Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության մասին ՍԴ թիվ 1776 որոշումը պարզաբանում են դատավորներ Էդգար Շաթիրյանը և Դավիթ Խաչատուրյանը

2021 թվականին մի խումբ պատգամավորներ դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Խումբը համարում էր, որ այդ օրենքը խախտում է մի շարք սահմանադրական իրավունքներ։ Այս հարցը նաև հանրային ուշադրության կենտրոնում էր:

Օրենքի համաձայն` գույքի օրինական ծագումը բացատրել չկարողանալու դեպքում թույլատրվում է գույքի բռնագանձում։ Դիմողը վիճարկել էր դրա սահմանադրականությունը։ Դիտարկենք՝ ի՞նչ էր պնդում դիմողը, ի՞նչպես փաստարկեց պատասխանողը, և ի՞նչ որոշում կայացրեց Սահմանադրական դատարանը։

Ի՞նչ մտահոգություններ են ներկայացվել ՍԴ-ին․
Դիմող պատգամավորական խումբը պնդել է՝

  1. Օրենքը թույլ է տալիս գույքի բռնագանձում առանց հանցագործության ապացույցի և առանց մեղադրական դատավճռի,
  2. Բռնագանձումը կարող է վերաբերել գույքին, որ ձեռք է բերվել տարիներ առաջ, մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը՝ առանց հստակ ժամանակային սահմանների,
  3. Չկա հստակ սահմանում՝ ովքե՞ր են «փոխկապակցված անձինք», որոնց գույքը նույնպես կարող է ուսումնասիրվել,
  4. Ապացուցման բեռը դրված է քաղաքացու վրա. հենց ինքը պետք է ապացուցի, որ իր ունեցվածքը օրինական է,
  5. «Ապօրինի գույք» ասելով հասկանում են այն գույքը, որի օրինական աղբյուրը պարզ չէ։ Այս մոտեցումը, ըստ դիմողների, գույքն ինքնաբերաբար ապօրինի է համարում, նույնիսկ եթե հանցանք չկա,
  6. Ուսումնասիրությունները կարող են սկսվել առանց քրեական գործի կամ մեղադրանքի, օրինակ՝ միայն օպերատիվ տեղեկությունների հիման վրա,
  7. Դիմողները կարծում էին՝ օրենքը միջամտում է սեփականության իրավունքին՝ առանց բավարար երաշխիքների։

Ի՞նչ էր ասում պետությունը՝ որպես պատասխանող կողմ․

  1. Օրենքը ծառայում է հանրային շահին՝ հատկապես կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարին,
  2. Այն համահունչ է միջազգային փորձին (օրինակ՝ ՄԻԵԴ որոշումներին),
  3. Բռնագանձում հնարավոր է միայն դատարանի որոշմամբ,
  4. Հետաքննությունը սկսվում է միայն այն ժամանակ, երբ առկա են բավարար հիմքեր, իսկ անձը կարող է իրավական եղանակով պաշտպանվել,
  5. Գործընթացը իրականացվում է քաղաքացիական դատավարության կարգով, ոչ թե որպես քրեական հետապնդում։

Ի՞նչ որոշեց Սահմանադրական դատարանը․
ՍԴ-ն արձանագրեց, որ դիմումը կոնկրետ վիճարկվող հոդվածներ չի նշում, այլ ընդհանուր է ու վերաբերում է ամբողջ օրենքին՝ ինչը դժվարացնում է իրավական քննարկումը։

Այդուհանդերձ՝ Դատարանը անդրադարձավ մի շարք հարցերի և եզրակացրեց, որ Օրենքը հետապնդում է հանրային լուրջ նպատակներ, այն է՝ պայքար կոռուպցիայի և հանցավորության դեմ, և չի հակասում Սահմանադրությանը, քանի որ սեփականության իրավունքը սահմանափակվում է դատական կարգով, իսկ անձի իրավունքների պաշտպանությունը բավարար չափով երաշխավորված է։

Սահմանադրական դատարանը նշել է, որ այս գործի հիմնական նպատակը ապօրինի գույքի շրջանառության կանխումն է, ոչ թե` անձին պատժելը։

Ի՞նչ եզրակացություն կարող ենք անել՝

  1. Սահմանադրական դատարանը համարել է, որ օրենքը համապատասխանում է սահմանադրական սկզբունքներին։
  2. Բայց միաժամանակ սա մեզ հուշում է՝ ապօրինի գույքի դեմ պայքարում պետք է խստիվ պահպանվեն անձի իրավունքները, լինի հստակություն, կանխատեսելիություն ու դատական վերահսկողություն։
  3. Հետադարձ ուժի խնդիրը

Դիմողը պնդում էր, որ Օրենքը պահանջում է անձից ապացուցել նաև տարիներ առաջ իր ձեռք բերած գույքի օրինականությունը, ինչը նախկինում պարտադիր չէր։ Այսպիսով՝ օրենքը նոր պարտականություն է սահմանում՝ հետադարձ ուժ ունենալով։

Սահմանադրական դատարանը սրան ի պատասխան, որոշեց.

  • Գույքը, թեև ձեռք է բերվել նախկինում, այսօր էլ շարունակում է պատկանել անձին։ Այսինքն՝ հարաբերությունն ընթացիկ է։
  • Օրենքը չի վերաբերում անցյալի համար «պատիժ» սահմանելուն, այլ կարգավորում է, թե արդյո՞ք տվյալ գույքը օրինական է այսօր։
  • Հիմնվելով նաև ՄԻԵԴ դատական պրակտիկայի վրա՝ Դատարանն ասում է՝ սա հանուն հանրային շահի վերականգնողական քայլ է, ոչ թե պատժիչ գործիք։
  1. Ուսումնասիրության փուլի և դատական պաշտպանության իրավունքի մասով,

Դիմողը պնդում էր, որ ուսումնասիրություն սկսելու և ուսումնասիրության ժամանակահատվածը սահմանելու որոշումները չեն կարող բողոքարկվել, ինչը խախտում է Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները։

Սրան Դատարանը պատասխանեց, որ՝

  • Ուսումնասիրությունը դեռևս գույքը բռնագրավելու որոշում չէ, այլ՝ նախապատրաստական փուլ։
  • Իրավունքի վրա դեռևս ազդեցություն չկա, հետևաբար այդ փուլում բողոքարկման մեխանիզմ ապահովելը պարտադիր չէ։
  • Բայց եթե այդ ընթացքում Դատախազությունը ապացույց ստանալու համար դիմում է դատարան, այդ որոշումը արդեն կարող է բողոքարկվել։
  1. Դիմողը անդրադարձել էր նաև արդար դատաքննության իրավունքին` պնդելով, որ
  • Դատախազությունը փաստացի ունի ավելին՝ տևական ուսումնասիրություն, գաղտնի տվյալների հասանելիություն, մինչդեռ անձը ստանում է ընդամենը մեկ ամիս։
  • Հնարավոր չէ այդքան կարճ ժամկետում ապահովել ամբողջական պաշտպանություն՝ հատկապես, եթե խոսքը վաղեմության փաստաթղթերի մասին է։
  • Գործընթացը, ըստ էության, քրեական բնույթի է, սակայն չունի քրեական գործերին բնորոշ երաշխիքներ՝ անմեղության կանխավարկած, պաշտպանական իրավունքներ։

Սակայն Սահմանադրական Դատարանը որոշեց, որ՝

  • Գործընթացը քաղաքացիական է, ոչ թե քրեական, ուստի քրեական դատավարության բոլոր երաշխիքներն այստեղ կիրառելի չեն։
  • Դատախազությունը պետք է նախ ցույց տա «բարձր կասկածի շեմ»՝ հիմնավորի, որ գույքը հնարավոր է ապօրինի է։ Միայն դրանից հետո ապացուցման բեռը փոխանցվում է անձին։
  • Եթե գույքի օրինական լինելու փաստաթղթերը չկան՝ դատարանը դիտարկում է, թե արդյոք դա պայմանավորված է անձի կամքից անկախ հանգամանքներո՞վ։
  • Իսկ մեկամսյա ժամկետը համարվում է բավարար, քանի որ գործում է քաղաքացիական դատավարության տրամաբանությունը, որտեղ շատ դեպքերում նման ժամկետներ ընդունված են։
  • Ամփոփելով՝ Սահմանադրական դատարանի հստակ դիրքորոշման համաձայն՝
  • Օրենքը հետադարձ ուժ չունի,
  • Անձի արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքը չի խախտվում,
  • Որպես ընթացակարգ՝ այն համահունչ է Սահմանադրությանը և մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին։

4.Դիմողը հարց էր բարձրացրել, թե քաղաքացին ուսումնասիրության փուլում զրկվա՞ծ է արդյոք փաստաբանի օգնությունից, արդյո՞ք օրենքը չափազանց անորոշ է և «Ինչու է քաղաքացուն փաստաբանի օգնություն տրվում միայն, երբ գործն արդեն դատարանում է։ Իսկ մինչ այդ՝ երբ պետությունը ստուգում է գույքը, անձը մենակ է՝ առանց իրավաբանի»։

Պատասխանը հետևյալն էր՝

Սահմանադրությունը ինքնին ապահովում է յուրաքանչյուր քաղաքացու՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ Այդ իրավունքից օգտվելու համար օրենքում առանձին ձևակերպում պարտադիր չէ։

Դատարանը որոշեց, որ՝

Քաղաքացին կարող է և իրավունք ունի օգտագործելու փաստաբանի օգնությունը նախքան դատը սկսվելը՝ անկախ նրանից՝ այն վճարովի՞ է, թե՞ անվճար։ Հետևաբար այս հարցում Սահմանադրության խախտում չկա։

Բարձրացված հարցերից մեկը Օրենքի որոշակիության հարցն էր

Դիմողը պնդում էր, որ

«Օրենքն այնքան անորոշ է, որ քաղաքացին չի կարող հասկանալ՝ ինչն է արգելված, ինչն է թույլատրված։ Օրինակ՝ ինչպես որոշենք, թե որն է «օրինական եկամուտը», կամ ինչպես վարվել՝ երբ խոսքը վերաբերում է կրիպտոարժույթին կամ նվիրատվություններին»։

Ի Պատասխան Սահմանադրական Դատարանը որոշեց, որ օրենքում միշտ չէ, որ ամեն բան կարող է հստակ գրվել։ Որոշ դեպքերում անհրաժեշտ է օգտագործել դատական փորձը, մասնագիտական գնահատականը և ընդհանուր իրավական տրամաբանությունը։

Սահմանադրական դատարանը շեշտեց․

  • Իհարկե՝ օրենքը պիտի հասկանալի ու կանխատեսելի լինի, բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն տերմին բառացի սահմանվի։
  • Իրավական որոշակիությունը ապահովվում է ոչ միայն օրենքի տեքստով, այլ նաև դատարանների մեկնաբանությամբ։
  • Օրենքի որոշ չափի անորոշությունն անխուսափելի է, քանի որ կյանքը բազմազան է։

Սահմանադրական Դատարանը եզրակացրեց, որ Օրենքը չունի այնպիսի անորոշություն, որը կխախտի մարդու իրավունքները։ Հետևաբար՝ այս մասով էլ սահմանադրական խախտում չկա, ուստի՝

Ուսումնասիրության փուլում քաղաքացին կարող է ստանալ փաստաբանի աջակցություն։

Օրենքն ապահովում է գործնական կիրառման համար բավարար կանխատեսելիություն և հստակություն։

Այս որոշմամբ Սահմանադրական դատարանը հավաստեց, որ մարդու իրավունքները պաշտպանված են նաև այն փուլում, երբ դեռ դատարան չեն հասել։

  1. Մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության մասով․

Դիմողը բարձրացրել էր անձնական տվյալների հավաքման և օգտագործման իրավական կարգավորման հետ կապված մտահոգություններ։

Դիմողի խոսքով՝ գործող օրենքը թույլ է տալիս առանց հստակ սահմանափակումների՝ մուտք գործել անձնական տվյալների և մասնավոր կյանքի ոլորտ։

Նա նաև նշում է, որ անձնական տվյալների տրամադրման և կիրառման ոլորտում բացակայում են հստակության և համաչափության սկզբունքները, ինչը վտանգում է մարդու հիմնական իրավունքները։

Դիմողը մտահոգ է, որ օրենքը չի սահմանում տվյալների հետագա օգտագործման կամ դրանց հասանելիության շրջանակները, ինչպես նաև թույլ է տալիս հավաքել լայնածավալ անձնական տվյալներ՝ առանց խստացված դատական վերահսկողության։

Նա նշում է՝ որպեսզի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը չխախտվի, անձնական տվյալները պետք է հավաքվեն միայն սահմանափակ խմբի կողմից և բացառապես կոնկրետ նպատակներով։

Սրա վերաբերյալ Պատասխանողը հայտնեց դիրքորոշում, համաձայն որի՝

Օրենքն ապահովում է, որ անձնական տվյալների հավաքումն ու օգտագործումը լինի դատական գործընթացների մաս, ենթարկվի իրավական չափանիշների և դատարանի վերահսկողության։

Տվյալները տրամադրվում են բացառապես ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու նպատակով և չի նշանակում, որ դրանք անսահմանափակորեն հասանելի են։

Օրենքը համահունչ է միջազգային չափանիշներին և չի խախտում մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքները։

Սահմանադրական դատարանը որոշեց՝

  • Իրավական որոշակիության սկզբունքն անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացին կարողանա կանխատեսել օրենքի ազդեցությունը իր իրավունքների վրա։
  • Օրենքի անորոշությունը պետք է հավասարակշռված լինի՝ օգտագործելով դատական մեկնաբանություններ՝ ապահովելով իրավական անվտանգության ու արդարության կայացումը։
  • Օրենքի դրույթները, որոնք սահմանում են անձնական տվյալների հավաքման, օգտագործման և դատական վերահսկողության կարգը, համահունչ են Սահմանադրությանը։
  • Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի միայն անհրաժեշտության ու համաչափության սկզբունքով, տվյալներն օգտագործվեն բացառապես նպատակին համապատասխան և հասանելի լինեն միայն իրավասու անձանց՝ դատարանի հստակ որոշմամբ։
  • Օրենքն ունի սահմանափակումներ, որոնք ունեն սահմանադրաչափ նպատակներ և չեն խախտում մարդու իրավունքները։

Ուստի՝ անձնական տվյալների պաշտպանության մասով Սահմանադրական դատարանը հաստատեց, որ Օրենքը բավարարում է սահմանադրական պահանջները անձնական տվյալների պաշտպանության ու գաղտնիության ապահովման գործում և ապահովում է անհրաժեշտ դատական վերահսկողություն։

  1. Դիմողը անդրադարձել էր նաև Դատախազության լիազորությունների սահմաններին` նշելով, որ
  •  Դատախազության լիազորությունները՝ անձի գույքի օրինականության ստուգման գործում, գերազանցում են սահմանադրական սահմանները և չեն երաշխավորում անաչառությունը։
  • Նա նշում է, որ նման լիազորությունները պետք է լինեն բացառիկ և հստակ սահմանված դեպքերում։

Ինչին Դատախազությունը պատասխանել էր, որ՝

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը պետական շահի պաշտպանության բացառիկ գործառույթ է, որը Սահմանադրությամբ վերապահված է Դատախազությանը։

Դատախազության կողմից իրականացվող ուսումնասիրությունները նախապատրաստական բնույթ ունեն, կարգավորվում են օրենքով և չեն խախտում սահմանադրական նորմերը։

Քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված տեղեկությունները կարող են օգտագործվել նաև քաղաքացիական հայցեր ներկայացնելու համար՝ պետության շահերը պաշտպանելու նպատակով։

Սահմանադրական դատարանը նշված վեճի կապակցությամբ որոշեց, որ՝

  • Դատախազությունը գործում է պետական շահերը պաշտպանելու իրավունքով, ինչը համաչափ է և միջազգային պրակտիկայում ընդունելի։
  • Դատախազության լիազորությունները սահմանափակված են բացառիկ դեպքերով և գործադրվում են օրենքով սահմանված կարգով։
  • Ունեն դատական վերահսկողություն և չեն խախտում իշխանությունների տարանջատման սկզբունքը կամ մրցակցության սկզբունքը։
  • Դատախազության գործողությունները նախապատրաստական փուլում են, իսկ վերջնական որոշում կայացնում է անկախ դատարանը։

և Դատախազության լիազորությունների մասով եզրակացրեց, որ՝պետական շահերի պաշտպանության համար Դատախազության լիազորությունները համապատասխանում են Սահմանադրությանը և անհավասարության կամ անաչառության խնդիր չեն առաջացնում ։

Սահմանադրական դատարանի վերջնական որոշման համաձայն՝

  • Բռնագանձման ենթակա գույքը սահմանվում է օրենքով՝ ձեռքբերված պաշտոնատար անձի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո։
  • Ընդհանուր առմամբ, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և դրա դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը։