Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Չի կարող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումը փոփոխվել

ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի դիմումի հիման վրա այս տարվա ապրիլին ՍԴ-ն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի Սահմանադրությանը համանապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննության ավարտին արձանագրել է, որ օրենքի վիճարկվող հոդվածները համապատասխանում են մայր օրենքին։ Մեկնաբանելով այս որոշումը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ իրավաբան Լիլիթ Ֆանարջյանը «1in.am»-ի հետ զրույցում ասել է․

«Հիշյալ օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանելու հարցը դեռ 2021-ից է բարձրացվել և այս տարի արդեն ունենք ՍԴ որոշում։ Դիմող ԱԺ պատգամավորները հարց էին բարձացրել, որ այս օրենքը հակասահմանադրական է, և սա աննախադեպ էր այնքանով, որ վիճարկվում էր ոչ թե օրենքի մեկ, կամ մի քանի դրույթներ, այլ՝ ամբողջ օրենքը։ Դիմողները պնդում էին, որ առանց մեղադրական դատավճռի՝ հնարավոր չէ սկսել ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը կիրառել, անհրաժեշտ է ունենալ մեղադրականդատավճիռ, ինչպես նաև նշում էին, որ ապացուցման բեռը համաչափ չէ բաշխված»։ Նրանք փաստարկում էին, որ դատախազությունը գործողություններ սկսելիս՝ ունի անսահմանափակ ժամանակ, կարող է հետադարձ ուժով գնալ այնքան, որքան ցանկանա, ասենք՝ մինչև 1991 թվականը, և հայցին նախապատրաստվելու համար որևէ ժամկետային սահմանափակում չունի, իսկ պաշտպանվող անձը ապացույցներ հավաքելու և դատարանին ներկայացնել համար սահմանափակված է մեկ ամիս ժամկետով, այսինքն՝ գտնվում են ապացուցման անհավասար բաշխման բեռի տակ։ ՍԴ-ն ընդգծեց, որ այս պնդումը չի համապատասխանում օրենքին և այստեղ որևէ հակասահմանադրական ասպեկտ չկա, քանի որ ոչ ոք անձին չի զրկում իր իրավունքները պաշտպանելու իրավունքից և այնպես չէ, որ փաստաբան ընտրելու համար անձը մեկ ամիս ժամկետով սահմանափկված է․ ամեն ոք յուրաքանչյուր պահի կարող է ունենալ փաստաբան, կարող է անգամ անվճար փաստաբանական օգնության դիմել ։

Այնուհետև դիմողները պնդում էին, որ վաղեմության ժամկետներն անցել են և դատախազության ուսումնասիրության փուլը հստակ որոշմամբ չի արձանագրվում, և այդ որոշումն անձը չի կարող բողոքարկել դատական կարգով։ Վաղեմության ժամկետներ հստակ չեն սահմանվում, քանի որ գործ ունենք ոչ թե ապօրինի գույքի ծագման, այլ՝ հետևանքների հետ, ինչը ոչ թե  ավարտված, այլ անընդհատ շարունակվող գործողություն է․ անձն ապօրինի ծագմամբ որևէ գույք գնելով՝ պրոցեսը չի ավարտվում, քանի որ տվյալ գույքը իրեն է պատկանում։

Այս դեպքում, ինչպես նշել է ՍԴ-ն, դատախազությունը նախ պիտի հաղթահարի կասկածի բարձր շեմը, հետո նոր՝ արդյո՞ք 50 մլն դրամի տարբերություն կա տվյալ անձի եկամուտների և տվյալ գույքի գնի միջև, նաև՝ ապացուցման հետ կապված՝ ՍԴ-ն նշել է, որ սա քաղաքացիական սովորական վարույթով ընթացող գործողություն է, որտեղ կողմերը գտնվում են հավասար մրցակցային պայմաններում, և կարող են հավասարապես ապացույցներ ներկայացնել։ Ընդ որում՝ ՍԴ-ն, միջազգային փորձը հաշվի առնելով, նաև նշել է, որ եթե անձը ողջամիտ ձևով ապացուցում է, որ դրա օրինականությունն ապահովող փաստաթղթերը կորսված են, անձը կարող է դա դատարանում քննության առնել և դատարանը ողջամիտ որոշում կկայացնի՝ արդյոք հնարավոր չէ՞ր պահպանել փաստաթղթերը, կամ՝ հարգելի՞ են չպահպանելու փաստարկները»։

Դիտարկմանը, թե տպավորություն է, որ այս որոշումը կարող է դատախազության համար խնդիր դառնալ, քանի որ դրանում լուրջ բացեր կան, Ֆանարջյանն արձագանքել է

«Դիմողը նաև հարց էր բարձրացրել, որ դատախազության լիազորությունները հստակ սահմանված չեն, բայց պետք է նշել, որ Սահմանադրությունը դատախազությանը հանրային շահը պաշտպանելու հնարավորություն է տալիս․դրա համար ՍԴ-ն ընդգծել է չորս կարևոր կետեր, որոնք պետք է պահպանվեն։ Օրինակ՝ բռնագանձում կարող է կատարվել միայն հայտարարագիր ներկայացրած պաշտոնատար անձից, նրանից, ում գույքի շուկայական արժեքը 50 մլն է, կամ՝ ավելի, ով դատավարության ընթացքում ստացել է ապացուցման ողջամիտ բեռի կրում, արդար դատաքննության իր իրավունքը չի սահմանափակվել, և տվյալ անձը քաղաքացիական դատավարության մնացած բոլոր իրավապաշտպան մեխանիզմները կարողացել է օգտագործել»։

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, որ դատախազությունը պետք է հրաժարվի այն գործերից, որոնցով ենթադրյալ ապօրինի գույքի ևհանցավոր արարքի միջև կապը չի ներկայացվել, և վերջում հռետորական հարց է տվել եթե մարդը հարուստ է, ուրեմն գողացե՞լ է։ Մեկնաբանելով այս պնդումը՝ Ֆանարջյանը նշել է

«Ինչպես հարևան Վրաստանի ՍԴ-ն վերջերս մի գործով ապացուցեց, այո, անհրաժեշտ է ապացուցել այդ կապը, իսկ դրա ոչ ապօրինի ծագումը ապացուցելու համար անձին հնարավորություն է տրվում։ Երբ մարդը  պաշտոն է ստանձնում, չի կարող այլ եկամուտ ունենալ․ սրանով է պայմանավորված, որ հնարավոր է հստակ հաշվարկել՝ տվյալ պաշտոնից եկող եկամուտը արդյոք կարո՞ղ էր անձին հասցնել այն բարձր եկամուտին, որ ունենար օրինակ՝ 50 մլն դրամի գույք»։

Այս գործընթացի գլխավոր շահառուներից մեկի՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն էլ հայտարարել է, թե ՍԴ որոշումից հետո ապօրինի գույքի բռնագանձման գործերը դատարաններում պետք է կրճատվեն։ Ի պատասխան Ֆանարջյանն էլ նշել է՝

«Թե որքանով են պարոն Քոչարյանի եկամուտները ներառվում, կամ՝ ոչ, դատարանը ինքը կպարզի․ ես պարոն Օրբելյանի պնդումը չեմ լսել, և չեմ կարող ասել, թե նա ինչ է ասել, և ինչու, բայց այս գործը, և ընդհանրապես, ապօրինի գույքի բռնագանձման բոլոր գործերը դատարանն ինքն է իր հայցի շրջանակում սահմանում և վճիռ կայացնում, այստեղ նոր միայն կպարզենք՝ ինչ վճիռ կունենանք»։

Իսկ որ ՍԴ որոշումն ընդունվել է մեկ ձայնի տարբերությամբ՝ ինչո՞վ է պայմանավորված դա չի՞ նշանակում արդյոք, որ որոշման մեջ կան վիճելի կետեր։

«Որոշման մեջ վիճելի կետեր չկան։ Այն բավականին ծավալուն է։ Որոշման մեջ անդրադարձ կա ՄԻԵԴ-ի, այլ բարձր մարմինների որոշումներին, հղումներ կան Վենետիկի հանձնաժողովին։ Անգամ հետաքրքիր է, որ իր դիմումում հստակ դրույթներ չմատնանշելով՝ դիմողը զուտ մտահոգություններ էր հայտնել օրենքի ինչ-ինչ դրույթների հետ կապված, և ՍԴ-ն կարող էր չանդրադառնալ այդ հարցին, քանի որ սովորաբար նման դեպքերում դիմումները մերժվում են․ ամեն դեպքում ՍԴ-ն վերլուծել է տվյալ խնդիրը, որպեսզի դիմումատուի համար հարցի սահմանադրականությունն ինչ-որ չափով պարզ լինի»,- ի պատասխան նշել է Ֆանարջյանը։

Վիճակարագրության համաձայն՝ մինչ օրս ապօրինի գույքի մեղադրանքով դատարան է ուղարկվել 136 հայցադիմում՝ ավելի քան 527 մլրդ դրամ, 70 շարժական և 1300 անշարժ գույքի բռնագանձման պահանջով, կայացվել է 12 վճիռ, որոնցով պետությանն է վերադարձվել ավելի քան 17 մլն դոլարի գույք։ Որքանո՞վ են այս թվերը  համապատասխանում իրական վիճակին և արդեն չունե՞նք արդյոք օրենքի կատարման թերացում։

Ի պատասխան այս հարցի՝ իրավաբանը նշել է․

«Դատավարություններն ընդհանրապես երկարատև գործընթացներ են, արդյունքը պայմանավորված է նրանով, որ դատավճռին չենք հասնում մի քանի ամսում, դատավարական ընթացակարգեր կան, որ պարտադիր պետք է անցնեն, նաև կարծում եմ՝ շտապողականության խնդիր չկա, կարելի է թողնել, որ ամեն ինչ իր հունով ընթանա, կարևորը՝ արդարությունը վերականգնվի, հասարակությանը վերադարձվեն ապօրինի միջոցներով ձեռք բերված բոլոր գույքերը»։

Իսկ ՍԴ որոշումը խթանելո՞ւ է այս գործընթացը, թե՞ ավելի շատ խոչընդոտներ է հարուցելու՝ հաշվի առնելով առկա անհանգստությունները, օրինակ՝ ասվում է, որ այս որոշումը կարող է կապել դատախազության ձեռքերը։

Այս հարցին ի պատասխան՝ իրավաբանը նշել է․

«Դատախազության անելիքներն այստեղ ընդամենը հստակեցված են, որևէ կապող լծակներ չկան, ՍԴ-ն իսկապես մանրամասն վերլուծել է, իսկապես անդրադարձել է դիմումում քննվող բոլոր եզրույթներին։ Օրինակ՝ քննարկվում էր նաև, թե ինչ է կրիպտոարժույթը, դիմումում ներկայացվել էր, որ կրիպտոարժույթ եզրույթը հասարակության լայն զանգվածների համար ընկալելի չէ, ՍԴ-ն անգամ այս հարցին է անդրադարձել՝ նշելով, որ եթե կրիպտոարժույթ հասկացության հետ որևէ խնդիր կա, ապա կարելի է հատուկ մասնագետի հրավիրել։ Բայց անգամ այս դեպքում կողմերից և ոչ մեկը սահմանափակված չէ»։

Իսկ այս որոշումից հետո այս օրենքի կիրառման հարցում ի՞նչ խնդիրներ են առաջանալու։

«Որպեսզի պարզենք՝ տվյալ օրենքը, առհասարակ որևէ իրավական ակտ, ինչ խնդիրներ կարող է առաջացնել, նախ այն պիտի գործարկենք։ Երբ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը ուժի մեջ մտավ, չէր կարող որևէ մտավախություն լինել, որ այս օրենքի բոլոր դրույթները ՍԴ քննության առարկա կդառնան․ հենց դրա համար էի նշել, որ այս որոշումն աննախադեպ է, քանի որ քննարկվել են օրենքի բոլոր դրույթները։ Այսինքն՝ նախ պետք է գործարկել, որ կարողանանք հասականալ, թե որտեղ են բացերը, որպեսզի հետո համապատասխան լծակներով, ինստիտուտներով փորձենք ուղղել օրենսդրական բացերը՝ եթե կլինեն դրանք։ Իսկ բացերը դատական պրակտիկայում միայն կկարողանան ի հայտ գալ»,- նշել է իրավաբանը։

Որոշումից անցել է ամիսուկես ժամանակ սա բավարար չէ՞ հասկանալու համար։

Ի պատասխան այս հարցի Փանարջյանը նշել է․

«Ոչ։ Ինչպես նշեցի՝ դատավարական գործընթացները սովորաբար երկար են տևում, շատ քիչ տեսակ գործերով է, որ դատավարությունը պիտի ընթանա երեք ամսում, մնացած դեպքերում ավելի տևական կարող են լինել՝ անգամ տարիներով։ Այս հարցերով դեռևս պրակտիկա մշակված չէ, ուստի պիտի սպասենք պրակտիկ խնդիրներին, որպեսզի կարողանանք լուծել և դրանք համադրել ՍԴ որոշման հետ, քանի որ հնարավոր է՝ այդ հարցերի պատասխանները արդեն տրված են ՍԴ վերլուծության մեջ»։

Exit mobile version