Պարզաբանում Սահմանադրական դատարանի թիվ 1757 որոշման մասին

Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի հերթական քննարկման առարկան Սահմանադրական դատարանի 1757 որոշումն է: Այս գործի քննության առիթը եղել է 2024 թվականի փետրվարի 15-ին Վճռաբեկ դատարանի՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» դիմումը, որը ՍԴ-ն քննել է դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով:

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքը Ազգային ժողովն ընդունել է 2002 թվականի հուլիսի 3-ին, և այն ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 1-ին: Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ՝ «Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Այն ծառայողներին, որոնք ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ` հատուցումը վճարվում է նրանց` զբաղեցրած ոստիկանության վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ոստիկանությունում ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար»:

Խնդրո առարկա գործի ըստ էության նկարագրությունը հետևյալն է։ Աշխատանքից հեռացված Մելիք Մարտունի Հակոբյանը դիմել է Վարչական դատարան՝ ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում` պաշտոնում վերականգնելուն և որպես հետևանք՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջով։ Հայցը քննելով` դատարանը 2022 թվականի փետրվարի 16-ին որոշել է բավարարել Հակոբյանի հայցը՝ անվավեր ճանաչելով ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանը, իսկ նույն թվի փետրվարի 22-ին էլ որոշել է՝ «Ուղղել ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի փետրվարի 16-ի թիվ ՎԴ2/0189/05/20 վճռի վրիպակը, այն է՝ Վճռի եզրափակիչ մասում «Անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանը:»-ի փոխարեն կարդալ «Անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանի 1-ին կետը:»:

Այսպիսով, Դատարանը ՀՀ ոստիկանությանը պարտավորեցրել է Մելիք Հակոբյանին վերականգնել նախկին պաշտոնում, ինչպես նաև՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակամիջոցի համար նրան վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով:

Այնուհետև ՀՀ ոստիկանության իրավահաջորդ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բողոքի հիման վրա Վերաքննիչ վարչական դատարանը 2023 թվականի հուլիսի 7-ին բեկանել է Վարչական դատարանի 2022 թվականի փետրվարի 16-ի վճիռը՝ հարկադիր պարապուրդի մասով՝ փոփոխելով այն հետևյալ կերպ․ «Պարտավորեցնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությանը Մելիք Հակոբյանին վճարելու դրամական հատուցում չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար»:

Իսկ արդեն 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի որոշմամբ վարույթ է ընդունվել Մելիք Հակոբյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի հուլիսի 7-ի որոշման դեմ։ Գործը քննելով՝ Վճռաբեկ դատարանը 2024 թվականի փետրվարի 9-ին որոշել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ և 60-րդ հոդվածներին համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ մինչև ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշման ուժի մեջ մտնելը կասեցնելով գործի վարույթը։

Դիմողը Օրենքի վիճարկվող դրույթը դիտարկել է «ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով նախատեսված խտրականության արգելքի սկզբունքի և սեփականության իրավունքի ձեռքբերման նկատմամբ լեգիտիմ ակնկալիքի իրավունքի սահմանափակման տեսանկյունից՝ բարձրացնելով հետևյալ հարցադրումները.

«1. Արդյո՞ք այլ պետական ծառայողների համեմատ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար միայն 3 ամսվա համար չվճարված աշխատավարձի չափով դրամական փոխհատուցում ստանալու սահմանափակումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված խտրականության արգելքի սկզբունքին:

  1. Արդյո՞ք ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողների համար երաշխավորվում է աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված լեգիտիմ ակնկալիքի իրավունքն իրացնելու հնարավորությունը»:

Առաջին հարցադրման առնչությամբ Դիմողը նշել է, որ թեև ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, այդուհանդերձ՝ պետական ծառայության բոլոր տեսակի ծառայողների համար օրենսդրությամբ պետք է սահմանվեն միատեսակ սոցիալ-իրավական պայմաններ, բացառությամբ այն դեպքերի, երբ տարբերակված մոտեցման համար առկա է օբյեկտիվ հիմք և իրավաչափ նպատակ: Ըստ այդմ՝ Դիմողը եզրահանգում է, որ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու հարցում օրենսդիրը խտրական է եղել մի կողմից՝ ոստիկանության ծառայողների և մյուս կողմից՝ այլ պետական ծառայողների միջև՝ դրա համար չունենալով որևէ օբյեկտիվ հիմք և ողջամիտ արդարացում: Մասնավորապես, ոստիկանության ծառայողներն ավելի բացասական իրավական դրության մեջ են, քանի որ նրանց նման հատուցումը սահմանափակված է եռամսյա ժամկետով, իսկ մյուս ծառայողներինը՝ ոչ::

Երկրորդ հարցադրման առնչությամբ Դիմողը համարել է, որ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված ծառայողն աշխատանքում վերականգնվելու դեպքում ունի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու՝ Սահմանադրությամբ երաշխավորված լեգիտիմ ակնկալիք, որը նույնպես ենթակա է որակման որպես սեփականություն, և դրա պաշտպանությունը պետք է ունենա պաշտպանության այնպիսի աստիճան, որը հնարավորություն կտա դրա իրավատիրոջն իր իրավաչափ ակնկալիքը կյանքի կոչել:

Այնուհետև Դիմողը եզրահանգել է. «(…) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից այնքանով, որքանով ոստիկանության ծառայողի համար՝ ի տարբերություն այլ պետական ծառայողների չի երաշխավորում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու իրավունքի իրացումը, որը հանգեցնում է խտրականության արգելքի սկզբունքի և օրինական ակնկալիքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքի խախտման»:

ՀՀ Սահմանադրական դատարանը քննելով այս՝ հակիրճ ներկայացված գործը, որոշել է՝

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» ձևակերպումը ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, հակասող և անվավեր։

Այժմ իմ զրուցակից ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի հետ կփորձենք ընկալելի պարզաբանել Դատարանին այս որոշմանը հանգեցրած իրավական նախադրյալները: