Այս համաժողովը իրադարձություն է Հայաստանի համար․ Լուսինե Հակոբյան

Մայիսի 26-27-ը Հայաստանում անցկացվեց «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովը։ Հանրային ռադիոյի եթերում անդրադառնալով այդ համաժողովին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, Հայաստան-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը նշել է․

«Սա երկրորդ այսպիսի համաժողովն է։ Առաջինը նախորդ տարվա սեպտեմբերին էր կազմակերպվել: Այն բավական մեծ միջոցառում է, եւ կարելի է ասել իրադարձություն է Հայաստանում։ Այս միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերից եկած պաշտոնատար անձինք, քաղաքական գործիչներ, փորձագետներ, քաղհասարակության ներկայացուցիչներ եւ այլն։ Այն նպատակ ունի քննարկել, իհարկե, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական տարբեր խնդիրներ, բայց կարծում եմ՝ մեր կողմից սա նախաձեռնելն ու իրականացնելը նպատակ ունի ավելի շատ ուշադրություն հրավիրել Հայաստանի խնդիրների վրա։ Այս տարվա միջոցառմանն էլ, ինչպես տեսանք, վարչապետ Փաշինյանը բավական հանրամատչելի, բոլորի համար մանրամասնորեն եւ ընկալելի փորձեց ներկայացնել խաղաղության գործընթացը, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների շրջանակում, որ փուլում է գտնվում խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինչ խոչընդոտներ կան, Հայաստանի դիրքորոշումն ինչպիսին է, Ադրբեջանի դիրքորոշումն ինչպիսին է։ Հետո՝ ընդմիջմանը փորձագետների, տարբեր մասնակիցների արձագանքներից հասկանալի էր, որ բավական օգտակար էր այդպիսի ներկայացումը, քանի որ այդպիսի դետալային պատկերացում այդ հազարից ավել մասնակիցներից ոչ բոլորն ունեին։ Բացի դրանից, այնտեղ տարբեր պանելային քննարկումներ էին տեղի ունենում՝ տարբեր դերակատարների մասնակցությամբ՝ ե՛ւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր կար, ե՛ւ Իրանի ԱԳ նախարար, ե՛ւ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության, ԱՄՆ տարբեր փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն եւս շատ կարեւոր ելույթ ունեցավ, նշեց, որ վարչապետ Փաշինյանի ներկայացումն իր համար խիստ ինֆորմատիվ եւ օգտակար էր, եւ հույս ու համոզմունք հայտնեց, որ ՀՀ հետ Սլովակիան կշարունակի խորացնել համագործակցությունը, ինչը լավ ազդակ էր»։

Համաժողովին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ՍԴ-ն Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչի խաղաղության համաձայնագիրը, ապա իրենք կփոխեն Սահմանադրությունը, արդյո՞ք սա չի մեկնաբանվի, որ ՀՀ իշխանությունները Ադրբեջանի պահանջներն են կատարում։

«Վարչապետ Փաշինյանն ասաց, որ փորձագետները նշում են, որ 2024-ի սեպտեմբերին ՍԴ որոշումից հետո, որը վերաբերում էր դելիմիտացման կանոնակարգի համապատասխանությանը Սահմանադրությանը, ծայրահեղ անհավանական է, որ ՍԴ-ն որոշի, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը։ Բայց, ամեն դեպքում ասեց, որ կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ, իրականում պետք է ասեր՝ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց, բնականաբար, այդ գործընթացի վերջնական այո-ն, կամ ոչ-ը քաղաքացիները պետք է ասեն։ Իհարկե, իշխանությունները կարող են ցանկացած բան նախաձեռնել, բայց իրականում Հայաստանում հայ ժողովուրդը պետք է որոշի, Հայաստանը բռնապետություն չէ, Ադրբեջան չէ, ՌԴ չէ, բնականաբար , հայ ժողովուրդը պետք է որոշի՝ նոր Սահմանադրությունը ընդունո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Եւ եթե որոշի, որ չի ընդունում, չի ընդունի, եթե որոշի, որ ընդունում է՝ կընդունի։ Նախաձեռնելու մեջ ոչ մի վատ բան չկա, ժողովուրդը պետք է որոշումը կայացնի»,- ի պատասխան ասել է Հակոբյանը։

Դիտարկմանը, որ «տեսակետներ կան, որ եթե խաղաղության համաձայնագիրը պայմանավորվում է Սահմանադրության բովանդակությամբ, եւ այդ դեպքում հարցը դրվի համաժողովրդական հանրաքվեի ու համապատասխան քանակի ձայներ չհավաքվի, դա հնարավորություն է տալիս Ադրբեջանին պատերազմ սկսել», Հակոբյանն արձագանքել է․

«Ոչ մի հնարավորություն դա Ադրբեջանին չի տալիս, քանի որ ամեն դեպքում որքան էլ որ մենք Ալիեւին համարում ենք ագրեսոր, դիկտատոր, հասկանալի են Ալիեւի նկրտումները, նաեւ գիտենք, որ ՀՀ արեւելյան հատվածները նա արեւմտյան Ադրբեջան է կոչում, այդուհանդերձ, հասկանալի է, որ Ալիեւը հաշվի նստում է միջազգային կարծիքի հետ։ Այդ պարագայում, եթե հայ ժողովուրդը դեմ է քվեարկում նոր Սահմանադրությանը, ի՞նչ է Ալիեւը ասելու, ասելու է՝ հայ ժողովուրդը դեմ է քվեարկել, դրա համար ես պետք է ոչնչացնե՞մ հայ ժողովրդին։ Եթե անգամ ասի՝ հայ ժողովուրդը դեմ է խաղաղությանը, ինքն ինչ ուզում է ասի, պետք է հայ ժողովրդին ոչնչացնի՞ տարածաշրջանից, դա միջազգային իրավունքի տեսակետից լեգիտիմ պատճառաբանություն չէ պատերազմ սանձազերծելու համար, հայ ժողովուրդն է իր Սահմանադրության տերը, նա ասում է, որ դեմ է նոր Սահմանադրությանը, դա որեւէ կերպ չի լեգիտիմացնում Ալիեւի կողմից պատերազմի սանձազերծումը ։ Այն պնդումները, թե սա ծուղակ է, տրամաբանական փակուղի են ստեղծում, որեւէ միջազգային իրավունքի մասնագետի հարցրեք՝ եթե ժողովուրդը ոչ է քվեարկում, ո՞րն է դրա պատասխանը լինելու, որը լեգիտիմ կլինի միջազգային հանրության տեսակետից, հարձակվել եւ ոչնչացնե՞լ այդ ժողովրդին, ձեզ որեւէ մեկը չի ասի այո»։

Դիտարկմանը, թե իսկ «Արցախում ինչպե՞ս արեցին», Հակոբյանն արձագանքել է․

«Արցախում եւս միջազգային իրավունքի տեսակետից դա չի պաշտպանվում, այսինքն, իհարկե, էլի կարող է անել, բայց միջազգային իրավունքի տեսակետից դա կհամարվի ոչ լեգիտիմ, ագրեսիվ գործողություն»։

Դիտարկմանը, որ «միջազգային իրավունքի տեսակետից ՄԻԵԴ-ն ունի մի շարք որոշումներ, ԱՄԴ-ն ունի մի շարք որոշումներ, որոնցից ոչ մեկը չի իրականացվել, ավելին, որեւէ հետեւանք Ադրբեջանի համար այդ որոշումների չկատարումը չունեցավ, հիմա երբ խոսում ենք եվրոպական, համամարդկային արժեքներից, այն մարդիկ, որոնք այնքան էլ կողմնակից չեն դրան, սկսում են մեզ, ձեզ ձեռ առնել, ասում են՝ էս չի՞ ձեր միջազգային իրավունքը։ Միջազգային իրավունքը մեկն է՝ ուժը», Հակոբյանն արձագանքել է․

«Միջազգային իրավունքի համար երբեւէ հիանալի ժամանակներ չեն եղել, միջազգային իրավունքն ինքն իրեն էլ է հաստատել դժվարությամբ, ըստ էության, դա էլի եղել է նվաճում, հեշտ երբեք չի տրվել, նույն ԱՄԴ-ն հեշտ չի ստեղծվել եւ գոյություն պահպանել, ՄԻԵԴ-ը եւ իր վճիռները հեշտ չեն ընդունվել ԵԽ անդամ պետությունների կողմից, ՄՔԴ-ն է բավական դժվար կացության մեջ, բայց այդ դատարանների չգոյությունը ավելի մեծ վնաս է միջազգային իրավունքին, պետությունների միջեւ խաղաղ, բարիդրացիական համակեցությանը, քան դրանց գոյությունը։ Քանի որ ի վերջո, այն միջազգային իրավունքը, որը սահմանվել է, սահմանվել է հստակ կանոններով եւ այն կողմը, որը խախտում է, ճանաչվում է որպես խախտող կողմ, կարող է որոշակի ժամանակահատվածում այդ կողմը ինչ-որ ժամանակավոր առավելություններ ձեռք բերի, բայց ի վերջո՝ միջազգային իրավունքի տեսակետից նա մնում է միջազգային իրավակարգը խախտող կողմ։ Եւ ինքնին այդ գնահատականը շատ կարեւոր է։ Կարող է՝ միջազգային ատյաններն ու դատարանները հեշտ ժամանակներում չեն գտնվում, բայց պետությունները պետք է ջանք գործադրեն, որպեսզի լուծումներ գտնեն դրանց արդյունավետության բարձրացման համար եւ մենք ինքներս պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրս պետք է ջանք գործադրի այդ ատյանների արդյունավետության բարձրացման համար, ոչ թե ասի այս միավոր ժամանակահատվածում այս մի ատյանն այնքան էլ արդյունավետ չէ, հետեւաբար՝ այն մեզ պետք չէ»։

ՌԴ-ն հարձակվել է Ուկրաինայի վրա, անում է՝ ինչ ուզում է, ըստ էության, նման վիճակ ունենք Ադրբեջանի հետ, ՌԴ-ն, սակայն, մտավ սանկցիաների տակ, բայց Ադրբեջանը սանկցիոն ցուցակում դեռ չկա, չի՞ ստացվում, որ երկակի ստանդարտներ են։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Իրականում առաջին հայացքից այդպես է, եւ կարող ես ասել՝ այո, անխոս վիճարկելի չէ, որ Ադրբեջանը մեր հանդեպ անում է այն, ինչ ՌԴ-ն անում է Ուկրաինայի հանդեպ, ուղղակի հարցն այն է, որ ԵՄ-ն հույս ունի, որ Ադրբեջանի հանդեպ ոչ կոշտ միջոցներ կիրառելով, ավելի դիվանագիտական միջոցներ կիրառելով, փափուկ ուժով կկարողանա հասնել նրան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կկնքվի խաղաղության համաձայնագիր եւ ի վերջո խաղաղ համակեցություն կապահովվի մեր երկու պետությունների միջեւ։ Դրա համար ավելի շատ ջանք այդ ուղղությամբ է գործադրում։ Միշտ էլ հնարավոր է Եվրոպայի համար սանկցիաներ կիրառել Ադրբեջանի հանդեպ, ուղղակի նպատակն է այլ, նպատակ կա երկու պետություններին հասցնել փոխըմբռնման, խաղաղության, եւ այլն, բայց ինչ խոսք, պետք է համաձայնվեմ, որ փափուկ միջոցների էտապը կարելի է սպառված համարել, եւ հաշվի առնելով, որ Ադրբջանի տնտեսությունը մեծապես կախված է ԵՄ անդամ պետություններից, իրապես եթե այնպիսի պետություններ, ինչպես Սլովակիան, Հունաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Իտալիան, Հունգարիան միասին ունեն ցանկություն իսկապես հասնելու նրան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվի խաղաղության համաձայնություն, կարող են պայման դնել Ադրբեջանի առջեւ՝ ասելով, որ մենք այլեւս նավթ չենք ձեռք բերելու Ադրբեջանից, քանի դեռ․․․․

Կարծում եմ՝ ոչ մի անհնար բան չկա, մեր պետության ջանքերից շատ բան կարող է կախված լինել՝ տարբեր դաշմնակիցներին խաղի մեջ մտցնելով եւ այլն, այս պահին Հունգարիան այլ կերպ է տրամադրված, հաջորդ պահին կարող է այլ կերպ տրամադրվել։ Հիմա դրա համար կարծում եմ, որ այդ քայլերն են ձեռնարկվում, դրա համար է Ֆիցոն հրավիրվել այստեղ, դրա համար է իր ներկայությամբ այսքան մանրամասն բացատրվում պրոցեսն ինչի մասին է, կարծում եմ, որ անհնարին չէ դա»։

ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, տպավորություն է, սակայն, որ այդ օրենքը կա միայն հայ-ռուսական օրակարգում, ռուսական կողմը անընդհատ անդրադառնում է այդ օրենքին, սպառնալիքներ է հնչեցնում այդ կապակցությամբ եւ հակառակը՝ ԵՄ-ՀՀ հարաբերություններում այն օրակարգում չկա։ Ի պատասխան այս դիտարկմանը Հակոբյանը նշել է․

«Չեմ կարծում, որ օրակարգում չկա, այն, ինչ մակերեսին է ու բարձրաձայնվում է հրապարակային հայտարարությունների տեսքով եւ այն խոսակցությունները, որ տեղի են ունենում փակ դռների հետեւում, կարծում եմ՝ տարբեր են։ Ամեն դեպքում, Լավրովի հետ ասուլիսի ընթացքում պարոն Միրզոյանի հնչեցրած հայտարարությունները էլի կարելի է գնահատել, որ նա այս պահին առկա չոր փաստերն է արձանագրում, որ չկա ներկայացված հայտ, այս պահին բանակցություններ չեն ընթանում, ինչը չի նշանակում, որ հաջորդ պահին հայտ չի ներկայացվի եւ բանակցություններ չեն լինի։ Մեկ այլ խնդրից խոսեմ, նույն «Երեւանյան երկխոսություն»-ը․մեր հայ մասնակիցների կողմից՝ ԱԳ նախարար, ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ եւ այլն, ես չլսեցի այդ օրենքի մասին որեւէ հիշատակում։ Կարող եմ հասկանալ, որ լավ, իշխանությունը փորձում է բալանսավորման քաղաքականություն վարել, դրա համար ամեն րոպե չի թմբկահարում, բայց կարելի էր գոնե քաղհասարակության այն գործիչներին, փորձագետներին, որոնք այդ օրակարգի ջատագովն են, որոնք այդ նախաձեռնության անդամներն են, հրավիրել, որ իրենք գոնե այդ մեսիջները հնչեցնեին։ Եթե ԵՄ օրակարգում չկա, նշանակում է՝ մենք բավարար չափով չենք հնչեցնում, բայց այստեղ մեկ այլ հարց էլ կա՝ ստանձնած պարտավորությունների կատարման հարցը եւ այստեղ եւս պետք է մեծ ուշադրություն դրսեւորել եւ հավուր պատշաճի կատարել արդեն իսկ ստանձնած պարտավորությունները, որ կարողանանք առաջ շարժվել։ Նաեւ կան այլ հարցեր՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը, ԵԱՏՄ-ից դուրս գալը, դրանք եւս մինչեւ տեղի չունենան, մենք չենք կարողանալու առաջ շարժվել»։

Եթե մենք հիմա ԵԱՏՄ-ից դուրս գանք, ի՞նչ ենք անելու, ԵՄ պաշտոնյաները ասում են, որ երաշխիք չեն տալիս, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի, անվտանգային եւ այլ երաշխիքներ չեն տալիս, այդ դեպքում մենք ԵԱՏՄ-ից ինչի՞ դուրս գանք։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Սա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ից հենց հիմա պետք է դուրս գալ, բայց հայտ ներկայացնելուց առաջ պետք է դա անել։ Դրա համար մինչ այդ պետք է լուրջ քայլեր ձեռնարկել, ինչը մասամբ արվում է՝ էներգետիկ, տնտեսական, պաշտպանական դիվերսիֆիկացումը, այդ ամենը պետք է անել ավելի ինտենսիվ։ Նաեւ կառավարության կառուցվածքի հետ կապված խնդիր կա, ինչը անադեկվատ է մեր հավակնություններին, կարողությունների խնդիր կա։ Մեր կառավարության կարողությունները բավարար չեն այս պահին այդ քայլերը ինտենսիվ ձեռնարկելու համար, բայց կան միջոցներ եւ գործիքակազմ, որ կարող են նպաստել այդ կարողությունների բարելավմանը, եւ դրանք հենց ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերն են։ ԵՄ-ն պարբերաբար հայտարարում է, որ ՀՀ-ին այսքան բյուջետային օժանդակություն է ցուցաբերել, այս կամ այն ծրագիրն է իրականացվում, դրանց արդյունավետության խնդիրը եւս կա։ Ծրագրեր կան, որոնք հենց պետք է փորձագիտական կարողություններով օժանդակեն ՀՀ իշխանությանը՝ ՀԸԳՀ իրականացման ոլորտում, այդ ծրագրերը եւս պետք է հնարավորինս ավելի արդյունավետ իրականցվեն, եւ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ քաղհասարակությունը պետք է լրջորեն վերահսկողություն իրականացնեն այդ ծրագրերի արդյունավետության հանդեպ»։

Հաղորդավարը հիշեցրել է, որ ԵՄ-ն 2020-ին հայտարարել է, որ ՀՀ-ին ավելի քան 2 մլրդ եվրո պետք է հատկացնի, բայց մինչեւ հիմա սպասում ենք այդ գումարին։

«Այդ գումարները մասնակիորեն ներդրվել են ՀՀ-ում, բայց ինչ խոսք, կհամաձայնեմ, որ երբ ԵՄ-ից հատկապես այս օրինագծի ներկայացման եւ օրենքի ընդունման ֆոնին տարբեր պաշտոնատար անձանցից շատ ենք լսում, որ ժողովրդի ակնկալիքները պետք չէ բարձրացնել, որ դա լուրջ տնային աշխատանք է, ինչը նորմալ է, մենք անընդհատ էլ մեր ժողովրդին ասում ենք, որ դա լուրջ տնային աշխատանք է ենթադրում՝ ե՛ւ կարողությունների բաց կա, ե՛ւ քաղաքական կամքի խնդիր կա, այդ բոլոր հարցերը բարձրացնում եւ ասում ենք, որ հեշտ չի լինելու, բայց անշուշտ, երբ ԵՄ-ն այդ 2,6 մլրդի հայտարարությունն անում էր, բնականաբար այստեղ էլ ակնկալիքները բարձրանում են։ Այսինքն, շատ անգամ, ակնկալիքների բարձրացմանը հենց իրենք էլ նպաստում են։ Իհարկե, ահագին բան արվել է՝ ե՛ւ ՓՄՁ-ների օժանդակությունը, ե՛ւ Երեւան համայնքին, տարբեր աշխատանքներ արվել են, բայց, իհարկե, ոչ 2,6 մլրդի»,- արձագանքել է Հակոբյանը։

Հայաստանում կանցկացվի նաեւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, դա մեզ ի՞նչ կտա։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Քաղաքական իմաստով դա լուրջ աջակցության ժեստ է Հայաստանի եվրոպական ապագային ձգտող ուժերին, այդ թվում՝ իշխանությանը, եթե իշխանությունը ձգտում է, եւ եվրոպական ուղղությունը ջատագովող այլ քաղաքական ուժերին, եւ քաղաքացիական հասարակությանը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները լուրջ իրադարձություններ են, տարին մոտավորապես 2 անգամ են տեղի ունենում, նախորդը բոլորովին վերջերս Ալբանիայի մայրաքաղաքում կայացավ, հաջորդը Կոպենհագենում կկայանա, քանի որ Դանիան հուլիսից կստանձնի ԵԽ-ում նախագահությունը, իսկ Հայաստանը Արեւելյան գործընկերության պետություններից երկորդը կլինի Մոլդովայից հետո, որտեղ կանցկացվի գագաթնաժողովը։ Իհարկե, այստեղ նշում են, որ դա մեծ ձեռքբերում չէ, քանի որ 2028-ին էլ Ադրբեջանում կանցկացվի, ուզում եմ ասել, որ անկախ դրանից դա մեծ ձեռքբերում է։ Շատ հաճախ ԵՄ-ն չասեմ՝ հավասարության նշան է դնում, բայց եթե ՀՀ-ին ինչ-որ ժեստ է անում, փորձում է Ադրբեջանին էլ սիրաշահել, որ խանդի տեսարաններ չառաջանան։ Այդ լույսի ներքո է պետք դա մեկնաբանել, դրանից այդ իրադարձության կարեւորությունը չի նսեմանում»։

Ասենք՝ Ադրբեջանը խանդեց, դրանից Եվրոպային ի՞նչ։

«Էլի, մեր տեսադաշտում պետք է պահենք, որ ԵՄ-ն մեծապես շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կնքմամբ, դա է պատճառը, որ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կողմերը իրար հանդեպ տարբեր վերապահումներ, վատ էմոցիաներ չունենան, այլ հնարավորինս ներառական, իրար մոտեցնելով՝ հասնի խաղաղության Հարավային Կովկասում»,- ասել է Հակոբյանը։

Հաղորդավարը հարցրել ՝ «Լավրովը Արցախի հայաթափումից հետո առաջին անգամ գալիս է Հայաստան, եւ դուք բողոքի ակիցա եք կազմակերպում ոչ թե դրա դեմ եւ համար, այլ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների համատեքստում»։

Ի պատասխան Հակոբյանն արձագանքել է․

«Առաջին հերթին Արցախի հայաթափումն էր խնդիրը, այդ մասին շատ բարձրաձայնեցինք, նաեւ կոչերն էին այդ, որ ասում էին՝ «Россия — не миротворец, Россия – торговец», ի՞նչ է նշանակում, Արցախում խաղաղապահ առաքելություն էր ՌԴ-ն ստանձնել, որը չկատարվեց փաստացի եւ Արցախը հայաթափվեց, եւ առաջին հերթին դա էր խնդիրը։ Ուկրաինան եւս խնդիր է, քանի որ այնտեղ շարունակվում է ագրեսիվ պատերազմը՝ միջամտելով այդ պետության արտաքին կողմնորոշմանը, անկախ եւ սուվերեն ապագան կառուցելու մղումներին։ Համարում ենք, որ ՌԴ-ն դավաճանել է Հայաստանի շահին, եւ այդ պատճառով է, որ մեր բողոքի ձայնը բարձրացնում էինք՝ ասելով, որ մեր դժգոհությունն ենք հայտնում այդ այցի կապակցությամբ։ Իհարկե, չենք ասում, որ ՀՀ-ն պետք է խզի դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ, հասկանալի է, որ կան բազում հարցեր, որոնք քննարկվում են, կամ քննարկման առարկա կարող են լինել ապագայում՝ այդ թվում ռուսական սահմանապահների դուրսբերումը, ռազմաբազայի հարցը, ՀԱՊԿ-ի հարցը, այդ ամենը պարզ է, որ պետք է խոսվի Ռուսաստանի հետ, բայց ամեն դեպքում մենք մեր բողոքի ձայնն էինք բարձրացնում, ուզում էինք ցույց տալ, որ Լավրովը առաջվա նման հանգիստ, ուրախ, թեւեւրը թափ տալով այլեւս չի կարող ՀՀ գալ, որ մենք բողոքելու ենք դրա դեմ»։