Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Հրապարակվել է Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ վճիռը․ Տիգրան Եգորյանի մեկնաբանությունները

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի 9 զոհերի գործով վճիռը, որում արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանի Հանրապետությունը խախտել է նրանց կյանքի իրավունքը։ Դատարանը միաձայն որոշել է, որ բոլոր զոհերի մասով ՄԻԵԿ-ի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտում է եղել՝ փաստելով, որ բոլոր զոհերի մահվան քննության գործերով քննչական գործողությունները եղել են ոչ լիարժեք և անարդյունավետ։

Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով այս վճիռը՝ Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը նշել է․

«Նախ՝ անդրադառնամ նրան, ինչն այդքան էլ շատ չի հրապարակվում․ այս վճիռը կայացնելիս ՄԻԵԴ-ը բազում աղբյուրներ է օգտագործել, բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում՝ Human Rights Watch-ի զեկույցները, որոնց ջանքն ու ներդրումը կարևոր է գնահատել, և մանավանդ ՀՀ իրավազորության շրջանակում գործած Փաստահավաք խմբի զեկույցները։ Անվանական կարծում եմ անհրաժեշտ է առանձնացնել հիմնական շարժիչ ուժը հանդիսացած խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի ջանքը։ Միաժամանակ, վճռից դուրս են մնացել իմ գործընկեր, այս գործում ևս հսկայական ներդրում ունեցած Արտակ Զեյնալյանը, որը մինչև համապատասխան անհամատեղելիությունը տուժողների իրավահաջորդներից լիազորություն է ունեցել և նրանց ներկայացրել է ՄԻԵԴ-ում Վահե Գրիգորյանի հետ միասին։Ապա՝ կուզեի ներկայացված հարցի շրջանակում անդրադառնալ «բացառությամբ երկուսի» ձևակերպմանը, որը շատ սխալ է ընկալվում։ Այստեղ խոսքը Զաքար Հովհաննիսյանի և Սամվել Հարությունյանի մասին է։ Պետք է հստակեցնել, որ ՄԻԵԴ-ը ՄԻԵԿ 2-րդ հոդվածի շրջանակում երկու կարևոր բաղադրիչ է քննարկում՝ մեկը նյութական իրավունքն է, մյուսը՝ ընթացակարգային իրավունքը։ Նյութականի տակ ՄԻԵԴ-ն առանձնացնում է մահվան պատճառը, եթե կուզեք՝ մահ պատճառողին։ Ընթացակարգայինի պարագայում առանձնացնում և քննարկում է, թե կյանքի իրավունքը երաշխավորած և ապահովման պարտականություն ունեցող պետությունն արդյո՞ք ձախողել է իր այդ պարտականությունը, թե՞՝ ոչ, ապա կյանքի իրավունքի խախտման հետևանքով իրականացրե՞լ է մահվան հանգամանքներն ու մեղավորներին պարզելու անհրաժեշտ ու արդյունավետ քննություն, և ապա իրականացրե՞լ է արդյոք մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իր պարտականությունը։ Առաջին բաղադրիչով ՄԻԵԴ-ը փաստել է, որ իր տնօրինման ներքո եղած ապացույցները բավարար են, որպեսզի դատարանը ապացուցված համարի, որ այս անձանց մահը վերագրվում է պետության պատասխանատվությանը, պատճառվել է պետական գործառույթների արդյունքում՝ բացառությամբ Զաքար Հովհաննիսյանի և Սամվել Հարությանյանի, որոնց մասով արձանագրել է, որ կառավարության բոլոր դիրքորոշումներն առ այն, որ նրանց մահը պետության միջամտության հետևանք չէ, դատարանը անհիմն է համարում։

Երկրորդ, Դատարանը արձանագրել է, որ իր քննարկած բոլոր ապացույցների շրջանակում, ամենայն հավանականությամբ, այս անձանց մահը կարող էր վերագրվել պետությանը, սակայն նման վերագրումը վճռով արձանագրելու համար ապացույցները բավարար չեն, հետևաբար, անցնելով առաջ՝ ՄԻԵԴ-ն ասում է՝ բոլոր մահերի կապակցությամբ կյանքի իրավունքի պաշտպանության ձախողման հարցում պատասխանատու է համարում ՀՀ-ին։ Կյանքի իրավունքի խախտման գործերով ընթացակարգային իրավունքների խախտման համար պատասխանատու է համարում ՀՀ-ին, քանի որ որ չի իրականացվել արդյունավետ քննություն, տուժողները պահվել են բացարձակ անիրազեկության պայմաններում՝ իրենց հարազատների կյանքի իրավունքի խախտման գործերի քննության մանրամասների տեսանկյունից, և որ մինչ օրս բացահայտված չեն և ոչ ոք պատասխանատվության ենթարկված չէ։ Սա արդեն բոլորին է վերաբերում, այսինքն՝ չկա որևէ մեկը, որի հետ կապված կարող են ասել, թե գործից դուրս է մնացել։ Նրբությունը միայն նյութական իրավունքի մասով է։

ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ պետությունը 9 հոգու պարագայում էլ նրանց կյանքի իրավունքն ապահովելու համար չի ձեռնարկել անհրաժեշտ և բավարար միջոցներ։ Սրան ևս ՄԻԵԴ-ը ծավալուն անդրադարձ է կատարել՝ ասելով, որ պետության զինված ներկայացուցիչների՝ կլինեն ոստիկաններ, թե զինծառայողներ, կիրառած միջոցները,  նրանց համապատասխան գործառույթ իրականցնելու կապակցությամբ արդյունավետ պատրաստվածություն իրականացնելու ապացույցներ չեն ներկայացվել, հետևաբար, ՄԻԵԴ-ը համարում է, որ նրանք այդպիսի միջոցառումներ իրականացնելուն պատրաստված չեն եղել, որ իրականացված գործողությունները չեն եղել լավ նախապատրաստված, գործադրված մահաբեր և կյանքի համար վտանգավոր զինատեսակները չեն կիրառվել ճշգրիտ․ դրանք կիրառվել են ժամկետանց, կիրառության վերաբերյալ ինչպե՛ս հրահանգները, այնպե՛ս էլ դրանք կիրառություն կատարողները իրականացրել են անհամաչափ ուժի կիրառման միջոցով, այսինքն՝ բոլոր դեպքերում, երբ կիրառվել են այդ միջոցները, անհրաժեշտ չի եղել»։

Հարցին, թե իրավական առումով ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ հետևանքներ կունենա՞ արդյոք, Եգորյանը պատասխանել է․

«Սա նշանակում է, որ ՀՀ-ն ձախողել է իր կոնվենցիոն, նաև սահմանադրական հիմնարար իրավունքի ապահովումը․ դա կյանքի իրավունքն է։ Ձախողել է այդ իրավունքի խախտման արդյունքում արդյունավետ քննություն իրականացնելու իր պարտականությունը՝ ՀՀ-ի ՄԻԵԿ անդամակցության շրջանակներում ՄԻԵԴ որոշումը կատարելու պարտականության շրջանակներում։ Չեմ խոսում Սահմանադրության և ներքին օրենսդրության մասին, քանի որ այդ պարտավորությունները պետությունը արդեն 17 տարի է ձախողել, բայց հիմա պիտի կատարի իր պարտականությունը և իրականացնի արդյունավետ քննություն։ Ավելին, դատարանը փաստել է, որ ՀՀ-ն խախտել է նաև իր պարտավորությունները ՄԻԵԴ առջև՝ 38-րդ հոդվածի մասով՝ հաստատված համարելով, որ պետությունը չի համագործակցել ՄԻԵԴ-ի հետ, չի տրամադրել գործի վերաբերյալ անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն»։

Լրագրողի դիտարկմանը, որ «արձանագրվել է մարդկանց կյանքից զրկելու փաստը, բայց  ի՞նչ պետք է լինի դրա հետևանքը, երբ ծանր հանցագործության պարագայում դատապարտված անձինք չկան», Եգորյանն արձագանքել է․

«Այս պահի դրությամբ չունենք նաև ադեկվատ մեղադրանք, որը քննության առարկա լինի որևէ դատարանում։ Մի գործ կա, որով դեռ քննարկվում է՝ քննության առարկա դարձնել-չդարձնելու հարցը, բայց դեռ քննության առարկա չէ։ Եվ այստեղ նաև կարևոր է, որ պետությունը պարտավորություն ունի ուժի կիրառման համար պատասխանատվություն կրող ամբողջ շղթային՝ վերից վար, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ քննություն և գործողություններ իրականացնելու հարցում։ Դա պարտավորություն է։ ՄԻԵԴ-ն, այդ ամենն արձանագրելով, ճանաչել է պետության՝ այդ պարտավորության խախտումը, և հետևաբար, այս վճռի կատարումը ենթադրում է այդ պարտավորության կատարում։ Սա ենթադրում է, որ մինչև վերջին օղակը պետք է քննվի»։

Դիտարկմանը, թե այն ժամանակ Հանրայինի եթերով այլ բաներ էին ցույց տալիս՝ զենք, թմրանյութեր և այլն, Եգորյանն արձագանքել է․

«ՄԻԵԴ-ը այդ հարցերին էլ է անդրադարձել՝ արձանագրելով, որ կառավարության ներկայացրած բոլոր նարատիվները դատարանի համար համոզիչ չեն, և բացատրել է ինչու»։

Պատասխանելով հարցին, թե «ասվում է, որ պատշաճ քննություն չի իրականացվել, այդ հարցում նույնպե՞ս պիտի նույն ձևով պատասխանատվություն լինի», Եգորյանը նշել է․

«Իհարկե, դա էլ է պատասխանատվության բաղադիչ, քանի որ երբ պետությունը ձախողում է իր որևէ գործառույթ, այդ ձախողումը կոնկրետ այս դեպքում պայմանավորված է եղել կոնկրետ անձանց գործողություններով, կամ անգործությամբ։ Բոլորս հո՞ գիտենք ապացույցների կեղծման, կեղծ ապացույցների ձևավորման մասին, այդ ամենի համար պատասխանատու անձինք ևս ենթակա են պատասխանատվության»։

«Այսինքն, սա վերաբերվում և՛ Ռոբերտ Քոչարյանին և՛ Սերժ Սարգսյանի՞ն։ Եգորյանի խոսքով, «եթե անկեղծ, դա վերաբերում է նաև այս պահի դրությանը, քանի որ այս պահին ևս ՀՀ-ն ձախողում է այս գործով արդյունավետ քննությունը»։

Լրագրողի դիտարկմանը, թե «տարիներ են անցել, տարիներ անց արդյունավետ քննություն անելն ավելի բա՞րդ չէ», Եգորյանը հակադարձել է․

«Բայց բազմաթիվ հարցեր կան, որ ապացույցներ վերացնելուն, կամ փոխելուն չեն վերաբերում, և ՄԻԵԴ-ն անդրադարձել է դրանց։ Ենթադրենք՝ կոնկրետ ինչ-որ մի գործողություն անող անձի կապակցությամբ ապացույց չկա, բայց ապացուցված է, որ այդ գործողությունը կատարվել է։ Օրինակ, Չերյոմուխայի գործածությունը, որն անթույլատրելի է, համաչափ չէ նման իրադրությունում այդպիսի գործողության տեսանկյունից․ գիտենք կատարողներին, հրաման  տվողներին, հրաման տվողների հրամանատարներին, և առհասարակ այդ ողջ գործընթացը նախաձեռնած գերագույն գլխավոր հրամանատարին։ Այս ամբողջը պատասխանատվության շղթա է, որտեղ ամեն մեկը ինչ-որ օղակ է, եթե մեկ օղակի վերաբերյալ չկա ապացույց, դա չի նշանակում, որ ամբողջ շղթան ազատվեց պատասխանատվությունից։ Իսկ այդ շղթան շատ հստակ է, այն ձևավորվել է կոնկրետ ՀՀ նախագահի հանձնարարականներով, դրա հիման վրա արձակված բազմաթիվ հրամանագրերով, այդ թվում՝ այդ հույժ գաղտնի 0038 հրամանագրով, և որպես կուլմինացիա՝ մարտի 1-ի դեպքերը, ապա մարտի 1-ի լույս 2-ի ընթացքում ընդունված «Արտակարգ դրության մասին» հրամանագիրը, որն ըստ էության ռազմական դրության մասին հրամանագիր է։

Այսինքն, փետրվարի 23-ից ունենք նախագահից մինչև ստորին օղակներ հրամանատարական ողջ շղթան, որոնք պաշտոնապես գործելով՝ նախապատրաստել և իրագործել են այդ օպերացիան, որի արդյունքում մարդիկ են սպանվել։ Այսինքն, այստեղ չկա հարց, որ ինչ-որ մի բան չի լինում տարիների բերումով չբացահայտել։ Օրինակ՝ Չերյոմուխա կիրառած անձանց մասով գործ է կարճվել, բայց նույնականացում պետք էլ չի որ լինի, քանի որ այս մարդիկ քաղաքացիական անձինք չեն, որ պատահաբար մեկը մեկին վեճի ժամանակ կրակել է, կամ դանակահարել, այս մարդիկ հրամանով դուրս են բերվել փողոց, հրամանով նրանց տրամադրվել է սպառազեն, կյանքի համար վտանգավոր զենքեր, նրանց չի տրամադրվել համապատասխան պատրաստվածություն, համապատասխան կարգաբերում, թե ինչպես պետք է գործել համապատասխան իրավիճակներում, տրվել են անկանոն կրակ արձակելու հրամաններ, և այդ կրակը վարվել է ոչ պիտանի միջոցներով և ոչ պիտանի եղանակով՝ չի եղել համաչափ։ Այս ամենի արդյունքում մարդ է մահացել։ Այս գործողությունները միասնական դիտավորության շրջանակում կատարված գործողություններ են։ Անգամ եթե որևէ մեկի կապակցությամբ ապացույց չկա, որ այս մեկը դիտավորությամբ կրակել է և օրինակ՝ Տիգրանին սպանել է, նա ունեցել է ալտերնատիվ դիտավորություն․ երբ նա կրակում է օրինակ՝ Տիգրանի ուղղությամբ, հասկանում է, որ կարող է մահ պատճառել։ Իսկ այդ արարքը ևս հանցավոր է։ Դա ալտերնատիվ դիտավորությամբ սպանություն է։ Այստեղ ապացույցների բաց չունենք, ունենք մեղադրանքի բաց, մեղսագրվող արարքի ձևակերպման բաց ունենք։ Ընդամենը պետք է ձևակերպվի որպես ճիշտ քրեաիրավական գնահատական»։

Այսինքն, սա ազդանշան է նաև ներկա՞ համակարգին։

Պատասխանելով այս հարցին Եգորյանը նշել է․

«Այո, ՀՀ-ին, անկախ նրանից, թե այս պահին ով է իշխանությունը, ով է քաղաքական մեծամասնությունը»։

Մեկնաբանելով տուժածների իրավահաջորդներին 30 հազար եվրո փոխհատուցում տրամադրելու որոշումը՝ Եգորյանը նշել է․

«Սա ոչ նյութական, բարոյական փոխհատուցում է այն բանի համար, որ ՀՀ-ն խախտել է երկրորդ հոդվածով պաշտպանվող իրավունքները՝ ե՛ւ ընթացակարգային, ե՛ւ նյութական առումներով։ Մի դեպքում մի քանիսի մասով նյութական առումով, այսինքն, անմիջապես իրագործել է այդ սպանությունը որպես պետություն, և բոլորի դեպքում չի կարողացել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որ այդ մահերը վրա չհասնեն իր կողմից նախաձեռնած օպերացիայի արդյունքում, ապա չի իրականացրել այդ մահերի արդյունավետ քննություն, չի հայտնաբերել պատասխանատուներին, և նրանց չի ենթարկել պատասխանատվության։ Բարոյական մասով սա ՄԻԵԴ-ն նվազագույն փոխհատուցման սահման է։ Եվ այդ գումարը պետությունը պետք է վճարի»։

Լրագրողի դիտարկմանը, թե «որոշ փաստաբաններ ասում են, որ պետք է գանձել այդ գումարը նրանցից, ովքեր մեղավոր են», Եգորյանն արձագանքել է․

«Ռեգրեսիվ պահանջների հարցն այլ է, բայց այս պահին պարտավորությունը պետությանն է և ոչ միայն սա։ Պետությունն առհասարակ պետք է վճարի այն համաչափ փոխհատուցումը, որն այս մարդկանց մահվան բերումով պատճառվել է նրանց ազգականներին։ Այս հարցը դեռ չի բարձրացվել, բայց կբարձրացվի առաջիկայում»։

Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ հարցը, որը քաղաքական էր, թե ո՞վ է մեղավոր, ՄԻԵԴ վճռով ստացավ իր պատասխանը։  Ըստ Եգորյանի՝ «այո, շատ կարևոր պարբերություններով այդ հարցին ՄԻԵԴ-ն բավական լակոնիկ արձագանքել է»։

«Նախ ՄԻԵԴ-ը ֆիքսել է, որ ընտրություններից հետո մեկնարկած հավաքները եղել են խաղաղ, ապա ասում է՝ որևէ ապացույց չկա, որը անհրաժեշտության և բավարարության մակարդակի ապացուցի, որ որևէ ցուցարար ունեցել է հրազեն։ Ասում է՝ գուցե եղել են քարեր, կամ այլ իրեր, բայց որևէ ցուցարար հրազեն չի ունեցել, և երրորդ, ասում է՝ անկարգությունների պարագայում պետությունն իրավասություն ունի ուժ կիրառել, բայց դա 11-րդ հոդվածի ներքո պաշտպանվող ցանկացած գործողության՝ այսինքն հավաքի նկատմամբ այդպիսի ուժ կիրառելու քարտ բլանշ չէ,  և քանի որ ես՝ ՄԻԵԴ-ը, իմ նախկին վճիռներով արձանագրել եմ, որ հավաքները եղել են խաղաղ, այս միջոցների կիրառման անհրաժեշտությունը չի եղել՝ մեկ, և 2-րդ՝ այս միջոցները կիրառվել են իշխանության սանձազերծմամբ և նախաձեռնությամբ, և նշում է՝ այդ գործընթացում ներգրավված ուժերին ըստ էության հանձնարարված է եղել կանխել հավաքները, իսկ այդ ուժերը չեն ունեցել համապատասխան պատրաստվածություն, նրանց տրամադրվել է մահաբեր, կյանքի համար վտանգավոր զինատեսակներ, որոնց կիրառությունը ևս իրականացվել է առանց խտրության։ Սրանով ՄԻԵԴ-ի պատասխանը սպառիչ է, այսինքն, պետական իշխանությունը նախաձեռնել է մի գործընթաց, որն այդ պահի դրությամբ առկա իրադարձությունների ֆոնին անհրաժեշտ չէր, ապա այդ գործընթացն իրականացրել է այնպիսի եղանակով, որը համաչափ չէր այդ պահի դրությամբ առկա իրադրության բերումով, ապա այդ գործընթացն իրականացնելու արդյունքում պատճառել է մահ։ Պատասխանատուն միայն ձգանը քաշող անձը չէ, ինչը արձանագրված է»։

Լրագրողի դիտարկմանը, թե որպես զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ՝ ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ի՞նչ պետք է անել, Եգորյանն արձագանքել է․

«Հաջորդ քայլը մեկը չէ, բազմաթիվ են, ամբողջ մարտավարական պրոցեսը չնկարագրեմ, բայց ամենակարևորը․ պետք է կենտրոնանալ պետության պարտավորության կատարման վրա, վերականգնել այն կարողությունը, որը կնպաստի այս պարտավորության կատարումը ապահովելուն և այն մասով, որոնցով էլ գտնելու բան չկա, իրականացվեն պատշաճ իրավական գնահատականներ։ Քրեաիրավական ճշգրիտ գնահատականներ տրվեն և գործերն ուղարկվեն դատարաններ։ Օրինակ՝ ինչպես նշեցի մի քանի դեպք, երբ այլևս քննելու բան չկա, արդեն հայտնի են բոլորը, ընդամենը պետք է ճիշտ գնահատական տալ և գործն ուղարկել դատարան՝ քննության։ ՄԻԵԴ-ի արձանագրած մասով այդպիսի գործերը առնվազն մի քանի խումբ են ստացվում, նաև հիմա ընթացող դատավարություն կա, որով, իհարկե, երբ մեղադրանքը քննության առարկա կդառնա, այդտեղ անհրաժեշտություն կլինի որոշ լրացումներ ներկայացնել․ խոսքը «Քոչարյանը և մյուսները» գործի մասին է»։

Exit mobile version