Ապրիլի 23-ին Երեւանում կայացել է աշխատաժողով՝ Սահմանադրական դատարանի 2025 թվականի գործողությունների ծրագրի մշակման օրակարգով։ «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում իրականացված աշխատաժողովին մասնակցել են ՍԴ դատավորներ, աշխատակազմի անդամներ։
Աշխատաժողովի մեկնարկին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանը, Ամստերդամի դատարանի փոխնախագահ Էսթեր դը Ռոյը, Կոռուպցիայի կանխարգեման հանձնաժողովի նախկին նախագահ, փորձագետ Հայկուհի Հարությունյանը հանդես են եկել ողջույնի խոսքով եւ ներկայացրել աշխատաժողովի օրակարգն ու մեթոդները։
Դատավոր Էսթեր դե Ռոյը հանդես է եկել «Դատարանի կառավարում (կառուցվածք, մարդկային ռեսուրսներ, բյուջե և դատարանի վարչարարության ընթացակարգեր)» թեմայով զեկուցմամն` ներկայացնելով նիդերլանդների փորձը, որից հետո կայացել է հարցուպատասխան եւ քննարկում՛։
Փորձագետ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է Սահմանադրական Դատարանի ռազմավարության և դրա իրականացմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագծերը։
«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2023 թվականի մայիսին եւ տեւել է 18 ամիս։
2025-ի փետրվարից մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ միջոցով։
Ծրագիրը միտված է Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը, Բարձր դատարանի ներքին ընթացակարգերի բարելավմանն ու հանրային հաշվետվողականության բարձրացմանը։
