ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի ինը զոհերի գործով վճիռը, որում արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում ՀՀ-ն խախտել է նրանց կյանքի իրավունքը։
Մարտի 1-ի ինը զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը «1in.am»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է այս վճիռը, որը ներկայացնում ենք ստորև․
«Կարևոր է գոնե համառոտ հիշատակել այդ գործին մեծ ներդրում բերած մարդկանց ջանքը, որոնց շնորհիվ հնարավոր է եղել թեկուզ 17 տարի անց, բայց գոնե տվյալների այս մակարդակն ապահովել։ Բոլորը գիտեն, որ 2008-2009 թվականներից այս գործով զբաղվել է փաստաբան Վահե Գրիգորյանը։Արտակ Զեյնալյանը նույնպես հանդես է եկել որպես ներկայացուցիչ։ Եվրոպական դատարանի փուլումմեր գործընկերը հանդիսացող Անգլիայում գործող Մարդու իրավունքների ջատագովության եվրոպական կենտրոնը՝ ի դեմս դրա երբեմնի ղեկավար Ֆիլիպ Լիչի և ներգրավված մյուս իրավաբանների, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։ Դատարանը մեծ ուշադրության է արժանացրել այդ իրադարձությունները քննելու նպատակով ստեղծված փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի զեկույցներին։
Ցավոք 17 տարի չենք կարողացել պաշտոնական մակարդակով այդ դեպքերին համապատասխան գնահատական տալ, և միայն 17 տարի անց Եվրոպական դատարանն է դա մեզ տրամադրում սկուտեղի վրա, որից հետո Հայաստանի Հանրապետության աշխատանքը պատասխանատվության մասով պետք է վերսկսվի։ Փոխհատուցման հետ կապված Եվրոպական դատարանը ընդամենը ոչ նյութական փոխհատուցման գումար է սահմանել, և սրանով ևս պետությունը չի ազատվում պարտականությունից, որովհետև Եվրոպական դատարանը պետությանը պատասխանատու է համարել ոչ միայն այդ անձանց կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված անհրաժեշտ և բավարար միջոցառումների հարցում թերանալու, ոչ միայն դրանից հետո այդ իրավունքի խախտման արդյունքում ընթացակարգային իրավունքների պաշտպանության՝ այսինքն արդյունավետ քննության թերացման հարցում, այլ նաև մահ պատճառելու, մահվան պատճառ հանդիսանալու հարցում։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը, բացի Եվրոպական դատարանի սահմանած փոխհատուցումից, պարտավոր է այս մարդկանց իրավահաջորդներին, սպանվածների ազգականներին վճարել փոխհատուցում, իսկ թե հետո ՀՀ-ն կոնկրետ հանցանքների համար մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ ինչպիսի՞ ռեգրեսիվ հայցեր կներկայացնի, դա այլ հարց է, բայց այս պահին պատասխանատուն պետությանն է։
Վերադառնալով հիմնական հարցին՝ կատարվելիք գործողությունների ծավալը չափազանց մեծ է, և սպեկտրն էլ բավական լայն է, բայց սա ասելով՝ բնավ նկատի չունեմ, որ գործը պետք է քննվի տասնամյակներ․ գրագետ իրավաբանական մոտեցման և քրեական քաղաքականության գրագետ կիրառման պարագայում՝ սա բավական սեղմ ժամկետում լուծվելիք խնդիր է։ Հետևաբար, պետք է նախ վերականգնել գործը քննող մարմնի կարողությունը, այսինքն ձևավորել քննիչների և վերահսկող դատախազների այնպիսի խմբեր, որոնք արդյունավետորեն կկարողանան գլուխ բերել այս գործը՝ արդեն նաև իրենց օգնության եկած Եվրոպական դատարանի գնահատականների հաշվառումով։
Գործի մի հսկայական մաս Եվրոպական դատարանն արել է, դրանց վերաբերյալ այլևս վեճեր չեն կարող լինել։ Ըստ էության, Եվրոպական դատարանի ամփոփած մեծ պատկերը հետևյալն է․ ընտրական գործընթացին հաջորդել են հավաքների ազատության իրավունքում տեղավորվող խաղաղ պրոցեսներ՝ հավաքներ։ Պետությունն՝ ի դեմս ՀՀ այդ ժամանակ գործող նախագահի, ձեռնարկել է գործողություններ և միջոցառումներ, որոնք տրիգեր են հանդիսացել, ինչի արդյունքում սպանվել են մարդիկ։ Եվրոպական դատարանը ֆիքսում է, որ այս մի քանի անձանց սպանությունը ուղղակիորեն վերագրվում է պետությանը, պետությանն ասելով՝ ՄԻԵԴ-ն նկատի ունի, որ պետության անունից գործող ինչ-որ կապիտան, ենթասպա, կրակ բացած անձը․․․ Դատարանը նաև ցույց է տալիս հրամանատարական շղթայի պատասխանատվությունը, ասում՝ պետությունը այդ գործողությունները ձեռնարկելիս, որոնք անհրաժեշտ չեն եղել այդ իրավիճակում, չի իրականացրել այդ միջոցառումներն իրականացնող ուժերի, ուժայինների պատշաճ պատրաստվածությունը այնպիսի զենքերի կիրառության և միջոցների կիրառության կապակցությամբ, որոնք կա՛մ մահաբեր են, կա՛մ՝ կյանքի համար վտանգավոր են։ Չունենալով անհրաժեշտությունը՝ օգտագործել է ժամկետանց միջոցներ ու դրանք կիրառելու ժամկետանց կանոններ, և դրանք կիրառել է այնպիսի եղանակով, որոնք կյանքի համար եղել են առավել վտանգավոր։ Թ՛ե կրակելու բոլոր դրվագները, թե՛ եղանակները վերլուծված են, որոնք պետք է վերածվեն իրավական գնահատակների ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քրեական օրենսգրքով սահմանված կոնկրետ հոդվածներով նկարագրություններ են ըստ էության։
Ի՞նչ է տեղի ունեցել․ նախագահի հրամանով իրականացվել է միջոցառում, այդ հրամանների կատարումն ապահովելու համար ընդունվել է հույժ գաղտնի 0038 հրամանը, դա 2008 թ․ փետրվարի 23 է․․․ նկատենք, որ ընտրությունների արդյունքները դեռևս ամփոփված չէին։ Որոշումը ասում է, որ ընտրությունների արդյունքները սրանք են, այս արդյունքները պետք է պաշտպանվեն և դրանց կապակցությամբ բողոքող ինչ-որ խմբեր, խմբակներ, որոնք միացել են առաջին նախագահին, պետք է ճնշվեն։ Ստեղծվում են այնպիսի զինված հավաքական ստորաբաժանումներ, որոնք սովորաբար ստեղծվում են, ասենք՝ թշնամու թիկունքում դիվերսիոն գործողություններ անելու նպատակով․․․ որպեսզի ավելի պատկերավոր լինի՝ մեջբերենք․ «բանակային կորպուսների և առանձին զորամասերի հրամանատարներին հրամայվում է ստեղծել բարձր շարժունակության բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ, հավաքական ստորաբաժանումներ», և արդեն նկարագրում է, թե ինչ հաշվարկով, ինչ զենքերով և այլն։
Ինչի՞ են սրանք ստեղծվել․․․ որպեսզի նախ՝ ահաբեկեն քաղաքացիներին և այսպես ասած սառեցնեն հավաքներին մասնակցելու նրանց ցանկությունը, իսկ հավաքների մասնակիցներին ահաբեկման միջոցով ստիպեն դադարեցնել հավաքները․ սա է առաջին թիրախը։ Եվ 2-րդ թիրախը․․․ եթե, առաջինը չստացվի, ապա ճնշել հավաքները, և այդ կապակցությամբ էլ պաշտոնապես հայտարարություններ են եղել, այդ թվում նաև նախագահի մակարդակով․ ուսանողների հետ հանդիպումը նա բաց տեքստով ասում է, թե ինչ կարող է պատահել, օրինակ՝ որ կարող է և ինչ-որ մի օր ցրվի այդ հավաքը և այլն։
Այնուհետև այս ռազմական գործիքի՝ զինված ուժերի և զինված ներքին զորքերի ուժերի միջոցով սկսվել է հավաքների ֆիզիկապես ճնշման գործընթացը, որի ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ, այդ թվում հրազենի կիրառման միջոցով, բազմաթիվ մարդիկ ստացել են վիրավորումներ և 10 մարդ սպանվել է։ Երբ այս գործողության շրջանակում տարբեր ստորաբաժանումների, օրինակ՝ տարբեր ծառայողներ հրամանի շրջանակում կիրառում են Չերյոմուխա տեսակի հատուկ միջոցը, ապա այստեղ արդեն էական չէ, թե այդ Չերյոմուխա կրակածներից ով ում է կրակել, կամ ում կրակոցից ով է մահացել։ Այստեղ էականն այն է, և սա ևս կարևոր քրեաիրավական գնահատականի հարց է, որ այդ Չերյոմուխա կիրառածները գործել են մեկ հրամանի շրջանակում։ Ո չ անհրաժեշտ պայմաններում այդ զենքի կիրառման հետևանքով մահացել են մարդիկ։
Հիմա այս բոլորը՝ իրենց հրամանատարները, հրամանատարների հրամանատարները, մինչև այդ բոլոր գործողությունները կազմակերպելու և իրականացնելու քաղաքական հրաման տված գլխավոր հրամանատարը՝ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, ենթակա են միասնական դիտավորությամբ պատասխանատվության։ Նրանց դիտավորությունը եղել է միասնական, նրանք ցանկացել են կատարել նախագահի հանձնարարականները և գործել են դրանց ու 0038 հրամանի շրջանակում․․․ այժմ համարձակ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի ի վերջո հաղթահարենք այս խարանը, որն անթույլատրելի է 21-րդ դարում»։
Հարց է հնչել՝ «Սա կարելի՞ է համարել պետության համար հատուկ կարևորության գործ»։
Ի պատասխան Եգորյանը նշել է․
«Սա մի գործ է, որը ինչպես մարդկանց սպանության մասին է, այնպես էլ՝ քաղաքական, հրամանատարական շղթայով, ամենավերևի օղակից հանձնարարված գործողությունների արդյունքում սպանության մասին է։ Խոսքը այս գործողությունների արդյունքում սահմանադրական կարգը տապալելու մասին է, այսինքն՝ ըստ էության ուժով ժողովրդի իշխանությունը հաղթահարելու մասին է, որը խեղել է մեր հետագա կյանքը, ընդ որում՝ մինչև այսօր, որովհետև թեև այսօր վերականգնված է ժողովրդի իշխանությունը, թեև ընտրությունները չեն կեղծվում և ընտրություններից հետո մարդկանց չեն սպանում, այսպիսի ռազմական օպերացիաներ չեն կիրառում, բայց մինչև այսօր էլ ի վիճակի չենք հաղթահարել 2008-ից ի վեր առաջացած հետևանքները, չենք կարողանում այս իրադարձություններին պատշաճ քրեաիրավական գնահատական տալ և պատշաճ պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսել ու հասցնել ավարտին։ Չենք կարողանում այս էջը փակել, այն դեռ ապրում է մեզ հետ։ Իհարկե, սա հատուկ կարևորության, հատուկ նշանակության խնդիր ունի»։
Հարց է հնչել 0038 գաղտնի հրամանի մասին, որի համաձայն մարտի 1-ից առաջ ձևավորվել էին անօրինական խմբավորումներ, որոնց տրամադրվել է զինվորական համազգեստ, սակայն այդ ամենը մինչ այսօր ՀՀ-ում գնահատականի չի արժանացել։ «Հիմա այս փաստին պե՞տք է ուշադրություն դարձնի դատախազությունը, պետությունը»։
Ի պատասխան այս հարցի Եգորյանը նշել է․
«Որպեսզի նման բան կրկնվելու հավանականությունը զրոյացվի, կամ մոտեցվի զրոյին, պետք է արվի այն, ինչ ասեցի քիչ առաջ, պետք է այս գնահատականները տրվեն։ Պետք է ձեռնարկվի անձանց պատասխանվության ենթարկելու գործընթաց և լուծվի այս հարցը, փակվի այս էջը։ Այս պահին նոր քննարկում ենք Չերյոմուխաների գործը, Չերյոմուխա կիրառած 4 հոգու մասով գործը կարճվել է, մենք հիմա բողոքարկում ենք դատարանում, այնինչ, այս մարդկանց պատշաճ մեղադրանք չի ներկայացվել։ Այս մարդկանց պիտի մեղադրանք ներկայացվեր միասնական դիտավորության շրջանակում՝ «կոնկրետ գործողություններ անելու համար», որոնք թեկուզ, ենթադրենք, չի ապացուցվել, որ ասենք՝ Պողոսը ուզեցել է սպանել ենթադրենք կոնկրետ անձի, բայց ինքը գործել է միասնական դիտավորության շրջանակներում, ալտերնատիվ դիտավորություն է ունեցել, հասկացել է, որ եթե կրակի ասենք՝ այս ուղղությամբ, չի բացառվում, որ մարդ կմահանա, բայց կրակել է։ Դա հենց ալտերնատիվ դիտավորությամբ սպանություն է։ Հիմա այս մարդկանց փոխանակ պատշաճ քրեաիրավական գնահատականներով գործերը դատարան ուղարկվեն, գործերը կարճում են, ասում է՝ մեղսագրվող հանցանքների վաղեմության ժամկետն անցել է»։
«Մեր դատական համակարգում հաճախ է նման բան լինում, ամենամեծ այլանդակությունները «ջրվում» են վաղեմության ժամկետի հետ կապված, սա ունի՞ վաղեմության ժամկետ, ՄԻԵԴ որոշումը 17 տարի անց է արձակվել, եթե սա մտնում է մեր դատական համակարգ, կա՞ ռիսկ, որ «կջրվի» վաղեմության ժամկետի բերումով»։
Ի պատասխան այս հարցի Եգորյանը նշել է․
«Միշտ հաշվի ես առնում խելագարության, կամ անմեղսունակության կանխավարկածը։ Գուցե երկուսն էլ ակտուալ են, երկուսն էլ չպետք է չբացառես։ Հիմա, իհարկե, կա ռիսկ, որ ոչ մի բան էլ չի արվի։ Ենթադրենք ինչ-որ դատախազ կամ քննիչ կգա, կզեկուցի, կասի՝ շատ էինք ուզում անել, բայց հասկացանք, որ բան չի լինում անել։ Միշտ էլ կա այդ ռիսկը, բայց պետք է հաղթահարվի ոչ միայն դա, այլ նաև պետք է նման անմեղսունակությունն ու անկարողությունը կարողներով փոխարինել, կարողներին պատվիրակել։ Պատկերացնո՞ւմ եք՝ մի ամբողջ ժողովուրդ մինչ օրս գերի է այս իրադարձություններին, մինչ օրս չի կարողանում այդ հիվանդությունը հաղթահարի, մի ամբողջ պետություն, այդ պետության ժողովրդի վճարած հարկերով ապրող պաշտոնյաներ, և ի՞նչ․․․ ինչ-որ մեկը գալիս է, ասում է՝ վաղեմության ժամկետն անցել է։ Այսօր պատահաբար մի թղթապանակ եմ վերցրել, որտեղ ասվում է՝ ամեն ինչ քաղաքական է։ Երբ դու ունես հատուկ զգայուն խնդիրներ, որոնք խեղում են քո սահմանադրականությունը և քո քաղաքական, հասարակական կյանքը և շարունակում է ազդեցություն գործել, ապա դու պետք է համաչափ գործիքներ կիրառես, ադեկվատ գործիքներ կիրառես։ Եթե դրա համար անհրաժեշտ է փոփոխել վաղեմության կիրառությունը, կամ որոշ տեսակի հանցագործությունների կապակցությամբ ընդհանրապես վերացնել վաղեմությունը, ուրեմն դա պետք է անես։
Դրա համար գոյություն ունի կամք ձևավորող կառավարություն, առանձին մարմիններ, դատախազություն, Ազգային ժողով, նախարարություն․․․ քրեական քաղաքականությունը դրա մասին է, քրեական օրենսգիրքը առանձնապես ինքն իրենով չի կարող գործել։ Այդպիսի երկիր չկա, որտեղ Քրեական օրենսգիրքը դնես, ինքն իրեն գործերն անի, այսինքն՝ անձինք, ովքեր դա պետք է կիրառեն, պետք է ունենան քրեական քաղաքականության վերաբերյալ նվազագույն պատկերացում, թե ինչպիսի՞ քրեական քաղաքականություն է այս ժամանակաշրջանում, այս պետությունում անհրաժեշտ այս կամ այն հանցագործությունների կապակցությամբ, և այդ քաղաքականությունը պետք է վերածվի օրենսդրության․ օրինակ՝ վաղեմության ժամկետների հետ կապված հարցի մասով, եթե մի տեղ կա մի հոդված, որը պետք է չունենա վաղեմության ժամկետ, ուրեմն պետք է չունենա վաղեմության ժամկետ։ Վաղեմության ժամկետը ոչ անձի պատասխանատվության, անձի հիմնական իրավունքներին և դրանց պաշտպանվածությանը չվերաբերվող հարց է, նույնիսկ եթե գոյություն ունեցող իքս վաղեմության ժամկետը վերացվի, կամ փոփոխվի ավելի մեծ վաղեմության ժամկետի, այն չի խախտում անձի, ո՛չ կոնվենցիոն, ո՛չ սահմանադրական իրավունքները, և դրա վերաբերյալ նաև Եվրոպական դատարանի դիրքորոշումներ կա արտահայտված համապատասխան գործով։ Այսինքն, եթե դու փոփոխում ես վաղեմության ժամկետը, որևէ մեկը չի կարող գալ, ասել, որ այդ, այդ մինչև քո փոփոխելը իմ այսինչ հանցագործության վաղեմության ժամկետն անցել էր, կիրառի իմ նկատմամբ վաղեմության, նման իրավունք գոյություն չունի։»։
Հարցին, թե «այս որոշմամբ մեղավոր է ճանաչված պետությունը, պետությունը ո՞նց է այս մեղքի տակից դուրս գալու», Եգորյանն արձագանքել է․
«Այս վճռով Հայաստանի Հանրապետության ոչ միայն պատասխանատվություն է ճանաչվել, այլ ինչը շատ ավելի ցավալի է՝ նաև հենց անկարողությունը։ Եվրոպական դատարանը նաև ճանաչել է այս խնդիրները հասցեագրելու և լուծելու Հայաստանի Հանրապետության 17 տարի շարունակվող անկարողությունը։ Սա չափազանց նվաստացուցիչ գնահատական պետք է լինի և չափազանց նվաստացուցիչ պետք է ընկալվի յուրաքանչյուր պաշտոնյայի համար, նաև՝ բոլորիս։
Նախաքննություն իրականացնող մարմինների, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների ղեկավարների նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, հետևաբար, այս մարմինների արդյունավետ գործունեության համար էլի շղթայաբար այդ պատասխանատվությունը հաղորդվում է մինչև առաջին գլխավոր պատասխանատու։
Դատախազության համակարգի համար պատասխանատու է գլխավոր դատախազը, որին ընտրում է Ազգային ժողովը, և նաև Ազգային ժողովը կարող է նրան պաշտոնանկ անել։ Եվ հետևաբար, պատասխանատվություն է կրում այս մարմնի համար նաև Ազգային ժողովը, անուղղակի պատասխանատվություն, քանի որ ինքն է ընտրել, այստեղ գործում է ներկայացուցչական ժողովրդավարության շղթան, և եթե գլխավոր դատախազը չի կարողանում դատախազության համակարգը կարգաբերել, մեծացնել դրա կարողությունը, ուրեմն, ինքն է դրա համար մեղավոր պատասխանատու և շղթայաբար նաև, եթե դրան արձագանք չկա, Ազգային ժողովը։ Բայց միևնույն ժամանակ նաև կառավարությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ասեցի, քրեական քաղաքականություն մշակող մարմին, ըստ էության, միայն դատախազությունն է, այսինքն՝ դատախազությունը որոշում է, թե ինչպիսի քաղաքականությամբ իրականացնի Քրեական օրենսգրքով նախատեսված, օրինակ հարցերի հանցագործությունների կապակցությամբ իր գործառույթները։
Եվ սրա նկատմամբ ոչ ոք վերահսկողություն չունի, որ հասկանա, թե սա որտե՞ղ պետք է քննարկվի և ո՞վ պետք է վերահսկի։ Սա նույնպես թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմինների պատասխանատվության կարևոր հարց է, քանի որ եթե դա չի արվում, դրա համար միևնույն է, ի վերջո, քաղաքական իշխանությունն է պատասխանատու։ Հիմա, եթե ոչինչ չի արվում և չի արվի, ապա նշանակում է՝ պետք է այնպիսի քաղաքական միավոր ձևավորվի, որը ստանձնում է այդ պատասխանատվությունը, բացահայտում է այդ պատասխանատվության իրականացման իր պատկերացումները և իր ընկալած ճանապարհները, և դա ևս դնում է քվեասեղանին, ընտրողների առջև՝ որպես ծրագիր, այնուհետև որպես հաշվետվողականություն։
Բացարձակապես վակուումում գործող և բացարձակապես ավտոնոմ գործող մասնիկներ չկան, պետությունը այդպես չի լինում։ Հիմա ամեն մեկը ինչ-որ բանի համար պատասխանատու է, հետո այդ ինչ-որ մեկի համար էլ տարբեր մեկերն են պատասխանատու, և էդպես շարունակ։ Պատասխանության շղթան, այո՛, ի վերջո գալիս է հանգում է այդ պահին քաղաքական մեծամասնություն ունեցող խմբին։»։
«Շատ ենք խոսել, որ փաստորեն, 1998-ին պետական հեղաշրջում տեղի ունեցավ, որի արդյունքում ձևավորվեց կրիմինալ դիկտատուրա, ինչն էլ ի վերջո հանգեցրեց 2018-ին։ Սակայն ելնելով հասարակական համերաշխության ինչ-ինչ պատկերացումներից՝ որոշվեց, որ այդ անցած 20-ամյա դիկտատուրային գնահատական տալը այդքան էլ ճիշտ չէ։ Եվ փաստորեն, ՄԻԵԴ-ի այս վճիռը նաև գնահատականն է այդ կրիմինալ դիկտատուրայի։ Սրանից մեր պետության համար իրավաքաղաքական գնահատականներ չե՞ն բխում արդյոք»։
Ի պատասխան այս հարցի Եգորյանը նշել է․
«Իհարկե, բխում են։ Պարզագույն մի բան․ արձանագրվել է այսօրինակ գործողությունների կապակցությամբ ոստիկանության ուժերի, ներքին զորքերի և այլ միավորների անպատրաստությունը։ Իսկ հիմա պատրա՞ստ են իրենք, վերապատրաստում անցե՞լ են։ Չգիտեմ, հետևաբար, այս մեղադրանքը, օրինակ, մնում է ակտուալ, այսինքն՝ այս պահին էլ մեր հասարակական կարգի պահպանության, կամ պաշտպանության համար պատասխանատու ուժերը գուցե դեռ պատրաստ չեն։ Հիմա իրենց զինանոցի այն զինատեսակները, որոնք չէին կարող ընդհանրապես կիրառվել, դեռ կա՞ն, կիրառվո՞ւմ են, թե՞ ոչ, փոխարինվե՞լ են այլ պիտանի և համաչափ միջոցներով․․․ ուրեմն, էլի ակտուալ է հարցը»։
Հարց է հնչել, թե՝ «սա կարո՞ղ է հիմք դառնալ լյուստացիայի մասին քաղաքական որոշման համար», և թվարկվել են 1998-ին հաջորդած պրոցեսները։
Ի պատասխան Եգորյանը նշել է․
Դա լուրջ խնդիր է, որը հենց հիմա էլ քայքայում է մեր սահմանադրական կյանքը։ Մեր տեղեկատվական, հաղորդակցական, տնտեսական, ֆինանսական ոլորտները, որոնք լրջագույն ազգային անվտանգության ոլորտներ են, անընդհատ խեղվող իրավական և քաղաքական գործունեությունը, չի կարողանում ուշքի գալ․․ ամենը նախորդ 20 տարվա ընթացքում եղածի պատճառով է։ Պիտի՞ հասցեագրվի ինչ-որ եղանակով, թե՞՝ մենք պետք է դեռ շարունակենք տանջամահ լինել»։
«Շատ կուզենայի, որ ձեր այդ վերջին հարցադրումը հռետորական բնույթ չկրեր, այլ սա ուղիղ հարց է՝ ուղղված թե՛ վարչապետին, թե՛ արդարադատության նախարարին, թե՛ գլխավոր դատախազին, թե՛ դատական իշխանությանը՝ իր բոլոր ատյաններով, և թե՛ իրավաբանական հանրությանը»։ Ի պատասխան այս դիտարկմանն Եգորյանն արձագանքել է․
«Ես մի խումբ էլ կավելացնեի, շատ կարևոր է բացի այս թվարկվածից հիշատակել նաև նրանց, այն անհատներին կամ խմբերին, որոնք մանր, միջանձնային խնդիրները հաղթահարելու և համախմբվելու, կոնկրետ խնդիրներ լուծելուն ուղղված քաղաքական հայտեր ներկայացնելու կարողություն չեն դրսևորում․․․ այդ մարդիկ, այդ խմբերը անկարող լինելով հրապարակ գալ որպես կարող և գործունյա քաղաքական խմբեր, նպաստում են այս իրավիճակին»։