Մարդու իրավունքների ուղեցույցի նախապատրաստական աշխատաժողով Երեւանում

Հոկտեմբերի 1-2-ը Երեւանում կայացել է Մարդու իրավունքների ուղեցույց օնլայն հարթակի նախապատրաստական աշխատաժողովը։

Աշխատաժողովին մասնակցել են նախագծի համակարգող Մարդու իրավունքների Բալթյան ընկերակցության (Լատվիա) ներկայացուցիչները՝ տնօրեն Ագնես Կոլըգինան, հանրային կապերի փորձագետ, դասընթացավար Կասպարս Ռուկլիսը, Ուղեցույցի ցանցի լիտվացի ղեկավար Էյտվիդաս Զուրբան, Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական կրթության ինստիտուտի ներկայացուցիչները՝ իրավաբանական տնօրեն Արինա Մելսեն՝ հեռավար, ստաժոր Ագնեսե Վիլցանեն՝ հեռավար, նախագծի գործընկեր «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, հետազոտող Հայկուհի Հարությունյանը, նախագծի օգնական Լալա Հովսեփյանը, նախագծի գործընկեր Իրավաբանական կրթության աջակցման հիմնադրամի (Վրաստան) նախագահ Իոսեբ Իդիշերաշվիլին, նախագծի գործընկեր Մարդու իրավունքների դեսպանատան (Մոլդովա) տնօրեն Լելա Մետրեվելին, նախագծի գործընկեր Կիեւի մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն Եվգենիա Կուբախը, նախագծի դոնոր՝ Վրաստանում Լատվիայի դեսպանատան ներկայացուցիչ, առաքելության ղեկավարի տեղակալ Լոլիտա Լենկեվիչան՝ հեռավար։

Աշխատաժողովի առաջին օրը մասնակիցները նախ ներկայացրել են գործընկեր պետություններում մարդու իրավունքների իրավիճակը, ապա ներկայացվել է ԵՄ-ում եւ Արեւելյան գործընկերության երկրներում Մարդու իրավունքների ուղեցույցի կարգավիճակը՝ նախագծի ժամանակացույցը, ակնկալվող արդյունքները, նախանշվել են նախագծի շրջանակներում անհրաժեշտ անելիքները, մասնավորապես՝ հանրային հաղորդակցության եւ միջոցառումների ուղղությամբ ջանքերի անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում իրականացվել են մի շարք մտագրոհներ եւ վարժություններ՝ թիրախային խմբերի վերհանման, հաղորդակցության արդյունավետության բարձրացման, ԶԼՄ-ների հետ աշխատանքի, լսարան ունեցող ազդեցիկ անձանց հետ համագործակցության վերաբերյալ։

Աշխատաժողովի երկրորդ օրը մասնակիցներին ներկայացվել են ԶԼՄ-ների հետ աշխատանքի եւ հետադարձ կապի արդյունավետ մեթոդները, իրականացվել է տեղեկատվության տարածման արդյունավետ միջոցառումների փորձի փոխանակում, կարեւորվել են Արեւելյան գործընկերության երկրներում տեղեկատվությունը մարդկանց հասցնելու հարցում ոչ ստանդարտ մոտեցումները, մասնավորապես, ԶԼՄ-ների եւ հանրային հաղորդակցության, թվային ալիքների (սոցցանցեր, բլոգներ, վեբ-կայքեր) միջոցով, ինչպես նաեւ վճարովի ԶԼՄ-ների եւ հանրային ալիքների միջոցով ազդեցության եւ տեղեկատվության տարածման հարցը, այդ թվում՝ արտաքին եւ հեռուստա-ռադիո գովազդի միջոցով, ինչպես նաեւ նորարարական տպագրական նյութերով, այդ թվում՝ թերթոնների, բրոշուրների, նվերների խաղարկության միջոցով ասելիքը հանրությանը հասցնելու հարցը։

Քննարկվել են նաեւ համատեղ ուժերով միջոցների հայթայթման, մասնավորապես՝ տարածաշրջանային դրամաշնորհների, կամ զարգացման հարցում համագործակցության համար դրամաշնորհների հնարավորությունները։