Կիսելով եվրոպական մշակութային, կրոնական, մարդասիրական, ժողովրդավարական ավանդույթները՝ ՀՀ-ն կարող է դիրքավորվել այդ ակումբում․ Լուսինե Հակոբյան

«Եվրոպական մեր գործընկեր քաղաքական եւ հասարակական գործիչներն այսպիսի մի խոսք ունեն, ասում են՝ Եվրոպան՝ իր մաքսիմումով գործելու համար միշտ մեծ ճգնաժամի կարիք ունի: Սա հենց այդ մեծ ճգնաժամերից մեկն է, որը թույլ է տալիս Եվրոպային միավորվել։ Նաեւ ենթադրում եմ, որ այս խոսակցությունը տեղի է ունենում Եվրոպայի օրվա կոնտեքստում, եւ այդ օրվա խորհուրդը խաղաղությունն ու միասնությունն է։ Հստակ է, որ կան մարտահրավերներ ու խնդիրներ, եւ ինչպես հենց Ռոբերտ Շումանն է իր հայտնի ճառում ասել 75 տարի առաջ՝ Եվրոպան մի օրում չի կառուցվել, եւ ոչ էլ այդ գործընթացն ավարտվել է, դա գործընթաց է եւ բնականաբար, ԵՄ-ն այդ խնդիրները հաղթահարելու եղանակով է գնում։ Ստեղծվում են կառույցներ՝ արձագանքելով տարբեր մարտահրավերների, ընդունվում են որոշումներ, մոբիլիզացվում են բյուջեներ, միասնական արժույթ է ընդունվել եւ շատ տարբեր լուծումներ են տվել՝ կախված տարբեր խնդիրներից»։

Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է հիմա դեպի ԵՄ գնալը, եթե ըստ քննադատների՝ Եվրոպան հիմա իր լավագույն ժամանակները չի ապրում։

Ենթադրենք գնացինք ԵՄ, ինչի համար դուրս ենք գալու ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, ինչպե՞ս է ԵՄ-ն ապահովելու ՀՀ անվտանգությունը։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Նախ դա Եվրոպան չի ապահովում, Հայաստանն ինքը պետք է ապահովի, բայց բնականաբար, կախված այն բանից, թե ինչ ակումբում ենք մենք, մենք կամ կստանանք, կամ՝ չենք ստանա օգնություն, եւ որքան շատ մենք մեզ դիստանցավորենք Ռուսաստանից, այնքան հստակ է, որ ավելի շատ օգնություն կկարողանանք ստանալ ԵՄ-ից եւ ԵՄ անդամ պետություններից։ Բայց դա էլ է գործընթաց, դա մի օրում չի լինի, բավական լավ քայլեր արվում են, անվտանգային եւ պաշտպանական ոլորտում որոշակի գործընկերություն հաստատվել է՝ ԵՄ անդամ առանձին պետությունների հետ, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Հունաստանը եւ այլն, բայց սա, իհարկե, ճանապարհ է, պետք է գործուն քայլեր ձեռնարկել, փորձել ավելի արդյունավետ դիվանագիտություն վարել, մենք ամեն մեկս իր տեղում պետք է ե՛ւ հանրային դիվանագիտության գործիքակազմերից, ե՛ւ առկա մնացած գործիքակազմերից օգտվելով՝ հնարավորինս շատ արդյունքների կարողանանք հասնել»։

Քննադատներն ասում են, որ այո, ՌԴ-ն, ՀԱՊԿ-ն լավ գործընկեր չեն, բայց այդուհանդերձ որոշակի անվտանգային երաշխավորի ինստիտուտ են, արդյո՞ք մենք համարժեք փոփոխություն ենք անում։

Պատասխանելով այս հարցին՝ Հակոբյանը նշել է․

«ՀԱՊԿ-ը ի՞նչ գործընկեր է, եւ ի՞նչ գործիքներ էր մեզ առաջարկում, երբ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց մեր սահմանների վրա, ՀԱՊԿ-ից ասեցին, որ մեր սահմանը դելիմիտացված չէ, մենք չենք էլ կարողանա խոսել ձեր տարածքային ամբողջականության մասին, արդյո՞ք դա լավ ու հուսալի գործընկերոջ արձագանք էր։ Միաժամանակ ԵՄ անդամ պետություններն ասեցին, որ կանգնած են ՀՀ տարածքային ամբողջականության կողքին, ճանաչում են, դատապարտեցին»։

Բայց արդյո՞ք լայնամասշտաբ պատերազմի դեպքում Եվրոպան Հայաստան ուղարկելու է զորք։ Ըստ Հակոբյանի, «լայնամասշտաբ պատերազմի դեպքում Եվրոպան ոչ մի տեղ էլ զորք չի ուղարկում, բայց հնարավոր առկա գործիքակազմերով օժանդակում է», որպես օրինակ Հակոբյանը բերեց Ուկրաինայի օրինակը։

ՀԸԳՀ-ի կատարման մասով Հակոբյանը նշել է․

«Շատ կարեւոր էր, որ վարչապետի գլխավորությամբ այդ խորհրդակցությունը տեղի ունեցավ, ի դեպ, դա մեր առաջարկն էր՝ ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի, որ այդ օրենքի ընդունումից հետո վարչապետն իր ձեռքը վերցնի եւ առաջին դեմքերի մասնակցությամբ հետամուտ լինի ե՛ւ ՀԸԳՀ շուտափույթ կատարմանը, ե՛ւ ԵՄ-ՀՀ հարաբերությունների այլ ասպեկտների իրականացմանը, բայց նաեւ չեմ կարող համաձայնել, որ ՀԸԳՀ մասով ունենք շատ մեծ կատարողական ցուցանիշ՝ 50-60 տոկոս։ Եթե քննարկում ենք առկա ճանապարհային քարտեզները՝ միգուցե, բայց մենք գիտենք, որ այդ ճանապարհային քարտեզները համապարփակ չեն, դրանք 2019-2021 թվականներին են ընդունվել, եւ կան գործողություններ, որոնք ներառված չեն, կամ լրիվությամբ ներառված չեն, կամ դրանց անդրադարձ չկա, օրինակ՝ Հռոմի ստատուտին անդրադարձ չկար, բայց այն վավերացվեց, իսկ ՀԸԳՀ-ն ասում է ոչ միայն վավերացում, այլեւ՝ իմպլեմենտացում, իմպլեմենտացման մասով մենք դեռ ոչինչ չենք արել։ Դա ընդամենը մեկ օրինակ էր, դատաիրավական բարեփոխումների մասով էլ մենք ի՞նչ ունենք, ունենք 5 նախարարի փոփոխություն, ունենք դատաիրավական երկու ռազմավարություններ, որոնք այդպես էլ պատշաճ մշտադիտարկման չեն արժանացել՝ խնդիրները վերհանելու եւ վերլուծելու համար, եւ իմ տեղեկություններով՝ նոր նախարարը նախապատրաստում է նոր դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր։ 2 տարի առաջ մենք փոխվարչապետի հետ քննարկումներում կարծես թե համաձայնություն ունեինք, որ այդ ճանապարհային քարտեզները արդիականացման կարիք ունեն, եւ կառավարությունն էլ կարծես թե ձեռնամուխ էր եղել այդ ճանապարհային քարտեզների արդիականացմանը, բայց ես չգիտեմ, թե դրա ընթացքը որն է։

Նաեւ ասեմ, որ այո, ունենք կարողությունների խնդիր, դա թաքցնելու չէ, բայց միաժամանակ ունենք ԵՄ ծրագրեր, որոնք ուղղված են այդ կարողությունների բացը փակելուն, եւ անհրաժեշտ է, որ ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ԵՄ-ն պատշաճորեն հետեւն այդ ծրագրերի ընթացքին։ Օրինակ՝ ծրագիր կա, որ մեծ բյուջե ունի եւ իր առաջնային նպատակը կառավարությանը փորձագիտական կարողություններով օժանդակելն է ՀԸԳՀ կատարման հարցում, բայց լրջորեն պետք է ուսումնասիրել եւ հասկանալ՝ որքանո՞վ են այդ ծրագրերը արդյունավետ, եւ այդ մասով որքանո՞վ են իրականացվում։

Նաեւ անվտանգային հարցի մասին, ԵՄ-ն ի սկզբանե ստեղծվել է որպես մի տարածք որտեղ ապահովվում է անդամ պետությունների անվտանգությունը, բարեկեցությունը, ժողովրդավարությունը, խաղաղությունը, կայունությունը եւ այլն, եւ այդ տարածքի մաս կազմելով իսկ՝ անվտանգային գործոնը ՀՀ-ում մեծապես կբարելավվի»։

Նկատառմանը, որ տեսակետներ կան, որ այո, պետք է խորացնել հարաբերությունները ԵՄ հետ, բայց պետք չէ դրա համար փչացնել ՌԴ հետ հարաբերությունները, Հակոբյանն արձագանքել է․

«Իսկ ՌԴ-ն ինչի՞ է փչացում մեզ հետ հարաբերությունները այն պատճառով, որ ցանկանում ենք ԵՄ մաս կազմել, ՌԴ-ն, ի տարբերություն ԵՄ-ի, տոտալիտար արժեհամակարգի կրող է, եւ սովոր է մատ թափ տալուն, մինչդեռ ԵՄ-ն տրամագծորեն հակառակ տրամաբանության մեջ է գործում, նույն BrExit-ի պարագայում Բրիտանիային ոչ մի պատժամիջոցներ չհասան, եւ դեռ մի բան էլ արդյունքում որոշակի գիտակցում կա, որ դա սխալ որոշում էր, եւ Բրիտանիան էլի կարծես սերտացնում է ԵՄ-ի հետ իր համագործակցությունը։ Այսինքն, դա իրականում ՌԴ-ի, եւ ոչ ՀՀ-ի խնդիրն է»։

Հարցին էլ, թե իսկ Եվրամիության ինչի՞ն է պետք Հայաստանը, Հակոբյանն արձագանքել է․

«Ես մի անգամ արդեն նշել եմ, թե ինչպես է ԵՄ ընդլայնման պատմությունը զարգացել եւ ինչպես են տարբեր փուլերում ԵՄ մոտեցումները փոխվել տարբեր պետությունների հանդեպ, սկզբից նրանց պետք չէր օրինակ՝ Բրիտանիան, որին երկու անգամ արգելափակել են, հետո Իսպանիային, Պորտուգալիային են արգելափակել, քանի որ գյուղատնտեսական ինչ-ինչ հարցեր են եղել, որոնք օրինակ՝ Ֆրանսիային մտահոգել են։ Այսինքն, էլի պետք է ասել, որ ամեն ինչ զարգացման մեջ պետք է դիտարկել, եւ հնարավոր է, որ այսօր, այս պահին ՀՀ-ն պետք չէ, բայց մյուս պահին պետք կգա։ Հունաստանի պարագան եւս պետք է հիշել, այնպես չէ, որ Հունաստանը ժողովրդավարական չափանիշներին համապատասխանում էր եւ այլն , բայց ժամանակին ընդունվել է քաղաքական որոշում, քանի որ Հունաստանի աշխարհագրական դիրքը խիստ հետաքրքիր է եղել Եվրոպական գործող համայնքներին եւ ամեն ինչ դինամիկ զարգացման մեջ է պետք դիտարկել։ Իսկ ՀՀ-ն՝ կիսելով եվրոպական մշակութային, կրոնական, մարդասիրական, ժողովրդավարական ավանդույթները, ակնհայտորեն իրեն կարող է դիրքավորել այդ ակումբում»։