Եվրոպական Միությունը առաջացնում է Եվրոպայից տարբերվող ասոցացումներ: Իրեն եվրոպացի համարող ամեն ոք չէ, որ անպայմանորեն Եվրոպական Միության ջատագով է: «Միացյալ Եվրոպայի» մասին առաջարկներն սկսել են առաջ քաշվել տասնյոթերորդ դարի վերջից: 1693թ. անգլիացի քվակեր Վիլյամ Պենը գրեց էսսե Եվրոպայում ներկա և ապագա խաղաղության մասին և առաջարկեց ստեղծել Եվրոպական պառլամենտ` կազմված անդամ պետությունների ներկայացուցիչներից: Ըստ նրա՝ պառլամենտի առաջնային գործը պիտի լիներ պետությունների միջև բռնկվող պատերազմները կանխելն ու արդարադատություն հաստատելը: 1710թ. Զոն Բելերսի ներկայացրած առաջարկն ավելի հեռուն էր գնում: Նա առաջարկում էր շվեյցարական մոդելի վրա հիմնված համակարգ, ըստ որի՝ Եվրոպան կբաժանվեր 100 կանտոնների, որոնցից յուրաքանչյուրը կմասնակցեր եվրոպական բանակի ձևավորմանը և ներկայացուցիչներ կուղարկեր եվրոպական սենատ:
Ինքնիշխան կենտրոնական մարմին ունեցող Եվրոպայի մասին առաջին առաջարկն արեց ֆրանսիացի Սեն Սիմոնը 1814թ.-ին՝ «Եվրոպական հասարակության վերակազմավորման պլան»վերնագրով իր պամֆլետում: Սեն Սիմոնը համարում էր, որ Եվրոպական բոլոր պետությունները պետք է կառավարեն ազգային պառլամենտները, սակայն պետք է ստեղծել նաև Եվրոպական պառլամենտ, որը որոշումներ կկայացնի համընդանուր շահերին վերաբերող հարցերով: Այս պառլամենտը պիտի կազմված լիներ Համայնքների պալատից՝ որում ներկայացված կլինեն տեղական ընկերակցությունները, և Լորդերի պալատից` կազմված պերերից, որոնց կնշանակիԵվրոպական միապետը: Սեն Սիմոնի հայացքները բավական մեծ ուշադրության էին արժանանում 19-րդ դարի առաջին կեսին: Մազինին` իտալական ազգայնականների գորշ կարդինալը, իրեն հռչակեց Պրուդոնի և Վիկտոր Հյուգոյի դաշնակիցը` ջատագովելով Միացյալ Եվրոպան: Այդուհանդերձ, տասնիններորդ դարն ազգային պետությունների ծաղկման ժամանակաշրջանն էր և ազգային պետության ու միացյալ Եվրոպայի հարաբերակցությունը այդպես էլ լիարժեքորեն չուսումնասիրվեց:
Իրերի դրությունը փոխվեց Առաջին աշխարհամարտից հետո, որը խթանեց նրանց, ովքերմիավորված Եվրոպան համարում էին ազգային պետությունների միջև պատերազմերի բռնկման միակ կանխարգելիչ գործոնը: Այն նաև դիտարկվում էր որպես պատվար ընդդեմ Միացյալ Նահանգների, Արգենտինայի և Ճապոնիայի աճող մրցակցության: Այս ժամանակահատվածում ամենաազդեցիկ շարժումը պան-Եվրոպական շարժումն էր, որը 1920-ականներին ծավալեց չեխ կոմս Կուդենհով Կալերգին: Այս շարժումը ոչ միայն մեծ աջակցության արժանացավ Եվրոպայի բազում մտածողների և քաղաքական գործիչների կողմից, այլև իրապես անդրազգային էր` նախատեսելով «Տնտեսական խորհուրդներ» Բեռլինում և Փարիզում: 1920-ականներին միավորված Եվրոպայի գաղափարն աջակցություն ստացավ նաև կառավարական շրջանակներում 1929թ. Բրիանի հուշագրի տեսքով, որը Ֆրանսիայի արտգործնախարարը ներկայացրեց քսանվեց եվրոպական պետություններին․ հուշագիրը համարում էր, որ միջազգային հարաբերություններըկարգավորելու համար Ազգերի լիգան չափազանց թույլ մարմին է, և առաջարկում էր Եվրոպական Դաշնային Միություն, որը եվրոպական պետությունների միջև ոստիկանի գործառույթ կկատարի՝սակայն առանց որևէ կերպ անդամ պետությունների սուվերեն իրավունքները սահմանափակելու: Այս առաջարկը, այդուհանդերձ, համարվեց խիստ արմատական և չստացավ այլ պետությունների աջակցությունը:
Պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին կարող է լինել միավորված Եվրոպան՝ մեծ թռիչք ապրեցին Եվրոպական համայնքների ստեղծմամբ, որոնք այնուհետև վերափոխվեցին Եվրոպական Միության: Այս բառակապակցությունն այժմ ասոցացվում է բավական հզոր քաղաքական միավորման հետ: Սա էլ իր հերթին խթանել է երեք լուրջ քննարկում:
Առաջին․ Եվրոպական Միությունն ընկալվում է որպես ազգային պետության հետ մրցակցող:Այսպիսի ընկալումը շատ դեպքերում ամրապնդվում է նրանից, որ համաեվրոպական մակարդակում ընդօրինակվում են ազգային պետության խորհրդանիշներ ու գործիքակազմեր` Եվրոպական դրոշ, օրհներգ, մշակութային քաղաքներ և եվրոպական անձնագրեր:
Երկրորդ ասոցացումը հակադիր ուղղությամբ է: Եվրոպական Միությունը նաև մի խողովակ է, որի միջոցով ազգային պետությունները հետապնդում են իրենց շահերը: Սրա հետքերը տանում են տասնյոթերորդ դար, երբ Եվրոպական Միությունը դիտարկվում էր որպես ազգային պետությունների գործողության գործիք: Կարծիք կա, որ այդ պատկերացման արդյունքում ազգային կառավարությունները դադարել են իրենց ազգային պետությունները դիտարկել որպես այպիսիք, ևսկսել են իրենց դիտարկել որպես Եվրոպական Միության անդամ-պետություններ: Սա, ըստ այդ կարծիքի, բերել է մի շարք անցանկալի հետևանքների: Մեկն այն է, որ այդպիսովկառավարությունները հեռանում են սեփական պետությունների քաղաքացիներից ` որդեգրելով «նրանք» և «մենք» մոտեցումներ, ինչը բերում է ավելի մենեջմենթային կառավարման, որտեղ մեծ դերը վերապահված է քաղծառայողներին ու գործադիրներին: Պակաս հոռետեսական տեսակետներ էլ կան: Սրանց կրողները համարում են, որ Եվրոպական Միությունը այլ դերակատարների համար իրենց շահերը հետապնդելու նոր հնարավորություններ է բացում, ինչըկարող է ազատարար ազդեցություն ունենալ: ԵՄ իրավունքների շրջանակը թույլ է տալիս հասարակության մարգինալացված դերակատարներին ընդվզելու իրենց վիճակի դեմ: Եվրոպական Միությունը կարող է սոցիալական շարժումներին խթանել՝ միավորվելու և ազգային ուեվրոպական մակարդակներում իրենց ընդհանուր շահերը հետապնդելու: Վերջապես, Եվրոպական Միության գործողությունները կարող են գեներացնել ընդվզում ներպետական մակարդակներում` հանգեցնելով ավելի մեծ քննարկման և հաշվետվողականության:
Երրորդ․ Եվրոպական Միությունը խթանել է սահմաններ հատող ավելի ինտենսիվ ու լայն փոխազդեցություն, ինչի նվաճումներից են ոչ միայն Եվրոպայով մեկ ճամփորդելու, շարժունակության, ներդրումների և առևտրի է՛լ ավելի մեծ հնարավորությունները, այլև ավելի խոր քննարկումներն այն մասին, թե ինչ է Եվրոպան և թե ինչ է տեղի ունենում այլ եվրոպական պետություններում: Սա հանգեցնում է մշակույթների մերձեցման:
