Եվրոպայի գաղափարը. Մաս 1-ին

Եվրոպա անվան առաջին հիշատակմանը հանդիպում ենք հին հունական դիցաբանության մեջ: Աստվածների և մարդկանց Հայր Զևսը ցլի կերպարանք առած՝ առևանգում է փյունիկեցի գեղեցկուհի Եվրոպային, և նրան Լիբանանից տանում է Կրետե կղզի: Եվրոպա փյունիկերեն նաև նշանակում էր արևամուտ: Այստեղից էլ Հին Հունաստանում Եվրոպան ասոցացվել է «Արևմուտքի» հետ:

Որպես կարևոր քաղաքական գաղափար՝ Եվրոպան վերածնվում է մեր թվարկության ութերորդ դարից՝ կրելով այն կարևոր ասոցիացիաներից շատերը, որոնք առաջանում են մեր մեջ, երբ խոսում են եվրոպական լինելու մասին:

Հարավից և արևելքից դեպի Եվրոպա իսլամի առաջխաղացմամբ պայմանավորված՝ Եվրոպան սկսեցին ասոցացնել այդ կրոնի նկատմամբ դիմադրության հետ: Մավրերի դեմ պայքարող ֆրանկների բանակը համարում էին «Եվրոպական բանակ»: Եվրոպան ասոցացնում էին նաև Կառլոս Մեծի օրոք տարածվող բարքերի հետ: Իններորդ դարում Ֆրանկների կայսրությունը ընդգրկում էր այսօրվա Արևմտյան Եվրոպայի տարածքն ամբողջությամբ, իսկ Կառլոս Մեծն իրեն համարում էր Եվրոպայի հայր և փորձում էր կայացնել մի քաղաքական համակարգ, որը խարսխված կլիներ վարչաքաղաքական կենտրոնների միջև հաղորդակցության ու հարաբերությունների վրա: Այս հիմքով սկսեցին զարգանալ ընդհանուր տնտեսական գործելակարգեր. միօրինակացված հաշվապահական չափանիշներ, գների վերահսկողություն և արժույթ: Վերջապես, Կառլոս Մեծը փորձում էր ձևավորել ընդհանուր քրիստոնեական մշակույթ, ինչը ենթադրում էր քրիստոնեական բարոյականության արմատավորում, եկեղեցիների կառուցում, քրիստոնեության դոգմաների միասնական մեկնություններ:

Այդուհանդերձ՝ միայն տասներկուերորդ դարից սկսած է Եվրոպան համարվում մի տարածք, որը բնակեցրած ժողովուրդների կենսակերպն ընդհանրական է: Այդ կենսակերպի առանցքում քրիստոնեական մարդասիրությունն էր՝ հիմքում ունենալով Հայր Աստծուն, որի Հիսուս որդին հանդիսանում է Աստծո մարդկային մարմնավորումը:

Ի լրումն սրա՝ Եվրոպան սկսեցին ասոցացնել նաև յուրատիպ քաղաքական տնտեսության հետ, որի էական բնութագրիչը գյուղական առևտուրն էր: Գյուղաքաղաքաները հետզհետե դարձան տեղական տնտեսության կենտրոններ: Այդ կենտրոնների միջև առևտուրն սկսեց ծաղկել Եվրոպայով մեկ այնպես, որ տասնհինգերորդ դարից սկսած առևտուրը զարգացավ՝ մի կողմից հարավում գտնվող իտալական, իսկ մյուս կողմից` հյուսիսում գտնվող ֆլանդրիական նավահանգիստների միջև: Առաջատար դերում վաճառական դասն էր: Եվրոպական այս տարածաշրջանի վերջին բնութագրիչը քրիստոնյա չհանդիսացող անձանց հետապնդումներն էին: Նրանք, որոնց վարքը հարված էր քրիստոնեության հիմնարար արժեքներին, որպիսիք էին հերետիկոսները կամ միասեռականները, ևս հալածվում էին: Հալածվում էին նաև նրանք, որոնց համարում էին սոցիալապես անպտուղ, օրինակ` բորոտները:

Տասնվեցերորդ և տասնյոթերորդ դարերի զարգացումները կանխորոշեցին Եվրոպական գաղափարի հետագա էվոլյուցիան: Ազգ-պետությունների առաջացումով իշխանությունն անցավ կենտրոնացված բյուրոկրատիայի ձեռքը, ինչի արդյունքում ներքին կարգուկանոնի ապահովումը, հարկային և արտաքին քաղաքականությունները դարձան նրա բացառիկ մենաշնորհը: Արդյունքում՝ Եվրոպան սկսեց ասոցացվել այդ պետությունների միջև բարիդրացիական հարաբերություններ համակարգողի հետ: Խաղաղության նպատակի նվաճման, խաղաղ գոյակցելու մասին  այս ասոցացումները հանգեցրին նրան, որ Եվրոպան սկսեց նույնականացվել մարդկային ընդհանրությունների հետ: Եվրոպան, հետևաբար, դարձավ մարդասիրության, գիտության և առաջընթացի մասին:

Եվրոպայի ընկալման վերջին բնութագրիչը ձևավորեցին տասնիներորդ և քսաներորդ դարերում ազգ-պետությունների ներսում եղած քաղաքական կոնֆլիկտները: Այս կոնֆլիկտները թողեցին մի այնպիսի ժառանգություն, որի արդյունքում «Եվրոպան» ստացավ այլ ասոցացումներ:

Փիլիսոփաներ Ժակ Դերիդայի ու Յուրգեն Հաբերմասի համար եվրոպական գաղափարը հակասական վերաբերմունք էր արտահայտում շուկայի և առաջընթացի, ինչպես նաև սոցիալական արդարության և մարդու իրավունքների  նկատմամբ: Այդուհանդերձ, նրանք էլ կարծում էին, որ եվրոպական գաղափարի նման մեկնությունները հեշտորեն անտեսում են Եվրոպայի անհանդուրժողականության, գաղութատիրության, ստրկության և ռասիզմի պատմությունը: Նրանց պնդմամբ՝ այդ երևույթները նույնպես նպաստել են եվրոպական մտքի և կենսակերպի ձևավորմանը և մասն են կազմում նրա, թե ինչի մասին է Եվրոպան: Եվ հենց այս երևույթներն են ձևավորել այսօրվա Եվրոպայի տնտեսական զարգացվածության համատեքստն ու ազատական գաղափարները: Ուստի, Եվրոպայի՝ իր մասին ունեցած պատկերացումը, որպես ժողովրդավարության և ազատականության համընդհանուր իդեալների բնօրրանի, ձևավորվել է մի ժամանակամիջոցում, երբ Եվրոպան իրեն համարել է աշխարհ, իսկ աշխարհի մնացած մասը` դատարկ տեղ, որը պետք է հայտնագործել ու գաղութացնել: Այս աշխարընկալմամբ Եվրոպան ոչ միայն նստած էր տիեզերքի կենտրոնում, այլև որոշում էր, թե ինչն է տիեզերքը: