2026 թվականի գարնանը Հայաստանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։
«1in.am»-ի հետ զրույցում մեկնաբանելով այս տեղեկությունը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, Հայաստան-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը նշել է․
«Շատ կարեւոր իրադարձություն է լինելու, ասեմ, որ Արեւելյան գործընկերության անդամ պետություններից Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով առայսօր տեղի է ունեցել Մոլդովայում, երկրորդը Հայաստանն է լինելու, որը հյուրընկալելու է նման կարեւոր միջոցառում։ Ես եւս դա իմացել եմ, եւ անչափ կարեւորում եմ, որ նման բան տեղի կունենա, դա Եվրոպական պետությունների 40-ից ավելի առաջնորդների պարբերական հանդիպումներից է, այդ թվում նաեւ ԵՄ անդամ պետությունների ղեկավարների, ԵՄ կառույցների ղեկավարների՝ ինչպիսիք են Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրոպական հանձնաժողովի, պառլամենտի նախագահները, նրանք բոլորը հույժ կարեւոր հարցեր քննարկող, լուծող պաշտոնատար անձինք են։ Եւ իսկապես շատ կարեւոր է, որ Հայաստանում կլինի այդ համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Հաջորդը գիտենք, որ Դանիայում է լինելու, քանի որ այս տարվա հաջորդ կիսամյակում Եվրոպական խորհրդում նախագահելու է Դանիան, եւ ըստ երեւույթին դրանով է պայմանավորված, որ 7-րդ գագաթնաժողովը աշնանը կկայանա Դանիայում, իսկ արդեն 8-րդը՝ Հայաստանում։ Այդ հանդիպումների ընթացքում Եվրոպական առաջնորդները խիստ կարեւոր հարցեր են քննարկում։ Վերջին գագաթնաժողովը գիտեք, որ վերջերս կայացավ Տիրանայում, եւ հիմնական կենտրոնացումը անվտանգային, խաղաղության օրակարգերի վրա էր։ Կհետեւենք, կտեսնենք՝ հաջորդ գագաթնաժողովները, եւ հատկապես Հայաստանինը ինչի մասին է լինելու, բայց ասեմ, որ սա իրապես մեծ աջակցություն է Եվրոպական առաջնորդների կողմից Հայաստանի եվրոպական ուղուն, ապագային ձգտող հասարակությանը, եւ, բնականաբար, ինքս շատ ուրախ եմ այդ լուրից եւ այդ իրադարձության կապակցությամբ։ Սա, ըստ էության, այն հարցի պատասխանն է, թե ով է մեզ սպասում Եվրոպայում՝ ԵՄ-ն է սպասում»։
Իսկ որքանո՞վ է հավանական, որ այդ գագաթնաժողովին ՀՀ-ում կմասնակցեն նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Իհարկե, նրանք Ալբանիային բարեկամ պետություն են դիտարկել եւ այցելել են այնտեղ կայացած միջոցառմանը, ինչը չես ասի ՀՀ պարագայում, ամեն դեպքում պակաս անհավանական եմ համարում Թուրքիայի նախագահի այցը, քան Ադրբեջանի նախագահինը՝ հայտնի պատճառներով։ Կապրենք՝ կտեսնենք։ Բնականաբար, Ադրբեջանն էլ մեզ համար իր ագրեսորական նկրտումներով համարժեք է ՌԴ-ին, ես չգիտեմ՝ որքանով մենք ենք պատրաստ ընդունելու, մեր հասարակությունը, այդ ամենը քննարկման առարկա պետք է լինի»։
Հայաստանում 8-րդ գագաթնաժողովն անցկացնելու որոշումը կայացվեց ՌԴ ԱԳ նախարար ՀՀ կատարած այցից հետո։ Գնահատելով այդ այցն ու ՀՀ ԱԳՆ հայտարարությունները՝ Հակոբյանը նշել է․
«Ի՞նչ էին ուզում մեզնից, ինչ որ միշտ, ըստ երեւույթին անընդհատ եւ անդադար փորձեր են արվում ՀՀ-ին ներքաշել այդ Միութենական պետություն, չեմ կարծում, որ այլ բնույթի խոսակցություն է եղել, կամ խոսակցություն է եղել, որ այո, դուք ազատ, սուվերեն պետություն եք, գնացեք ձեր ճակատագիրը ինքնուրույն որոշեք։ Ինչ վերաբերվում է նրան, թե ինչ հայտարարություններ հնչեցին ՀՀ հետ բարեկամական կապեր ունեցող երկրների, այդ թվում Ֆրանսիայի մասին, դրանք խիստ մտահոգիչ ու վտանգավոր են հայկական դիվանագիտության համար։ Նաեւ կարող ես ասել, որ այն հայտարարությունները, որ Արարատ Միրզոյանն էր անում ԵՄ անդամակցության հեռանկարի վերաբերյալ մի կողմից կարող ես ասել, որ դիվանագիտություն էր բանեցվում, փորձ էր արվում զուտ այս պահին սեղանին եղած փաստերը ներկայացնել, ինչը չես կարող վիճարկել՝ այդպես է, բայց կարծում եմ՝ մի քիչ ավելի համարձակ էր պետք գտնվել, հետո էլ տեսանք, որ Էկոնոմիկայի նախարարությունն այդ կենացները քաղցրացրեց՝ թե մեր օրակարգում ընդհանրապես նման հարցեր չկան, այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում՝ այդ օրենքն ընդհանրապես ինչի՞ համար էր, եթե օրակարգում նման հարց չկա։ Ամեն դեպքում՝ դիվանագիտությունը բարդ բան է, փորձառության հարցեր կան եւ այլն, աստիճանաբար սովորում են, այնպես չէ, որ մեզանից յուրաքանչյուրն այնտեղ կարող է ավելի լավ իրեն դրսեւորել, դա էլ է հասկանալի»։
Իսկ արդյո՞ք այս կախվածությունը ՌԴ-ից վտանգավոր չէ՞, եւ չպետք է արդյո՞ք բալանսավորել հարաբերությունները։
«Ես անկեղծորեն հուսով եմ, որ այդ վեկտորը կա։ Տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններ առիթ են տալու մտածելու, որ այդ վեկտորը իրականում չկա, բայց ես զգում եմ, որ այդ վեկտորը կա իրականում, եւ այդ հայտարարություններն էլ, թե՝ օրակարգը չկա, հայտ չենք ներկայացրել, չենք բանակցում, զուտ Հայաստանին պաշտպանելու ջանքեր են, իսկ վեկտորը հստակ տեսնում եմ, որ կա։ Տեսնում եմ, որ կարողություններն են թույլ՝ այդ վեկտորով ավելի արդյունավետ առաջ գնալու համար, հայտ ներկայացնելուն էլ կարծում եմ՝ խանգարում է այն, որ այս պահին ստանձնած պարտավորությունները կատարված չեն, ինչը լուրջ խնդիր է։ Անընդհատ ասում ենք ՀԸԳՀ իրականացում, բայց, բնականաբար, հաջորդ փուլ չենք կարող անցնել առանց ստանձնած հանձնառությունների իրականացման, դրանք 2017 թվականից ստանձնվել են, 2021-ից է ամբողջությամբ ուժի մեջ մտել ՀԸԳՀ-ն, ամեն դեպքում՝ արդեն 4-րդ տարին է, եւ այդ հանձնառությունները պետք է կատարվեն, որպեսզի հնարավորություն ունենանք այդ հաջորդ քայլերն անելու։ ԵՄ-ի կողմից էլ դա հստակ է։ Նաեւ այլ ասպարեզներում էլ կա որոշակի գործողությունների անհրաժեշտություն՝ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալը, մինչ այդ քայլերն անելն էլ հստակ է, որ պետք է դիվերսիֆիկացում, դա էլ պետք է հասկանալ, թե իշխանության կարողությունները որքանով են ներում՝ այդ գործընթացն արդյունավետորեն իրականացնելու համար։ Խոսակցությունը կա, բայց․․․Կարողությունների հարց է իրականում, ԵՄ-ն էլ պետք է հասցեական աջակցի այդտեղ, ԵՄ-ն պարբերաբար հայտարարում է, որ մեծ ֆինանսներ է հատկացնում ՀՀ իշխանությանը՝ բյուջետային աջակցություն, աճի եւ դիմակայունության ծրագիր եւ այլն։ Այն գումարները, որ հատկացվում են այն ծրագրերի միջոցով, որոնք պետք է հասցեագրեն այդ կարողությունների բացը, դրանց արդյունավետությունը պետք է լրջորեն բարձրացվի եւ այդ ծրագրերի արդյունավետությունը եւս պետք է լրջորեն մշտադիտարկվի, դա պետք է անեն իշխանությունը եւ ԵՄ-ն միասին, որպեսզի կարողանան այդ կարողությունները զարգացնեն, պատշաճորեն իրականացնեն արդեն իսկ ստանձնած հանձնառությունները, շուտով ՀԸԳՀ+-ը կստորագրվի, որպեսզի կարողանան արդեն հաջորդ քայլին անցնել»,- նշել է Հակոբյանը։
Այդ համատեքստում արվող եւ չարվող ռեֆորմներին էլ անդրադառնալով՝ նշել է․
«Խնդիր է նաեւ կառավարության կառուցվածքի բարեփոխումը, քանի որ ներկայիս կառուցվածքով եւս այդ հանձնառությունները դժվար իրականացնելի է՝ կարողությունների եւ լիազորությունների խնդրին հանգելով, կառավարության ներկայիս կառուցվածքով այդ հանձնառությունները հավուր պատշաճի իրականացնելը խիստ դժվար է։ Ունենք 2 կարեւոր նախարարություններ, որոնք լուրջ դեր են կատարում՝ ՏԵԶ եւ Էկոնոմիկայի նախարարությունները, բայց իրենք չունեն ՀԸԳՀ-ով լուրջ առաջընթաց ապահովելու լիազորություն, ամեն ինչ փոխվարչապետի համակարգմամբ է տեղի ունենում, Ֆինանսների նախարարության անընդհատ միջամտությամբ եւ արգելափակումներով։ Բացի այդ, կա լուրրջ կարողությունների հարց Արդարադատության նախարարությունում։ Կադրերի եւ կառուցվածքի հարց է, այնտեղ նաեւ պետք է լինեն առանձնահատուկ վարչություններ, որոնք հենց բացառապես ՀԸԳՀ կատարմամբ, ԵՄ առջեւ ստանձնած հանձնառությունների կատարմամբ կզբաղվեն, ոչ թե օրինակ՝ մի փոխնախարար կզբաղվի պարենի անվտանգությունից սկսած ամեն ինչով, այդ թվում նաեւ ՀԸԳՀ-ով, քանի որ ՀԸԳՀ-ն մի մեծ բլոկ է, եւ դրան հատուկ ուշադրություն է պետք։ Բացի այդ, լուրջ խնդիր կա այն առումով, թե ինչպես են որոշվում առաջնահերթությունները ՝ անգամ իրերի ներկայիս դրության պայմաններում։ Օրինակ՝ արդյո՞ք նպատակահարմար է կարգապահականներով հետապնդել մի դատավորի, երբ իրականում այսպիսի մի մեծ սպեկտոր կա, երբ հիմնական խնդիրը դատարանների ծանրաբեռնվածությունն է, եւ այդ խնդրի ֆոնին անընդհատ հետապնդել միեւնույն դատավորին, մինչդեռ ծանրաբեռնվածության խնդիրը, որը ունի համակարգային լուծման կարիք, պատշաճ միջոցներով չի հասցեագրվում։ Օրինակ՝ Վերաքննիչ քրեական դատարանի 2023-ի ծանրաբեռնվածությունը եղել է մոտ 600 քրգործ, 2024-ինը՝ 1200-ից ավել, այս տարվա առաջին եռամսյակի վիճակագրությունը ցույց է տալիս 600 գործ, պատկերացրեք, թե մինչեւ տարվա վերջ դա ինչ է դառնալու։ Նույն վիճակում են նաեւ քաղաքացիական եւ վարչական դատարանները։ Դատավորների անբավարար թվի մասին տարբեր ուսումնասիրություններ կան, Արտակ Զեյնալյանն է դեռ 2012-ից անդրադարձել այդ հարցերին, որ բնակչություն եւ դատավորների թիվ մեծ անհամապատասխանություն կա,։300-ից ավելի դատավորներ կան, բայց Վերաքննիչ դատարանում քրեական գործերով զբաղվող դատավորները մի 20-նն են, եւ այդ 20 հոգով այս տարի մի 1800 գործ են քննում, դատավորները ուժասպառ են լինելու՝ թոշակի տարիքի չհասնեն, դա էլ է մեծ հարց։ Պետք է նորմալ գնահատվի, պետք է միջազգային փորձի ուսումնասիրություն արվի, տեսնեն՝ այլ պետություններում այդ ծանրաբեռնվածության պարագայում ի՞նչն է ճիշտ, նորմալ հասեցագրվի խնդիրը, խնդիրը կա, դրա մասին քանի տարի է խոսվում է, բայց ի՞նչ միջոց է ձեռնարկվել։ Քաղաքացիական դատավարության շրջանակներում հարցերի մի մասը հանձնվեց նոտարների լիազորությանը, բայց դա կարծես ժամանակավոր լուծում էր, քանի որ նոտարների ընդունած ակտերն էլ գալու են էլի բողոքարկվեն Առաջին ատյանի դատարան, եթե Առաջին ատյանի դատական ակտերը բողոքարկվում են վերադաս վերաքննիչ ատյան, ապա հասկանալի է, չէ՞, որ նոտարների ակտերը պետք է բողոքարկվեն Առաջին ատյանում, վստահությունը նոտարի ակտի հանդեպ ավելի քիչ է, քան դատական ակտի հանդեպ, հաշվի առնենք նաեւ, որ դատական ակտերն էլ իրենց հերթին բողոքարկվում են վերադաս ատյաններ։ Սրանք լուրջ խնդիր են, որ արդարադատության որակի վրա բնականաբար ազդում է, դատավորները քանի՞ գործ կարող են քննել, որ օպտիմալ է մարդու համար, որ ինքը ե՛ւ հանգստանա, ե՛ւ կարողանա նորմալ աշխատել»,- նշել է Հակոբյանը։
Նրա կարծիքով մտել ենք նախընտրական տրամաբանության մեջ, եւ բնականաբար, ամեն ինչ ինտենսիվանալու է, հիբրիդային սպառնալիքներն են շատանալու։
«Մենք արդեն այսօր ենք տեսնում այդ սպառնալիքները, որ սուր թափ են ստացել, բնականաբար որքան մոտենանք ընտրություններին, այնքան դրանք շատանալու են։ Դեզինֆորմացիան, ֆեյք լրատվությունը լուրջ սպառնալիքներ են, եւ բնականաբար, դա տեղի է ունենալու Մոսկվայի մեծ ազդեցությամբ եւ դիրիժորությամբ, եւ բնականաբար տարբեր ազդեցության գործակալներն էլ՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ փորձագիտական, ե՛ւ քաղաքացիական հասարակության դաշտում իրենց սեւ գործն անելու են։ Կարեւոր է, որ լուրջ աշխատանք տարվի հասարակության դիմակայունության վրա, որպեսզի հասարակությունը կարողանա ինքն իրեն պաշտպանել այդ հիբրիդային սպառնալիքներից, դեզինֆորմացիոն ալիքներից, եւ ի վերջո չտրվի ապատիային, եւ կարողանա Մյունհաուզենի նման՝ կեղծամից քաշելով հանի, գնա ընտրության, տեր մնա իր ապագային»,- նշել է Հակոբյանը։