Հնարավոր չէ հավերժ հակամարտել․ Լուսինե Հակոբյան

«Վեկտորը ճիշտ է ընտրված: Իհարկե, սա չի նշանակում, որ չկան մտահոգություններ։ Իսկ վեկտորը ճիշտ է, քանի որ ի վերջո հնարավոր չէ հավերժ հակամարտել։ Պատմական փորձն էլ է ցույց տալիս, որ դա ճիշտ է, թեկուզ Եվրոպական Միության ստեղծման պատմությունն է դա ցույց տալիս. երկրորդ համաշխարհային պատերազմից ընդամենը 5 տարի անց ոխերիմ թշնամիներ Ֆրանսիան եւ Գերմանիան՝ Ժան Մոնեի եւ Ռոբեր Շումանի նախաձեռնությամբ, ընդունեցին հայտնի Շումանի հռչակագիրը, որը հիմք դրեց Գերմանիայի եւ Ֆրանսիայի միավորմանը եւ Ածխի և պողպատի եվրոպական համայնքի ստեղծմանը՝կանխելու հաջորդ պատերազմներն ու հասնելու խաղաղություն»։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. ի՞նչ փուլում են հայ-ադրբեջանական հարաբերությունները» մեծ քննարկման ժամանակ հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։

Պատասխանելով հարցին, թե «արդյո՞ք այդ համեմատությունը կոռեկտ է մեր եւ թուրքերի պարագայում»՝ Հակոբյանը նշել է․

«Այն թշնամանքը, որ եղել է ֆրանսիացիների եւ գերմանացիների միջեւ այն տարիներին, նույնն է, ինչ մեր և թուրքերի միջև։Նրանց մոտ Ցեղասպանության պատմություն չկա, բայց կան բազում վայրագությունների պատմություններ, որ հիմնականում գերմանացիներն են կատարել, բայց ի վերջո երկուստեք որոշել են, որ ելքը հաշտությունն է, ելքը չի կարող լինել հավերժ պատերազմը։ Մի բան կա, սակայն, որ այդ տեքստում ինձ մտահոգում է, չնայած այն բանին, որ տեքստում շատ դրական դրույթներ կան։ Տեքստում կա միջազգային վեճերից հրաժարման հարցը, որը ինձ մտահոգում է որպես իրավաբանի եւ մարդու իրավունքների ոլորտի իրավաբանի։ Ի վերջո, քաղաքակիրթ աշխարհը ստեղծել է դատարաններ, որպեսզի մարդիկ իրենց միջեւ եղած վեճերը բռնություններով եւ հաշվեհարդարով չլուծեն, այլ լուծեն քաղաքակիրթ եղանակով, գնան դատարաններ։ Ես չեմ հասկանում՝ պրոբլեմը ո՞րն է, եթե Հայաստանը այդ հայցերին հետամուտ լինի դատական կարգով, նույնն էլ Ադրբեջանը, եթե մեր հանդեպ ունի ինչ-որ պահանջներ, հետամուտ լինի դրանց միջագային դատարաններում, եւ ի վերջո, այդպիսի վեճեր կարող են հետագայում էլ առաջանալ, այսինքն, դատական կարգով այդ վեճերին հետամուտ լինելուց հրաժարվելու նպատակն ինձ համար անհասկանալի է։ Ցանկացած պայմանագրում ընդունված դրույթ է, որ երբ կողմերը չեն գալիս համաձայնության, գնում են դատարան»։

Նկատառմանը, թե «ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը ասում են խաղաղություն, բայց ընդդիմությունն ասում է՝ արժանապատիվ խաղաղություն, կարո՞ղ եք բացատրել՝ որո՞նք են այդ երկու խաղաղությունների տարբերությունները» Հակոբյանն արձագանքել է․

«Եթե այդ նախաստորագրված համաձայնագիրը չհամարենք պարզապես թուղթ, այնտեղ նաեւ գրված է արդար խաղաղություն, այսինքն, դա մոտ է արժանապատիվ խաղաղությանը, ամեն դեպքում, այդ փաստաթղթում կան դրույթներ, որոնք հղում են պարունակում միջազգայնորեն ընդունված կարեւոր փաստաթղթերին՝ ՄԱԿ-ի կանոնադրութանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին, տարբեր այլ կոնվենցիաներին։ Նաեւ ինձ ուրախացնում է, որ նոր Սահմանադրությունը որպես նախապայման տեղ չգտավ այդ փաստաթղթում, դա եւս կարեւոր առաջընթաց էր եւ եթե ընդդիմությունն անընդհատ խոսում է զիջումների մասին, տեսնում ենք, որ այնքան էլ այդպես չէ, և նոր Սահմանադրության հարցը մնացել է բանավոր հայտարարությունների մակարդակում։ Եւ ի վերջո այդ թեզը, որ Ալիեւը շրջանառում է, նա միջազգային համայնքի առջեւ չի էլ կարողանալու պաշտպանել։ Ի վերջո, դիցուկ՝ այդ հանրաքվեն եղավ, եւ հայ ժողովուրդը հենց թեկուզ միայն Ալիեւին հակադրվելու համար, գնաց ու դեմ քվեարկեց, միջազգային հանրությանն ի՞նչ է ասելու Ալիեւը՝ ասելու է հայ ժողովուրդը դեմ է, հիմա ես պետք է հարձակվեմ-ոչնչացնե՞մ նրան։ Դա ոչ ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ոչ էլ որեւէ այլ փաստաթղթով լեգիտիմ պատճառ չէ պատերազմ սանձազերծելու համար, հետեւաբար, ասելիք չի ունենալու, եւ այդ նախապայմանն էլ իմաստ չունի նաեւ իր կողմից»։

Իսկ հասարակությունները պատրա՞ստ են խաղաղության։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Եթե հղում անենք հարցումներին՝ մեր հարցվածների գերակշիռ մեծամասնությունն ուզում է խաղաղություն։ Բայց նաեւ որոշ հարցեր պետք է վերեւից պարտադրել՝ հենց նույն անգլիացուն, կամ ֆրանսիացուն որ խոսացնես, այնպես չէ, որ հիացած են իրարով, կամ գերմանացիները եւ ֆրանսիացները։

Կարծում եմ նաեւ, որ կարեւոր էր, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ուղղակի խոսակցության միջոցով հասավ սրան, շատ կարեւոր է, իհարկե, որ այս ամեն ինչին միացավ նաեւ ԱՄՆ-ն, եւ նախագահ Թրամփի ստորագրությունն էլ դրվեց։ Պատկերացնում եմ, որ շատ դժվար է լինելու Ալիեւին այս համաձայնություններն անտեսել եւ անցնել միակողմանի բռնության, ագրեսիայի եւ այլն։ Միանշանակ, եւս մեկ անվտանգության բարձիկ դրեցինք․ ընդդիմությունը գուցե եւ ցանկանար, որ այդ բարձիկը Պուտինը դներ, փորձը, սակայն, ցույց տվեց, որ նրա դրածն այնքան էլ բարձիկ չէր, մեկ այլ բան էր։ Ինձ թվում է, որ այս իրավիճակում օպտիմալ բանաձեւ է եւ մեզնից է կախված, թե մենք այդ տեքստն ինչպես կհասկանանք, մեր հետագա քայլերն ինչպես կձեռնարկենք, ինչպես կհզորանանք, ինչ ուղով կգնանք, ում հետ գործընկեր կլինենք։  ԵՄ անդամակցությունն էլ էլի մեզ համար շատ կարեւոր անվտանգության բարձիկ կլինի, այս տարի այդ օրենքը ընդունվեց, կարծում եմ՝ այդ լրացուցիչ բարձիկներով շանս կա, որ տեղ կհասնենք»։