1958-ին ուժի մեջ մտան Եվրոպական տնտեսական համայնքի և Ատոմային էներգետիկայի համայնքի մասին պայմանագրերը, այդ տարին նաև նշանավորվեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Շարլ դը Գոլի ընտրությամբ: Դը Գոլը հայտնի էր ամեն տեսակ վերպետական կազմավորումների հարցում դիմադրությամբ և միջկառավարական գործակցության վրա հիմնված ազգ-պետություն գաղափարին իր հավատարմությամբ:
1961թ. sկսած` Դը Գոլը փորձում էր Ֆուշեի պլանի միջոցով հիմնովին փոխել Եվրոպական տնտեսական համայնքի մասին պայմանագրի վերպետական որակները: Այդ պլանով առաջարկվում էր Եվրոպական քաղաքական համայնքի ստեղծում, որի իրավասությանը կվերապահվեին ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և սոցիալական հարցեր: Ըստ Ֆուշեի պլանի՝ այն պիտի հիմնված լիներ միջկառավարական համագործակցության վրա, որտեղ ամեն պետություն կունենար վետոյի իրավունք: Սակայն այս պլանը չարժանացավ մյուս անդամ պետությունների հավանությանը: Հակասությունները սրվեցին 1963թ., երբ Դը Գոլը վետո կիրառեց Համայնքներին` Միացյալ Թագավորության անդամակցության հայտի առթիվ: Բրիտանիան Դանիայի, Նորվեգիայի և Իռլանդիայի հետ միասին դիմել էր 1961թ.-ին: Վետոն Դը Գոլը հիմնավորեց նրանով, որ Բրիտանիայի տնտեսությունը մեծապես տարբերվում է անդամ պետությունների տնտեսությունից և որ Ազգերի բրիտանական համագործակցության կապերը բարդացնում են Համայնքներին այդ պետության անդամակցության հարցը: Անկասկած՝ դեր էր խաղացել այն մտավախությունը, որ Բրիտանիան հանդես կգար որպես Եվրոպայում ամերիկյան ազդեցության մեծացման խողովակ: Այդուհանդերձ՝ նեղ ազգայնական շահերից բխող վետոն համահունչ չէր Համայնքների հիմնադիրների իդեալների և որոշ այլ անդամ պետությունների շահերի հետ:
Կրքերը թեժացան 1965թ.-ին, երբ Հանձնաժողովն առաջարկեց մեծացնել Ժողովի լիազորությունները, ստեղծել «սեփական ռեսուրսների» համակարգ, ինչը կմեծացներ Համայնքների անկախությունը, և մի շարք ֆինանսական կարգավորումներ, որոնք կապահովեին Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության առաջընթացը: Երրորդ առաջարկին Ֆրանսիան կողմ էր, բայց կտրականապես դեմ էր առաջին երկուսին: Հանձնաժողովն ուզում էր կնքել «փաթեթային գործարք», որով անդամ պետությունները հավանության կարժանացնեին երեք առաջարկները միասին, կամ՝ ոչ մեկը: Երբ բանակցությունները տապալվեցին, 1965թ. հունիսին ֆրանսիացիները լքեցին Խորհուրդը` հրաժարվելով Եվրոպական տնտեսական համայնքներին այլևս որևէ մասնակցություն ունենալուց: Այս արմատական որոշման համար Դը Գոլին Ֆրանսիայում լուրջ քննադատության ենթարկեցին: Այդուհանդերձ, մեղադրանքներ ուղղվեցին նաև Հանձնաժողովին՝ իր չափազանցված մոտեցման համար: Ճգնաժամն ի վերջո լուծվեց 1966թ. հունվարին՝ Լյուքսեմբուրգում, բայց այնպիսի եղանակով, որը մոտ քսան տարով արգելակեց Եվրոպական տնտեսական համայնքի զարգացումը: Լյուքսեմբուրգի համաձայնությունը ենթադրում էր «համաձայնություն չհամաձայնվելու» մասին:
Այսինքն` եթե Խորհրդում քվեարկությունից առաջ անդամ պետությունը վկայակոչում էր «շատ կարևոր շահեր», համաձայնվում էին, որ այդ հարցը չի դրվի քվեարկության: Փաստացի, այն անդամ պետություններին տալիս էր վետոյի իրավունք որոշումների կայացման բոլոր ոլորտներում: Թեպետ վետոյի իրավունքը ներմուծվել էր Ֆրանսիայի պահանջով, սակայն հետո դա սկսեցին կիրառել բոլոր անդամ պետությունները՝ հերթով առիթ-անառիթ վկայակոչելով «շատ կարևոր շահեր»: Լյուքսեմբուրգի համաձայնությունը խոչընդոտեց օրինաստեղծ աշխատանքը: Այլ լուրջ հետևանքներ էլ եղան: Հանձնաժողովը, գիտակցելով, որ ընդունվելու շանս ունեն միայն այն առաջարկները, որոնք կարժանանան բոլոր պետությունների հավանությանը, որդեգրեց կրավորական գործելաոճ` ձեռնպահ մնալով տարակարծություն հարուցող առաջարկներ ներկայացնելուց: Ավելին, Հանձնաժողովն սկսեց կենտրոնանալ միայն Խորհրդի հետ իր հարաբերությունների վրա` անտեսելով Ժողովը: Ինտեգրման կուրսը ևս խոտորվեց: Եվ միայն մի ինստիտուտ էր գործում, որի վրա չէր ազդել Լյուքսեմբուրգի համաձայնությունը: Դա Արդարադատության եվրոպական դատարանն էր: 1963-1964թթ. Դատարանը Վան Գենդ ան Լուսի և Կոստայի գործերով երկու կարևոր վճիռ ընդունեց, որոնցով ամրագրեց, որ Համայնքն ինքնիշխան իրավական համակարգ է, որը սահմանում է այնպիսի իրավունքներ, որոնք կարող են վկայակոչվել ներպետական դատարաններում, և որ հակասությունների դեպքում Համայնքի իրավունքը գերակա է ներպետական օրենսդրության նկատմամբ: 1960-ականներից 1970-ականներն ընկած միջոցում Դատարանը շարունակեց ինտեգրացիային միտող որոշումներ ընդունել` ընդլայնելով իր «սահմանադիր դատազորությունը» և Համայնքին վերապահելով պայմանագրաստեղծ լիազորություններ՝ լայնորեն մեկնաբանելով սեռերի հավասարության, տնտեսական ազատությունների և մրցակցության մասին պայմանագրային դրույթները: Դատարանի այս ակտիվությունն ու Ժողովի պասիվությունը հանգեցրեց նրան, որ ներպետական քաղաքականությունները որոշ ոլորտներում սահմանափակվեցին, մինչդեռ Համայնքների մակարդակում համապատասխան օրենսդրություն դեռևս ընդունված չէր:
Ի հեճուկս սրա, նշված ժամանակահատվածը նույնպես զերծ չէր նշանակալի ինստիտուցիոնալ զարգացումից: 1957թ. գործ ունեինք երեք Համայնքների հետ, որոնցից յուրաքանչյուրն ուներ առանձին ինստիտուցիոնալ համակարգ: Կար մտավախություն, որ դրանք կսկսեն պատերազմել մեկմեկու դեմ և հնարավոր չի լինի համակարգել տարբեր համայնքների գործունեությունը: Հռոմի պայմանագրի ստորագրման հետ միասին ստորագրվեց Եվրոպական համայնքների համար որոշ ընդհանուր մարմինների մասին կոնվենցիան: Սրանով ընդունվում էր, որ երեք Համայնքների համար էլ Ժողովը և Դատարանը մեկն է: 1963թ. համաձայնություն կայացվեց առ այն, որ երեք Համայնքների միավորման մասին որոշմանն ընդառաջ դրանց ինստիտուտները կմիավորվեն: Թեև Համայնքների միավորում այդպես էլ տեղի չունեցավ, Հանձնաժողովների և Խորհուրդների միավորման մասին պայմանագիրը ստորագրվեց 1965թ.:
Հաջորդ կարևոր քայլը Համայնքի բյուջեի ձևավորումն էր, քանի որ Համայնքների քաղաքականությունները կյանքի կոչելու համար ռեսուրսների անհրաժեշտություն կար: Նախկինում Համայնքների ֆինանսավորումը ձևավորվում էր անդամ պետությունների մասհանումներից, ինչը անդամ պետություններին Համայնքների մարմինների նկատմամբ ֆինանսական լծակ էր տալիս: Ինչպես հիշում ենք՝ այս հարցով Հանձնաժողովի առաջարկները ձախողվեցին դը Գոլի ձեռամբ, և այդ ձեռնարկը միայն նրա մահից հետո հնարավոր եղավ վերակենդանացնել: 1969թ. Հաագայում համաձայնություն կնքվեց «սեփական ռեսուրսների» սկզբունքի շուրջ, իսկ 1970թ.-ին՝ Սեփական ռեսուրսների մասին որոշումների տեսքով, որոնք սահմանեցին Համայնքների եկամուտների աղբյուրները: Ընդունվեց նաև Բյուջետային հարցերով առաջին պայմանագիրը, որով մեծացվում էին Եվրոպական պառլամենտի լիազորությունները Համայնքների ծախսերի առնչությամբ: 1975թ. ընդունված Երկրորդ բյուջետային պայմանագիրն է՛լ ավելի մեծացրեց Եվրոպական պառլամենտի լիազորությունները և ստեղծեց նաև Աուդիտորների դատարան, որին վերապահվում էր Համայնքների եկամուտների և ծախսերի նկատմամբ ստուգումների իրավասությունը:
1970-ականների երրորդ կարևոր բարեփոխումը վերաբերում էր Եվրոպական պառլամենտին: 1976թ. Խորհուրդը համաձայնություն տվեց Եվրոպական պառլամենտի ուղղակի ընտրություններին: Առաջին ուղղակի ընտրություններն անցկացվեցին 1979թ. և դրանից ի վեր անց են կացվում հինգ տարի պարբերականությամբ:
Միացյալ Թագավորությունն անցած դարի 50-ականների կեսերից արդեն հստակ պատկերացնում էր, որ ընդհանուր շուկայի ստեղծումը հանգեցնելու է իր տնտեսական մեկուսացմանը: Ուստի 1956թ.-ից Մեծ Բրիտանիան ջատագովում էր այլ եվրոպական պետությունների հետ ազատ առևտրի տարածքի ձևավորումը․ արդյունքում Միացյալ Թագավորությունը Ավստրիայի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Պորտուգալիայի հետ 1960թ. ստեղծեց Ազատ առևտրի եվրոպական տարածքը /EFTA-ն/: Այդուհանդերձ, 1961թ. դրությամբ Եվրոպական տնտեսական համայնքի անդամ պետությունների տնտեսական աճի ցուցանիշներն ավելի լավն էին, քան Բրիտանիայինը: Ինչպես արդեն նշել ենք՝ 1963թ․ Ֆրանսիայի նախագահ դը Գոլը վետո էր դրել Բրիտանիայի անդամակցության վրա.: Չորս տարի անց Միացյալ Թագավորությունը, Իռլանդիան, Դանիան և Նորվեգիան վերստին դիմեցին՝ Համայնքներին անդամակցելու: Դը Գոլը դարձյալ Բրիտանիայի անդամակցության նկատմամբ վետո կիրառեց: Վետոյի այս կիրառումը նպաստեց Ֆրանսիայի մեկուսացմանը: Ֆրանսիայի քաղաքականությունը փոխվեց 1969թ.՝ Դը Գոլի հրաժարականից հետո: Անդամ վեց պետությունները որոշեցին դիմողների հետ սկսել Եվրոպական տնտեսական համայնքին նրանց անդամակցելու բանակցություններ: Միացյալ Թագավորությունը, Դանիան և Իռլանդիան պաշտոնապես Համայնքների անդամ դարձան 1973թ. հունվարի 1-ին: Նորվեգիան ներպետական հանրաքվեի բացասական արդյունքների հետևանքով չանդամակցեց:
Եվրոպական տնտեսական համայնքին հաջորդ անդամակցողը Հունաստանն էր, որը հայտով դիմել էր 1975թ. ժողովրդավարական կառավարության իշխանության գալուց հետո: Հունաստանի անդամակցությունը երկուստեք գայթակղիչ էր: Հույների համար անդամակցությունը շահավետ էր ոչ միայն տնտեսապես, այլև խորհրդանշում էր արդիականացում և ժողովրդավարական կայունություն: Անդամ պետությունների համար Հունաստանը կարևոր էր աշխարհաքաղաքական տեսակետից` հաշվի առնելով Էգեյան ծովում նրա կարևոր ռազմավարական դիրքը: Եվրոպական տնտեսական համայնքին անդամակցությամբ Հունաստանն է՛լ ավելի սերտորեն էր կապվում Արևմուտքի հետ: Հունաստանը Եվրոպական համայնքների անդամ դարձավ 1981թ.-ին:
Հունաստանի պես՝ Իսպանիան և Պորտուգալիան նույնպես 1970-ականների կեսերին թոթափել էին բռնապետական ռեժիմները: Նրանք Համայնքներին անդամակցելու հայտ ներկայացրեցին Հունաստանի անդամակցությունից երկու տարի անց՝ 1977-ին: Այդուհանդերձ, անդամակցությունը նրանց դեպքում ավելի խնդրահարույց էր: Մինչ այդ երկու պետությունները Համայնքները դիտարկում էին որպես տնտեսական արդիականացման հնարավորություն, երկուսն էլ ունեին բավական մեծ գյուղատնտեսական հատված, ինչը դարձյալ հարուցեց Ֆրանսիայի մտավախությունը: Եվ նրանց անդամակցության ակտը հնարավոր եղավ ստորագրել միայն 1985թ.-ին․ Իսպանիան և Պորտուգալիան Համայնքներին անդամակցեցին 1986 թվականին: