«Այս հայտարարությունը խոսում է երկու հավանական իրավիճակի մասին․ մեկը, ինչին դժվար է հավատալ, այն է, որ իշխանությունը տեղյակ չէ, թե այդ կազմակերպությունն ինչ է, և երկրորդը, որ իմանալով հանդերձ՝ նպատակ է դրել ամենուր հայտնվել և ամեն տեղ երևալ՝ առանց որեւէ ռազմավարական տեսլականի։ Գուցե նպատակ կա մտնել այդ կառույցներ և փորձել այնտեղ դերակատարում ունենալ եւ այլն, բայց, ըստ իս՝ մենք այս տրամաբանությամբ չենք կարող առաջնորդվել։ Այդ կազմակերպությունն ի սկզբանե ստեղծվել է որպես ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին հակադիր բևեռ, և ինչպես տեսնում ենք՝ այդ կազմակերպությանը չեն անդամակցում ոչ միայն ԵՄ անդամ պետությունները, այլեւ՝ ԵՄ թեկնածու պետությունները։ Առավելեւս՝ ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենք ընդունած Հայաստանի դեպքում նման հայտ ներկայացնելը, իմ կարծիքով, մտածված քայլ չէ․ հուսով եմ՝ հայտը դեռ ներկայացված չէ։ Էլ չասեմ, որ այդ կազմակերպության անդամ պետությունները անգամ չեն էլ քննարկի ՀՀ-ին անդամություն շնորհելու հարցը։ Այսինքն՝ մեզ այնտեղ չեն էլ ընդունի»։
Այս մասին «1in.am»-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան, ՀՀ-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ մեր երկիրը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու նպատակ ունի։
«Եթե մեզ այնտեղ չեն ընդունի, ուրեմն, գուցե սա ՀՀ կողմից դեկլարատիվ քա՞յլ է, մինչ այդ էլ ԱԳ նախարարը հայտարարել էր, թե ՀՀ-ն շահագրգռված է դիտորդ լինել ԲՐԻԿՍ-ում։ Գուցե այդպես հայտարարում են, իմանալով, որ մեզ այնտեղ չեն սպասում, ինչպես հայտարարվում է նաեւ, թե ԵՄ-ում մեզ չեն սպասում»։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Այստեղ պետք է տարբերակում անել, ԵՄ-ն և ԲՐԻԿՍ-ն ու ՇՀԿ-ն նույն շարքում պետք չէ դնել։ Հունիսի 30-ին Երևան էր ժամանել ԵՄ արտաքին գործերի և անվտանգային հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, որը մեր ԱԳ նախարարի հետ ասուլիսը սկսեց ԵՄ-ին անդամակելու մեկնարկի մասին ՀՀ իշխանության կողմից ընդունված օրենքը հիշատակելով, և ամրագրեց, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն երբեք այսքան խոր համագործակցություն չեն ունեցել։ Դրանից առաջ Տիրանայում էին ԵՄ հանձնաժողովի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը կարևորել այդ օրենքի ընդունումը՝ համատեղ հայտարարությամբ, նաև պառլամենտական գործընկերության հանձնաժողովն էր այս տարվա սկզբին հիշատակել դրա կարեւորությունը։ Այսինքն՝ դրանք հստակ նշաններ էին, որ ԵՄ կառույցներում մեզ սպասում են։ Այս մասին նան մեզ հետ առանձին հանդիպումներում են խոսում՝ ասելով, որ հետագա քայլերի համար դուք պետք է դիմում ներկայացնեք, ինչը նշանակում է, որ մեզ սպասում են, մինչդեռ նշված մյուս կազմակերպություններից նման որոշակիությամբ նշաններ ես չեմ տեսնում։ Ավելին, մեզ այդ կազմակերպություններում ոչ միայն չեն սպասում, ինչը երկրորդական հարց է, այդ կառույցներում չկա ԵՄ անդամներից գեթ մեկը, որին մենք ձգտում ենք անդամակցել, օրենքի մակարդակով հռչակել ենք մեր մտադրությունը, և կարծես այդ ուղղությամբ ենք շարժվում»։
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, և մասնավորապես այն հանգամանքին, որ տեղի ունեցող պրոցեսներում իշխանությունն անընդհատ հնչեցնում է ահաբեկչություն եզրույթը՝ Հակոբյանը նշել է․
«Նախ, բնականաբար, այդ մասշտաբի ենթադրյալ հանցագործությունը պետք է դատապարտել, բայց նախ պետք է ապացուցել։ Ճիշտ է՝ ձայնագրություններն ապացույցներ են, բայց՝ ոչ բավարար, ամբողջական ու լիարժեք․ ամբողջական, համակողմանի, բավարար ապացույցներ հավաքելու համար պետք է ընթանա քննություն եւ այդ քննությունը եւս պետք է լինի բազմակողմանի, արդար ու բոլոր հանգամանքների հաշվառումով։ Այսինքն, մենք սա այստեղ կարող ենք կոչել ենթադրյալ հանցագործություն, քանի դեռ չի ընթացել քննություն, դատավարություն, եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դա չի հաստատվել որպես ահաբեկչություն: Քանի դեռ դատավճիռ չունենք, եւ կոնկրետ անձինք մեղավոր չեն ճանաչվել, անգամ մենք՝ հասարակ քաղաքացիներս, իրավունք չունենք դա կոչել ահաբեկչություն, առավելեւս՝ պետության ղեկավարները, իշխող խմբակցությունը․ դա հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին, արդար դատաքննության ստանդարտներին, և եթե իրոք գնում ենք դեպի ԵՄ, եթե մեզ հռչակում ենք ժողովրդավարական պետություն, ապա պիտի շատ աչալուրջ հետեւենք այդ ստանդարտների պահպանմանը։ Մի օր, համապատասխան դիմումի պարագայում, այդ հարցին նաեւ ՄԻԵԴ-ը կանդրադառնա։ Իհարկե, կարող ենք մտածել՝ դե այդ ժամանակ գնացքը արդեն մեկնած կլինի, այստեղ քաղաքական հարցը լուծած կլինենք, բայց ՄԻԵԴ վճիռները էլի բերվելու են եւ քաղաքական մակարդակով օգտագործվելու են։ Հետեւաբար, հիմիկվանից պահպանելով իրավունքի գերակայության սկզբունքները՝ իշխանությունը նաև կապահովագրի թե՛ այդ գործը, թե՛ իրեն՝ մարդու իրավունքների խախտումների մեջ մեղադրվելուց»։
Անդրադառնալով ՀԱԵ և իշխանության միջեւ հակամարտությանը, և պատասխանելով հարցին, թե ոստիկանությունը արդյոք իրավունք չունի՞ ներխուժել Հայաստանում ցանկացած տարածք, այդ թվում՝ Մայր Աթոռ, եթե դրա համար ունեն համապատասխան դատական որոշումներ, Հակոբյանը նշել է․
«Նախ արձանագրենք, որ Մայր Աթոռը մեր սրբավայրն է և պետք է իսկապես թույլ չտրվի, որ նման բան տեղի ունենա, միաժամանակ, եթե կան հիմնավոր կասկածներ ու ապացույցներ, որ Մայր Աթոռում տեղի է ունենում հանցագործություն, ապա այո, իրավունք կա մտնելու նաև Մայր Աթոռ և կատարել անհրաժեշտ գործողություններ․ այս մասով հարցեր չկան։ Բայց իհարկե, նման վարքագիծը խրախուսելի չէ, քանի որ, արդեն նշեցի, Էջմիածինը սրբավայր է, եւ իհարկե, եկեղեցին էլ՝ Մայր Աթոռը, պետք է քաղաքական նպատակներով չօգտագործվի եւ թույլ չտա, որ այն դառնա մի վայր, որտեղ հնարավոր լինի ներխուժել։ Օրինակ, ասենք՝ այնտեղ ապաստան տալով կասկածյալներին, մեղադրյալներին եւ այլն․ այս պարագայում պետք է երկուստեք համագործակցություն լինի՝ թույլ չտալու նման իրավիճակ, ինչը շատ անցանկալի կլինի պետության համար, իսկ հասարակության համար էլ՝ հերթական տրավման։ Ամեն կերպ պետք է խուսափել նման իրավիճակից»։
«Կարծիք կա, որ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի, ինչպե՞ս դա գնահատել իրավական տեսանկյունից․ ենթադրենք՝ Փաշինյանը դիկտատոր է, որը տարիներով մնացել է իշխանության, եթե այդ դեպքում եկեղեցին ապստամբեր եւ նրա հետեւում ռուսական հետք չլիներ, այդ դեպքո՞ւմ էլ կլիներ այդ վերաբերմունքը, որ եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ»։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Մեր Սահմանադրությունն ասում է, որ կրոնական կազմակերպությունները պետությունից անջատ են․ մի կրոնական կազմակերպություն էլ ՀԱԵ-ն է։ Իմ մոտեցումն այն է, որ բացի այս իրավական ամրագրումից, որը Սահմանադրության մակարդակով է ամրագրում, որ Եկեղեցին չպետք է միջամտի պետության գործերին, ճիշտ այնպես, ինչպես ամրագրում է, որ Զինված ուժերը գործում են քաղաքացիական վերահսկողության ներքո և ԶՈւ բարձրաստիճան ղեկավարությունը չի կարող խառնվել քաղաքականությանը, ինչը տեղի ունեցավ 2021-ի սկզբին․ նույնը վերաբերելի է նաեւ Եկեղեցուն։ Մեր Սահմանադրությունը սա ամրագրել է, որովհետև այդ սկզբունքը ժողովրդավարական հասարակարգի կարեւորագույն հիմունքներից է։ Բայց այստեղ այլ ասպեկտ էլ կան․ մեր ներքաղաքական հանգամանքն այնպիսին է, որ օրվա իշխանությունն ընտրվել է ազատ, արդար ընտրություններով՝ ժողովրդի մի զգալի հատվածի քվեով, և երբ Եկեղեցին հանձն է առնում ընդդիմադիր գործառույթ՝ փաստացի վերածվելով ընդդիմադիր կուսակցության, այն իրենից վանում է ժողովրդ այդ ստվար հատվածին։ Այնինչ Կաթողիկոսը պիտի լինի ամենայն հայոց, այդպիսին է նրա տիտղոսը, այսինքն՝ նա պետք է լինի բոլոր ՀԱԵ հետեւորդների կաթողիկոսը։
Վերջերս շատ է շրջանառվում մի թեզ, թե եկեղեցականը իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, մեկը նույնիսկ ասում էր՝ Եկեղեցին չի կարող կատարել կրթության նախարարության գործառույթր, բայց առանձին հոգեւորականներ կարող են ընտրվել ԱԺ պատգամավորներ։ Մինչդեռ ՀԱԵ մասին օրենքով Եկեղեցին կարող է կատարել կրթական գործառույթ, օրենքում այս մասին առանձին գլուխ կա․ և սա էլ է խոսում նման բան ասող անձանց անտեղյակության մասին, Բայց եթե վերադառնանք իրենց թեզերին՝ Եկեղեցին որպես ի՞նչ չի կարող կատարել կրթության նախարարության գործառույթներ, որպես շինությո՞ւն․․․ չէ՞-որ Եկեղեցին մարդիկ են, եթե Եկեղեցին չի կարող, նշանակում է՝ մարդիկ չեն կարող։ Ուրեմն՝ եկեղեցականը ինչպե՞ս կարող է դառնալ ԱԺ պատգամավոր եւ շարունակի մնալ եկեղեցական։ Էլ չասեմ, որ բարձր հոգեւորականությունը ձեռնադրման ժամանակ ուխտեր է ստանձնում եւ դրանցից են ոչ միայն կուսակրոնության ուխտը, որի մասին վերջերս շատ խոսվում է, այլեւ աղքատության ուխտը, հնազանդության ուխտը Աստծուն եւ եկեղեցական աստիճանակարգությանը։ Եվ այդ դեպքում, երբ մեր համամասնական ընտրակարգի պարագայում եկեղեցականը պիտի մաս կազմի կուսակցության ցուցակին և համամասնական ընտրակարգով մասնակցի ընտրություններին, ապա որպես խմբակցության անդամ շարունակի իր գործունեությունը, ինքը ո՞ր աստիճանակարգին պետք է հնազանդ լինի՝ եկեղեցակա՞ն, թե՞՝ կուսակցակա՞ն։ Սրանք հարցեր են, որոնք եթե եկեղեցական կանոններին, քաղաքական կուսակցությունների կանոններին չես տիրապետում, կարող ես վերացական տիտղոսներ վերագրել քեզ եւ ուրախ-ուրախ մեկնաբանել՝ լիարժեք չպատկերացնելով այդ երեւույթների էությունը»։
Հուլիսի 10-ին Աբու Դաբիում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը նախորդած ներքաղաքական զարգացումները կապ ունե՞ն արդյոք դրա հետ, թե՞ դրանք հարկ է դիտարկել նախընտրական համատեքստում։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Կարելի է, իհարկե, մեկտեղել․ ինձ թվում է՝ այս գործընթացների արմատը Հայաստանում չէ, դա շատերին է տեսանելի։ Թե՛ ԱԺ ընդդիմության գործողությունների, թե՛ Կաթողիկոսի գլխավորությամբ եկեղեցու՝ քաղաքականության մեջ ներքաշվելու, թե՛ Սամվել Կարապետյանի ի հայտ գալու արմատները Հայաստանում չեն, ինչը, իհարկե, չի նշանակում, որ այս բոլոր գործընթացներում իրավունքի գերակայության սկզբունքը չպետք է պահպանվի։ Եվ, իհարկե, այդ ամենը տարբեր ասպեկտներ ունի․ իրական նպատակն, իհարկե, ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարության և անկախության դեմ ոտնձգություններն են։ Այս պրոցեսների տարբեր գործող անձինք չեն էլ թաքցնում, որ ցանկանում են ՀՀ-ն տեսնել որպես Միութենական պետության մաս, իսկ իրենք էլ՝ ՌԴ ձեռքի տակ իշխանավոր։ Նրանք լրիվ հոժար են զոհելու ե՛ւ ՀՀ ինքնիշխանությունը, ե՛ւ անկախությունը, ժողովրդավարության մասին՝ էլ չասեմ։ Կարծում եմ՝ իրենք մեծամասամբ ողբում են, որ 2018-ին հնարավորություն չունեցան կանխելու թավշա հեղափոխությունը, վստահ են՝ եթե բռնի մեթոդներով այդ ամենը բնում խեղդեին, բանը բանից չէր անցնի, իսկ իրենք էլ կպահպանեին իրենց «ձեռք բերածը»։ Հասկանալի է այս ամենը, հասկանալի է նաեւ, որ ՌԴ-ին ձեռք չի տալիս հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը։ Տարբեր առիթներով ականատես ենք լինում, որ Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու շահագրգռությունը մեծ չէ, բայց մեզանում էլ այդ նույն շրջանակները ջանք ու եռանդ չեն խնայում վիժեցնելու այդ գործընթացը»։
Եթե 2018-ի հեղափոխությունը չլիներ, այս իրադարձությունները, այդ թվում ցավալի, տեղի կունենայի՞ն արդյոք։
Ի պատասխան այս հարցի էլ Հակոբյանը նշել է․
«Եթե նայենք հանգամանքին, որ Ադրբեջանն այդքան զենք ու զինամթերք էր գնում, եւ բանակցություններն, ըստ էության, օգտագործում էր սոսկ ժամանակ շահելու և ռազմական բալանսը հօգուտ իրեն փոխելու համար, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում էր հարցը ռազմական եղանակով լուծելուն։ Այստեղ էլի ՌԴ դերն է․ անկեղծ ասած՝ 2018-ից հետո, սա Փաշինյանն ինքն էլ է բազմիցս ասել, Ռուսաստանի կուրսի փոփոխություն չենք նկատել։ Այդ փոփոխությունը ակնհայտ էր 2022-ի սեպտեմբերից հետո, երբ Ադրբեջանն արդեն հարձակվել էր ՀՀ տարածքների վրա եւ, ըստ էության, ՌԴ գլխավորությամբ ՀԱՊԿ-ն էլ ասում էր՝ մենք չենք կարող պաշտպանել ձեր տարածքային ամբողջականությունը, քանի որ ձեր սահմանները զատված չեն։ Կուրսի փոփոխությունն այդ կետից է տեղի ունեցել, իսկ մինչ այդ իշխանությունները նախկին կուրսով գնացել են, հետեւաբար, այս ամենը թույլ է տալիս եզրահանգել, որ մեծ հաշվով, այն, ինչ տեղի է ունեցել, այլ բան տեղի չէր ունենալու»։

