Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Աշխատաժողով Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների համար

Ապրիլի 10-11-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել աշխատաժողով «Վերջին զարգացումները մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատական պրակտիկայում» եւ «Բարձր դատարանների ներքին հաղորդակցության միջազգային լավագույն պրակտիկան» թեմաներով»։ Աշխատաժողովն իրականացվել է «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների ներկայացուցիչների համար։

Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով են հանդես եկել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դաըավոր Ժոլիեն Շխուկինգը և Ամստերդամի դատարանի փոխնախագահ Էսթեր դե Ռոյը։

Հաջորդիվ՝ աշխատաժողովի երկու օրերին հրավիրյալ դատավորները հանդես են եկել դասախոսություններով։

Միջոցառման առաջին օրը ՄԻԵԴ դատավոր Ժոլիեն Շխուկինգը հանդես է եկել դասախոսությամբ  «Կոնվենցիայի հիմնական սկզբունքները և ՄԻԵԴ-ը գործնականում», «Արտահայտվելու ազատության իրավունքը 10-րդ հոդվածի ներքո. դատավորների արտահայտվելու ազատության իրավունքի սահմանափակումները», «Վերարտադրողական իրավունքները ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածի ներքո», «5-րդ հոդված. բանտային կալանք և տնային կալանք», «Իրավունքների չարաշահման արգելքը. հոդված 17» թեմաներով։ Յուրաքանչյուր թեմայի ներկայացումից հետո տեղի է ունեցել քննարկում։

Աշխատաժողովի երկրորդ օրը Ժոլիեն Շխուկինգը հանդես է եկել դասախոսությամբ «Դատարանի ներքին և արտաքին հաղորդակցություն և որակյալ արդարադատության իրականացում, դատարանի էթիկայի կանոնների մասին որոշումը» թեմայով, Էսթեր դը Ռոյը՝ «Նիդերլանդների ներպետական ​​դատարանների ներքին և արտաքին հաղորդակցություն՝ կենտրոնանալով բարձր դատարաններում հաղորդակցության վրա» թեմայով։ Թեմատիկ անդրադարձներին հաջորդել են շահագրգիռ քննարկումներ։

Աշխատաժողովի ավարտին փակման խոսքով են հանդես եկել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ժոլիեն Շխուկինգը և Ամստերդամի դատարանի փոխնախագահ Էսթեր դե Ռոյը։

«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2025թ. փետրվարին: Այն  իրականացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ ։

Ծրագիրը միտված է Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը, Բարձր դատարանի ներքին ընթացակարգերի բարելավմանն ու հանրային հաշվետվողականության բարձրացմանը։

Exit mobile version