Կարեւոր է, որ հայերը եւս դնեն Հայաստանում Եվրոպայի օրը նշելու ավանդույթը․ Լուսինե Հակոբյան

«Մայիսի 9-ն ինձ համար շատ կարեւոր խորհուրդ ունի: Եվրոպական համայնքն այդ օրը նշում է Եվրոպայի օրը: Այդ օրն ընդունվեց Ռոբերտ Շումանի հայտնի դեկլարացիան, որով հիմք դրվեց այն միավորման ստեղծմանը, որն այսօր հայտնի է որպես Եվրոպական միություն, դրա նպատակն էր կանխարգելել Երկրորդ աշխարհամարտի սարսափները, ամրապնդել ժողովուրդների բարեկեցությունը, խաղաղություն ունենալ այդ տարածաշրջանում, ազատություն, անվտանգություն, եւ դրանք առայսօր մնում են ԵՄ ընդլայման տարբեր փուլերի բանալի հասկացությունները՝ անվտանգություն, խաղաղություն, ժողովրդավարություն, բարեկեցություն։ Ես, իհարկե, շատ ափսոսում եմ, որ մայիսի 9-ին վարչապետը լինելու է Մոսկվայում, չեմ էլ կարող այն կոչել նացիզմի, կամ ֆաշիզմի դեմ պայքար, քանի որ մենք այսօր ապրում ենք կարծես ծուռ հայելիների թագավորությունում, երբ ֆաշիզմի դեմ հաղթանակի օր են տոնում, մինչդեռ իրենց գործողություններով ֆաշիզմի եւ նացիզմի արժեքներն են ամրապնդում։ Կուզենայի, որ ՀՀ-ում ավանդույթ դառնար Եվրոպայի օրը նշելը եւ ուրախ եմ, որ ժողովրդարական ուժերի հարթակն՝ ի դեմս Եվորպամետ կուսակցությունների եւ քաղհասարակության մի շարք գործիչների, նախորդ տարվանից կարծես թե դրել է այդ ավանդույթի հիմքը, մենք անցած տարի եւս տոնեցինք Եվրոպայի օրը եւ այս տարի եւս դա տոնելու ենք, եւ հուսով եմ, որ հաջորդ տարիներին` եւս ։ Ես գիտեմ, որ ԵՄ պատվիրակությունն ունի ավանդույթ, ամեն տարի ունի միջոցառումների ցանկ, եւ նշում է Եվրոպայի օրը, բայց կարծում եմ, որ խիստ կարեւոր է, որ հայերը եւս սեփական նախաձեռնությամբ դնեն Հայաստանում Եվրոպայի օրը նշելու ավանդույթը, աավելեւս, եթե մենք ուզում ենք մաս կազմել ԵՄ-ի»։

Այս մասին «1in.am»-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը՝ հավելելով․

«Ինչ վերաբերվում է ժողովրդավարության պաշտպանությանը, ցավոք սրտի, ԵՄ-ում, եւ ընդհանրապես ժողովրդավարական մի շարք պետություններում բավական երկար «թողտվություն» է գերակայել եւ ոչ բավարար ջանքեր ժողովրդավարության պաշտպանության, ինչի արդյունքում գլուխ են բարձրացրել այն ուժերը, որոնք արդեն որոշ պետություններ սկսել են ճիշտ է՝ զգուշավորությամբ, բայց ճիշտ անուններ տալ՝ աջ ծայրահեղականներ։ Մասնավորապես նկատի ունեմ Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության մարմնի՝ ներքին հետախուզության մարմնի AFD կուսակցությանը տված վերջին գնահատականը, երբ այդ կուսակցությունը մինչ այդ համարվում էր աջ ծայրահեղականության հավակնող, բայց հիմա արդեն հաստատվել է, որ սրանք աջ ծայրահեղականներ են եւ արդեն իսկ քննարկվում է այդ կուսակցությունն արգելելու հարցը։ Հանրային կարծիքի հարցումներն էլ ցույց են տալիս, որ ժողովրդի մոտ 50 տոկոսն աջակցում է այդ որոշմանը, իհարկե, ցավալի է, որ 100 տոկոսը չի աջակցում, բայց 50 տոկոսն էլ է զգալի թիվ։ Պետք է նաեւ նկատի ունենալ, որ իրենք օդից չեն այդ եզրակացությանը հանգել, դրա համար իրավական հիմքերը բավական ծանրակշիռ են եղել եւ դրանք ներառել են նաեւ այն, որ այդ կուսակցության տարբեր կարկառուն ֆիգուրներ ներգրավված են տարբեր դատական պրոցեսներում՝ իրենց գործողությունների, տարբեր ժամանակներում արված հայտարարությունների եւ այլնի համար, որոնք խրախուսել են, կամ փորձ են կատարել պետական հեղաշրջման, նաեւ նվաստացուցիչ արտահայտություններ են թույլ տվել ներգաղթյալ նախապատմություն ունեցող Գերմանիայի քաղաքացիների հանդեպ՝ նրանց համարելով պակաս արժեքավոր: Դրանից միայն Հիտլերի եւ երկրորդ աշխարհամարտի գաղափարախոսությունն ավելի քան նկատելի է այդ հոսանքներում, եւ արդեն հասել է մի եզրի այդ ամենը, երբ Գերմանիայի իշխանությունը եւս սկսել է լուրջ մոտենալ եւ մտածել ժողովրդավարության պաշտպանության գործիքակազմերն ամրապնդելու մասին, հակառակ ուղղությամբ Գերմանիան մեկ անգամ արդեն գնացել է եւ հստակ է, որ դա առայսօր չի հիշվում որպես Գերմանիայի պատմության փառապանծ էջ, եւ դրանից պետք է խուսափել։ Դա իսկապես ճիշտ մոտեցում է, բնականաբար բոլոր հասարակությունների մեջ էլ կան այդ ծայրահեղական տրամադությունները, այդպիսի զանգված կա, ճիշտ է՝ այդ մարդկանց չպետք է ոչնչացնել, բայց, բնականաբար, չպետք է թույլ տալ, որ իրենք գլուխ բարձրացնեն, պետության ղեկին հայտնվեն, պետության ներքին եւ արտաքին քաղաքականոււթյուն որոշեն եւ այլն։ Նույն տրամաբանությամբ՝ ինչո՞ւ են նաեւ Սահմանադրությունները պաշտպանված ժողովրդից, որպեսզի ժողովուրդը հակաժողովրդավարական զարգացումներ թույլ չտա, քանի որ հնարավոր է նաեւ այնպիսի իրավիճակ, երբ ժողովրդի մեծ զանգված հնարավոր լինի մոբիլիզացնել հակաժողովրդավարական նպատակների համար, ինչը չպետք է թույլ տալ եւ դա հենց ժողովրդավարության, սահմանադրականության պաշտպանությունն է, այն, ինչ հիմա փորձում է անել Գերմանիայի իշխանությունը։ Ի վերջո, այն, ինչ տեղի ունեցավ 1930-ականներից մինչեւ 1940-ականները Գերմանիայիում, դա ի՞նչ էր, հո Գերմանիայի ժողովուրդը մոնստր չէ՞ր, պարզ էր, որ դա ինչ-որ գործոնների ազդեցությամբ ձեւավորված իրավիճակ էր։ Հետեւությունն այն է, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանվի գործուն միջոցներով, եւ այն, ինչ Հայաստանում է տեղի ունենում բնավ ժողովրդավարության պաշտպանության իրավիճակ չի կարելի համարել, դրա օրինակները բազում են, երբ ականատեսն ենք լինում, երբ իրեն քաղաքական, կամ հասարակական գործիչ համարող անձը ուղղակի կեղտոտ ոտքերով մտնում է պաշտոնյայի ընտանիք, ծաղրում նրա երեխաներին, ընտանիքի անդամներին եւ տեսնում ենք, որ պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվում, կամ անգամ եթե որոշ միջոցներ ուշացումով ձեռնարկվում էլ են, տեսնում եմ, որ շատ դեպքերում հասարակական կարծիքը, հասարակական գործիչների արձագանքը ադեկվատ չէ։ Տեսնում եմ գնահատականներ, որ իբրեւ թե ճնշման է ենթարկվում քաղաքական խոսքը, կամ ընդդիմադիր գործիչը՝ քաղաքական խոսք ասելու համար, մինչդեռ երբ խորանում ես փաստերի մեջ եւ կոնկրետ այն հարցում, թե ինչ է ասել հասարակական, կամ քաղաքական գործիչը, տեսնում ես, որ դա հստակորեն քրեորեն պատժելի  արարքի հատկանիշներ է պարունակում։ Հիմա ես չեմ ուզում կոնկրետ մատնանշել՝ ով է, բայց օրինակները բազում են, եւ այստեղ ե՛ւ պետության կողմից գործուն միջոցների, ե՛ւ հասարակության ազդեցիկ շերտերի պատշաճ արձագանքի համադրության կարիք կա։ Չէ՞-որ մենք կարող ենք այնպիսի իրավիճակ ունենալ, երբ լուրջ մարդիկ չեն ուզենա զբաղեցնել այդ պաշտոնները։ Օրինակ՝ եթե Բարձր դատարանի դատավորին թիրախավորի ինչ-որ մեկը, մտնի ընտանիք, ընտանիքի անդամներին, երեխաներին քննարկի, ի՞նչ ենք մենք ակնկալում, ի՞նչ պետք է անի այդ դատավորը, վարձի փաստաբան, գնա ընդհանուր իրավասության դատարան, եւ քաղաքացիաիրավական կարգով փորձի վիրավորանքի համար պատասխանատվություն հայցե՞լ»։

Հակոբյանը նշել է, որ այն գնահատականը, որ քաղաքական մեծամասնությունը տալիս էր, որ միեւնույն է՝ իրենք նվազագույն 50 տոկոս քվեն ունեն, սխալ է, եւ հենց Գյումրիի ընտրությունները դա ապացուցեցին։

«Այսինքն, այդ նույն հիբրիդային գործիքակազմերի ազդեցությամբ կարող է եւ լինել միջամտություն ընտրական պրոցեսին, որպիսին եղել էր Գյումրիի ՏԻՄ ընտրություններում, եւ իրապես ԿԸՀ-ն պիտի լուրջ քննության առներ այդ միջամտությունների բոլոր դեպքերը՝ գնահատական տալով, թե այդ միջամտություններից յուրաքանչյուրն արդյո՞ք կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Մինչդեռ մենք չտեսանք այդ պրոցեսը: Փոխարենը` տեսանք միանգամից իշխանական մեծամասնության կողմից ընդունում, որ դա պատշաճ ընտրություն էր, շնորհավորանք եւ այլն ։ Հիշում եմ, որ ժամանակին, երբ օրինակ ԱՄՆ դեսպանը Սերժ Սարգսյանի երկրորդ ընտրության կապակցությամբ շտապել էր եւ ԿԸՀ ու կարծեմ՝ ՍԴ վերջնական որոշումից առաջ շնորհավորել էր Սարգսյանին, քաղհասարակության շատ ներկայացուցիչներ կոշտ քննադատեցին նրան, ասելով, որ նա չպետք է միջամտի ներքին ընտրական պրոցեսներին, քանի որ այդ ընտրական պրոցեսն ավարտված չէր, այն ավարտված կլիներ ԿԸՀ-ի, ապա ՍԴ համապատասխան որոշմամբ։ Հիմա ունենք նույն վիճակը, երբ ընտրական հանձնաժողովը չէր ամփոփել ընտրությունները, բայց մենք արդեն ունեինք շնորհավորանքներ, քաղաքական գործիչների գնահատականներ, այդ թվում քաղաքական մեծամասնության կողմից, կարծում եմ՝ սա իսկապես իրավական գործընթացների ճիշտ հերթականություն չէր եւ սա եւս խնդիր էր։ Ինչ վերաբերվում է այն մտքին, որ ասում են՝ «50+ քվե մենք միշտ ունենք», այդ գնահատականը տեղին չէ, և Գյումրիի ընտրություններից պետք է դասեր քաղեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ առողջ ընդդիմությունը։ Կարծում եմ, որ այստեղ կարեւոր գործոն կլինի Եվրադաշինքը, այն պետք է շարունակի միասնական գործել, լրջորեն ուսումնասիրի հանրային կարծիքը, այդ կապակցությամբ իրականացնի հանրային կարծիքի հարցումներ, նաեւ հստակ հասկանա մարդկանց խնդիրները եւ կարողանա առաջարկել այդ խնդիրները հասցեագրող ծրագիր, եւ իհարկե, ունենա գործիքակազմ այդ հիբրիդային պատերազմի տարբեր դրսեւորումներին հակազդելու համար՝ լինի պատրաստված։

Ես բերեցի պետության կողմից իր պարտականությունները չկատարելու օրինակը, երբ ընտրական հանձնաժողովն իր գործառույթները պատշաճ չէր իրականացրել, դեռ մի բան էլ պետության ներկայացուցիչները՝ ի դեմս իշխող կուսակցության շտապել էին ընդունելու ընտրության արդյունքները։ Կարծում եմ, որ այստեղ նաեւ խնդիր կա՝ նախաձեռնողականությունը պատժելի է տրամաբանության շրջանակներում, քանի որ մենք տեսնում ենք օրինակներ, երբ որոշ այդպիսի քայլեր խիստ պախարակման են արժանանում, եւ հիմնականում քաղհասարակություն, հանրային գործիչներ, բլոգերներ, հասարակության տարբեր շերտերի վրա ազդեցություն ունեցող տարբեր շրջանակների կողմից, ինչն ի վերջո ինչ-ինչ դեպքերում հանգեցնում է պաշտոնանկության։ Եւ այդ պարագայում, կարծում եմ՝ կա որոշակի մտավախություն ձեռք չտալ այդ քնած շանը, չընկնել ավելորդ պատմության մեջ, չցուցաբերել նախաձեռնողականություն, դուրս չգալ ու չհայտնվել մեդիաների թիրախում։ Տեսնում ենք՝ որոշ ԶԼՄ-ներ, լրագրողներ ինչ կերպ են հարձակման ենթարկում որոշակի պաշտոնատար անձանց, պաշտոնատար անձինք ճեպազրույցների ժամանակ պատասխանում են ինչ-որ լրագրողի հարցին, մյուս լրագրողն իրեն թույլ է տալիս ընդհատել, կոպտել, անգամ դուռ ջարդել, բնականաբար խոսքս բոլոր լրագրողներին չի վերաբերվում, կան բարեխիղճ լրագրողներ, բայց այն լրագրողները, որոնք դրսեւորում են լրագրողին ոչ հարիր պահվածք, իրենք նաեւ պետք է հասկանան, որ իրենք վնասում են իրենց բարեխիղճ գործընկերներին, քանի որ ընդհանուր պատկեր է ձեւավորվում լրագրության մասին։ Հետեւաբար, կարծում եմ, որ այս ամենից կա որոշակի վախ, անհանգստություն որոշ պաշտոնատար անձանց կողմից՝ չհայտնվելու այդպիսի անխնա, վայրի, կատաղի քննադատության թիրախում։ Իհարկե, դա ելք չէ, նաեւ կարծում եմ, որ այն պաշտոնյաները, որոնք եկել մտել են այդ խաղի մեջ, պետք է նաեւ պատրաստ լինեն նման զրկանքների, եւ «զոհեն» իրենց դաշտը կարգի բերելու նպատակի համար։ Ի վերջո, ինչ-որ մարդիկ պետք է զոհեն իրենց, այդպես է, առանց դրա ինչպես ասում են՝ Հռոմը չի կառուցվի»,- նշել է Հակոբյանը։

Այդ համատեքստում նա բերել է Մոլդովայի օրինակը․

«Ովքե՞ր հասան այնտեղ, Մոլդովայի պաշտոնական շրջանակները՝ միջազգային գործընկերներին բացատրելով, թե ինչն ինչոց է, ինչն ինչի հետեւից է, ինչն ինչի համար է պետք։ Այստեղ՝ ես, դուք, մեր շատ փորձագետ գործընկերներ, հասարակական գործիչներ տարիներ շարունակ փորձում ենք միջազգային գործընկերներին բացատրել, որ այստեղ գործում է ռուսական ազդեցությամբ 5-րդ շարասյուն, այդ թվում նաեւ քաղհասարակության շրջանում՝ ստանալով նույն արեւմուտքի զգալի, մեծ դրամական միջոցները։ Բայց այդ հարցերը բացատրելու հարցում ես չեմ տեսնում, որ ունենք դաշնակից  ի դեմս պետության, ես չեմ տեսնում, որ պաշտոնատար անձինք իրենց գործն անում են՝ այդ նույնը միջազգային գործընկերներին բացատրելու համար։ Դա մի ճեպազրույցի ժամանակ արված հայտարարություն չպետք է լինի, դա կոնկրետ փաստահավաք աշխատանք պետք է լինի, պետք է այդ փաստերը ներկայացվեն, պետք է բացատրեն՝ ով ում բարեկամն է, ով որտեղ է ծվարած, ինչ գումարներ է ստանում, ինչ գաղափարախոսության կրող է, եւ այլն։ Առայսօր դա ես եմ անում, Հովսեփ Խուրշուդյանն է անում, Ստյոպա Սաֆարյանը, մի քանի եզակի մարդիկ են անում, որոնք շփումներ ունեն միջազգային գործընկերների հետ։ Բայց դա չի անում պետությունը։ Պետությունը համարում է՝ քաղհասարակությանը չվնասելու սկզբունքով գործենք, բայց ո՞ր քաղհասարակությանը»։