Գերկենտրոնացում կա խաղաղության գործընթացի վրա․ Լուսինե Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ԵՄ անդամ դառնալը պարտադիր չէ, կարեւորը եվրոպական ստանդարտներն են։ Եթե ԵՄ անդամ դառնանք, լավ, եթե չէ՝ այդ ստանդարտներով կապրենք։

«Factor.am»-ի հետ զրույցում մեկնաբանելով այս հայտարարությունը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան, ՀՀ-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը նշել է․

«Այդ հայտարարությունը բավական բարդ է մեկնաբանել, քանի որ դա այն հայտարարություններից է, որ այսպես էլ կարող ես մեկնաբանել, այնպես էլ։ Հիմա եթե ասես՝ ձեր կուրսի կապակցությամբ հստակություն չկա, պատասխանը կարող է լինել՝ նկատի չունեմ, որ մենք չենք գնում այդ կուրսով, նկատի ունեմ, որ ԵՄ անդամ պետությունների որոշելիքն է սա ի վերջո, եւ որ կարող է՝ չորոշեն, որ մենք պետք է անդամակցենք։ Բայց փաստ է, որ այդ կուրսի մասին պարբերաբար իրարամերժ հայտարարություններ են հնչում Այս տարվա սկզբին նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մենք բազմիցս ասել ենք, որ դա մեր նպատակն է, մեզ սխալ կընկալեն, եթե անդամության նպատակի մասին օրենքին հավանություն չտանք։ Տարբեր միջազգային գործընկերների մոտ տպավորություն էր ստեղծում, որ այո, Հայաստանը որպես իր նպատակ որդեգրել է այդ կուրսը։ Բայց զուգահեռաբար խոսվում էր բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականության մասին, Պետությունը դիմում է ներկայացնում ՇՀԿ անդամության մասին, որտեղ ԵՄ անդամ, կամ թեկնածու պետություն չկա, այդ ամենը շատ ապակողմնորոշող տպավորություն է ստեղծում։ Ես հիմա փորձում եմ միջազգային գործընկերների պատկերացումները բարձրաձայնել։ Այս ամենն, իհարկե, ցանկալի չէ, որ այսպես լղոզված ներկայացվի, իրարամերժ հայտարարությունների տարափն էլ, իհարկե, լավ բանի մասին չի խոսում։ Հաջորդ տարի լինելու են ԱԺ ընտրություններ։ Նախորդ տարվա մեր ստորագրահավաքից դատելով՝ ժողովուրդն ուշադրություն կդարձնի այդ հարցին, եւ կարծում եմ՝ անհրաժեշտ է մարդկանց հետ ազնիվ լինել եւ հստակ ասել՝ ուր ենք գնում, որն է մեր տեսլականը»։

Դիտարկմանը, թե իշխանությունները խոստանում են ակտիվացնել ջանքերը ԵՄ անդամակցելու ուղղությամբ, Լուսինե Հակոբյանն արձագանքել է։

«Ջանքեր ակտիվացնելը շատ տարածական հասկացություն է, որը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել. ակտիվացնել ինտեգրացիա՞ն։ Բայց չէ՞ որ մենք քանի տարի է խոսում ենք ինտեգրացիայի մասին, ի՞նչն ենք ակտիվացնում, չափանիշների համապատասխանությո՞ւնը, ո՞ր չափանիշների։ Ընդհանուր դիտարկում ենք ժողովրդավարացման չափանիշնե՞րը, թե՞ ՝ նույն ներքին շուկայի, մաքսային միության, եւ այն, ինչ ԵՄ-ում կոչում են  acquis communautaire, որը չափանիշների մի ամբողջ համապարփակ փաթեթ է՝ տարբեր ոլորտներին առնչվող»։

Հարցին, թե «գուցե նա այդքան հստակ չի հայտարարում, քանի որ վստահ չէ, որ ռուսական ճնշումը կհաղթահարի եւ երկրորդը՝ ՀՀ քաղաքացիների ընտրության հարցում գուցե վստա՞հ չէ», Լուսինե Հակոբյանը պատասխանել է․

«Կարծում եմ՝ այդ երկու գործոնն էլ տեղ ունեն, արդարացված է դրանց մասին խոսելը, բնականաբար, ՌԴ-ն չի ցանկանա, որ մենք այդ կուրսը որդեգրենք։ Այդ պատճառով էլ պետք է ակտիվացնել ջանքերը ՌԴ-ից կախվածությունները վերացնելու հարցում, այդ մասին խոսվում է, բայց արդյո՞ք այդ ջանքերը պատշաճ են, արդյո՞ք գործի առումով ականատես ենք պատշաճ ջանադրության՝ ե՛ւ էներգետիկ դիվերսիֆիկացման, ե՛ւ անվտանգային, ե՛ւ տնտեսական, տարբեր այլ ոլորտների դիվերսիֆիկացման առումով։ Այսինքն, այդ ամենի մասին պետք է ավելի հստակ, թափանցիկ, հաշվետու գործել հասարակության հետ, քանի որ կարծում եմ՝ մարդկանց քվեի համար ազդեցիկ լինելու է այն հանգամանքը, թե ՀՀ-ն ուր է գնում»։

Իսկ այն հայտարարությունները, որ «առանց ՌԴ-ի հետ բարեկամության եւ եղբայրության ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ» Լ. Հակոբյանն այսպես է մեկնաբանել․

«Եթե չասեմ, որ նման հայտարարություններ անողները ՌԴ գործակալներ են, կարելի է ավելի մեղմ եզրույթ կիրառել եւ ասել՝ ազզդեցության գործակալներն են, եթե այդ մարդկանց կենսական շահը, բիզնես հետաքրքրությունները, կախվածությունը ՌԴ-ից է, բնականաբար այլ բան ակնկալել հնարավոր չէ։ Նրանք այդ պետության հետ են կապելու ՀՀ փրկությունը։ Բայց 2020-ի պատերազմից ի վեր, կարծում եմ՝ ՌԴ դերակատարման հարցում հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության մոտ պատրանքներ այլեւս չեն մնացել։ Դա են վկայում տարբեր հարցումներ, դրա մասին են խոսում ԵՄ անդամակցության վերաբերյալ նույն հարցումների շրջանակում հարցվածների մեծամասնության կարծիքը։ Ճիշտ է, կարող ենք ասել, որ նախորդ տարի նույն այդ հարցումներով ավելի բաձր աջակցություն էր, Եվրաքվեի քարոզչության փուլում ես, քաղհասարակության իմ գործընկերները, քաղաքական կուսակցությունների գործընկերները բավական մեծ աշխատանք կատարեցինք։ Ճիշտ է՝ չեմ ասի, թե շատ մեծ քարոզարշավ արվեց՝ բոլոր կանոններով, այդուհանդերձ, կարող ենք ասել, որ ահագին մարզեր այցելեցինք, նաեւ հեռավար բավական բացատրեցինք ԵՄ գաղափարը, ՀՀ շահը՝ ԵՄ անդամ լինելու հարցում եւ այլն, եւ այդ բոլորը ազդեցություն ունեցավ։ Բայց ցավալի է, որ այդ խոսակցությունը քչացել է՝ այս Եվրաքվեի նախաձեռնության ներկայացրած օրենքի հավանությունից հետո, դա ափսոսանքով եմ ասում, այդ խոսակցությունը պետք է բաց պահել եւ մարդկանց ավելի շատ իրազեկել։ Եւ այս ֆոնին բավական աճել են դեզինֆորմացիայի ալիքները, ՌԴ-ից եկող հիբրիդային սպառնալիքները, եւ դրանց հակազդման բանաձեւերը մենք կենտրոնացված կերպով չենք կարողանում իրագործել»։

«Իսկ ռուսահայ քաղաքական միսիոներները կարո՞ղ են տրամադրություններ փոխել, որ մենք մեր սեփական ուղով պետք է գնանք՝ ինչպես Իվանիշվիլին»։

Այս դիտարկմանն ի պատասխան Հակոբյանն արձագանքել է․

«Չեմ կարծում, որ դրանք մեծ ազդեցություն ունեն։ Մի քիչ ավելի ԵՄ-ից խոսույթ կա ակնկալիքներ չմեծացնելու մասին, կարծում եմ՝ դա մի քիչ անբարենպաստ, կամ, այսպես ասած՝ «սառեցնող» ազդեցություն է գործում մարդկանց վրա, քանի որ դրա մեկնաբանությունը կարող է այն լինել, որ ԵՄ-ն մեզ չի սպասում։ Բայց պետք է հասկանալ նաեւ, որ ԵՄ-ն ընդամենը ասում է, որ կան մի շարք գործոններ, որոնք ազդում են որեւէ պետության անդամակցության հեռանկարի վրա եւ այդ գործոնները պետք է հաշվի առնվեն, դրանք են օրինակ՝ նույն Կոպենհագենյան, նույն acquis communautaire-ի, մյուս չափանիշներին համապատասխանեցումը: Եթե շատ հեռու չգնանք, առաջին հերթին սկսենք սեղանին դրված փաստաթղթերից՝ ՀԸԳՀ-ից, որով ստանձնած հանձնառությունները դեռ իրականացված չեն եւ իշխանության ներսից կարծիքներ են հնչում, որ ամենադրական ակնկալիքների պարագայում մինչեւ հաջորդ տարի պետությունը կկարողանա մինչեւ 50 տոկոսն իրականացնել, ինչն ամեն դեպքում չի խոսում պատշաճ ջանադրության մասին, քանի որ մինչ այդ այդ համաձայնագրի որոշ դրույթներ արդեն իսկ ուժի մեջ էին, իսկ 2021-ի մարտի 1-ից ամբողջությամբ է ուժի մեջ եւ բավական ժամանակ է անցել, պետք է այդ ջանքերն արագացնել։

Նաեւ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում մեր ներկայության հարցերը կան, իհարկե, էլի պետք է անդրադառնանք տնտեսական դիվերսիֆիկացիային, որպեսզի կարողանանք ԵԱՏՄ-ից դուրս գալ, բայց այստեղ էլ այդ պատշաճ ջանադրության հարցը կա։ Իսկ իշխանությունն ի՞նչ է ասում, ասում է՝ ռեֆորմը նրա համար է, որ դանդաղ արվի, դա այդպես է եթե կոմպետենտ մարդ չկա, երբ կա՝ ռեֆորմը արագ է արվում»։

Լրագրողը հիշեցրել է՝ «Փաշինյանը նախատում է քաղհասարակությանը, ասում է՝ մենք ենք պաշտպանում ժողովրդավարությունը, դուք քանի՞ հայտարարություն եք տարածել հայհոյախոս անձանց դատապարտելով, կա իշխանության իրականությունը, որ մենք ժողովրդավար ենք, այո, կան խնդիրներ, որ կլուծենք, կա ընդդիմության իրականությունը, ըստ որի ՀՀ-ում բռնապետություն է, բանտերը լիքն են քաղբանտարկյալներով՝ Աջապահյանը, Գալստանյանը, Սամվել Կարապետյանը, կան իրավապաշտպաններ, որ ասում են՝ այսօր ավելի վատ է, քան նախկինում էր»։

Ի պատասխան Հակոբյանը նշել է․

«Այդ մարդկանց ոչ կարելի է անվանել ահաբեկիչներ, ոչ էլ՝ քաղբանտարկյալներ, դրա համար պետք է պատշաճ քննություն իրականացնել։ Ես քննադատել եմ իշխանության այն ներկայացուցիչներին, որոնք նրանց ահաբեկիչներ են կոչել։ Իրավաբանության մեջ գոյություն ունի անմեղության կանխավարկած, եւ հատկապես իշխանության ներկայացուցիչները պետք է դրանով առաջնորդվեն, բայց դաշտում եղած եւ հրապարակված ապացույցները թույլ չեն տալիս այդ անձանց որակել քաղբանտարկյալներ։ Վարչապետը չպետք է անձամբ զբաղվի այդ ձայնագրությունները հրապարակելով, այդ գործի շրջանակում հասարակական բարենպաստ կարծիք ապահովելով։ Դրա համար պետք է գոյություն ունենային համապատասխան պետական ինստիտուտներ, եւ օրինակ՝ եթե այդ գործով զբաղվում է ԱԱԾ-ն, կամ ՔԿ-ն, կամ՝ մեկ այլ իրավապահ մարմին, ապա նրանք պետք է ունենային ե՛ւ այդ գործի բովանդակային առումով զբաղվելու պատշաճ կարողություններ, ե՛ւ այդ գործի մասին պատշաճ հաղորդակցություն վարելու ստրատեգիական, կամ ոչ ստրատեգիական լուծումներ, եթե դրանք դա չունեն, դա վարչապետի անելիքը չէ։ Ինչ վերաբերվում է այն հարցին, թե սա ավելի վատ ռեժիմ է, ապա միանշանակ՝ այդպիսի կասկածներ արտահայտող իրավապաշտպաններին պետք է վերաբերվել որպես նախորդ ռեժիմի քարոզիչներ, քանի որ այն, ինչ եղել է եւ այն, ինչ կա, դրանց միջեւ համեմատության եզրեր չի կարելի անցկացնել։ Ոչ միայն իրավապաշտպանները, նաեւ կուսակցությունների ներկայացուցիչներ, օրինակ՝ նախորդ շաբաթ հրապարակվել է Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ շրջադարձային վճիռը, բայց քանի՞ հոգի է այդ մասին խոսում։ Այդ թվում այն անձանցից, որոնք այդ իրադարձությունների ժամանակ ապացույցներ են հավաքել, խոսել են միջազգային կառույցների հետ, այդ վճիռն այդքան անկարեւո՞ր է, որ որեւէ մեկը չի խոսում, նույն քաղաքական կուսակցությունները։ Այդ 9 անձի կյանքի իրավունքի խախտում է արձանագրել ՄԻԵԴ-ն, դուք ասելիք չունե՞ք։ Դրանով է երեւում, թե ովքեր են կուսակցական նպատակներից ելնելով քննադատում այս իշխանությանը, ովքեր են անաչառ եւ օբյեկտիվ իրավապաշտպանները, եւ այն քաղաքական ուժերը, որոնք իրապես հետաքրքրված են ՀՀ ժողովրդավարացմամբ։ Ես տեսնում եմ, որ այդ մարդկանց մոտ այսպիսի մի գերնպատակ կա՝ ամեն գնով ապացուցել, որ այս իշխանությունը տապալել է ամեն ինչ՝ տապալել է 2020-ի պատերազմը, ոչ միայն տապալել է, այլեւ հրահրել է, 2023-ին Լեռնային Ղարաբաղն է հանձնել, տապալել է ժողովրդավարությունը եւ դրանով է պայմանավորված, որ այդ համեմատություններն են տարվում նախորդ իշխանության ավելի բարենպաստ լինելու մասին։ Մարտի 1-ի գործով բարձրաձայնումը այսօր հենց իսկապես լակմուսի թուղթ է այդ հարցերում»։

Դիտարկմանը, թե գուցե մարդիկ մտածում են, որ «Մարտի 1-ի ոճրագործությունը հայ ժողովրդի հանդեպ մեծ ողբերգություն է, բայց այսօրվա խնդիրներն են կարեւոր», Հակոբյանն արձագանքել է․

«Այդ մարդիկ խոսում են դիկտատորական ռեժիմներից եւ այդ ամենը հանգիստ նստած տարբեր եթերներով են բարձրաձայնում, այդ թվում մեդիաների մոտ 90 տոկոսում իրենք են հանդես գալիս՝ խոսելով դիկտատորական ռեժիմի մասին։ Մի հատ համեմատություն տարեք օրինակ՝ Ալիեւի դիկտատուրայի հետ, այնտեղ այդպես հեշտ նստում եւ խոսո՞ւմ են գործող իշխանության դիկտատուրայի մասին։ Այո, Փաշինյանի իշխանությունը շատ հարցեր է ձախողել, այդ թվում այն, որ գերկենտրոնացում կա խաղաղության գործընթացի վրա, այո, հասարակությունն ուզում է խաղաղություն, բայց այդ գործընթացը չպետք է տեղի ունենա ի հաշիվ ներքին բարեփոխումների։ Հայհոյախոսության մասով, ի դեպ, նույն խնդիրը Մոլդովայում էլ կա, ռուսական ագենտուրայից եկող հիբրիդային սպառնալիքները, այդ թվում՝ հայհոյախոսական խոսույթը, սպառնալիքները եւ այլն։ 2018-ից ի վեր իշխանությունն ունի բոլոր գործիքները՝ պաշտպանելու ժողովորդվարությունը բոլոր մակարդակներում՝ ե՛ւ օրենսդրական, ե՛ւ իրավակիրառ, ե՛ւ քարոզչական եւ այլ, ինչո՞ւ այդ հանձնառությունը, որն իշխանությունը ստանձնել է ժողովրդի առջեւ, չի կատարվում եւ ինչո՞ւ է այդ չկատարման մեղքը բարդվում իրավապաշտպանների վրա։ Քանի՞ ճակատով պետք է իրավապաշտպանները պայքարեն»։

Մարտի 1-ի մասին ՄԻԵԴ հրապարակված վճիռը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կոչ է անում չկապել Քոչարյանի եւ նրա թիմակիցների հետ։

Ի պատասխան այս դիտարկման Հակոբյանն արձագանքել է․

«Այդ մասին արդեն իսկ տուժողների իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանն արել է հայտարարություններ, այդ թվում՝ կոչ անելով պատշաճ քննության առնել հրամանատարական այն ողջ շղթան, որը գործել է եւ որի հետեւանքով տեղի են ունեցել անձանց կյանքի իրավունքի խախտումները։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ պետությունը 17 տարի չի կատարել արդյունավետ քննություն իրականացնելու իր պարտականությունը բոլոր 9 տուժողների մասով, այսինքն, գործը պետք է պատշաճորեն քննվեր, որ բացահայտվեր՝ ով է առնչություն ունեցել։ Ինչո՞ւ չի քննվել մինչեւ 2018-ը, քանի որ գործել է փոխկապակցվածություն ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ մնացած գործող անձանց մասնակցությամբ, եւ բնականաբար, ամեն բան արվել է, որ այդ գործը չքննվի եւ արդյունք չլինի։ Այս իշխանությունը եւս չդրսեւորեց այդ պատշաճ ջանադրությունը, հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ նախորդ գլխավոր դատախազի պարագայում այդ գործը էլի պետք է ձախողվեր, քանի որ նա որտե՞ղ հայտնվեց հետո, Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր փողոցային շարժման շարքերում, եւ բնականաբար, ինքն էլ չէր բացահայտելու այդ գործը, եւ հիմա եկել է ներկայիս դատախազը եւ պարզ չէ՝ արդյո՞ք նա ջանք կգործադրի այդ գործը բացահայտելու համար։

Բայց շարքային քաղաքացուն հասկանալի էր, թե դեպքերը ինչի հետեւանքով ինչպես զարգացան եւ ուր հասան։ Եւ այդ մասին 2018-ից ՄԻԵԴ տարբեր վճիռներով արձանագրումներ են արվել՝ նույն Սաղաթելյանի գործով, Ոսկերչյանի գործով, թե ինչպես այդ խաղաղ հավաքների հարցում տեղի ունեցավ ոստիկանական անհամաչափ միջամտություն, ինչպես դրանք զարգացան եւ ուր հասան։ Իսկ եթե մարդիկ մոռացել են, կամ ավելի երիտասարդ են, չեն հիշում՝ այդ դեպքերն ինչպես էին զարգանում, ապա նրանց պետք է հիշեցնել, որ այդ խաղաղ հավաքն առավոտյան ցրելուն նախորդել էին անձամբ Քոչարյանի գլխավորությամբ տեղի ուենցած բազում խորհրդակցություններ, Ոստիկանապետի, ԱԱԾ պետի, եւ այլ գործող անձանց մասնակցությամբ, որտեղ հստակ հրահանգներ էին տրվել»։

Հիշեցմանը, որ Ռոբերտ Քոչարյանը մի անգամ ասել է, որ Ազատության հրապարակում ցույցը ցրելու մասին առավոտյան աշխատանքի գնալուց հետո է իմացել, Հակոբյանն հակադարձել է․

«Քոչարյանի մոտ այդպես է, ամեն ինչ աշխատանքի գնալուց հետո է իմանում՝ Հոկտեմբերի 27-ն էլ էր ինքը շատ պատահաբար իմացել, այդ հայտարարություններն էլ են վերլուծության եւ գնահատման արժանի։ Այսինքն, պետության ղեկավարը չէ՞ր տիրապետում իր պետությունում ստեղծված իրավիճակին։ Տեղյա՞կ չէր՝ ինչ էր կատարվում։ Թող քննեն եւ լսեն իրեն»։

Իսկ արդյո՞ք ՄԻԵԴ այս վճռից հետո Քոչարյանին նոր մեղադրանք պե՞տք է առաջադրվի։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Չեմ կարող ասել՝ Քոչարյանին պե՞տք է մեղադրանք առաջադրվի, թե՞՝ ոչ, բայց այդ գործը պետք է արդյունավետ քննության առարկա դառնա, վճիռը դա է ենթադրում, երբ ՄԻԵԴ-ն արձանագրում է, որ պետությունը չի կատարել արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը, դա չի ենթադրում, որ էջը պետք է շուռ տալ եւ անցնել առաջ, պարտավորությունով պետությունը շարունակում է մնալ ծանրաբեռնված եւ դա ենթադրում է, որ այդ պարտավորությունը պետք է իրականացվի։ Մանավանդ, Ռոբերտ Քոչարյանից սկսած, շատերով վերջացրած այդ օպերացիայի մասնակիցները դեռ ողջ են, ի վիճակի են եւ ցուցմունքներ տալու եւ այլ ապացույցներ տրամադրելու»։

Հարցին, թե «ինչպես եք գնահատում ՀԱԿ դիրքորոշումը ՀՀ անցյալի այս դեպքերի վերաբերյալ, արդյո՞ք հետապնդում են այս հարցով արդարության վերականգնման նպատակ, թե՞ ինչպես ձեր իրավապաշտպան մյուս գործընկերների պարագայում՝ հիմա ավելի կարեւոր խնդիր կա՝ Փաշինյանի իշխանությունը», Հակոբյանն արձագանքել է․

«Ես առհասարակ մարդ եմ, որ չի սիրում սկսած գործը անավարտ թողնել, մարտի 1-ի գործով տասը զոհերը զոհվել են, քանի որ լսել են ՀԱԿ-ի կոչերը եւ գնացել են այդ հավաքներին, եւ անգամ բարոյական հարթությունում այդ քաղաքական ուժն ունի պարտավորություն այդ գործով հետաքրքրվելու։ Ես դեռ չեմ խոսում բարոյական այնպիսի նրբությունների մասին, ես ծնողների դիտանկյունից եմ նայում, թե որքան տառապանք եւ ցավ պատճառեց ՀԱԿ նախագահի այն հայտարարությունը, որ ինքը հանգիստ շփվում է Քոչարյանի հետ, 2021-ին Հանրային հեռուստաընկերությամբ դա հայտարարեց, մեկ-մեկու զանգում են, իրար որպիսությամբ են հետաքրքրվում, ես անգամ դա չեմ քննարկում, բայց այսօր այդ վճռից հետո լռելը շատ խոսուն է ոչ միայն ՀԱԿ անդամների եւ ղեկավարների մասին, այլեւ շատ այլ իրավապաշտպանների, որոնք այդ հարցերում ներգրավված են եւ այսօր կարծես ոչինչ տեղի չի ունեցել, քանի որ այդ վճռի ուղղակի կամ անուղղակի թիրախը Փաշինյանը չէ»։