդարադատության ոլորտում գործող հիմնական ՀԿ-ների ներկայացուցիչներ
Ակնկալվում է, որ՝
տեղեկատվությունն ավելի արդյունավետ կփոխանակվի, համաձայնություն կստեղծվի առ այն, թե ինչ կարող է պարբերաբար հրապարակվել (օր.՝ գործերի հակիրճ ամփոփագրեր, վիճակագրություն)։
Կբարելավվի թափանցիկությունն ու քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը։ Amicus curiae կարծիքների ներկայացման միջոցով քաղաքացիական հասարակությունը կներգրավվի սահմանադրական արդարադատություն իրականացնելու մեջ։
Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ավելի խորը կըմբռնեն Սահմանադրական դատարանի որոշումները։
