«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ժոլիեն Շխուկինգն ու Ամստերդամի դատարանի փոխնախագահ Էսթեր Դե Ռոյը ապրիլի 8-ին հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին։
Հանդիպմանը մասնակցել է նաեւ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը։
ԻԵՄ նախագահը ներկայացրել է «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին ծրագրի» երկրորդ փուլի հիմնական բաղադրիչները եւ ընգծել ծրագրային գործողություններում նաեւ Վճռաբեկ դատարանին ընդգրկելու կարեւորությունը:
Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում ընթացող դատաիրավական բարեփոխումների համատեքստում, Վճռաբեկ դատարանը կարեւորում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դատական ատյանների հետ համագործակցությունն ու փորձի շարունակական փոխանակումը։ Այդ նպատակով օգտակար կլինի նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Նիդերլանդների դատարանների միջեւ փոխգործակցության հայեցակարգային մեխանիզմների մշակումը։
Հիշեցնենք, որ Ժոլիեն Շխուկինգն ու Էսթեր Դե Ռոյը Հայաստան էին ժամանել մասնակցելու Ծաղկաձորում կայացած «Վերջին զարգացումները մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատական պրակտիկայում» եւ «Բարձր դատարանների ներքին հաղորդակցության միջազգային լավագույն պրակտիկա» թեմաներով» աշխատաժողովին։
«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2023 թվականի մայիսին եւ տեւել է 18 ամիս։
2025-ի փետրվարից մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ միջոցով։
Ծրագիրը միտված է Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը, Բարձր դատարանի ներքին ընթացակարգերի բարելավմանն ու հանրային հաշվետվողականության բարձրացմանը


